Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

21.10.14

Հայը եւ անցեալը. հայոց հինգհազարամեայ պատմութիւնը(*)

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Ճշմարտութիւնը եւ արդարութիւնը բարձր են ամէն ինչից,
քանզի միայն նրանցից է կախուած ազգի մեծութիւնը:
Էմիլ Զոլա

Հայոց ինքնութեան ամենաէական յատկանիշներից է մեր մշակոյթի, այսպէս ասած, պատմական ուղղուածութիւնը` ամէն ինչի խորը ներծծուածութիւնը պատմութեամբ: Մեր անցեալի համարեա բոլոր մեծերը եւ ոչ այնքան մեծերը, երբ գրիչ են վերցրել իրենց ձեռքը, կարծես ինքնաբերաբար սկզբից գրել են վերնագիրը` «հայոց պատմութիւն», թէեւ յաճախ այդ գրուածքը չի համապատասխանել իր ընդգրկուն վերնագրին: Դրանով մենք որոշակի տարբերւում ենք, ասենք, հարեւան վրացիներից, որոնց մօտ հնում ընդունուած է եղել ոչ միայն պատմութիւն, այլեւ գեղարուեստական տիպի ստեղծագործութիւններ գրելը, յաճախ` իրանական էպիկական թեմաներով («Ընձենաւորը», «Ամիրան Դարեջանիանի», «Վիսռամիանի»): Մեր նոր գրականութիւնն էլ, որոշ չափազանցութեամբ, կարելի է ասել, որ պատմավէպերի` այսինքն, «հայոց պատմութիւններ»ի մի շարան է: Եւ մեր հայեացքը, զարմանալիօրէն, ուղղուած է ոչ դէպի առաջ, այլ` յետ:

Որեւէ երեւոյթի գնահատման համար յաճախ դիտւում է ոչ թէ երեւոյթն ինքնին, այլ նրա անցեալը եւ նրա վերաբերեալ եղած պատմութիւնը: Սա յատուկ է առասպելաբանական մտածողութեանը, որտեղ երեւոյթը դիտւում եւ գնահատւում է ոչ թէ ըստ նրա օբյեկտիւ էութեան տրամաբանական քննարկման, այլ ըստ նախադէպի: Այսպէս ձեւաւորւում են առանձնայատուկ կարծրատիպեր եւ բանաձեւեր, որոնք հասարակութեան մէջ շարունակում են կրկնուել եւ սկսում փոխարինել օբյեկտիւ իրականութեանը: Ազատ մտածող շատ մարդիկ չեն հետեւում կամ չեն հաւատում այդ կարծրատիպերին, բայց հասարակութեան մէջ դրանք ապրում եւ գոյատեւում են:
Մեր աշխարհայեացքը պահանջում է յարգանք պատմութեան նկատմամբ: Ընդ որում` որքան հին է պատմութիւնը, այնքան այն աւելի սրբազան է: Մեր հարեւանները, հնարաւորութեան սահմաններում, փորձում են նսեմացնել մեր պատմութիւնը, եւ ընդհանրապէս` հայերի դերը պատմութեան մէջ: Մեր իրականութեան մէջ չկան Ադոնցներ, որոնք կարողանային զբաղուել մեր երկրի պատմութեամբ միջազգային ամենաբարձր մակարդակով, յետին պլան մղել հակագիտական հակահայկականութիւնը: Դէ մենք էլ, եղած ուժերով, գտել ենք նոր ճանապարհ` պայքարելով նրանց դէմ` ստեղծում ենք մի նոր հայոց պատմութիւն, հնարաւոր եւ անհնարին չափով հնացնելով եւ, այսպիսով, «սրբացնելով» այն:
Այս երեւոյթի դրսեւորման ձեւերից մէկն է այն, երբ գրողներ, լրագրողներ, արուեստագէտներ, պատմաբաններ ու պաշտօնական դէմքեր այստեղ-այնտեղ խօսում են մեր ժողովրդի «հինգհազարամեայ պատմութեան» մասին (երբեմն այն դառնում է «աւելի քան հինգհազարամեայ»): Ի հարկէ, շատերը` քիչ թէ շատ նորմալ մտածող, ինչպէս եւ ազգային սնապարծութեան եւ անցեալի համատարած փառայեղութեան նկատմամբ յոռետեսական վերաբերմունք ունեցող մարդիկ, միայն տհաճութեամբ եւ նոյնիսկ ծաղրանքով են վերաբերւում նմանօրինակ մտքերին:
Հակիրճ ներկայացնենք որոշ հանրագիտական ճշմարտութիւններ:
Պատմութիւնը մի բան է, որը սկսւում է գրաւոր աղբիւրներից, այսինքն, այն ժամանակներից, երբ մարդիկ ստեղծել են գիր եւ գրանցել իրենց դարաշրջանի իրողութիւնները: Մինչ այդ եղածը կոչւում է նախապատմութիւն:
Գիրը ստեղծուել է Միջագետքի հարաւում եւ Եգիպտոսում, մօտաւորապէս միաժամանակ, մ.թ.ա. 3200 թ.: Բայց հին պատմական աղբիւրներն այդքան հին չեն: Իսկական գրաւոր պատմութիւնը, կարել է ասել, սկսւում է շատ աւելի ուշ: Եւ նոյնիսկ ամենահին գրաւոր աղբիւրներում իրենցից առաջ եղած դէպքերը ներկայացնում են չափազանց առասպելականացած: Պատմական դէմքերը յաճախ շատ չեն տարբերւում առասպելականներից` աստուածներից եւ կիսաստուածներից, ամէնուրեք ինչ-որ անհաւատալի զրոյցներ են: Միջագետքում` արքաներ, որ ապրել են աներեւակայելի երկար, Եգիպտոսում` հեքիաթներ ինչ-որ կոկորդիլոսների ու գետաձիերի մասին: Բայց եւ այնպէս, Միջագետքում եւ Եգիպտոսում գրաւոր աղբիւրների հիման վրայ յայտնի են բազում պատմական փաստեր` արքաներ, նրանց գործերը, յաղթանակներն ու պարտութիւնները, բարբարոսների ներխուժումները եւ այլն:
Հին աղբիւրներում իրենց երկրի պատմութիւնը, որպէս այդպիսին, սովորաբար չի գրուել: Պատմութեան հիմնադիրն է մ.թ.ա. հինգերորդ դարի հեղինակ Հերոդոտոսը: Իսկ Եգիպտոսի կապակցուած պատմութիւնն առաջինը գրել է քուրմ Մանէթոնը, յունարէն, մ.թ.ա. երրորդ դարում, այսինքն, եգիպտական գրի ի յայտ գալուց երեք հազար տարի անց:
Ի՞նչ գիտենք Հայաստանի վերաբերեալ: Բաց թողնելով Նոր քարէ եւ Պղնձէ դարերը, որոնց մասին քիչ բան կարելի է ասել, սկսենք Բրոնզէ դարից: Մ.թ.ա. չորրորդ հազարամեակի առաջին կէսից մինչեւ երրորդ հազարամեակի կէսերը լեռնաշխարհում եւ յարակից շրջաններում ծաղկում է ապրում վաղ բրոնզէդարեան կուր-արաքսեան մշակոյթը: Նրա բնորոշ յատկանիշներն են վառ արտայայտուած սոցիալական շերտաւորման բացակայութիւնը եւ խաղաղ, երկրագործական կացութաձեւը: Մ.թ.ա. մօտ 2500 թուականից սկսում են ի յայտ գալ նոր իրողութիւններ` ռազմաշունչ գաղափարախօսութեամբ մարդկանց ներհոսք, սոցիալական վառ արտայայտուած շերտաւորում, առաջնորդների ճոխ թաղումներ, սկսւում է Միջին բրոնզի դարաշրջանը: Շուտով հիմնահատակ կործանւում է ողջ հին մշակոյթը, վերանում են բնակավայրերը, եւ երկար դարէր լեռնաշխարհում տիրապետող է դառնում քոչուորական կենցաղը:
Ի՞նչ կարող ենք ասել այս երկու` Վաղ եւ Միջին բրոնզի դարաշրջանների մասին: Եղել են, ակնյայտօրէն, ինչ-որ ցեղեր, նրանց միաւորումներ, Միջին բրոնզից` նշանակալի հզօրութեան առաջնորդներ, տեղի են ունեցել պատերազմներ, արշաւանքներ, գերեվարութիւններ, կառուցուել եւ կործանուել են քաղաքներ, ամրոցներ ու տաճարներ: Բայց պատմական փաստեր, թէ ովքեր եւ ինչպէս արեցին այդ բոլորը, չգիտենք` աղբիւրներ չկան: Վաղ բրոնզի մշակոյթում, դատելով հնագիտական նիւթից, աչքի ընկնող առաջնորդներ չեն եղել, չեն երեւում: Այդ խաղաղասէր հասարակութիւնն անպաշտպան էր Միջին բրոնզի ռազմատենչ եկուորների դէմ, որոնց առաջնորդների դամբարաններից մեծաքանակ զէնք-զինամթերք եւ հարստութիւն է յայտնաբերւում: Ի միջի այլոց, հէնց այս ներգաղթողներն են, եւ ոչ մեր պատմաբաններին այնքան սիրելի տեղաբնիկները, որ շատ առումներով համապատասխանում են հնդեւրոպացիների վերաբերեալ յայտնի պատկերացումներին (այդ մասին կը խօսուի առանձին):
Միջագետքեան աղբիւրներում, արդէն մ.թ.ա. երրորդ հազարամեակի վերջից, սկզբում` կցկտուր, ապա աւելի էական տեղեկութիւններ կան Հայկական լեռնաշխարհի հարաւային շրջաններից (ես մի կողմ եմ դնում շումերական էպիկական տեքստերում յիշուող Արատտա երկիրը Հայաստանում տեղայնացնելու վարկածը, որը մտել է մեր պատմութեան դասագրքերը): Իսկ մ.թ.ա. երկրորդ հազարամեակի կէսերից արդէն լուրջ տեղեկութիւններ կան նաեւ արեւմտեան շրջանների վերաբերեալ: Այսպէս, յայտնի են պատմական Աղձնիքի եւ Ծոփքի տարածքներում գտնուող Ալզի եւ Իսուվա թագաւորութիւնները, որոնք, փաստօրէն, մաս են կազմել Փոքր Ասիայի արեւելքի խուռիական եւ խեթական մշակութային աշխարհների: Մ.թ.ա. XIV-XIII դարերի խեթական աղբիւրներում յիշւում է Խայասա պետական կազմաւորումը լեռնաշխարհի արեւմուտքում, իր մի քանի արքաների, աստուածների եւ քաղաքների անուններով (այս երկրանուան հետ են շատ ուսումնասիրողներ կապում հայ ցեղանունը): Պատմական կարեւոր փաստ. խեթական արքան իր քրոջը կնութեան է տալիս Հայասայի արքային: Մօտաւորապէս նոյն ժամանակներից Ասորեստանի արքաները, նկարագրելով  իրենց արշաւանքները  լեռնաշխարհ, յիշում են իրենցից տեղի երկրները եւ նրանց «արքաներ»ին (ցեղային առաջնորդներին):
Արդէն մ.թ.ա. իններորդ դարի վերջից Վանայ լճի շրջանում ձեւաւորւում եւ զարգանում է Ուրարտու տէրութիւնը կամ Վանի թագաւորութիւնը. իրականում` հզօր մի կայսրութիւն, որը գերիշխանութիւն է հաստատում լեռնաշխարհի նշանակալի մասում: Ասորեստանեանի հիման վրայ ստեղծւում է տեղական գիրը, որով գրուած հարիւրաւոր արձանագրութիւններ պատմում են երկրի մեծ արքաների արշաւանքների, կառուցումների, աստուածներին մատուցուող զոհաբերութիւնների մասին: Մ.թ.ա. ութերորդ դարի առաջին կէսին Ուրարտուն դառնում է տարածաշրջանի եւ թերեւս աշխարհի հզօրագոյն երկիրը` իր յետեւում թողնելով աշխարհակալ Ասորեստանին: Այ, սա արդէն իսկական փառաւոր պատմութիւն է, որն ունեն քիչ երկրներ:
Ուրարտուի անկումից յետոյ երկար ժամանակ տեղական աղբիւրներ չկան: Բայց յունական եւ հռոմէական հեղինակները բաւական պատմում են Հայաստանի մասին: Եւ արդէն հինգերորդ դարից` հայոց գրերի ստեղծումից յետոյ, սկիզբ է առնում հայոց պատմագրութիւնը:
Այսպիսով, մեր երկրի պատմութիւնը, իրօք, չափազանց հին է: Շատ քիչ երկրներ կան աշխարհում, որոնց մասին յայտնի լինեն այդքան տեղեկութիւններ միջագետքեան, փոքրասիական, յունական, հռոմէական եւ տեղական հնագոյն աղբիւրներից: Արդէն աւելի քան երեք հազար հինգ հարիւր տարի առաջ ի յայտ են գալիս Հայկական լեռնաշխարհին վերաբերող իրական տեղեկութիւններ, որից յետոյ, թէեւ երբեմն դարեր տեւող բացթողումներով, մենք ունենք աւելի ու աւելի շատ աղբիւրներ, որոնք լոյս են սփռում լեռնաշխարհի պատմութեան վրայ:
Բայց, չնայած դրան, այդ պատմութիւնն իր հնութեամբ չի կարող համեմատուել Եգիպտոսի, Միջագետքի կամ Սիրիայի հին պատմութեան հետ: Հինգ հազար տարի առաջ` մ.թ.ա. 3000 թուականին, կամ դրանից էլ վաղ, մեզանում պատմական դարաշրջան չի եղել: Եղել է նախապատմական դարաշրջան: Մենք չգիտենք, թէ հինգ հազար տարի առաջ ովքե՛ր, ի՛նչ ցեղեր են ապրել, եւ պատմական ի՛նչ իրադարձութիւններ են տեղի ունեցել Հայաստանում: Միայն հնագիտական նիւթի հիման վրայ կարելի է որոշ դատողութիւններ անել: Նոյնչափ էլ չգիտենք, թէ ինչ է եղել աշխարհում այլուր, բացառութեամբ Միջագետքի եւ Եգիպտոսի: Ի միջի այլոց, Բրոնզի դարաշրջանում մօտաւորապէս Հայկական լեռնաշխարհի իրավիճակն է եղել նաեւ ներկայիս Վրաստանի, Ադրբեջանի տարածքներում եւ, ընդհանրապէս, Միջին Ասիայից մինչեւ Բալկաններ: Նոյն տրամաբանութեամբ` «հինգհազարամեայ պատմութիւն» կարող է վերագրել իրեն տարածաշրջանի որեւէ այլ ժողովուրդ:
Բոլոր, նոյնիսկ աշխարհի ամենայետամնաց եւ «պատմութիւն չունեցող» ցեղերն ու ժողովուրդներն էլ ունեցել են նախապատմութիւն: Եղել են մեզ անյայտ ինչ-որ իշխողներ, կռիւնէր, յաղթանակներ ու պարտութիւններ: Մարդիկ, ասելով «հինգ հազարամեայ պատմութիւն», ուզում են իրենց տարբերակել հին պատմութիւն չունեցող ժողովուրդներից, պանծացնել իրենց եւ իրենց երկիրը: Բայց արդեօ՞ք ինքնախաբէութեամբ հնարաւոր է պանծալի դառնալ: Դա բնորոշ է թերզարգացած երկրներին: Եւ զարմանալի չէ, որ հէնց յետսովետական երկրներում` Ուկրայինա, Վրաստան, Ադրբեջան, Միջին Ասիա, ստեղծւում են իրենց պատմութիւնը պանծացնող տեսութիւններ, գրւում գրքեր եւ ուսումնասիրութիւններ: Ի միջի այլոց, ադրբեջանական եւ ուկրայինական ազգայնական յօրինուածքներում եւս շրջանառւում է Արատտան` որպէս սեփական երկրի պատմութեան դրուագ (Ուկրայինայում նոյնիսկ Արատտայի թանգարան կայ):
Եւ Ռուսաստանի պէս հզօրագոյն կայսրութիւն ստեղծած ժողովուրդը, որին, թւում է, ոչինչ չի տայ իր աւելորդ պանծացումը, նոյնպէս զերծ չի մնացել այդ վարակից: Թէեւ, մեր մէջ ասած, այդ ժողովուրդներից ոչ մէկը, իրականում, չունի մեզ հետ համեմատելի հին պատմութիւն: Ահա երկու օրինակ յետսովետական դասագրքերից: «Առաջին գրաւոր վկայութիւնները հին Ադրբեջանի ցեղերի մասին տրուած են շումերական էպոսում եւ սեպագրերում» (խօսքը մեր եւ այլոց «ազատագրականներ»ի սիրելի Արատտայի մասին է): Իսկ էստոնական դասագրքերում իրենց ժողովրդի ձեւաւորումը կարող է ժամանակագրուել մեզանից «հինգ հազար տարի առաջ»: Հինգ հազար տարին, ինչպէս տեսնում ենք, շատ սիրելի թիւ է ե՛ւ հայ, ե՛ւ նաեւ ոչ հայ «ազատագրականներ»ի համար: Այդ թուի յաճախակի առկայութիւնը յետսովետական պատմագրութեան մէջ արդեօ՞ք կապուած չէ հեղինակների ուղեղներում սովետական դպրոցի հինգ «գերազանց» թուանշանի ինչ-որ ենթագիտակցական ասոցիացիաների հետ:
Հեշտ կը լինէր հասկանալ գիտնականին կամ արուեստագէտին, եթէ խոստովանէր, որ անհիմն կերպով հնացնելով իր երկրի պատմութիւնը` նա ուզում է խթանել իր խեղճ ու կրակ ժողովրդին բարձունքներ նուաճելու: Կեղծիք` յանուն յառաջադիմութեան: Բայց նայելով մեր իրականութեանը` տեսնում ես, որ առաջին հերթին իրենք` այդ մարդիկ են, որ սկզբնապէս յօրինում, ապա եւ հաւատում են իրենց «ընտրեալ» պատմութեանը, յօրինովի «հինգհազարամեայ»ին: Ապա կարողանում են այն մտցնել շրջանառութեան մէջ` դասագրքեր եւ այլն: Ինչպէս Գերմանիայի առաջնորդներն էին առաջինը հաւատում իրենց ժողովրդի` միւսներից բարձր ռասա լինելու տեսութեանը:
Երբ գտնւում ես նեղ վիճակում, իսկ ապագան անորոշ է եւ անհասկանալի, հեշտ է փառք եւ յաղթանակներ «ստեղծել» անցեալում: Բայց դա պարտուողական ինքնախաբէութիւն է: Ի վերջոյ, դա գիտական չէ: Աւելին` ծիծաղելի է: Շաքար ասելով բերանդ չի քաղցրանայ: Սովետական դարաշրջանի վերջին մի հիանալի խօսք ստեղծուեց` «Մենք անկանխատեսելի անցեալի երկիր ենք» (խօսքը վերաբերում է ՍՍՀՄ ղեկավարներին նրանց իշխանութեան տարիներին գովերգելուն, իսկ յետոյ` դաժան քննադատելուն): Մենք դա շատ աւելի առաջ տարանք: Մեր անկանխատեսելի անցեալն ընդգրկում է բազում հազարամեակներ: Կայ տեսակէտ, որ մեր պետականութիւնը քառասուն հազար տարեկան է (աւելի հին, քան ժամանակակից մարդ արարածի յայտնուելը տարածաշրջանում), իսկ գիրը` քսանհինգ հազար, եւ արդէն այդ ժամանակ մեզանում եղել են աստղադիտարաններ ու համալսարաններ, անկասկած` ուսուցման հայոց լեզուով... Նմանօրինակ գիւտերին մի անգամ լաւ անդրադարձել են ադրբեջանցիները. «Դէ, դուք հայերդ մարդ չէք, այսինքն` հոմօ սապիենս չէք, աւելի հին մի տեսակ էք, դրա համար էլ նորմալ մարդկանց աշխարհում տեղ չպիտի ունենաք»:
Վերեւի բնաբանի հեղինակը` Էմիլ Զոլան, ասել է. «Կեանքի միակ երջանկութիւնը մշտական ձգտումն է առաջ»: Կը գա՞յ ժամանակ, երբ մենք էլ կը ձգտենք յառաջ, դէպի յաղթանակներ ներկայում, եւ կը դադարեցնենք յօրինել նոր յաղթանակներ անցեալում, հազարամեակներ առաջ:

http://www.ilur.am/news/view/36136.html, Հոկտեմբեր 14, 2014
---------------------
(*) Այս յօդուածաշարքին նախորդ բաժնին համար, կարդացէ՛ք այստեղ։

No comments:

Post a Comment