Showing posts with label Սահակ Մեսրոպ. Show all posts
Showing posts with label Սահակ Մեսրոպ. Show all posts

22.5.13

Հայոց եղեռնը եւ հնդիկները

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի նախաշեմին էլ նորանոր իրողութիւններ եւ մանրամասներ են պարզւում՝ ընդգրկելով նոր, յաճախ անսպասելի ոլորտներ եւ աշխարհագրութիւն… Անցած տարի մեզ համար մեծ բացայայտում էր Երեւանում հիւրընկալուած հնդիկ ժամանակակից հռչակաւոր գրող Ամիթաւ Գոշի կարդացած զեկուցումը՝ «Գերութեան կապանքներ. հնդիկները եւ հայերը Ռաս ալ Այնի բանտային ճամբարներում՝ 1916-–1918 թթ.», որը նա ներկայացրեց «Լռեցնելու (եւ ձայն տալու) ռազմավարութիւններ» գիտաժողովում։ Հնդիկ գրողը տեղեկացրել է, որ 1916-ի Ապրիլին բրիտանա-հնդկական մեծաթիւ զինուած ուժեր Իրաքում յանձնուել են օսմանեան բանակին: Գերի ընկած հնդիկների մի մասին տարել են Սիրիայի հիւսիսում գտնվող Ռաս ալ Այն բնակավայրը՝ երկաթգծի շինարարութիւնում աշխատելու համար: Այս տարածքում գտնուող բանտային ճամբարներում հազարաւոր հայեր են եղել: Հնդիկների եւ հայերի ճամբարները մօտ են եղել, եւ բանտարկեալների կեանքը երբեմն միահիւսուել է: Տասնամեակներ անց Բենգալական շտապ օգնութեան մարմնի կամաւորներից Սիսիր Սարբադհիքարին գրել է պատերազմական տարիների յուշեր՝ հիմնուած իր օրագրի վրայ, որը նա պահել է Մերձաւոր Արեւելքում եղած ժամանակ: Բենգալերէն գրուած այս գիրքն ունեցել է  մասնաւոր հրատարակութիւն՝ 1958-ին: Այն գրեթէ ուշադրութեան չի արժանացել եւ շուտով մատնուել է մոռացութեան: Եւ ահա Ամիթաւ Գոշն իր զեկուցման մէջ ներկայացրել է Սարբադհիքարի յուշերում գերութեան տարիներին հայերի հետ նրա  հանդիպումները: