1960ական թուականներու «երիտասարդ բանաստեղծներ»ու սերունդին առաջատար անուններէն մէկը՝ Հենրիկ Էդոյեանը, այսօր հայրենի բանաստեղծութեան աւագ սերունդի երեւելի անուններէն մէկը։ Ան նաեւ գրականագիտական կարեւոր երկերու հեղինակ է։ «Գրական թերթ»ի հետ հարցազրոյցի ընթացքին, ան բանաստեղծութեան ներկայ վիճակի մասին հետաքրքրական արժեւորումներ կատարած է։
«Գրական Թերթ». – Սկսենք մեր խառնակ օրերում բանաստեղծութեան տեղն ու դերը գտնելուց:
Հենրիկ Էդոյեան.- Իրօք, օրերը խառնակ են, մթնոլորտը` անհաստատ եւ անկայուն, ակնյայտօրէն աշխարհում փոխւում է կարեւորագոյն մի բան: Պատկերաւոր ասած` մի ձեռք ցնցում է համաշխարհային Ոգու ծառը. ի՞նչը կը մնայ նրա վրայ այդ ցնցումներից յետոյ. Համլետի բառերով ասած` «այ, հարցն հէնց այդ է…»: Շատերը կարծում են (եւ ոչ առանց հիմքի), որ ցած թափուող պտուղներից մէկը, գուցէ եւ ամենաէականը, արուեստն է, այն բարձրագոյն արժէքը, որ ուղեկցել է մարդուն նրա հազարամեակների ընթացքում, ոչ միայն ուղեկցել, այլեւ ստեղծել է նրան, քանի որ մարդն անաւարտ էութիւն է, որի վրայ աշխատում են «բարձրագոյն ոգիները»` նրան տալով ձեւ, նպատակ, իմաստ, կառուցուածք, շարժում եւ այլն: Ինչպէս ասում են` «ոգին ստեղծւում է ամէն ժամ եւ ոչ թէ տրւում է պատրաստի»: