ՍԵԴԱ ՍՏԱՄԲՈԼՑԵԱՆ
Արեւմտահայերի լատինատառ անունները արեւելահայերի մեծ մասը սխալ է հայերէնացնում, այսինքն՝ արտայայտում հայերէն տառերով։ Ցաւօք, այս առումով տգէտ են նաեւ պետական այն մարմինների աշխատողները, որոնք գրանցում են Հայաստանի քաղաքացիութիւն ստացող արեւմտահայերին։ Այս տգիտութեան հետեւանքով աղաւաղւում են արեւմտահայերի հայատառ անունները։ Բացարձակապէս անընդունելի են Վասկեն, Կեւորկ, Անահիդ եւ այլ այսպիսի տառադարձումները։ Ոչ մի արեւմտահայ իր հայատառ անունն այսպէս չի գրում, ուստի արեւելահայն էլ չպիտի գրի եւ չպիտի աղաւաղի այս անունները։ Խորհրդային շրջանում բազմահազար արեւմտահայեր հայրենադարձուեցին ու եկան Հայաստան իրենց օտարագիր փաստաթղթերով։ Բայց նրանց նոր փաստաթղթերում հայատառ անունները չէին աղաւաղւում․ Խորհրդային Հայաստանի համապատասխան մարմիններում գիտէին ինչպէս ճիշդ տառադարձել արեւմտահայերի անունները։ Իսկ այժմեան Հայաստանում համատարած անգրագիտութիւն է այս առումով, եւ սա ամօթալի է։