Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

25.10.14

Հայը եւ անցեալը. ութհազարամեայ արիական հայերէնը(*)

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Իմ հաւատարիմ ընկեր, իմ նենգ թշնամի,
Իմ արքայ, իմ ստրուկ, լեզու մայրենի...

Վալերի Բրիւսով


Հինգհազարամեայ հայոց պատմութեանը զուգահեռ` շրջանառւում են զուգահեռ հետաքրքիր գաղափարներ: Օրինակ` որ մեր լեզուն արիական է, ինչպէս մենք ենք արիացիներ, մեր երկիրը արիական-հնդեւրոպական նախահայրենիքն է, այստեղից են ծագել միւս ազգերը, իսկ միւս լեզուները` հայերէնից: Եւ հայերէնն ամենահին լեզուն է: Նմանօրինակ յայտարարութիւններ կարելի է հանդիպել ամէնուրեք: Իսկ հնդեւրոպական հայրենիքի հայաստանեան տեղադրութիւնը դպրոցական դասագրքերում ներկայացւում է որպէս յայտնի եւ ընդունուած ճշմարտութիւն:

Ստորեւ ներկայացւում են որոշ կարճ բացատրութիւններ եւ հանրագիտարանային տեղեկութիւններ այդ հարցերի վերաբերեալ:
1. Հնդեւրոպական լեզուների «նախահայրենիք»ը գիտութեան պատմութեան ընթացքում փորձել են տեղայնացնել այլեւայլ տեղերում` Հնդկաստանից մինչեւ Արեւմտեան Եւրոպա եւ նոյնիսկ անդին: Ինչեւէ, ժամանակակից գիտութիւնը դեռեւս ի վիճակի չէ միարժէքօրէն տեղայնացնել այն: Կան միայն գիտական վարկածներ: Դրանցից մէկի համաձայն, որի հեղինակներն են սովետական լեզուաբաններ Թամազ Գամկրելիձէն եւ Վեաչեսլաւ Իւանովը, այդ հայրենիքը տեղայնացւում է Հայկական լեռնաշխարհում ու մերձակայքում եւ ժամանակագրւում մ.թ.ա. շուրջ հինգ հազար թուականով: Վարկածն առաջ է քաշուել աւելի քան երեսուն տարի առաջ: Մի կարճ ժամանակ այն որոշակի ընդունելութիւն գտաւ սովետական գիտնականների մէջ, բայց այդ ալիքը յետոյ մարեց: Իսկ Արեւմուտքում երբեք որեւէ մասնագէտ լուրջ չի վերաբերուել այդ տեսակէտին: Նոյնիսկ նրանք, ովքեր հիացել են հեղինակների լեզուաբանական վերլուծութիւններով, իրենց անհամաձայնութիւնը եւ նոյնիսկ տարակուսանքն են յայտնել նախահայրենիքի այդ տեղայնացման առթիւ: Եւ միայն մեզանում է, որ այդ տեսակէտը ներկայացւում է որպէս ակնյայտ, գիտականօրէն ապացուցուած, դասագրքային ճշմարտութիւն:
Ներկայումս առաւել տարածուած է տեղայնացման երկու վարկած` կենտրոնական Փոքր Ասիայ եւ Ուկրայինա-հարաւային Ռուսաստան: Առաջին վարկածի հեղինակն է Քոլին Ռենֆրիւն, երկրորդինը` Մարիա Գիմբուտասը (որը զարգացրել է մինչ ինքը շրջանառուող նոյն տեղայնացման տեսակէտը): Առաջին տեղայնացումը մօտ է Հայկական լեռնաշխարհին եւ նոյնպէս կարող է մեր «ազգային ազատագրական» կրքերը բորբոքել: Ինչեւէ, իրազեկ գիտնականների մեծամասնութիւնը, գոնէ` դեռեւս, երկրորդ կարծիքի կողմնակից է: Բայց դա չի նշանակում, որ դա բացարձակ ճշմարտութիւն է, եւ որ ըստ այդ վարկածի` տեղի ժողովուրդները` ուկրայինացիները, ռուսները, ուղիղ գծով սերում են հին հնդեւրոպացիներից: Այդպէս են կարծում միայն սլաւոնական ազգայնական որոշ նեղ ու տափակ շրջանակներում: Մինչդեռ յայտնի է, որ հնագոյն պատմական ժամանակներում` մ.թ.ա. առաջին հազարամեակում, այդտեղ ապրել են իրանական լեզուներով խօսող ժողովուրդներ (սկիւթներ, սարմատներ եւ այլն): Սլաւոնական մայր լեզուն ձեւաւորուել է հնդեւրոպական դարաշրջանից շատ ուշ, այլուրեք: Եւ ուկրայինացիների ու ռուսների լեզուական նախնիները անցել են իրենց ներկայիս հայրենի տարածքները շատ ուշ` մեր թուականութեան առաջին հազարամեակի կէսերից:
Նոյն կերպ, եթէ յանկարծ նոյնիսկ պարզուէր, որ հնդեւրոպական հայրենիքը եղել է Հայաստանում կամ մերձակայքում, դրանից բոլորովին էլ չէր բխելու, թէ հայերէնի լեզուական նախնիները տեղի բնիկների ուղղագիծ ժառանգներն են, եւ հնագոյն հայերէնն էլ ձեւաւորուել է Հայաստանում: Հնդեւրոպացիները գաղթել են այլեւայլ տարածքներ, որտեղ էլ վերափոխուած-ձեւաւորուած լեզուներից մէկն էլ կարող էր վերադառնալ մեր լեռնաշխարհ:
2. «Արիացիներ»ը մի տերմին է, որով տասնիններորդ դարում` հնդեւրոպական լեզուաբանութեան զարգացման առաջին էտապում, գիտնականները կոչում էին հնդեւրոպական ժողովուրդներին եւ նրանց նախնի լեզուով խօսող հին հնդեւրոպացիներին: Մինչդեռ պարզուեց, որ հնդեւրոպացիներից իրենց արեա եւ արիա են կոչել միայն հին հնդիրանական ցեղերը` ինչպէս հին հնդիկները եւ հին պարսիկները (եւ Իրան անուանումն էլ ծագում է հին արեայի յոգնակի տրական ձեւից): Եւ միայն նրանք: Հայերը, օրինակ, Իրանի արքային ասում էին «արեաց արքայ»: Իսկ Իրանի արքան իր տիրած աշխարհներն անուանում էր «Էրան ու Աներան» («Իրան եւ ոչ Իրան»), այսինքն` «արիացիների եւ ոչ արիացիների երկրներ»` հայերին եւ Հայաստանը շատ գեղեցիկ մտցնելով այդ «ոչ արիացիներ»ի մէջ:
Ներկայումս այդ տերմինն օգտագործւում է միայն հնդիրանական լեզուների ընդհանրութեան համար` «արիական լեզուներ» (նոյնն է թէ հնդիրանական լեզուներ), «հնդարիական լեզուներ» (այսինքն` Հնդկաստանի բազում լեզուներից հնդիրանականները) տերմիններում: «Արիացիներ» տերմինը այլանդակ կերպով չարաշահուել է գերմանական ֆաշիստների կողմից` իբր թէ հէնց իրենք են հին արիացիների մաքրարիւն յետնորդները, ինչի հետեւանքով այն հակագիտական ու հակամարդկային երանգներ է ձեռք բերել եւ ներկայումս էլ կիրառւում է յատկապէս ազգայնական եւ պրոֆաշիստական գրուածքներում (Ռուսաստան, Ուկրայինա, Հայաստան):
3. Աշխարհի բոլոր լեզուներն առաջացել են, ամենայն հաւանականութեամբ, մէկ նախնի լեզուից, ինչպէս մարդկութիւնն է ծագել մէկ արմատից: Դա եղել է շատ վաղուց, մարդու ծագման հետ զուգահեռ: Յետագայում լեզուները աներեւակայելիօրէն հեռացել են իրարից: Բայց եւ այնպէս, երեւում են հին ազգակցութեան հետքերը: Ընդհանրապէս, երբ նոյն լեզուի երկու հատուած աշխարհագրօրէն բաժանւում են, հազԡր տարի անց այդ լեզուի ժառանգ լեզուներն այնքան են հեռանում իրարից, որ դառնում են փոխադարձաբար անհասկանալի: Իսկ հինգ հազար տարի առաջ իրարից բաժանուած լեզուների ազգակցութիւնը կարող է պարզել միայն մասնագէտ լեզուաբանը: Հնդեւրոպական լեզուներն իրենք էլ աւելի հեռու ազգակցութեամբ կապուած են այլ` ուրալեան, քարթուելական, ալթայեան, սեմական լեզուաընտանիքների հետ: Սրանց մայր լեզուն սկսել է բաժանուել մօտ մէկուկէս տասնեակ հազարամեակ առաջ:
Ենթադրել, որ մի լեզուն հին է, միւսը ոչ, սխալ է: Ժամանակակից բոլոր լեզուների նախնի լեզուներով խօսել են հազար, հինգ հազար, տասը հազար, քսան հազար, յիսուն հազար տարի առաջ եւ այդպէս շարունակ: Ուղղակի ներկայիս բազում լեզուները ծագել են աւելի սահմանափակ քանակով հին լեզուներից, դրանք էլ` աւելի փոքրաքանակ աւելի հին լեզուներից եւ այլն: Կարող ենք միայն ասել, որ որոշ լեզուներ աւանդուած են հին ժամանակներից, միւսները` ոչ: Հնդեւրոպական լեզուներից հնագոյն աւանդուածներն են խեթերէնը (մ.թ.ա. XVII-XII դդ., իրեն ազգակից լուվիերէնի հետ) եւ յունարէնը (մ.թ.ա. XIV-XII դդ., այսպէս կոչուած` կրետէ-միկենեան գծային գրով, եւ մ.թ.ա. VIII դարից` մինչ այժմ կիրառուող յունական այբուբենով): Շատ ուշ են աւանդուել ալբաներէնը եւ բալթիական լեզուները` լատուիերէն ու լիտուերէնը, մի քանի հարիւր տարի առաջ, բայց վերջինս, օրինակ, շատ հնատիպ լեզու է (այսինքն` շատ մօտ հին հնդեւրոպական մայր լեզուին, ինչպէս հին հնդկերէնը): Հայերէնն աւանդուած է մ.թ. հինգերորդ դարից` բաւական հնից, բայց անհամեմատ ուշ` խեթերէնից, հին յունարէնից, լատիներէնից, հին հնդկերէնից եւ հին պարսկերէնից: Եւ եթէ հայերէնը գրաւոր լեզու է 16 դար, ապա ներկայիս կենդանի լեզուներից յունարէնի գրաւոր պատմութիւնը աւելի քան երկու անգամ հին է (34 դար):
Հայերէնը հնդեւրոպական լեզուների մէջ ամենից շատ ձեւափոխուած լեզուներից է: Նրա ձայնաբանական հարուստ համակարգը բացարձակապէս տարբեր է հին հնդեւրոպականից եւ նոյնական իր հարեւան վրացականին (կան բաղաձայների տիպիկ կովկասեան եռաստիճան շարքեր` ձ, ծ, ց, ջ, ճ, չ): Հայերէնի հնդեւրոպական արմատներն էլ ձեւափոխուել են անճանաչելիութեան աստիճան (այսպէս, «երկու» թուականը, որը հնդեւրոպական միւս լեզուներում հնչում է ռուս. դուա-ի նման, հայերէնում ձեւափոխուել դարձել է երկու. հին պըտերը դարձել է հայր, եւ այլն): Այսինքն, միւս լեզուները չէին կարող առաջանալ հայերէնից, որը անհամեմատ աւելի է հեռացել իր մայր լեզուից:
4. Հայերենը առանձին լեզու է, չունի մերձաւոր ազգակիցնէր, ինչպէս, ասենք, սլաւոնական, գերմանական, հնդիրանական լեզուները: Միւս հնդեւրոպական լեզուների մէջ այն առաւել մօտ է յունարէնին եւ հնդիրանական լեզուներին: Այս լեզուներին յատուկ են մի շարք ընդհանուր նորամուծութիւններ: Այսպէս, հայերեն արծիւ, ձի, արեւ բառերը զուգահեռ ձեւեր ունեն միայն այդ լեզուներում (ինչպէս հին հնդկերէն` րջիպեա, հայա, րաւի): Այսինքն, հնդեւրոպական հին մայր լեզուից անջատուել է մարդկանց մի հանրոյթ եւ որոշ ժամանակ ինքնուրոյն գոյատեւել` ձեւաւորել մի նոր` յունա-հայ-արիական կոչուող ընդհանրութիւնը: Յետոյ դրանից բաժանուել ու հեռացել է մի խումբ` յետագայ հնդիրանական ճիւղը, ապա մնացած մասն էլ բաժանուել երկու` յունական եւ հայկական ճիւղերի: Մարդիկ հեռացել են իրարից նոր երկրներ, եւ հազարամեակների ընթացքում նրանց լեզուները շատ հեռացել են իրարից: Ռասել Գրէյը եւ Քուէնտին Ատկինսոնը, հնդեւրոպական նախահայրենիքի տեղայնացման վերաբերեալ Ռենֆրիւի վարկածի հետեւորդներ, իրենց մի յօդուածում գրել են, որ հայերէնը, յունարէնն ու ալբաներէնը հնդեւրոպական մայր լեզուից բաժանուել են խեթերէնից ոչ շատ ուշ, մեզանից մօտ ութ  հազար տարի առաջ: Այդ տարօրինակ կարծիքը ոչ մի մասնագէտ լուրջ չէր կարող ընդունել, բայց այն մեզանում իր արձագանգն ունեցաւ: Յետագայում այդ հեղինակները, ի հարկէ, ճշդել են իրենց այդ կարծիքը, յիշելով հայերէնի` յունարէնին եւ հնդիրանականին մօտ լինելու հանգամանքը: Իսկ հնդիրանականը, ըստ նրանց, ինչպէս եւ գիտնականների մեծամասնութեան կարծիքով, ուկրայինա-ռուսական հայրենիքից է անցել արեւելք, իր պատմական տարածքները` Հնդկաստան-Իրան:
Հայերէնի` յունարէնից հեռանալը որոշ լուրջ հեղինակներ ժամանակագրում են մ.թ.ա. շուրջ երեք հազար թուականով: Ահա մի պատմական երեւոյթ, ուր հանդէս է գալիս մեր «հինգհազարամեան»: Բայց լեզուի անջատումը իր ազգակից լեզուից այլ բան է, իսկ ժողովրդի պատմութիւնը` այլ:

http://www.ilur.am/news/view/36248.html, Հոկտեմբեր 17, 2014

----------------------------------------
(*) Այս յօդուածաշարքին նախորդ բաժնին համար, կարդացէ՛ք այստեղ։

No comments:

Post a Comment