ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Օգոստոսի 31-ից Սեպտեմբերի 4-ը տողերիս հեղինակը անցկացրեց լիբանանահայ
գործարարների պատուիրակութեան հետ, որը հինգ օրերի ընթացքում երբեմն դժուարանցանելի
ճանապարհներով կտրեց հարիւրաւոր կիլոմետրեր, ունեցաւ բազմաթիւ հանդիպումներ
Քաշաթաղի եւ Շահումեանի շրջանների շարքային քաղաքացիների` վերաբնակիչների հետ:
Շուրջ հինգ տասնեակ հոգանոց պատուիրակութիւնը Ստեփանակերում հանդիպումներ ունեցաւ
Արցախի նախագահի եւ վարչապետի հետ: Երեք տարի առաջ լիբանանահայ գործարարների աւելի
փոքր խմբի հետ անցել էի գրեթէ նոյն երթուղով: Բացի այդ, որպէս լրագրող իմ յաճախակի
այցելութիւնները Մռաւի լեռներից մինչեւ Արաքս, ինձ հնարաւորութիւն են տալիս
համեմատել. ինչպիսի՞ն էին կեանքը եւ պայմանները, ինչպիսի՞ն էին մարդիկ եւ յոյսերը
1990-ական թուականներին, տասը տարի առաջ, 2005-ին, 2009-ին, այսօր: Որքան շատ եմ
այցելում այդ տարածքներ, աւելի մօտիկից ծանօթանում պայմաններին ու մարդկանց,
այնքան աւելի լաւ եմ համոզւում, թէ որքան բազմաշերտ, բարդ, զգայուն, երկարաժամկէտ
եւ դժուար գործընթաց է վերաբնակեցումը: Սերունդներ են պահանջուելու, միլիառաւոր
տոլարներ ու խորը հաւատ, մինչեւ որ այդ տարածքները վերջնականապէս ազատուեն
աւերակներից, վերականգնուեն ու վերաբնակեցուեն լիարժէքօրէն: Դժուարամատչելի ու
բարձր լերան գագաթը յաղթահարելու ճանապարհին կարեւոր է իւրաքանչիւր մետրը: Այս
ճանապարհին հայերը դեռ լերան ստորոտում են: Մնացեալը` ստորեւ:
Քաշաթաղի շրջանի հարաւային` Արաքսի հարթավայրային հատուածում, անցնող աշնանը
մշակուել ու ցանուել է յաւելեալ 2500 հեկտար հողատարածք` շնորհիւ Կիպրոսում
գրանցուած լիբանանեան Artsakh Roots Investment` ԱՌԻ ընկերութեան տրամադրած
վարկային միջոցների: ԼՂՀ գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամի նախագահ
Վահրամ Բաղդասարեանը ասում է, որ տարին բարենպաստ էր` միջինից բարձր բերք է
ստացուել, իսկ մթերման գները եղել են համեմատաբար բարձր:
«Արցախում գիւղատնտեսական ծրագրերի զարգացման գործում ԱՌԻ յապաւումը արդէն
անբաժանելի է», ասում է Բաղդասարեանը` ընդգծելով, որ ԱՌԻ-ին, ի տարբերութիւն
առեւտրային դրամատների, գիւղացիներից ոչ միայն գրաւ չի պահանջում, այլ երկարաժամկէտ
վարկերը տրամադրում է ընդամէնը 9 տոկոսով: Վերջնարդիւնքում, գիւղացիներն այդ
վարկերն ստանում են 6 տոկոսով, քանի որ միւս 3 տոկոսը վճարում է Արցախի
կառավարութիւնը:
Հագարի գետին մօտ գտնուող Ներքին Սուս համայնքում հինգ ընտանիք ստացել է
անասնավարկ, բայց կան այլ ընտանիքներ եւս, ովքեր ցանկանում են օգտուել վարկերից:
«Սա այն աշխատանքի շարունակութիւնն է, որ կատարեցին հայ ազատամարտիկները արցախեան
պատերազմի տարիներին: Շարունակէ՛ք աջակցել բոլոր այն քաշաթաղցիներին, ովքեր
ցանկութիւն ունեն զարգացնել գիւղատնտեսութիւնը, ունենալ անասուններ, բարելաւել
իրենց կենցաղը, բայց գումար չունեն», ԱՌԻ-ի վարկատուներին յորդորեց Ներքին Սուսի
բնակիչներից Սարգիս Ասլանեանը:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանի խօսքերով` ԱՌԻ
ընկերութեան եւ Արցախի կառավարութեան համագործակցութիւնը ուղղուած է Քաշաթաղի
շրջանի տնտեսական զարգացմանն ու վերաբնակեցմանը: «ԱՌԻ-ի կողմից ներգրաւուած
միջոցների հաշուին իրականացուել է աւելի քան 1.1 միլիոն ամերիկեան տոլարի
աջակցութիւն», ասում է նա: Բացի այդ, Լիբանանի «Արցախ» ֆոնտի կողմից Քաշաթաղի
շրջանում 2006 թուականից տրամադրուել է 289 հատ կթու կով բոլոր այն ընտանիքներին,
որտեղ ծնուել է երրորդ երեխան:
Քարեգահ համայնքի ղեկավար Մարինէ Պետոյեանը ասում է, որ այն ներդրումները, որոնք
կատարւում են ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի միջոցով, լուրջ խթան է վերաբնակիչ ընտանիքների
տնտեսութեան զարգացման համար: «Ես առաջարկում եմ, որ այստեղ ձեւաւորուած երիտասարդ
ընտանիքները արտահերթ օգտուեն տրամադրուող վարկերից: Դա լուրջ խթան կը լինի նրանց
կայացման համար», ասում է Պետոյեանը:
ԱՌԻ-ի գործադիր տնօրէն Սուրէն Սարգսեանի խօսքերով` Հայաստանի եւ Արցախի համար
«ռազմավարական արժէք ներկայացնող այս հողամասը վերաբնակեցնելու աշխատանքի
ուղղութեամբ շատ լուրջ ծրագրեր պէտք է մշակենք ոչ միայն Լիբանանի եւ Արցախի միջեւ,
այլ` համայն սփիւռքահայութեան հետ»:
ԱՌԻ-ի հիմնադիրներից Մասիս Ալեքսանդրեանն ասում է, որ ԼՂՀ գիւղի եւ
գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամի հետ համագործակցութեան երկու տարիների
աշխատանքներն ընթանում են սահուն եւ թափանցիկ: «Մենք եկել ենք մեր աչքով տեսնելու,
թէ կատարուած ներդրումները ինչ հետք են թողել հողի վրա, որո՞նք են ձեր առաջարկներն
ու մտահոգութիւնները, ի՞նչ ակնկալութիւններ ունէք: Մենք փորձելու ենք այս ծրագրի
մէջ ներառել նաեւ սփիւռքեան այլ գաղութներ, բայց ուզում ենք, որ այս առաջին փորձը
մեր մտքում շատ յստակ լինի, որպէսզի կատարենք մեր հետագայի ծրագրումները», ասաց
Ալեքսանդրեանը:
2008 թուականի մարտին Բերձոր քաղաքում «Թիւֆէնկեան հիմնադրամը» նախագահ Բակօ
Սահակեանի մասնակցութեամբ կազմակերպել էր համահայկական խորհրդաժողով` հայութեանը
ծանօթացնելու Քաշաթաղի խնդիրները, կարիքները, դժուարութիւններն ու շրջանի
ռազմավարական կարեւորութիւնը ինչպէս Լեռնային Ղարաբաղի, այնպէս էլ Հայաստանի
անվտանգութեան համար: Խորհրդաժողովը նպատակ ունէր Հայաստանի եւ Սփիւռքի
գործարարներին ներկայացնելու Քաշաթաղում ներդրումներ կատարելու
կարելիութիւնները:
Քաշաթաղի շրջանը իր մէջ ներառում է նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Զանգելանի
շրջանները եւ Ջէբրայիլի շրջանի մի մասը: Տարածքը արցախեան ուժերի վերահսկողութեան
տակ է անցել 1992-93 թուականների ընթացքում: Քաշաթաղի շրջանն ունի աւելի քան 50
համայնք, վարչական կենտրոնը Բերձոր քաղաքն է, որով անցնում է համայն հայութեան
հանգանակութիւնների միջոցով 1990-ական թուականներին կառուցուած Գորիս-Ստեփանակերտ
մայրուղին:
2009 թուականի Օգոստոսին Քաշաթաղի շրջան այցելեցին լիբանանահայ շուրջ երկու
տասնեակ գործարարներ, ովքեր երկու օրերի ընթացքում շրջեցին մի շարք բնակավայրերում`
նպատակ ունենալով ծանօթանալ շրջանի ներդրումային հնարաւորութիւններին: Ապա այդ
գործարարները Բէյրութ հրաւիրեցին Արցախի վարչապետ Արա Յարութիւնեանին: Այս
այցելութիւնների եւ քննարկումների արդիւնքում ստեղծուեց Artsakh Roots Investment
ընկերութիւնը, որը յայտարարեց, որ երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքով եւ առանց գրաւի
վարկեր է տրամադրելու Քաշաթաղի եւ Շահումեանի (Քարվաճառ) շրջանների բնակիչներին:
Այս տարածքները համարւում են աշխարհի ամենառիսկային շրջաններից մէկը ներդրումների
եւ բիզնես գործունէութեան տեսանկիւնից: Այսօր ԱՌԻ ընկերութեանը մաս են կազմում
աւելի քան ութ տասնեակ հայազգի գործարարներ, ովքեր կա՛մ բնակւում են Լիբանանում,
կա՛մ ծնունդով Լիբանանից են:
«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ԱՅՍ ՀՈՂԸ»
Սեպտեմբերի 1-ին ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչները այցելեցին Բերձոր,
Իշխանաձոր, Կովսական ու Միջնաւան: Սեպտեմբերի 1-ը` ուսումնական նոր տարուայ առաջին
օրը, հայ դպրոցականների, նրանց ծնողների ու ուսուցիչների ամենաուրախ օրն է:
Իշխանաձորի դպրոցն ունի 35 աշակերտ: Այս տարի դպրոցն ունեցել է երեք շրջանաւարտ,
երեքն էլ ընդունուել են բարձրագոյն ուսումնական հաստատութիւն: Գիւղացիները
հաւաքուել էին եւ սպասում էին լիբանանցի գործարարներին, որոնք այդ օրը երկու կթու
կով պիտի տրամադրէին Ռուզաննա Գաբրիէլեանին եւ Սիրվարդ Դաւթեանին: Ռուզաննան
ունեցել էր հինգերորդ երեխան, իսկ Սիրվարդը` վեցերորդ:
Ռուզաննային կթու կով նուիրեց Ստեփան Օվանեսովը, ով Իշխանաձոր էր եկել Լոնտոնից`
կնոջ հետ: Ստեփանը ծնուել է Իրաքում, ապա տեղափոխուել Մեծն Բրիտանիա: Այսպիսի
մարդկանց անիմաստ է հարցնել, թէ ինչո՛ւ են կով նուիրում մի ընտանիքի, որին
նախկինում չեն տեսել, չեն ճանաչել եւ հաւանաբար այլեւս չեն հանդիպելու: Նրանց միակ
շփումը կով նուիրելու մի քանի րոպէներն են, իսկ յիշողութիւնը` համատեղ
լուսանկարը:
Սիրվարդին կով նուիրեց Տիգրան Գալայճեանը, ով Իշխանաձոր էր եկել Գահիրէից` կնոջ
հետ:
«Այս տարի մենք 168 կով ենք տրամադրելու, որոնցից 100-ը` Քաշաթաղի շրջանում»,
հաւաքուածներին դիմեց ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչներից Պեն Պչաքճեանը եւ
շարունակեց. «Ես պիտի քաջալերեմ, որ այստեղ ընտանիքները աւելի շատ երեխաներ
ունենան: Մենք ամէն ծնուած երեխային մէկ կթու կով ենք տրամադրելու, որպէսզի երեխան
ապահով լինի կաթով, մածունով, պանիրով»:
Իշխանաձորի միջնակարգ դպրոցի դասվար Մարգարիտա Մնացականեանը 13 տարի առաջ
ամուսնու եւ երկու տղաների հետ եկել է Վանաձոր քաղաքից: Երրորդ երեխան` աղջիկը,
ծնուել է Իշխանաձորում: «Այս կովեր տրամադրելը հնարաւորութիւն է տալիս բազմազաւակ
ընտանիքներին գոյատեւելու, ապրելու: Մէկ կովը կարող է մէկ ընտանիք պահել: Սա շատ
լաւ ծրագիր է: Այս կով բաժանող մարդիկ կարող են արդէն համոզուած լինել, որ դպրոց
յաճախող երեխան ամէն առաւօտ կարող է մէկ բաժակ կաթ խմել», ասում է ուսուցչուհին:
Նա համեմատելով անցնող տարիներն ու այսօրը` նկատում է. «Դժուարութիւններ, անշուշտ
կան, բայց փոփոխութիւններն էլ ակնյայտ են: Գիւղը արդէն կայացել է: Մենք չենք թողնի
այս հողը»:
Իշխանաձորը Հագարի գետի երկայնքով տեղաբաշխուած տասնեակ բնակավայրերից մէկն է:
Ունի աւելի քան 200 բնակիչ: Ջրային պաշարներով հարուստ Քաշաթաղի շրջանով հոսում են
նաեւ Աղաւնոյ եւ Որոտան գետերը, որոնք միանում են Հագարիի ջրերին: Իսկ Հակարին
միանում է Արաքսին:
Արսէն Թելունցը Իշխանաձորի գիւղապետն է, ծնունդով` Գորիսի Խնձորեսկ գիւղից:
Այստեղ հաստատուել է 2000 թուականից: «Մեծ փոփոխութիւններ կան: Այն ժամանակ անգամ
լոյս չկար, մարդիկ ճրագի լոյսի տակ էին ապրում, հիմա ելեկտրականութիւն կայ: Ահագին
տարբերութիւն կայ մարդկանց կենցաղի եւ ապրելակերպի մէջ: ԱՌԻ-ի վարկերով մարդիկ
դաշտեր են ցանում: Դրա շնորհիւ ընտանիքները հաց են ունենում ամբողջ տարուայ համար:
Արտագաղթ չկա, ով յարմարուել է, արդէն մնալու է: Նրանք, որոնք դիմացել են անցնող
տարիների դժուար պայմաններին, այլեւս չեն հեռանայ», ասում է Թելունցը:
ԿՈՎՍԱԿԱՆՈՒՄ ԵՒ ԱՐԱՔՍԻ ԱՓԻՆ
ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչների յաջորդ կանգառը Կովսական քաղաքն էր:
Մի քանի տարի առաջ այստեղ հաստատուել են մի քանի հողագործներ Սիրիայի` Գամիշլի
քաղաքից: Արցախի պետութիւնը նրանց տրամադրել է շինանիւթ` տունը կարգի բերելու
համար, «Թիւֆէնկեան հիմնադրամը»` աշխատուժի ծախսը, իսկ «Արցախ» ֆոնտը` ընտանիքների
տեղափոխման ծախսերը Սիրիայից Արցախ:
«Սա շատ յաջող փորձ է: Այստեղ հաստատուած գամիշլիցիներին շուտով կը միանան նրանց
ընտանիքները: Ինչո՞ւ Գամիշլիից: Քանի որ Գամիշլին գիւղատնտեսական շրջան է: Այս տարի
լաւ բերք են ստացել: Նրանք իրենց հետ բերել են նաեւ իրենց փորձը, որը հետաքրքրական
է տեղացիների համար», ասաց Մասիս Ալեքսանդրեանը:
Կովսականում եւ հարեւան Միջնաւան քաղաքում «Արցախ» ֆոնտը մի քանի կթու կով
բաժանեց: Նորա Յովհաննիսեանը ունեցել է վեցերորդ երեխան: Նա «Արցախ» ֆոնտից ստացել
է երեք կթու կով: Այս անգամ Նորային կթու կով նուիրեց Թալին Կոնճեանը, ով եկել էր
Բէյրութից: Կովսականում վեցերորդ երեխան է ունեցել նաեւ Ալինա Յարութիւնեանը: Նրան
կթու կով նուիրեց Պեն Արսլանեանը: Իսկ Միջնաւանում կթու կով ստացաւ Մարիամ
Ագախանովան, ով ունեցել էր հինգերորդ երեխան: Կովը նուիրեցին Նելլի Աղասարգիսեանն
ու Թամար Գասարճեանը:
Միջնաւանից մենք ուղեւորուեցինք այն վայրը, որտեղ Ծաւ գետը միանում է Արաքսին:
Երեկոյեան աւելի քան յիսուն սփիւռքահայեր եւ մի քանի տասնեակ տեղացիներ ընթրիքի
սեղան էին գցել հէնց Արաքսի ափին: Մայր գետը մեր նախորդ հանդիպման համեմատ աւելի
վարար էր: Մի քանի կենացներ խմեցին ու երգեր երգեցին: Կէսգիշերից յետոյ, հինգ
ժամուայ ճանապարհ յաղթահարելուց յետոյ, խումբը հասաւ Ստեփանակերտի «Փարք հոթել»
հիւրանոց:
«Ազդակ», Սեպտեմբեր 10, 2012
No comments:
Post a Comment