Ընդամէնը տպագիր երկու էջերում Էլդա Գրինը կարողացել է ստեղծել հայ կնոջ հոգեբանական փխրուն մի կերպար: «Ձեռքերը» (այսպէս է խորագրուած պատմուածքը), ներընտանեկան փոխյարաբերութիւնների ուրուագծային պատկեր էՙ կենցաղային հիմքով, որ միաժամանակ հոգեբանական նուրբ ու թափանցիկ շերտեր է բացում, հաղորդակցելի դարձնում յատկապէս կին ընթերցողին, որն ինչ-որ մասով կարող է իրեն գտնել «ձեռքերի» տիրոջ կերպարի մէջ: Ընտանեկան կեղծ պայմանականութիւնների (ո՛չ պատասխանատուութիւնների), կարծրացած մտայնութիւնների, դրացիական միջանկեալ կենցաղախեղդ յարաբերութիւնների (աւելի բնորոշ արեւելեան ժողովուրդներին) մէջ ձեւաւորւում է կանացի մի հոգեբանութիւն, անցնում մարդկային մի կեանք, ու դրա խորհրդանիշը մարդկային մարմնի ամենաառեղծուածային մասերըՙ ձեռքերն են, այստեղ նուրբ, փափուկ վիճակից մինչեւ կեանք տեսած-կոշտացած, ինչն այդ կեանքի ճանապարհի մասին է խօսում: