ՍԵԴԱ ՍՏԱՄԲՈԼՑԵԱՆ
Արեւմտահայէրենի հնչիւնական համակարգը տարբերւում է արեւելահայերէնի հնչիւնական համակարգից։ Պայթական բաղաձայնների մէկ երրորդը (շնչեղ խուլեր) արեւմտահայերէնում ընթերցւում է ճիշդ այնպէս, ինչպէս արեւելահայերէնում, սակայն երկու երրորդի (ձայնեղներ եւ պարզ խուլեր) արտասանութիւնը տարբերւում է։ Արեւմտահայերի անունների լատինատառ ձեւերը կամ տառադարձումները արեւելահայերէնում ճիշդ արտայայտելու համար ԽԻՍՏ ԿԱՐԵՒՈՐ է իմանալ, թէ ինչպէս են արեւմտահայերն արտասանում, ուստիեւ լատինատառ տառադարձում ձայնեղ եւ պարզ խուլ բաղաձայնները։
Պայթականների արտասանութիւնը արեւելահայերէնում ու արեւմտահայերէնում
Շնչեղ խուլեր — փ, ք, թ, ց, չ —— արտասանւում են նոյն կերպ
Արեւելահայերէնի ձայնեղ պայթականներ — բ, գ, դ, ձ, ջ —— արեւմտահայերէնում արտասանւում են ինչպէս շնչեղ խուլերը (բ → փ, գ → ք, դ → թ, ձ → ց, ջ → չ)
Արեւելահայերէնի պարզ խուլեր — պ, կ, տ, ծ, ճ —— արեւմտահայերէնում արտասանւում են ինչպէս արեւելահայերէնի ձայնեղ պայթականները (պ → բ, կ → գ, տ → դ, ծ → ձ, ճ → ջ)
Հետեւաբար, արեւմտահայերէնում վերոբերեալ 2րդ և 3րդ խմբի տառերը լատինատառ արտայայտւում են հետեւեալ կերպ։
բ — գ — դ — ձ — ջ
p — k — t — ts — ch/tch
—————————————————————
պ — կ — տ — ծ — ճ
b — g — d — dz — j/dj
Այս փոքրիկ աղիւսակը կ՚օգնի, որ ճիշդ տառադարձէք արեւմտահայերէնից լատինատառ այբուբենի եւ լատինատառ տառադարձութիւններն էլ ճիշդ ՅԵՏ ՇՐՋԷՔ, այսինքն՝ արեւմտահայերի անուն-ազգանունների լատինատառ ձեւերը ճիշդ արտայայտէք հայերէն տառերով։
Կրկնենք․ արեւմտահայն իր անունը հայատառ ԵՐԲԵՔ չի գրի Անահիդ, Կեւորկ, Վասկեն եւ այլն։ Նա ԳՐՈՒՄ Է Անահիտ, Գէորգ, Վազգէն եւ այլն, բայց ԱՐՏԱՍԱՆՈՒՄ է Anahid, Kevork (|Քէորք|), Vazken/Vasken, ուստի այս անունները լատինատառ գրում է, ինչպէս արտասանում է։ Սակայն հայերէնում՝ արեւմտահայերէն լինի, թէ արեւելահայերէն, այս անունները պիտի գրուեն իրենց աւանդական ու մեզ ծանօթ ձեւերով։
No comments:
Post a Comment