ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն
Քան զանձկալի Եղբայր անուն
Մկրտիչ Պեշիկթաշլեան
Մեր հասարակութեան արխայիկ` վաղնջական-աւանդական բնոյթի մասին է խօսում այն, որ աշխարհը մենք փորձում ենք տարբերակել, օգտագործելով ընտանեկան ազգակցութեան տերմիններ:
Սովետական իշխանութիւնն արգելեց իրար դիմելու կիրթ ձեւերը` օրիորդ, տիկին, պարոն, տէր, դրա փոխարէն շրջանառութեան մէջ դրուեց ընկերը: Դա սոցիալիստական կուսակցութիւնների անդամների դիմելաձեւն էր` կապիտալիստների դէմ պայքարում նրանք իրար ընկերներ էին: Բայց սոցիլալիզմի յաղթանակից յետոյ բառը աճեց, եւ երեխաների համար մանկապարտէզի դաստիարակչուհին, դպրոցական ուսուցիչն ու համալսարանի պրոֆեսորը դարձան «ընկեր»: Սովետական տարբեր ազգեր փորձելով դուրս գալ այս, մի տեսակ չափազանց պաշտօնական դարձած, բայց, միւս կողմից, չափազանց տնավարի «ընկեր»ից, ինչ-որ ձեւէր էին օգտագործում, ելնելով իրենց ունեցածից:
Մեզ, ուրեմն, ազատութեան այդպիսի հնարաւորութիւններ չէին տրուել: Որոշ փոքր կիրառութիւն ունէր միայն տիկինը: Բայց, ինչպէս եւ այլ լեզուներում, որպէս դիմելաձեւ վաղուց կիրառւում էին ընտանեկան տերմինները: Եւ ահա, հասանք, հետեւեալին: Անծանօթ հասակակցին դիմում են որպէս ախպեր (երբեմն` ընկեր) ու քուր (քոյրիկ): Տարիքով տղամարդուն` հօպար, հօրոխպեր, կնոջը` մորքուր: Աւելի տարիքովներին` հայրիկ (հազուադէպ), մայրիկ, էլ աւելի մեծերին` տատի, պապի: Այս բոլորն ունեն նաեւ ջան հաւելուածով աւելի սիրալիր ձեւէր` ախպեր ջան, քոյրիկ ջան, հօպար ջան եւ այլն: Տղաներն իրար դիմում են արա՛, աղջիկները` ախչի՛ «մանկա-պատանեկան» ձեւերով: Այս ձեւերի գլուխ գործոցներն են տարիքով տղամարդկանց ու կանանց դիմելու ձեաձեա եւ ծեօծեա ձեւերը (ռուս. քեռի/հօրեղբայր եւ մօրաքոյր/հօրաքոյր): Աւելի կարճ` ձեաձ եւ ծեօծ: Հոյակապ է հնչում յատկապէս «ջան»ով զարգացած «ձեաձ ջան»ը: Իսկ ամենատհաճը Խոյի բարբառում տղաների իրար դիմելու ձեւն է` գեա, երբեմն` գեադա (թուրք. «ծառայ»): Այդօրինակ վայրի պլեբէյութիւն դժուար է գտնել այլուրեք: Դա թերեւս համեմատելի է ԱՄՆ-ի նեգրերի երբեմն իրար արհամարհանքով ստորացուցիչ նիգեր կոչելու հետ:
Այս բոլորն անկիրթ, էութեամբ արխայիկ, յետամնաց ու գռեհիկ ձեւեր են: Անքաղաքակիրթ ջանքեր տանելի հասարակական յարաբերութիւններ ստեղծելու: Հետաքրքիր է, որ այս ձեւերը Վրաստանում եւս օգտագործւում են, բայց չեն հասցուել այնպիսի բացարձակ աստիճանի, ինչպէս մեզ մօտ: Ազնուականութեան պահպանուածութիւնը եւ ՍՍՀՄ-ում բարձր կարգավիճակն իրենն արել է: Շատ սովորական է այնտեղ պարոնի ու տիկինի կիրառութիւնը, ինչ որ մեզանում բնորոշ է միայն պաշտօնական իրադրութիւններին:
Իսկ ռուսնե՞րը: Նրանց դժուար է անքաղաքակիրթ անուանել` մի քանի հարիւրամեակ եւրոպական մշակոյթի մէջ են: Բայց սովետական «ընկեր»ի պաշտօնականութիւնը եւ միւս քաղաքավարի ձեւերի արգելքը այնտեղ էլ յանգեցրել է զարմանալի արդիւնքի` տղամարդուն դիմում են «տղամարդ», կնոջը` «կին»: Առաւել այլանդակ բարբարոսութիւն դժուար է պատկերացնել: Տղամա՛րդ, եկէք այստեղ: Կի՛ն, վճարէք դրամարկղում: Իրօք, գռեհկութեան բարձրագոյն դրսեւորում: Եւ այդ մարդիկ ազգակից եւ լեզուակից են Չեխովին: Ո՞վ կը հաւատար, որ այդպիսի «բարձունքներ»ի կարող էին հասնել նրանք: Ուրեմն, միայն մենք չենք, որ ընկել ենք այս ցաւալի վիճակի մէջ: Մեր ձեւերի մէջ գոնէ ինչ-որ հոգի կայ, մտերմութեան ու բարեկամութեան ձգտում` «ձեաձ ջան»: Ռուսների մօտ այդ այլանդակութիւնը հաւասարակշռւում է միայն ծանօթներին անուն հայրանունով դիմելու մտերմիկ, բայց եւ յարգալիր յիշեալ ձեւի համատարած կիրառութեամբ: Սա էլ իր արտացոլումն ունի մեզանում, սովորաբար ղեկավար մարդկանց յաճախ այդպէս են դիմում (Յովհաննէս Գարսեւանովիչ կամ, աւելի մտերմիկ` Գարսեւանիչ):
Լաւ, անցնենք առաջ: Պատերազմից յետոյ Ստալինը որոշել էր Թուրքիայից յետ վերցնել Արեւմտեան Հայաստանի գոնէ մի մասը: Այն բնակեցնելու համար արտասահմանից Սովետական Հայաստան հրաւիրուեց արտասահմանում հանգրուանած ցեղասպանութեան սերունդը: Եկէ՛ք Սովետական Հայաստան, հրաշք երկիր, սովետական ազատ ազգերի ընտանիք: Հզօր պրոպագանդան գործում էր ամբողջ ուժով: Եւ եկան` 1946-48 թուականներին, 89 հազար մարդ: Արեւմտեան Հայաստանը յետ չվերցուեց, իսկ նորեկների համար պայմաններ չէին ստեղծուել: Հայրենադարձները գովերգուած ազատ ազգերի դրախտի փոխարէն ընկել էին սովետական դաժան իրականութեան դժոխքը: 1948 Նոյեմբերին արդէն Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան ղեկավարը նրանց բնորոշեց որպէս անյուսալի տարր: Սկսեցին կեղծ լուրեր տարածել, թերթերում նիւթեր տպագրել նրանց կազմակերպած սաբոտաժների, Երեւանի խմելու ջրի թունաւորման եւ այլ չարագործութիւնների մասին: Մարդկանց ազատում էին աշխատանքից առանց որեւէ հիմնաւորման կամ, ազատելու սպառնալիքի տակ, ստիպում վկայութիւն տալ այլ հայրենադարձների հակասովետական գործունէութեան մասին: Նրանք մեղադրւում էին արտասահմանի ազգականների հետ ունեցած կապերում, ինչը որակաւորւում էր որպէս լրտեսական գործունէութիւն: 1949-ին նրանցից հազարաւորները աքսորուեցին: Հայրենադարձները եւ նրանց սերունդը համարեա մինչեւ ՍՍՀՄ վերջին տարիները չէին կարող պաշտօն զբաղեցնել:
