ԼԵՒՈՆ ՍԱՐԳՍԵԱՆ
Երգչուհի Սիրուշոն ինտերնետ հանրութեանն է ներկայացրել նոր երգ` «Պռէգոմէշ» վերնագրով: Հանրայայտ «Լոռուայ հորովել»-ի «պռէ գոմէշ» արտայայտութիւնը կրկնելուց բացի` թէ էլ ինչո՛վ եւ որքանո՛վ է այս նոր երգն առնչւում կոմիտասեան մշակման հետ, դժուարանում ենք ասել: Մասնագէտ չլինելով` չենք էլ յաւակնում ինչ-որ բան ասել, բայց ահա նոր երգի տեքստը, որի հեղինակը ժամանակակից հայ «պոէտ» Աւետ Բարսեղեանն է, բանասէրիս ասելու բան տալիս է: Եւ առաջին ասելիքն այն է, որ երգի տեքստը բացարձակ անմիտ տողերի խղճուկ շարադրանք է` անկապ ու շինծու: Ի դէպ, այս «պոէտ»ին ու նրա «պոէզիա»յին հէնց միայն «Ազգ»ի էջերում մենք անդրադարձել ենք քանիցս` հիմնականում քննադատելով նրան ասելիքի բացակայութեան, բովանդակազրկութեան եւ պոէտական ակնյայտ ապաշնորհութեան համար` բնութագրելով նաեւ նրա երգերի կեղծ «հերոս»ներին, սակայն այս նոր երգում Աւետը գերազանցել է ինքն իրեն, որովհետեւ տեքստն այնքան է անիմաստ, որ նոյնիսկ «հերոս»ի խնդիրը չի լուծել: Իսկապէս, որեւէ ձեւով հնարաւոր չէ կռահել, թէ ով է երգի հերոսը, հերոս չասենք` գործող անձը, եւ ում մասին է երգում Սիրուշոն: Վերնագրից կարծես կռահւում է, որ հերոսը գոմէշն է, թէեւ վերջինիս հերոսանալու հանգամանքը, մանաւանդ մեր օրերում, փոքր-ինչ զաւեշտալի է ու անհաւանական, բայց ուրիշ ի՞նչ մտածես, եթէ «պոէտ»ըէ արարել է «ել ու թող իմանայ աշխարհը» տողը, որով սկսւում է երգը, եւ այդ խրոխտ «ել»-ը ոչ թէ բանուոր դասակարգին է ուղղուած, ինչպէս հանրայայտ երգում, այլ այդ խեղճ կենդանուն: Այո, մեզ թոյլ ենք տալիս գուշակելու, որ, ամենայն հաւանականութեամբ, գոմէ՛շն է երգի գլխաւոր հերոսը, գոմէ՛շն է «ելնելու», բայց ինչպէ՛ս է ելնելու, որտեղի՛ց եւ յատկապէս ինչո՛ւ, բացարձակ անորոշութիւն է, մանաւանդ որ «պոէտ»ը յաջորդիւ ստեղծում է «ել ու թող ազնիւ կռիւդ Երկնքում հաստատի պատիւդ» անզուգական տողերը: Շատ մտածեցինք, թէ գոմէշն ո՛ւմ հետ եւ ինչո՛ւ է «ազնիւ» կռիւ տալու` չհասկացանք, բայց մեզ մանաւանդ յուզեց «երկինք» բառի գոյութիւնն այդ տողում, որն այնպիսի նուրբ պոէտականութեամբ էր օծել գոմէշի աշխատաւորական կերպարը, որ երգն ակամայ բալլադի էր վերածում, չնայած հիմա էլ անհասկանալի էր գոմէշական «պատիւը երկնքում հաստատելու» աւետական համոզմունքը: