ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Օգոստոսի 31-ից Սեպտեմբերի 4-ը տողերիս հեղինակը անցկացրեց լիբանանահայ
գործարարների պատուիրակութեան հետ, որը հինգ օրերի ընթացքում երբեմն դժուարանցանելի
ճանապարհներով կտրեց հարիւրաւոր կիլոմետրեր, ունեցաւ բազմաթիւ հանդիպումներ
Քաշաթաղի եւ Շահումեանի շրջանների շարքային քաղաքացիների` վերաբնակիչների հետ:
Շուրջ հինգ տասնեակ հոգանոց պատուիրակութիւնը Ստեփանակերում հանդիպումներ ունեցաւ
Արցախի նախագահի եւ վարչապետի հետ: Երեք տարի առաջ լիբանանահայ գործարարների աւելի
փոքր խմբի հետ անցել էի գրեթէ նոյն երթուղով: Բացի այդ, որպէս լրագրող իմ յաճախակի
այցելութիւնները Մռաւի լեռներից մինչեւ Արաքս, ինձ հնարաւորութիւն են տալիս
համեմատել. ինչպիսի՞ն էին կեանքը եւ պայմանները, ինչպիսի՞ն էին մարդիկ եւ յոյսերը
1990-ական թուականներին, տասը տարի առաջ, 2005-ին, 2009-ին, այսօր: Որքան շատ եմ
այցելում այդ տարածքներ, աւելի մօտիկից ծանօթանում պայմաններին ու մարդկանց,
այնքան աւելի լաւ եմ համոզւում, թէ որքան բազմաշերտ, բարդ, զգայուն, երկարաժամկէտ
եւ դժուար գործընթաց է վերաբնակեցումը: Սերունդներ են պահանջուելու, միլիառաւոր
տոլարներ ու խորը հաւատ, մինչեւ որ այդ տարածքները վերջնականապէս ազատուեն
աւերակներից, վերականգնուեն ու վերաբնակեցուեն լիարժէքօրէն: Դժուարամատչելի ու
բարձր լերան գագաթը յաղթահարելու ճանապարհին կարեւոր է իւրաքանչիւր մետրը: Այս
ճանապարհին հայերը դեռ լերան ստորոտում են: Մնացեալը` ստորեւ: