6.6.12

Ցանկ վնասակար եւ անօգուտ գրականութեան

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Նայում եմ գրապահարաններիս եւ մտորում. հայերէն գրքերի քանի՞ տոկոսն են համապատասխանում «թունդ հայրենասիրութեան» կողմից առաջադրուող «ազգային անվտանգութեան» չափանիշներին: Արդիւնքում առաջարկում եմ կազմել հետեւեալ մօտաւոր ցանկը, որը հետագայում` լրա- եւ վերամշակման արդիւնքում կարող է ընդունել ի գիտութիւն եւ ի կատար Հայաստանի ապագայ ռազմահայրենասիրական կառավարութիւնը: Ցանկը բաժանում եմ հետեւեալ մասերի` ա. միանշանակ վնասակար գրքեր, բ. կասկածելի գրքեր, գ. անօգուտ գրքեր:


Ա. ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ՊԷՏՔ Է ԱՅՐՈՒԵՆ

1. Լէօ: «Հայոց Պատմութիւն»: Պնդում է, որ ուրարտացիները հայեր չեն, Խորենացին եւ Եղիշէն 5-րդ դարի հեղինակներ չեն, հակակղերական է եւ «լիբերաստ»:
2. Յակոբ Մանանդեան: «Երկեր»: Ուրարտացիները հայեր չեն, Խորենացին 9-րդ դարի հեղինակ է, Դաւիթ Անյաղթը միգուցէ հայ չէ եւ յամենայն դէպս իր երկերը սկզբնապէս հայերէն չեն գրուել եւ չեն կարող լինել 6-րդ դարի սկզբի գործեր, մնացածից էլ չխօսենք: Պարզ է, որ ազգային անվտանգութեան լուրջ մարտահրաւէր է:
3. «Ազգագրական հանդէս»: Սեւացնում է հայ գեղջուկի անարատ կերպարը, մռայլ գոյներով է ներկայացնում հայոց աւանդական կենցաղը: Վառել անյապաղ:
4. Մատաթիա Գարագաշեան: «Քննական պատմութիւն հայոց»: Պարզապէս վառել, վառել եւ կրկին վառել, իսկ մոխիրը լցնել Արաքս, որ հոսելով հասնի Ադրբեջան:
5. Նիկողայոս Ադոնց: «Երկեր»: Խորենացին 5-րդ դար չէ, Կորիւնն աղաւաղում է հայոց գրերի պատմութիւնը, Վասակ Սիւնին խոհեմ քաղաքական գործիչ էր եւ այլն, եւ այլն: Վառել դանդաղ կրակի վրայ:
6. Գալուստ Տէր-Մկրտչեան` հայագէտ, Էջմիածնի վանքի վանական: Պնդում է, որ Ագաթանգեղոսն արտագրել է Լուսաւորչի տանջանքները ասորական մի վկայաբանութիւնից: Խորենացին 5-րդ դար չէ: Ոչնչացնել:
7. Գրիգոր Արծրունի: Լիբերաստ: Ոչնչացնել:
8. Շուշանիկ Կուրղինեան: Աղճատում է հայ կնոջ կերպարը, քարոզում է ազատ սէր: Վառել, վառել եւ վառել:
9. Նար-Դոս: Բացարձակ մռայլ գոյներով է ներկայացնում հայ աւանդական կենցաղը: Չափազանց վտանգաւոր է. վառել:
10. Գուրգէն Մահարի: «Այրուող այգեստաններ» վէպում անլուրջ ոճով է նկարագրում Վանի հերոսամարտը:
11. Գրիգոր Պըլտեան: «Հայկական ֆուտուրիզմը» եւ «Երկխօսութիւն Նարեկացու հետ»: Դէ սա լրիւ ջհուդամասոն ա, գրում ա անհասկանալի արեւմտահայերէնով եւ դասական ուղղագրութեամբ, ինչ-որ անհասկանալի բաներ անհասկանալի թեմաներով` հայ ֆուտուրիզմն, օրինակ, ո՞րս ա:
12. Լեւոն Տէր-Պետրոսեան: «Խաչակիրները եւ հայերը»: Վառել առանց կարդալու` մարմանդ կրակի վրայ:
13. Սիմոն Հմայեակեան: «Վանի թագաւորութեան պետական կրօնը»: Ուրարտացիները հայեր չեն: Վառել:
14. Եզնիկ Կողբացի: Հեգնում է հայերի աւանդական պատկերացումներն աշխարհի մասին, ժողովրդական հաւատալիքները: Հեգնում է նաեւ արիական զրադաշտական կրօնը: Ոնց որ իսկական լիբերաստ լինի: Վառել:
15: Ներսէս Լամբրոնացի: Գրում է, որ ինքը մէկ ազգի կողմնակից է եւ իր համար հայի, յոյնի, լատինացու, ասորու միջեւ տարբերութիւն չկայ: Երիցս վառել:
16. Անանիա Շիրակացի: Գրում է, որ հայերը ծոյլ են եւ տգէտ:
17. Միքայէլ Նալբանդեան: Լիբերաստ:
18. Փաւստոս Բուզանդ: Անուանարկում է հայկական աւանդոյթները: Օգտագործում է անվայելուչ բառեր, օրինակ` բոզ: Հայ արքաներին վերագրում է սեռական արատներ, այդ թւում` արուամոլութիւն: Յաճախ մռայլ գոյներով է ներկայացնում հոգեւորականներին, այդ թւում կաթողիկոսներից ոմանց: Գրում է, որ հայ արքունիքում լացում էին Ներսէսի գեղեցիկ մազերը կտրելու պատճառով (ինչպէս հայ տղամարդը կարող է լացել, այն էլ տղայի սիրուն մազերի պատճառով` շատ կասկածելի է) կամ, որ Հայաստանի տարբեր մասերից մարդիկ գալիս էին նայելու պարսիկների կողմից կախուած հայ իշխանուհու մերկ մարմնին, որովհետեւ այն շատ սիրուն էր (սա ի՞նչ այլասերուածութեան գագաթնակէտ է):
19. Խորենացի: Հայ թագաւորներին կոչում է տգէտ: Համարում է, որ մենք փոքր ածու ենք: Բագրատունիներին վերագրում է հրէական ծագում: Ծաղրում է որոշ աւանդոյթներ:
20. «Նոր Տետրակ, որ կոչի յորդորակ»: Արեւմտեան սահմանադրութիւնը եւ օրէնսդրութիւնը փորձում են տեղափոխել հայկական միջավայր, օրինակ են բերում անգլիացիներին: Իսկական լիբերաստներ են ու մասոններ: Վառել:
21. Հրաչեայ Աճառեան: «Արմատական բառարան»: Բազմաթիւ հայկական բառեր ներկայացնում է որպէս փոխառութիւններ պարսկերէնից:

Բ. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՐՔԵՐ
1. «Հայ ժողովրդի պատմութիւն»: Ակադեմիական հրատարակութիւն: Ուրարտացիները հայեր չեն: Հայ բուրժուական ազգը առաջացել է 1870-ականերին եւ այլ կասկածելի դրոյթներ: Համապատասխան էջերը պէտք է ճղել օգտագործումից առաջ:
2. Յովհաննէս Թումանեան: Հրապարակախօսական յօդուածներ: Պէտք է մանրակրկիտ քննուի եւ ոչնչացուի այն ամէնը, ինչ կասկածելի է հայեցիութեան տեսակէտից:
3. Գ. Զօհրապ: Իր յօդուածներում պաշտպանում է ազատ սիրոյ գաղափարը: Իսկ նորավէպերում մռայլ գոյներով է ներկայացնում հայոց կեանքը:
4. Ա. Բակունց: Որոշ տեղերում քննադատում է հայ ազատագրական պայքարը:
5. Հրանտ Մաթեւոսեան: Ծաղրում է «հայրենասիրութիւնը», յաճախ գրում է ոչ մատչելի լեզուով, պաշտպանել է քէօռ Լեւոնին ու «հհշ»-ին։ Կարելի է թողնել մենակ «Մենք ենք, մեր սարերը», այն էլ անունը` բովանդակութիւնն աւելորդ է:
6. Գարեգին Նժդեհ: «Երկեր»: Որոշ հատուածներ պէտք է պարտադիր խմբագրուեն կամ դուրս նետուեն, յատկապէս այն տեղերը, ուր խօսում է, որ լաւ հայ լինելը նախ` լաւ մարդ լինելն է եւ այլն:  Ժխտում է, որ ցեղը կենսաբանական երեւոյթ է:
7. Ազատ Վշտունի: Գովերգում է յեղափոխութիւնը արեւելքում: Կասկածելի է շատ:
8. Ռուբէն Տէր-Մինասեան: Գրում է, որ ազգը սոցիալական, այլ ոչ թէ կենսաբանական երեւոյթ է, խոստովանում է, որ աթէիստ է եւ այլն: Խիստ խմբագրութեան է ենթակայ:
9. Վազգէն Շուշանեան: Էրոտիկ բաներ ունի:
10. Սայաթ Նովա: Ոչինչ չունի հայրենիքի մասին: Գրում է, որ իրա եարի ստրուկն է պատրաստ լինել եւ պառկել նրա ոտքերի տակ: Հայ տղամարդուն դա վայել չէ. խմբագրել` աւելացնելով հայրենասիրական մոտիվներ:
11. Դանիէլ Վարուժան: Ունի ընդգծուած էրոտիկ քերթուածներ եւ մոտիվներ: Անպայման խմբագրել` դրանց փոխարէն մտցնելով հայրենասիրական մոտիվներ: Ունի նաեւ քերթուածներ նուիրուած բանուորների պայքարին: Լրիւ անիմաստ են այդպիսի բաները` պէտք է հանել:
12. Հրաչեայ Թամրազեան: Նարեկացին ազդուել է նորպղատոնականութիւնից: Տենց բան չի կարող լինել:
13. Միջնադարեան հայ բանաստեղծութիւններ: Հային անյարիր ակնյայտ էրոտիկ տարրեր յատկապէս որոշ հայրենների մէջ` անվայելուչ բառեր` ծծեր եւ այլն: Խմբագրել:
14. Ստեփանոս Օրբելեան: Հեգնում է հին աւանդոյթները: Խմբագրել:

Գ. ԱՆՕԳՈՒՏ ԳՐՔԵՐ
1. Տիրան Չրաքեան: Քնարական արձակ եւ բանաստեղծութիւններ, ուր խօսք անգամ չկայ հայրենիքի մասին: Իմաստը պարզ չէ:
2. Միսակ Մեծարենց: Նոյնը:
3. Հրանտ Նազարեանց: Նոյնը:
4. Կոստան Զարեան: «Սպանիա»: Իսպանիայի մասին է գրում, որը հայի շահերի տեսակէտից բացարձակ անիմաստ է:
5. Յովհան Որոտնեցի: «Վերլուծութիւն ստորոգութեանց Արիստոտէլի»: Եանիմ ի՞նչ:
6. Դաւիթ Անյաղթ: Ասում է, որ փիլիսոփայութիւնից աւելի բարձր եւ բաղձալի բան չկայ: Բա՞ հայրենիքն ինչ եղաւ:
7. Նարեկացի: Հայրենիքի մասին ոչ մի տող չի գրել: Դրա փոխարէն ինչ-որ անհասկանալի լաց ու կոծով ա զբաղուած: Հայի անձը ներկայացնում ա որպէս տկար, մեղաւոր եւ անարժան: Ինչպէս եւ շատերն այս ցանկում չի ամուսնացել եւ սերունդ չի թողել:

Blognews.am

2 comments:

  1. VOXBAM ZQEZ HEXIHAK

    ReplyDelete
  2. Թերեւս աւելորդ է դիտել տալ, որ այս գրութիւնը երգիծական բնոյթ ունի, թէեւ, ամէն երգիծանքի նման, իր ողբերգական բաժինը ունի (ձաղկուած երեւոյթը)։

    ReplyDelete