Այդպիսին էր պետութեան վերաբերմունքը: Իսկ ժողովո՞ւրդը: Ցեղասպանութեան ժամանակ ներգաղթած տաճկահայերին արդէն իսկ արհամարհաբար ասում էին «գաղթական», հակադրելով իրենց` «եռլականներին»: Իսկ հայրենադարձութեան ժամանակ «տեղաբնիկ» ու «եկուոր» հակադրութեան կրակն արդէն հուրհրում, բոցկլտում էր մեր մէջ: Պետական վերաբերմունքն անցել էր ժողովրդին: Ստալինեան պայմաններում, եթէ հնարաւոր է մէկին` քեզնից թոյլին, ճնշել ու ստորացնել, ինչո՞ւ չանել: Եւ ժողովրդի վերաբերմունքն էլ լաւ չէր «հայրենադարձ եղբայրներ»ի նկատմամբ: Նրանք, մի կողմից, «եղբայր» էին, ինչպէս ասւում էր պաշտօնական ճառերում, իսկ միւսից` ոչ այնքան` ուրիշ վարք ու բարք ունէին, ուրիշ բարբառով էին խօսում, յարմարուած չէին սովետական իրականութեանը, ճնշուած մի համայնք էին, հայի` մի ցածր ենթաէթնիկ միաւոր: Այսինքն, հայ են, մեզ եղբայր, բայց երկրորդ տեսակի, ցածրակարգ: Մի տեսակ չակերտաւոր եղբայր: Եւ բառը գտնուեց: Արեւմտահայերէնում կիրառւում էր աղբար «եղբայր» դիմելաոճը, ինչպէս հանրայայտ «Բաղդասար աղբար»ը, որը եւ դարձուեց հայրենադարձների արհամարհական մականունը` ախպար: Սկզբից շատ վիրաւորական, ապա` ոչ այնքան, իսկ հիմա արդէն կորցրել է արհամարհական բնոյթը եւ դարձրել չէզոք մի բառ, հին հայրենադարձներին, արտասահմանի հայերին եւ արեւմտահայերէն խօսողներին բնութագրելու համար:
Լաւ, այս էտապն էլ անցանք: Կործանուեց սովետական պետութիւնը եւ ստեղծուեց մերը, ոչ սովետականը: Սովետական կուսակցա-պետական պաշտօնեաներին փոխարինելու եկան մեր ազգային գործիչները, իսկ ստեղծագործ մտաւորականների հեղինակաւոր դասին` նոր էլիտան, ժողովրդի ծոցից ելած բուրժուական «վերնախաւ»ը: Ի՞նչ ունէին նրանք իրենց բագաժում: Քրէական-կիսագողական յարաբերութիւններ ու հեղինակութիւններ, երկրի ունեցուածքը «սեփականաշհնորհել»ու միջոցով ձեռք բերածն անթաքոյց ծախսելու իրաւունք: «Կեր խմի, քէֆ արա շարունակէ»` Քաջ Նազարի երգը դարձաւ նրանց հիմնը: Եւ ոչ մի հոգեւոր պահանջ: Հոգեւոր պահանջը ո՞րն ա, արա՛: Եւ ի՞նչը պիտի դառնար նրանց ձգտումների, դրական զգացումների, ցանկութիւնների կիզակէտը, բարձրագոյն բարոյական արժէքը: Ի՞նչ ընտրութիւն ունէին նրանք աշխարհում եւ ի՞նչ ընտրութիւն իրենց ընտրածը կոչելու «մայրենի»ի ժամանակակից բառագանձում:
«Ախպէրութիւն»:
«Առաւօտ», Յունուար 16, 2015
Ընդ աստեղոք ի՞նչ կա
սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն:
Մկրտիչ Պեշիկթաշլյան
Մեր հասարակության արխայիկ՝ վաղնջական-ավանդական բնույթի մասին է խոսում
այն, որ աշխարհը մենք փորձում ենք տարբերակել, օգտագործելով ընտանեկան
ազգակցության տերմիններ:
Սովետական իշխանությունն արգելեց իրար դիմելու կիրթ ձեւերը՝ օրիորդ, տիկին,
պարոն, տեր, դրա փոխարեն շրջանառության մեջ դրվեց ընկերը: Դա
սոցիալիստական կուսակցությունների անդամների դիմելաձեւն էր՝ կապիտալիստների
դեմ պայքարում նրանք իրար ընկերներ էին: Բայց սոցիալիզմի հաղթանակից հետո
բառը աճեց, եւ երեխաների համար մանկապարտեզի դաստիարակչուհին, դպրոցական
ուսուցիչն ու համալսարանի պրոֆեսորը դարձան «ընկեր»: Սովետական տարբեր
ազգեր փորձելով դուրս գալ այս, մի տեսակ չափազանց պաշտոնական դարձած, բայց,
մյուս կողմից, չափազանց տնավարի «ընկերից», ինչ-որ ձեւեր էին օգտագործում,
ելնելով իրենց ունեցածից: Ռուսներն ունեին իրար հայրանունով դիմելու շատ
գեղեցիկ սովորություն, եւ մանկապարտեզի երեխաներն, օրինակ, իրենց
դաստիարակչուհուն չէին ասում «ընկեր Լյուդմիլա», ինչպես մերոնք՝ «ընկեր
Հասմիկ», այլ՝ Լյուդմիլա Յակովլեւնա, իսկ համալսարանի պրոֆեսորին՝ Իվան
Պետրովիչ:
Վրացիները, որոնց ՍՍՀՄ-ում թույլատրվում էր ավելի, քան մյուս «կրտսեր
եղբայր» ազգերին, օգտագործում էին իրենց բատոնո «պարոնը», քալբատոնո
«տիկինի» հետ: Ընդհանրապես, ՍՍՀՄ-ում բարձր դիրք գրավող ազգերը կարողացան
պահպանել նույնիսկ «սովետական» բառի իրենց համարժեքը, եւ վրացիների
հանրապետությունը կոչվում էր Սաբճոթա Սաքարթվելո, ինչպես ուկրաինացիներինը՝
Ռադյանսկա Ուկրաինա: Հետաքրքիր օրինակ է Հայաստանը, որը սկզբում
«խորհրդային» էր, հետո՝ «սովետական», վերջում, «դեմոկրատացման»
արդյունքում, նորից դարձավ «խորհրդային»:
Մեզ, ուրեմն, ազատության այդպիսի հնարավորություններ չէին տրվել: Որոշ փոքր
կիրառություն ուներ միայն տիկինը: Բայց, ինչպես եւ այլ լեզուներում, որպես
դիմելաձեւ վաղուց կիրառվում էին ընտանեկան տերմինները: Եվ ահա, հասանք
հետեւյալին: Անծանոթ հասակակցին դիմում են որպես ախպեր (երբեմն՝ ընկեր) ու
քուր (քույրիկ): Տարիքով տղամարդուն՝ հոպար, հորոխպեր, կնոջը՝ մորքուր:
Ավելի տարիքովներին՝ հայրիկ (հազվադեպ), մայրիկ, էլ ավելի մեծերին՝ տատի,
պապի: Այս բոլորն ունեն նաեւ ջան հավելվածով ավելի սիրալիր ձեւեր՝ ախպեր
ջան, քույրիկ ջան, հոպար ջան եւ այլն: Տղաներն իրար դիմում են արա՛,
աղջիկները՝ ախչի՛ «մանկապատանեկան» ձեւերով: Այս ձեւերի գլուխգործոցներն են
տարիքով տղամարդկանց ու կանանց դիմելու ձյաձյա եւ ծյոծյա ձեւերը (ռուս.
քեռի/հորեղբայր եւ մորաքույր/հորաքույր): Ավելի կարճ՝ ձյաձ եւ ծյոծ:
Հոյակապ է հնչում հատկապես «ջանով» զարգացած «ձյաձ ջանը»: Իսկ ամենատհաճը
Խոյի բարբառում տղաների իրար դիմելու ձեւն է՝ գյա, երբեմն՝ գյադա (թուրք.
«ծառա»): Այդօրինակ վայրի պլեբեյություն դժվար է գտնել այլուրեք: Դա թերեւս
համեմատելի է ԱՄՆ-ի նեգրերի երբեմն իրար արհամարհանքով ստորացուցիչ նիգեր
ձեւով կոչելու հետ:
Այս բոլորն անկիրթ, էությամբ արխայիկ, հետամնաց ու գռեհիկ ձեւեր են:
Անքաղաքակիրթ ջանքեր՝ տանելի հասարակական հարաբերություններ ստեղծելու:
Հետաքրքիր է, որ այս ձեւերը Վրաստանում եւս օգտագործվում են, բայց չեն
հասցվել այնպիսի բացարձակ աստիճանի, ինչպես մեզ մոտ: Ազնվականության
պահպանվածությունը ՍՍՀՄ-ում, բարձր կարգավիճակն իրենն արել է: Շատ
սովորական է այնտեղ պարոնի ու տիկինի կիրառությունը, ինչը որ մեզանում
բնորոշ է միայն պաշտոնական իրադրություններին:
Իսկ ռուսնե՞րը: Նրանց դժվար է անքաղաքակիրթ անվանել՝ մի քանի հարյուրամյակ
եվրոպական մշակույթի մեջ են: Բայց սովետական «ընկերի» պաշտոնականությունը
եւ մյուս քաղաքավարի ձեւերի արգելքն այնտեղ էլ հանգեցրել է զարմանալի
ձեւերի՝ տղամարդուն դիմում են «տղամարդ», կնոջը՝ «կին»: Առավել այլանդակ
բարբարոսություն դժվար է պատկերացնել: Տղամա՛րդ, եկեք այստեղ: Կի՛ն, վճարեք
դրամարկղում: Իրոք, գռեհկության բարձրագույն դրսեւորում: Եվ այդ մարդիկ
ազգակից եւ լեզվակից են Չեխովին: Ո՞վ կհավատար, որ այդպիսի «բարձունքների»
կարող էին հասնել նրանք: Ուրեմն, միայն մենք չենք, որ ընկել ենք այս ցավալի
վիճակի մեջ: Մեր ձեւերի մեջ գոնե ինչ-որ հոգի կա, մտերմության ու
բարեկամության ձգտում՝ «ձյաձ ջան»: Ռուսների մոտ այդ այլանդակությունը
հավասարակշռվում է միայն ծանոթներին անուն-հայրանունով դիմելու մտերմիկ,
բայց եւ հարգալիր հիշյալ ձեւի համատարած կիրառությամբ: Սա էլ իր
արտացոլումն ունի մեզանում, սովորաբար ղեկավար մարդկանց հաճախ այդպես են
դիմում (Հովհաննես Գարսեւանովիչ կամ, ավելի մտերմիկ՝ Գարսեւանիչ):
Լավ, անցնենք առաջ: Պատերազմից հետո Ստալինը որոշել էր Թուրքիայից հետ
վերցնել Արեւմտյան Հայաստանի գոնե մի մասը: Այն բնակեցնելու համար
արտասահմանից Սովետական Հայաստան հրավիրվեց արտասահմանում հանգրվանած
ցեղասպանության սերունդը: Եկե՛ք Սովետական Հայաստան, հրաշք երկիր,
սովետական ազատ ազգերի ընտանիք: Հզոր պրոպագանդան գործում էր ամբողջ ուժով:
Եվ եկան՝ 1946-48 թվականներին, երկու հարյուր հազար մարդ: Արեւմտյան
Հայաստանը հետ չվերցվեց, իսկ նորեկների համար պայմաններ չէին ստեղծվել:
Հայրենադարձները, պրոպագանդված ազատ ազգերի դրախտի փոխարեն, ընկել էին
սովետական դաժան իրականության դժոխքը: 1949-ին, մեկ օրում, նրանցից մոտ
տասը հազար մարդ աքսորվեց: Հայրենադարձները եւ նրանց սերունդը համարյա
մինչեւ ՍՍՀՄ վերջին տարիները չէին կարող պաշտոն զբաղեցնել: Այդպիսին էր
պետության վերաբերմունքը:
Իսկ ժողովո՞ւրդը: Ցեղասպանության ժամանակ ներգաղթած տաճկահայերին արդեն իսկ
արհամարհաբար ասում էին «գաղթական», հակադրելով իրենց՝ «եռլականներին»:
Իսկ հայրենադարձության ժամանակ «տեղաբնիկ» ու «եկվոր» հակադրության կրակն
արդեն հուրհրում, բոցկլտում էր մեր մեջ: Պետական վերաբերմունքն անցել էր
ժողովրդին: Ստալինյան պայմաններում, եթե հնարավոր է մեկին՝ քեզնից թույլին,
ճնշել ու ստորացնել, ինչո՞ւ չանել: Եվ ժողովրդի վերաբերմունքն էլ լավ չէր
«հայրենադարձ եղբայրների» նկատմամբ: Նրանք, մի կողմից, «եղբայր» էին,
ինչպես ասվում էր պաշտոնական ճառերում, իսկ մյուսից՝ ոչ այնքան՝ ուրիշ վարք
ու բարք ունեին, ուրիշ բարբառով էին խոսում, հարմարված չէին սովետական
իրականությանը, ճնշված մի համայնք էր, հայի՝ մի ցածր ենթաէթնիկ միավոր:
Այսինքն, հայ են, մեզ եղբայր, բայց երկրորդ տեսակի, ցածրակարգ: Մի տեսակ
չակերտավոր եղբայր: Եվ բառը գտնվեց: Արեւմտահայերենում կիրառվում էր աղբար
«եղբայր» դիմելաոճը, ինչպես հանրահայտ «Բաղդասար աղբարը», որը եւ դարձվեց
հայրենադարձների արհամարհական մականունը՝ ախպար: Սկզբից շատ վիրավորական,
ապա՝ ոչ այնքան, իսկ հիմա արդեն կորցրել է արհամարհական բնույթը եւ դարձել
չեզոք մի բառ, հին հայրենադարձներին, արտասահմանի հայերին եւ
արեւմտահայերեն խոսողներին բնութագրելու համար:
Լավ, այս էտապն էլ անցանք: Կործանվեց սովետական պետությունը եւ ստեղծվեց
մերը, ոչ սովետականը: Սովետական կուսակցա-պետական պաշտոնյաներին
փոխարինելու եկան մեր ազգային գործիչները, իսկ ստեղծագործ մտավորականների
հեղինակավոր դասին՝ նոր էլիտան, ժողովրդի ծոցից ելած բուրժուական
«վերնախավը»: Ի՞նչ ունեին նրանք իրենց բագաժում: Քրեական-կիսագողական
հարաբերություններ ու հեղինակություններ, երկրի ունեցվածքը
«սեփականաշնորհելու» միջոցով ձեռք բերածն անթաքույց ծախսելու իրավունք:
«Կեր, խմի, քեֆ արա շարունակ»՝ Քաջ Նազարի երգը դարձավ նրանց հիմնը: Եվ ոչ
մի հոգեւոր պահանջ: Հոգեւոր պահանջը ո՞րն ա, արա՛: Եվ ի՞նչը պիտի դառնար
նրանց ձգտումների, դրական զգացումների, ցանկությունների կիզակետը,
բարձրագույն բարոյական արժեքը: Ի՞նչ ընտրություն ունեին նրանք աշխարհում եւ
ի՞նչ ընտրություն իրենց ընտրածը կոչելու «մայրենիի» ժամանակակից
բառագանձում:
«Ախպերություն»:
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2015
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/17/532907/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/17/532907/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
No comments:
Post a Comment