Showing posts with label Քէօլն. Show all posts
Showing posts with label Քէօլն. Show all posts

11.6.14

Պերլին-Անգարա քաղաքական կամուրջը ճաքեր է տալիս

ԱԶԱՏ ՕՐԴՈՒԽԱՆԵԱՆ
Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.), թերթը տեղեկացնում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ) Մայիսի 28ին դիմել է դիւանագիտական սուր քայլի` իր մօտ է հրաւիրել Թուրքիայի դեսպան Հիւսէյին-Աւնի Քարսլըօղլուն: ԱԳՆ-ի քաղաքական ղեկավար Հանս-Տիթէր Լուքասը նրան զայրացած յայտնել է իր կառավարութեան վրդովմունքը` վերջերս Էրտողանի կողմից Գերմանիայի Կանաչների կուսակցութեան համանախագահ` ծագումով Թուրքիայից Ճեմ Էօզտէմիրի հասցէին հնչեցրած վիրաւորանքների ու սպառնալիքների համար: Քրիստոնեայ-դեմոկրատների փոխնախագահ Արմին Լաշերթի միջոցով քաղաքական Պերլինն արդէն յայտարարել էր, որ «օտար պետութեան ղեկավարի սպառնալիքը Պունտեսթակում ներկայացուած կուսակցութեան ղեկավարի` Էօզտէմիրի հասցէին, ով պաշտպանել է իր կանցլերի տեսակէտը, հարուած է բոլոր ժողովրդավար ստանդարտներին եւ Էրտողանի յարձակումը նրա վրայ, միաժամանակ դիտւում է որպէս յարձակում գերմանական պետութեան եւ ժողովրդավարութեան վրայ: Էրտողանեան թեման մայիսեան տաք քննարկումների նիւթ է դարձել նաեւ Գերմանիայի նախագահական Պէլվիւ ամրոց-նստավայրի եւ կանցլեր Անկելա Մերքէլի գերատեսչութեան գրասենեակներում: Երեւոյթի նախապատմութիւնն ու սրընթաց զարգացումները, արդէն 10 օրից աւելի է ինչ իրենց են գամել քաղաքական եւ լրատուական Գերմանիայի խօսափողներն ու գրիչները եւ սերտօրէն առնչւում են 2014թ. Օգոստոսին Թուրքիայի նախագահական ընտրութիւնների եւ դրա առաջին թեկնածուի` սկանդալային Էրտողանի հետ: