20.6.12

«Ձերոնք են բանաստեղծութիւններ, իմոնք` կենդանի էակներ են»

ՍԱՄՈԻԷԼ ՅՈՒՆԱՆԵԱՆ

Լրացաւ գիւմրեցի բանաստեղծուհի Տանիա Յովհաննիսեանի 64-ամեակը: Նրա կեանքը` 40 տարեկանում, ընդհատեց 88-ի երկրաշարժը: ՀԳՄ [Հայաստանի Գրողների Միութեան] Գիւմրու բաժանմունքի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Կարապետեանն իր գրչընկերուհուն` յետմահու, այսպիսի խօսք է յղել. «Բանաստեղծութիւնը երկնքում չէ, որ պիտի ապրի: Բանաստեղծութիւնն այստեղ է` քեզ մօտ: Քեզ հետ: Բաց տանդ դուռը, դուրս արի եւ մէկ բանաստեղծութիւնից կը տեղափոխուես միւսը: Կեանքը քնարերգութեան մի լիակատար ժողովածու է: Ընդհատուած կեանքը…որքան կիսատ մնացած չափածոյ հատորներ կան հայ գրականութեան մէջ»:
Տանիա Յովհաննիսեանն աւարտել էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել էր Հայաստանի հանրային հեռուստատեսութիւնում, Գիւմրու գեղագիտական կենտրոնում, Ազգային թանգարանում եւ Հանրային գրադարանում: Մասնակցութիւն էր ունեցել Ղարաբաղեան շարժմանը: ՀԳՄ անդամ էր: 1986-ին տպագրուել է բանաստեղծուհու «Հրաբուխի ծաղիկ» գիրքը, իսկ յետմահու` 1990 թուականին, «Բաց հրապարակը»: Այս գիրքը տպագրութեան էր պատրաստւում դեռ նրա կենդանութեան օրօք:
Բանաստեղծ Սերգէյ Վարոսեանը Տանիա Յովհաննիսեանին բնութագրում է որպէս յախուռն ու յանդուգն խառնուածքի տէր, բայց կանացի նուրբ յուզականութեամբ օժտուած անհատի:
«Մի օր ես ու բանաստեղծ Գագիկ Սարոյեանը` այն տարիներին բոհեմական կեանքով էինք ապրում,-պատմում է Սերգէյ Վարոսեանը,- գինովցած էինք, որոշեցինք գիշերուայ երեքին Տանեայենց տուն գնալ: Սկզբում նա հասկանալով, որ քէֆներս լաւ է, ներս չէր թողնում, բայց մենք պոէտական խելառութեամբ մի այնպիսի քրքիջ-աղաղակ բարձրացրինք, որ յարկում բոլոր ապրողներին արթնացրինք, ուղղակի մարդկանց քաղաքավարութիւնը թոյլ չտուեց յարկահարթակ դուրս գալ: Տանեան, ի վերջոյ, զիջեց, մեզ ներս առաւ: Ու ոչ միայն ներս առաւ, այլեւ խմիչքով հիւրասիրեց: Այսօրինակ "ներխուժում"ը միայն մեզ էր հասկանալի, մենք հիւր էինք եկել մեր գրչակից ընկերուհուն` մեր քրոջը»:
Բանաստեղծ Արա Արթեանը ասում է, թէ մի չքնաղ խօսք ունէր Տանեան, երբ իր մօտ խօսում էին բանաստեղծութիւնից, ասում էր. «Ձերոնք են բանաստեղծութիւններ, իմոնք` կենդանի էակներ են»:
Արթեանը յիշում է, թէ ինչպէս Տանիայի անդրանիկ գրքի հարցով, այն տարիներիհ մտել էին ՀԳՄ նախագահ Վահագն Դաւթեանի մօտ: «Սովորաբար Վահագն Դաւթեանը գովեստներ չէր շռայլում, խստապահանջ էր` մանաւանդ երիտասարդ գրողների նկատմամբ, բայց Տանիայի նկատմամբ այդպէս չեղաւ: Նա ոգեւորուած էր Տանիայի բանաստեղծական գործերով ու ինքն էլ առաջարկեց գիրքը վերնագրել "Հրաբուխի ծաղիկ": Նկատեցի հայեացքից, որ Տանիայի սրտովը չէր, սակայն չհակադրուեց»: Արթեանի բնութագրմամբ, Տանիայի բանաստեղծական ժառանգութիւնն յետագայում ունեցաւ իր յետնորդները: Դրա վառ օրինակը Վիոլետ Գրիգորեանն է:
Լրագրող Հռիփսիմէ Նաջարեանը Տանեայի լաւագոյն ընկերուհիներից էր: Հ. Նաջարեանն այն տարիներին աշխատում էր «Լենինականեան ձայն» ռադիոյի հաղորդավար ու խմբագիր: «Մենք յաճախ էինք հանդիպում միմեանց հետ,-պատմում է նա,- ռադիոյով ես "Պոէզիայի ժամ"ն էի հեղինակում ու Տանիայի բանաստեղծութիւններին ունկնդրին առաջին ներկայացնողն ես էի: Այն տարիներին ես տանը գրամեքենայ ունէի: Նա նոր գրած բանաստեղծութիւններն առնում ու մեր տուն էր գալիս, որպէսզի ես դրանք մեքենագրէի: Երբ մեքենագրուած թղթերը ձեռքն էր առնում, գորովանքով ասում էր` "ոնց որ թոնրից հանած լաւաշներ լինեն"»:
Բանաստեղծ Ղեւոնդն ասում է. «Թէեւ մենք նոյն թաղում էինք ապրում, սակայն իրար հետ առանձնակի շփում չունէինք: Մինչ երկրաշարժը շուկային կից Մշակութային Կենտրոն կար` գրողներ էին հաւաքւում, ընթերցում իրենց գործերը: Մի օր ես ու վաղամեռիկ Աշոտ Աւդալեանն էլ էինք գնացել: Միւսների հետ մենք էլ մեր գործերն ընթերցեցինք: Վերջում Տանիան ինձ ասաց. "Մայլի տղայ, չգիտէի, որ էդքան լաւ ես գրում: Էս բոլոր կարդացողների մէջ, մենակ քո ու Աշոտի բանը դուրս եկաւ": Բանաստեղծուհի Հայկանի Տօնոյեանը, նոյնպէս` վաղամեռիկ, որ նրա կողքին էր, բզեց` "Ո՞նց թէ` բանը", ու խօսքի վրայ բոլորս միասին ծիծաղեցինք»:
Բանաստեղծուհի Տանիա Յովհաննիսեանին ճանաչողները նշում են, որ նա անմիջական էր կեանքում եւ անկեղծ` պոէզիայում, իսկ այդ պոէզիան ամբողջովին ներկեանքային սուզումներ են:
«…Էլ ետ չդարձայ…կարկուտը զարկեց, թէ չարքը խփեց, թէ տարիքս անցաւ պտղաբերութեան,-էլ ծառս չաճեց, էլ տերեւ չեղաւ, էլ ետ չդարձայ…»:

«Ասպարէզ» (www.asparez.am), Յունիս 6, 2012

No comments:

Post a Comment