Showing posts with label ընտրական օրէնսգիրք. Show all posts
Showing posts with label ընտրական օրէնսգիրք. Show all posts

1.5.18

Ներառական քաղաքական ինստիտուտների անհրաժեշտութեան մասին

ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԷԼԵԱՆ

ՆԵՐԱԾՈՒԹԵԱՆ ՓՈԽԱՐԷՆ
Այս յօդուածը սկսել եմ գրել դեռ Ապրիլի 19-ից, երբ նոր էր տեղի ունեցել Սերժ Սարգսեանի՝ վարչապետ դառնալու քուէարկութիւնը Ազգային Ժողովում, եւ ամենեւին էլ յստակ չէր, թէ ինչպիսի ելք կարող էր ունենալ թափ առնող քաղաքական շարժումը, եւ բացառուած չէին նաեւ շատ աւելի դրամատիկ զարգացումները: Յօդուածի նպատակը պարզ էր՝ նախանշել քաղաքական համակարգի զարգացման որոշակի սկզբունքներ՝ ի ցոյց դնելով, որ ստեղծուած իրավիճակի պատճառը տարիներ շարունակ մասնակցային քաղաքական ինստիտուտների կառուցման յետաձգումն է կամ, լաւագոյն դէպքում, իմիտացիան: Ուստի, կարեւր էր ոչ միայն ախտորոշում իրականացնել, այլեւ կոնկրետ առաջարկներով ներկայացնել այդ սկզբունքների իրականացման որոշակի եղանակներ: Այս մէկ շաբաթուայ ընթացքում դէպքերը այնպիսի արագութեամբ են զարգացել, որ առանձին դրուագների վերանայման անհրաժեշտութիւն է եղել: Այդուհանդերձ, յօդուածի առանցքային գաղափարը, որ փորձելու եմ փաստարկել ստորեւ, հաւատացած եմ, որ արդիական է եղել եւ մնում` անկախ քաղաքական դերակատարների անուններից եւ քաղաքական ուժերի յարաբերակցութիւնից: Սա նշանակում է, որ պնդումս հիմնաւոր է, եւ աւելի երկարաժամկէտ համակարգային լուծումների հասնելու անհրաժեշտութիւնից է ելնում: