ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Ճշմարտութիւնը եւ արդարութիւնը բարձր են ամէն ինչից,
քանզի միայն նրանցից է կախուած ազգի մեծութիւնը:
Էմիլ Զոլա
Հայոց ինքնութեան ամենաէական յատկանիշներից է մեր մշակոյթի, այսպէս ասած, պատմական ուղղուածութիւնը` ամէն ինչի խորը ներծծուածութիւնը պատմութեամբ: Մեր անցեալի համարեա բոլոր մեծերը եւ ոչ այնքան մեծերը, երբ գրիչ են վերցրել իրենց ձեռքը, կարծես ինքնաբերաբար սկզբից գրել են վերնագիրը` «հայոց պատմութիւն», թէեւ յաճախ այդ գրուածքը չի համապատասխանել իր ընդգրկուն վերնագրին: Դրանով մենք որոշակի տարբերւում ենք, ասենք, հարեւան վրացիներից, որոնց մօտ հնում ընդունուած է եղել ոչ միայն պատմութիւն, այլեւ գեղարուեստական տիպի ստեղծագործութիւններ գրելը, յաճախ` իրանական էպիկական թեմաներով («Ընձենաւորը», «Ամիրան Դարեջանիանի», «Վիսռամիանի»): Մեր նոր գրականութիւնն էլ, որոշ չափազանցութեամբ, կարելի է ասել, որ պատմավէպերի` այսինքն, «հայոց պատմութիւններ»ի մի շարան է: Եւ մեր հայեացքը, զարմանալիօրէն, ուղղուած է ոչ դէպի առաջ, այլ` յետ: