ՆԱՐԵԿ ՍԷՖԷՐԵԱՆ
Վերջերս «ել-փոստային կռիւ» ունեցայ մի անծանօթի հետ:
Դրան «կռիւ» կոչելը չափազանցութիւն կը լինի: Աւելի ճիշտ, բուռն քննարկում ունեցանք ել-փոստեր ստանալով ու ուղարկելով: Իրար գտել էինք ընդհանուր ծանօթի միջոցով, ով խոհեմ գտնուեց ու խօսակցութիւնից զերծ մնաց:
Խնդիրը արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի շուրջ էր, մասնաւորապէս` եթէ կան երկու առանձին հայերէն լեզուներ, կամ եթէ երկուսն էլ մի լեզուի մասնիկներն են: Ուրիշ տարբերակներ էլ կան, եւ նաեւ կարելի է, որ մարդ արեւելահայերէնին ու արեւմտահայերէնին միառժամանակ տարբեր բնորոշումներ տայ: Նամակակիցս ինքնավստահօրէն պնդում էր, որ կայ միայն մէկ հայոց լեզու: Իմ դիրքորոշումն այն է, որ դրանք «քոյր լեզուներ» են:
Հիմա, պատմականօրէն, քաղաքականօրէն, փիլիսոփայօրէն, գաղափարախօսականօրէն, կարելի է պնդել, որ` յիրաւի, կայ մէկ, իւրայատուկ լեզուական ժառանգութիւն, որը հայ ժողովրդին կապում է իրար: Կան լաւ, ողջամիտ փաստարկներ այդ ուղղութեամբ: Գործնականում, սակայն, հեշտ է մատնանշել, որ արեւելահայերէնն ու արեւմտահայերէնը տարբերւում են իրարից հնչիւնների առումով (ինքս էլ կարճ, տարբերութիւնները բացատրող տեսանիւթեր եմ պատրաստել անգլերէնով, արեւելահայերէնով, ու արեւմտահայերէնով), բառապաշարի ու քերականութեան առումով, եւ նաեւ ուղղագրութեան առումով. Հայոց լեզուին Խորհրդային Միութիւնում փոխել տրուեց իր գրելու ձեւը 1922 թուականին եւ մի անգամ եւս 1940 թուականին: Իրանում օգտագործուող հայերէնը շարունակում է մնալ արեւելահայերէն, սակայն աւանդական ուղղագրութեամբ գրուած, նոյն ուղղագրութիւնը, որ դեռ օգտագործւում է արեւմտահայերէնում, ինչպէս եւ միշտ էլ եղել է գրաբարում:
Այս ամէնը բաւականին գիտական դարձաւ, այո, գուցէ եւ մի քիչ ձանձրացուցիչ: Սակայն կարեւոր է հաշուի առնել, օրինակ, երբ բանը հասնի դասաւանդելու եւ սովորելու լեզուն: Եթէ ես հայերէնի դասընթացի արձանագրուեմ, ուրեմն ստիպուած եմ որոշում կատարելու, կամ երկու կամ երեք որոշումներ, ուզած-չուզած: Աւելին, եթէ որոշեմ հայերէնի դաս վարել, ապա կրկնակի պէտք է վստահ լինեմ, որ քոյր լեզուներից մէկը պիտի ընտրեմ: Կամ գուցէ երկուսն էլ կը դասաւանդեմ` գրաբարի հետ միասին, եթէ ժամանակ լինի: Սա պարզ, գործնական իրականութիւն է:
Այս տեսակի գործնական իրականութեան հետ Հայաստանում գրեթէ ամէն օր առընչութիւն են ունենում Հայաստանից դրսի հայերը: Յիշում եմ երկար ժամանակ Երեւանում ապրող մի սփիւռքահայ, ով նշում էր, որ Լոս Անջելեսից բազմազանութիւնն է կարօտում: Համաձայն եմ: Երազանքի իրականութիւն է հայկական հայրենիք ունենալը, բայց` կոպիտ օրինակ բերեմ, այստեղ դժուար է որակաւոր, իսկական կորէական ճաշարան յաճախել: Քիչ կոպիտ, աւելի դիպուկ` Հայաստանի հասարակութեան ազգային, կրօնական, եւ լեզուական միատարրութիւնը տարածւում է ոչ միայն փողոցում սեւամորթների վրայ աչք տնկողների վրայ, այլ նաեւ հայկական բազմազանութիւնը գնահատելու պակասի:
Այո, հայկական բազմազանութիւն: Ծիծաղելի է հնչում այդ բառակապակցութիւնը, բայց ես պնդում եմ, որ Հայերի բնութագրումն իսկ որպէս ազգ գոյութիւն ունի այն փաստով, որ շատ բազմազանութիւն կայ բոլոր իրենց հայ համարող անձանց մէջ: Թէ չէ, հայերը կը մնային սոսկ մի համայնք կամ պարզապէս մի ցեղախումբ:
Հայերի մէջ լեզուական բազմազանութիւն կայ, ինչպէս վերը նշուեց: Մեր բոլոր գրի չառնուած բարբառները թանկագին են` շատերը, ի դէպ, զոհ գնացած Հայոց Ցեղասպանութեանը: Բարբառներից բացի, արեւելահայերէնն ու արեւմտահայերէնը` իւրաքանչիւրը, կրում է հարուստ գրական ժառանգութիւն` չանտեսելով նաեւ միջին հայերէնի գրականութիւնը կամ գրաբարը, ինչը հազարամեակ ու կէս օրինաչափն էր: Իսկապէս ափսոս է, որ Հայաստանի հայերը բացառապէս ծանօթ են արեւելահայերէնի հետ` խորհրդային ուղղագրութեամբ: Մեր դպրոցները ինչո՞ւ չեն կարող գոնէ ներածական դասընթացներ ունենալ արեւմտահայերէնի, գրաբարի, կամ առնուազն աւանդական ուղղագրութեան մասին:
Հայերի մէջ կրօնական բազմազանութիւն կայ: Հազուագիւտ է գտնել հայեր, ովքեր գոնէ անունով քրիստոնեայ չեն` թէեւ կան բազմաթիւ աթէիստ Հայեր, նաեւ պատմութիւններ մահմեդական կամ իսլամացուած Հայերի մասին քիչ չեն դուրս գալիս Թուրքիայից վերջին տարիներում: Բայց անգամ հայկական քրիստոնէութիւնը մեծ հարստութիւն ունի, որից շատերը Հայաստանում տեղեակ չեն: Էջմիածինը անկասկած հաւատքին կենտրոնն է, բայց Սիսի Կաթողիկոսի` այժմ Անթիլիասում, Լիբանանում, եւ Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) եւ Երուսաղէմի պատրիարքների նշանակութիւնն ու դերը հազիւ թէ քննարկւում են Հայաստանում:
Աւելին, բազմադարեայ հայ կաթողիկէ (կաթոլիկ) աւանդութիւն գոյութիւն ունի, ամէնից յայտնի Վենետիկում ու Վիեննայում գործող Մխիթարեան Միաբանութեան միջոցով, դրա անհաւատալի տպագրական եւ կրթական գործունէութեամբ 18րդ, 19րդ, եւ 20րդ դարերում, մինչեւ այսօր: Արդեօք Հայաստանում շատերը գիտե՞ն, որ Մխիթարեան դպրոց կայ Երեւանում: Գիտե՞ն հայ կաթողիկէ քոյրերի (մայրապետների) մասին, ովքեր այնքան գնահատելի աշխատանք են կատարում պատանիների հետ Գիւմրիում:
Բողոքական հայերը համեմատաբար նոր երեւոյթ են` հաստատուելով 19րդ դարում Օսմանեան Կայսրութիւնում ամերիկեան միսիոնարների հետ: Ներկայ հայ աւետարանական շարժումը առաջ մղեց արդիական կրթութիւնը եւ գիտութիւնը այն ժամանակուայ հայերի մէջ: Լուսաւորութեան կարեւոր աղբիւր էր դա մասնաւորապէս օսմանահայ գաւառներում, ներքին շրջաններում:
Գիտեմ, որ շատերը սա կարդալով վրդովուած կը լինեն հայ աւետարանականների եւ հայ կաթողիկէների համադրութեամբ Հայաստանեայց Եկեղեցու հետ: Բայց եթէ Օսմանեան Կայսրութեան իշխանութիւնները թքած ունէին դրանց միջեւ տարբերակումներ դնելու երբ մեր նախնիներին ջարդում էին հարիւր տարի առաջ, ուրեմն ես էլ կ՚անտեսեմ որեւէ սահմանագիծ դնել երբ հպարտանամ մեր ժառանգութեան բազմազանութեամբ այսօր:
Հայկական բազմազանութեան մէկ այլ ոլորտ խոհանոցն է: Պարսկահայերը իւրայատուկ ուտեստներ ունեն իրենց աւանդութեամբ, մինչդեռ օսմանահայ ժառանգները` արաբական աշխարհում, Թուրքիայում, Բուլղարիայում, Յունաստանում ու Կիպրոսում (նաեւ իրենց սերունդները այլուր), իրենց նախընտրութիւններն ունեն: Հայաստանի համար, սակայն, Ռուսական Կայսրութիւնը հաւանաբար այնքան էլ յարմար չէր ինչ-որ խոհանոցային աւանդութիւններ առաջ բերելու համար. Խորհրդային Միութիւնը որ այդպիսին չէր վստահ, գոնէ մինչեւ 1940ականներին եւ յետոյ ներգաղթի ալիքները չեղան: Հաճելի է տեսնել անկախութիւնից ի վեր Երեւանում այսպէս ասած «օսմանահայ ճաշարանների» բացումը, նաեւ` վերջերս Սիրիայից ներհոսքից ելնելով: Բայց դեռ տարօրինակ է հնչում շատ սփիւռքահայերի համար, ասենք, փաթաթուած խաղողի տերեւներին «տոլմա» անուանելը, եւ ոչ «սարմա»: Վերջինս նշանակում է «փաթաթուած» թուրքերէնով, մինչդեռ առաջինը նշանակում է «լցոնուած»: Ուրեմն, օսմանահայերի համար միայն լցոնուած բանջարեղէնները կարող են «տոլմա» կոչուել: Սա, ի հարկէ, փոքր, բաւականին աննշանակալի մի բան է, սակայն արտացոլում է հայկական հանրապետութիւնում` աւելի լայն վերցրած հայ ազգի մասին տեղեկութեան ընդհանուր պակասը:
Այդ տեղեկութեան պակասի գլխաւոր պատճառը պարզ է. շատ քիչ են արեւմտահայախօսները, հայ կաթողիկէները եւ աւետարանականները Հայաստանում, գրեթէ չկայ աւանդական ուղղագրութեամբ գրուած հանրային գրութիւն կամ ցուցանակ: Բայց մտահոգութիւնս այն է, որ շատերի մօտ Հայաստանում բաց լինելու ընդհանուր սակաւութիւն կայ այն բաների նկատմամբ, որոնք տարբեր են, նոր են, արտասովոր են: Սա բնորոշ է բոլոր փոքր, փակ հասարակութիւնների: Հայաստանի Հանրապետութիւնը համեմատաբար փոքր հասարակութիւն է, այո, սակայն համեմատաբար մի մեծ ազգի մաս է կազմում: Պէտք է բացութիւն լինի Հանրապետութիւնում ազգի զանազան մշակութային արտայայտութիւնների նկատմամբ: Վստահ, օրինակ, համասեռութեան լայնածաւալ մերժումը Հայաստանում հասկանալի է որպէս արեւմտեան բազմազանութեան, արեւմտեան կոսմոպոլիտութեան հակազդեցութիւն: Բայց արդեօք Հայաստանի Հանրապետութիւնը պէտք չէ՞ ընդգրկի հայկական բազմազանութիւնը, հայկական կոսմոպոլիտութիւնը: Մենք համաշխարհային մի ժողովուրդ ենք, ուզած-չուզած: Հայերի գոյատեւման գաղտնիքը շատ ու շատ դարեր հէնց այդ կոսմոպոլիտութիւնն է եղել, ցանկանան կամ գնահատեն դա որոշ հայեր, կամ ոչ:
Մեր մոլորակի միակ աշխարհագրական տարածքը, որը յաջողութեամբ է արտացոլում հայկական բազմազանութիւնը, Հարաւային Կալիֆորնիան է` Լոս Անջելեսի շրջանը, ուր աշխարհի ամէն անկիւնից հայեր են տեղափոխուել վերջին շատ տասնամեակների ընթացքում: Արդիւնքում ծիծաղելի բաներ են տեղի ունենում, ինչպէս օրինակ մի պատմութիւն, որ ծանօթս պատմեց: Իր կողքի տանը տեղափոխուեցին հայեր եւ նա` որպէս արեւելահայախօս, ուրիշներին ներկայացրեց նրանց որպէս «հարեւան»: Սակայն նրանք արեւմտահայախօս էին, եւ քոյր լեզուով այդ բառը աւելի շուտ «դրացի» է: Նեղուեցին, որովհետեւ կարծեցին, որ իրենք «հայուան» էին անուանւում: Իրոնիան նրանում է, որ այս բառը ոչ թէ հայկական է, այլ արաբերէնով, պարսկերէնով, թուրքերէնով «անասուն» է նշանակում. հայհոյանք է: Ըստ երեւոյթին մեր արմատները Միջին Արեւելքից մեզ կանչում են, ինչքան էլ հեռու գնանք:
Գուցէ հայերէնի ապագան Ամերիկայում հարցականի տակ է, բայց հայ ինքնութիւնը բաւականին ամուր դիրքերում է գտնւում այնտեղ: Ես կ՚ասէի, որ հայկական ինքնութիւնը ինքն իրեն վտանգի տակ չէ, թէեւ այդ ինքնութիւնը ճիշդ ինչ կը ներառի տարբեր կը լինի տարբեր տեղերում, տարբեր ժամանակներում: Պատճառը, որ հայ ինքնութիւնը վտանգուած չէ գոնէ մասամբ նրա համար է, որ Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն ունի որպէս կենտրոնական, համընդհանուր ներքաշող հանգամանք ամբողջ ազգին համար:
Քաջալերելի կը լինէր եթէ գտնուէին աւելի լաւ պայմաններ երկրում հայկական բազմազանութեան բոլոր տարրերի արտայայտման, նաեւ` նորերի զարգացման համար: Պէտք է ճանաչենք, ընդունենք, եւ գնահատենք մեր բազմազանութիւնը որպէս իսկապէս հարուստ, հնագոյն ազգային ժառանգութեան փոխանցում, եւ որպէս աղբիւր մեր ապագայ զարգացման համար` բազմազան ուղղութիւններով:
«Հետք», Յունուար 9, 2015 (http://hetq.am/arm/news/58037/mek-azg-qani-mshakutayin-olort-haykakan-bazmazanutyun.html)
No comments:
Post a Comment