ՆԱՅԻՐ ԵԱՆ
Ճակատագրակից ժողովուրդ, հայկական շերտեր
1960-ականներին դերսիմահայերը կարծում էին, թէ իրենք հայոց ցեղասպանութիւնից փրկուած աշխարհի երեսին ապրող միակ հայերն են: Այս մտայնութիւնը հիմնաւոր պատճառ ունէր: Բանն այն է, որ թուրքերը Դերսիմը կտրել էին արտաքին աշխարհից. տեղեկատուութեան անհասանելիութիւնն ու վերահսկողութիւնը թուրքերի կողմից Դերսիմը բռի մէջ պահելու եւ ենթարկեցնելու նպատակ էր հետապնդում: Թուրքական իշխանութիւնները պարբերաբար իսլամ են պարտադրել ու պարտադրում դերսիմցիներին: Դերսիմն ամէն առաւօտ արթնանում է մոլլայի ձայնից, որ բոլորին մզկիթներ է կանչումՙ աղօթելու: Բայց դերսիմցիներն անհաղորդ են այդ հրաւէրին. նրանք միայն առերես, սեփական կեանքը չվտանգելու համար են ընդունում սիւննի դաւանանքը, իսկ իրականում ալեւի եղել են ու ալեւի էլ մնում են: Այդ փաստը հունից հանում է թուրքերին: Ինչքան էլ նրանք ջանում են Եւրոպայի աչքին թոզ փչել, թէ իբր յարգում են իրենց երկրում ապրող այլ ազգերի հաւատքը, բայց ազգայնամոլների ձեռքով հալածում են այլադաւաններին՝ իրենց ձեւակերպմամբ՝ հաւատուրացներին: Ալեւիներն, ի տարբերութիւն թուրքերի, խոստովանում են, որ Դերսիմն իրենց հայրենիքը չէ, որ իրենք իրանական ժողովուրդ են ու այստեղ են եկել 10-11-րդ դարերում: Դերսիմում հայկական հնագոյն կոթողներ կան. ալեւիները մզկիթները թողած՝ այդ աւերակ եկեղեցիներում են մոմ վառում ու աղօթում: Նրանք մերժում են թուրքական ամէն ինչ՝ լինի կրօն, լեզու, թէ անգամ խոհանոց: Եթէ սրճարանում սուրճ պատուիրէք ու մատուցողին կողմնորոշելու համար շեշտէք, որ սեւ՝ թուրքական կոչուող սուրճ էք ուզում, նա դուրս կհրաւիրի ձեզ սրճարանից՝ ասելով, որ դա թուրքական սուրճ չէ, եւ իրենք առհասարակ թուրքական ոչինչ չունեն:
Ալեւիների մշակոյթը, պատմութիւնը, կենցաղն ուսումնասիրուած չեն. մատների վրայ կարելի է հաշուել այն գիտնականներին, որոնք երբեւէ հետաքրքրուել են ալեւիներով: Ալեւիզմը բազմաստուածութեան, բնապաշտութեան է նման. ալեւիները ծառի, արեւի, ջրի պաշտամունք ունեն: Նրանց սուրբ գետը Մնձուրին է (արժէ նորից յիշել հրաշալի գրող Յակոբ Մնձուրու հրաշք պատմուածքները այդ վայրերի բնութեան ու ժողովրդի մասին: խմբ.), որին անուանում են Անահիտի ջրեր: Դերսիմցիները թոյլ չեն տայ լուացուելուց ու ջուր խմելուց բացի, ասենք, լողաք այդ գետում: Մնձուրի գետում են նրանք երդւում, մկրտւում, ամուսնութեան ու բարեկամութեան ուխտ անում: Դերսիմցիները լեռնցիներին յատուկ կուռ ու անխախտ աւանդոյթներ ունեն:
Դերսիմում 1915-ին թուրքերը ցեղասպանութիւն չեն իրականացրել: Անառիկ ամրոցի է նման Դերսիմը՝ շրջապատուած բարձրաբերձ լեռներով: Թուրքերը ժամանակ չեն վատնել՝ բարձրանալու լեռների ծերպերն ու կոտորելու տեղաբնակներին: Արեւմտեան Հայաստանի հայաբնակ միւս բնակավայրերն աւելի դիւրահաս են եղել. Դերսիմը նրանք թողել են յետագայի համար: Դերսիմում ապրող զազաներն ու քրդերը նոյնպէս չեն մասնակցել հայկական կոտորածներին: Աւելին, իրենք էլ են շուտով եաթաղանի բաժին դարձել:
Թուրքերը Դերսիմին ասում են Թունջելի. «Թունջ»ն այն օպերացիան է, որը թուրքերը ձեռնարկել ենՙ Դերսիմում ցեղասպանութիւն իրականացնելու համար: Աթաթուրքի ցեղասպան վերջին գործողութիւնն իրագործուել է հէնց այստեղ 1938-ին: Այդ ոճրագործութիւնը դերսիմցիները չեն մոռացել ու ներքին ընդվզումով անընդհատ յիշեցնում են այդ մասին: Անգամ տօնական հանդիսութիւնների ժամանակ կարելի է տեսնել երիտասարդների՝ ձեռքներին պաստառներ՝ «Դերսիմ-1938» վերտառութեամբ: Թուրքերը լաւ գիտեն, որ այդ ցեղասպանութիւնը դեռ չեն մարսել, դրա համար էլ առաւօտից երեկոյ Դերսիմը հսկում են ուղղաթիռներով ու ժանդարմներով: Ժանդարմները Դերսիմում ապրող միակ թուրքերն են: Մշտական հալածանքներն ու վերահսկողութիւնը ստիպում են դերսիմցիներին արտագաղթել: Միայն արտագաղթածներն են բարձրաձայնում, որ իրենք ալեւի են, ոչ թէ սիւննի-մահմեդականներ: Ստամբուլում ու Թուրքիայի միւս քաղաքներում ազատ արտայայտուելու հնարաւորութիւն որոշ չափով կայ, իսկ Դերսիմում՝ բացարձակ ոչ:
Ամէն տար՝ ամրանը, Դերսիմում տեղի է ունենում «Մունզուր» մշակութային ու բնապահպանական փառատօնը: Այն պատեհ առիթ է, որպէսզի Թուրքիայի միւս բնակավայրերից ու Եւրոպայից գոնէ ժամանակաւորապէս հայրենիք վերադառնան դերսիմցիները: Ազգային երգ, պար, խօսք, խոհանոց. «Մունզուր»ն իր հարկի տակ է հաւաքում դերսիմցիներին, հիւրընկալում նաեւ այլ ազգերի երաժշտական խմբերի:
«Կարին» աւանդական երգի, պարի խումբը երկրորդ անգամ է մասնակցել «մունզուրէ փառատօնին: Դերսիմ մեկնելուն աջակցել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնը: Նման ճամբորդութիւնները մշակութային համագործակցութիւն ստեղծելուց բացի, նպատակ ունեն Դերսիմում ծպտուած հայերի յայտնաբերել: Առաւել համարձակ դերսիմահայերը խոստովանում են իրենց հայկական ծագումն ու անգամ ցանկութիւն յայտնում որպէս հայ քրիստոնեայ՝ մկրտուել: Անցեալ տարի, օրինակ, մի դերսիմցի եկել է Հայաստան ու Հայ Առաքելական Եկեղեցում մկրտութիւն ստացել: Դերսիմցիները հայ հիւրերի ականջին թաքուն շշնջում են. «Եթէ Դերսիմում կը լինի մէկը, որ կ՚ասի, թէ ինքը հայկական ծագում չունի, ուրեմն նա ստախօս է»: Բայց հէնց որ շրջապատում թուրքեր են յայտնւում, նրանք յայտարարում են, որ մահմեդական են, խօսում են թուրքերէն ու թուրքահպատակ են: Ինչքան էլ ըմբոստ ու սեփական պատմութեան արիւնոտ էջերի նկատմամբ ցասումով լցուած լինեն, այնուամենայնիւ, դերսիմցիները ներքին կայուն վախ ունեն թուրքերի նկատմամբ, որ արեան հետ հոսում է երակներում ու սերնդէ սերունդ փոխանցւում:
Քաղաքագէտների կարծիքով՝ մեր երկիրը պէտք է Դերսիմի հետ բարի դրացիական յարաբերութիւններ հաստատի ու պահպանի: Ի դէմս դերսիմցիների՝ մենք ունենք համախոհներ՝ թուրքական իշխանութիւնների ծայրայեղ իսլամիստական քաղաքականութիւնը մերժողներ: Եթէ մենք դիւանագիտական յարաբերութիւններ չունենք Թուրքիայի հետ, եւ մէկս միւսի հանդէպ թշնամանքով ենք լցուած, ուրեմն կարելի է այդ երկրում գտնել էթնիկ կամ կրօնական այնպիսի խմբեր, որոնք բարեացակամ են տրամադրուած հայերիս հանդէպ: Ջերմ յարաբերութիւններ ուենալ Դերսիմի հետ, որտեղ ապրում է 17-20 մլն. ալեւի, Հայաստանի շահերից է բխում միայն: Մանաւանդ որ Դերսիմն էլ մեզ նման ունի ցեղասպանութեան ճանաչման խնդիր:
Վերջին տարիներին Հայաստանի ու Դերսիմի միջեւ սկսուած յարաբերութիւններն աշխուժանալու միտում ունեն: Ոչ ոք չգիտէ՝ Դերսիմում քանի հայ է ապրում: Էթնիկ, կրօնական, պատմական, մշակութային զարգացումներն ու հասարակական շերտերն ուսումնասիրուած, բացայայտուած չեն, ուստի դժուար է ասել, թէ դերսիմահայերի ազգային ու մշակութային նկարագրից ինչ է մնացել: Դերսիմից վերադարձողները վստահեցնում են, որ դերսիմահայերի երգերի ու պարերի մէջ հայկական պահպանուած ու բիւրեղացած շերտեր կան: Ապրելով այլ ազգերի հետ՝ ժամանակի ընթացքում կենղացի, մշակոյթի ու աւանդոյթների փոխանակում է տեղի ունեցել: Բայց ինչպէս դերսիմահայ մամիկներն են շապիկի տակ թաքուն պահում-պահպանում մետաղէ խաչը, այնպէս էլ հայկական ծագումն ու մշակոյթն է ծպտուած ապրում Դերսիմի լեռներում, ձորերում, աւերակ եկեղեցիներում ու պատմութեան հեռաւոր տարեթուերում:
«Ազգ», Օգոստոս 22, 2014
No comments:
Post a Comment