23.8.14

Արմէն Զարեան-100. Ի՞նչ նախագծեց եւ ի՞նչ եղաւ

ԱՐԱ ԶԱՐԵԱՆ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Կան ճարտարապետական իրագործումներ, որոնք որոշում են քաղաքի դիմագիծը, նրա պատմական կշիռը, ապագայի թռիչքը:
Անցած դարի Հռոմի վերջին կարեւոր քաղաքաշինական ծրագիրը (1931-1950 թթ.) ընդգրկում էր լայն մի պողոտայ բացել S. Pietro del Vaticano (Վատիկանի Ս. Պետրոս) հրապարակից դէպի Castel sant"Angelo (Ս. Անջելօ դղեակը): Այս դժուարին ծրագրի իրագործումը յանձնարարուեց Piacentini-Spaccarelli ճարտարապետական արուեստանոցին, ուր աշխատում էր երիտասարդ ճարտարապետ Արմէն Զարեանը: Նախագիծը նախատեսում էր որոշ հին շէնքերի, եկեղեցու ու մի փոքր հրապարակի քանդում եւ տեղափոխում, որի արդիւնքում մնացեալ կառոյցները պէտք է եզրագծուէին նորակառոյց պողոտայի հետ: Այս հսկայ նախագծի իրականացումը այսօր բոլորին լաւ ծանօթ Via della Concillazione (Վիա դելլա Քոնչիլլացիոնէ) պողոտան է: Միլիոնաւոր ուխտաւորներ ու զբօսաշրջրկներ, ողջ տարին, անցնում են այս պողոտայով այցելելու Հռոմի սքանչելի վայրերը:
Երեք տասնամեակ անց, նոյն ճարտարապետ Արմէն Զարեանը, այս անգամ Երեւաննախագիծ ինստիտուտի սեղանի առջեւ նստած, ծրագրաւորում, մտաբերում ու նախագծում էր Երեւան մայրաքաղաքի «Գլխաւոր պողոտա»ն, որը Ալեքսանդր Թամանեանի «արեւային քաղաք»ի Օղակաձեւ պուրակը կապող այն քաղաքաշինարարական լուծումն էր, որ մէկ եւ կէս կիլոմետր երկարութեամբ միացնում էր այսօրուայ Սարեան եւ Խանջեան փողոցները:
Հետիոտն ու կանաչապատ այս տարածքի գաղափարը վերագտնում ենք 30-ական թուականների Le Corbusier-ի «La Ville Radiuse»-ի (Լը Քորբիւզիէ, Լա վիլ Ռադիուս) քաղաքաշինական մտայղացումներում, ուր քաղաքի բնակիչները պահպանում են իրենց կապը բնութեան հետ: Բայց Արմէն Զարեանը արեց աւելին: Կանաչապատ այս ուղին մարդու համար ունէր նաեւ կարեւոր ազդակներ՝ բացօթեայ թատրոն, չորս արուեստներին նուիրուած մի սքանչելի շատրուան, որն իր ներդաշնակ ու զուսպ երկրաչափական ձեւով մի իսկական գանձ է: Այս մտայղացումը բխում է այն սկզբունքից, որ մարդ արարածը պէտք է ապրի տուեալ ժամանակամիջոցում եւ ունենայ տարածութեան ընկալման իմացութիւն: Քաղաքաշինութիւնը արտայայտւում է կառուցուած շէնքերով, դրանք էլ իրենց հերթին դառնում են տուեալ հասարակութեան հայելին: Անցեալ դարի քսան-երեսունական թուականներին, ճարտարապետութիւնը ունեցաւ մի նոր լեզու. Walter Gropius (Վալտեր Գրոփիուս), Marcel Lajos Breuer (Մարսել Լայոժ Բրոյեր), Le Corbusier (Լը Քորբիւզիէ) եւ ուրիշներ: Այս ճարտարապետները գլխաւոր դեր ունեցան միջազգային ճարտարապետական մի նոր ոճ ձեւակերտելու գործում: Արմէն Զարեանը լինելով իր ժամանակի մարդը եւ նաեւ Le Corbusier-ի աշակերտը, ստեղծագործում էր իրեն յատուկ ճարտարապետական ոճով ու միջազգային լեզուով: Այս նոր, ու մինչեւ այսօր արդիական շունչը, ընդգրկում էր Walter Gropius-ի սկզբունքները, որի արդիւնքում Արմէն Զարեանը իր նախագծերում ներգրաւեց քանդակագործութիւնը (ոչ որպէս անձի փառաբանութիւն), նկարչութիւնը, ձեռարուեստը: Արմէն Զարեանի մտայղացումով Գլխաւոր պողոտան ունենալու էր Նուարդ Զարեան-Չիմարա քանդակագործի արձանները: Քոյրը` Նուարդ Զարեանը, Firenze-ում ծնուած, Իտալիայի ժամանակակից քանդակագործութեան տաղանդաւոր ներկայացուցիչներից էր, մասնակցել էր Վենետիկի Biennale-ին, Հռոմի Quadriennale-ին, եւրոպական ու միջազգային բազմաթիւ ցուցահանդէսների: Հռոմի Piazza di Spagna կենտրոնական հրապարակին յարակից "La Cassapanca" (Լա Քասապանկա) պատկերասրահի հիմնադիր տնօրէնն էր:
Անցեալ տարի քրոջս ու եղբայրներիս հետ որոշեցինք այցելել Հռոմում ու EUR-ում (Էուռ) հօրս կառուցած շէնքերը` Seraficum (Սերաֆիկում, Կաթոլիկ համալսարանի համալիր), Automobil Club (Իտալիայի աւտոմեքենայի ակումբ) եւ զանազան առանձնատներ ու բնակելի շէնքէր: Մեզ ուղեկցում էր Դիեգօ Չիմարան, երկար տարիներ RAI-ի (Իտալիայի կենտրոնական հեռուստատեսութեան) մշակութային ծրագրերի պատասխանատու, լրագրող, գրքերի հեղինակ: Դիեգոն` նկարիչ-քանդակագործ Նուարդ Զարեանի եւ նկարիչ Մարիօ Չիմարայի զաւակն է, աշխոյժ մի հռոմէացի, իմ մանկութեան ընկերը: Փոքրուց դրսեւորել էր իր արուեստագիտական հակումները եւ իր առաջին խեցեգործ կաւեղէնները ցուցադրել Via Margutta-յում (Հռոմի նորայայտ արուեստագէտների ստեղծագործութիւնների ցուցադրութեան փողոց): Իր վերջին գիրքը` Inchiostro di reporter (Լրագրի թանաք) շահել է կարեւոր մի մրցանակ:
Այս բոլորը յիշատակեցի ասելու համար այն, որ Արմէն Զարեանի նման տաղանդաւոր ճարտարապետին, հռոմէական շրջանակներում, օտար լինելով, թոյլատրեցին «քար քարի» վրայ դնել: Յիսունական թուականներին նախագծուած ու Արմէն Զարեանի մասնակցութեամբ կառուցուած ու մեր այցելած բոլոր կառոյցները պահպանուել են կատարեալ խնամքով ու յարգանքով: Եւ սա, ոչ իտալացի ազգութեամբ ճարտարապետի աշխատանքներն են Իտալիայի մայրաքաղաքում:
Երեւանում Արմէն Զարեանի նախագծով կառուցուած ճարտարապետական շինութիւնները այսօր անմխիթար վիճակում են. Գլխաւոր պողոտայ, Կոոպերատիւ տեխնիկում: Երեւանը այսօր չունի դիմագիծ, սրճարանների ու boutique-ների անյագ այս հաւաքավայրը մնում է մշտական մի բացօթեայ քարաւանատուն: Գաւառականութիւնը երբեք քաղաքակիրթ չի դառնայ: Նախընտրում եմ քայլել Հռոմում, ուր անկախ տագնապներից, ժամանակի անորոշութիւնից, քաղաքական գայթակղութիւններից, գոյութիւն ունի սերնդէ սերունդ փոխանցուող մի գիտակցութիւն, որ կոչւում է` մշակոյթի հանդէպ յարգանք:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
1990 թուականի աշնան մի օր Նորքի զանգուածից իջայ կենտրոն, Աբովեան փողոցում բնակուող ծնողներիս այցելութեան: Հայրիկս երկար ժամանակ ոտքը տանից չէր հանել: «Ոտք» եմ ասում, որովհետեւ այլեւս մէկ ոտք ունէր 1988 թուականի շաքարախտի պատճառով փտախտից չորացած հիւանդ ոտքը կտրելուց յետոյ: Տրամադրութիւնը բարձրացնելու նպատակով առաջարկեցի իմ «Օպել»ով մի պտոյտ անել քաղաքում ու այցելել իր նախագծերով իրականացուած կառոյցները: Երկար համոզեցի, չէր ուզում, ու վերջում, ուրիշ պատճառ չգտնելով հայրս ասեց, թէ հինգերորրդ յարկից մէկ ոտքով, աստիճաններով վար իջնել չի կարողանայ: Ինձ հէնց այդ պատճառաբանութիւնն էլ հարկաւոր էր: Հագցրի ու թեթեւ մարմինը բազուկներիս մէջ ամփոփելով արագօրէն իջայ բակ ու հօրս խնամքով տեղաւորեցի «Օպել»ի առջեւի նստարանին: Այս միջադէպին մայրս` Ֆռաու Մարիան ներկայ էր, սակայն չխառնուեց: Մինչ մայրաքաղաքով պտոյտի սկսելը համոզուած էի, որ ճիշդ արարք եմ գործում: Քիչ անց հասկացայ, որ խորապէս սխալուել եմ: Ափսոսանքով եմ յիշում այդ օրը եւ վշտացած եմ այսօր` 2014 թ. Յուլիս ամսում տեսածիս համար: Աւտոմեքենայի պատուհանից երեւում էին Երեւան մայրաքաղաքի երբեմնի կոկիկ, սիրով ու խնամքով բազալտէ քարերի եզրապատէրով կառուցապատուած շատրուանները, ջրաւազանները, պարապետները, նստարաններն ու աստիճանները, յատակի շիտակ սալայատակումը, ծառերն ու կանաչ տարածքները, բացօթեայ ամֆիթատրոնը եւ եւրոպական զգացողութեամբ մտածուած ու հայ քարտաշ վարպետների կողմից իրականացուած մեծաքանակ փոքր ճարտարապետական ձեւերը: Բայց այս ամէնը երեւում էր զուտ յիշողութեան մէջ, քանզի, արդէն այդ ժամանակ, Գլխաւոր պողոտան գտնւում էր նողկալի, անտէր, թալանուած, կողոպտուած ու քարուքանդ վիճակում: Մտածում էի, որ ընդամէնը մեքենայից դիտելով, այդ ամէնը ակնառու չէր երեւալու: Հայրիկս լուռ նայեց մեքենայի պատուհանից ու ասաց. «Տղաս, աչքերս որ գոցեմ, պողոտաս քանդելու են»:
Ս/թ. Յուլիս ամսում Գլխաւոր պողոտան դեռ կար` Նալբանդեան-Հանրապետութեան փողոցների հատուածում: Այժմ` ոչ եւս է: Ինչպե՞ս կարող է մայրաքաղաքի քաղաքաշինական կարեւոր առանցք հանդիսացող ճարտարապետական, իր ժամանակի համար համարձակ եւ թամանեանական մտահղացումով իրականացուած մի ստեղծագործութիւն գոյատեւել 35-40 տարի անտարբերութեան մատնուած: Շատրուանների ցանցով քառասուն տարի ջուր չի հոսել, երեսպատի քարերը պոկել տարել են, ծառերը չեն ջրուել, չեն խնամուել այնքան ժամանակ, որ քաղաքի կենտրոնի ընդարձակ տարածութիւնը վեր է ածուել աղբանոցի կամ վերնիսաժի: Քաղաքի ղեկավար մարմինները, մէկը միւսին յաջորդելով, թողել են որ Գլխաւոր պողոտան հանգչի, մարի, ոչնչանայ, որպէսզի բոլորի համար պարզ լինի այն իրեղէն փաստը, որ եկել է նրա քանդելու ժամանակը, վերանորոգելու բան չկայ այլեւս: Սա մեզանում անքաղաքակրթութեան լաւագոյն օրինակն է, այն տարբեր է Ծածկած շուկայի այլանդակումից, Կրկէսի էլեգանտ շէնքի քանդումից, «Սեւան» հիւրանոցի մոնունենտալ կոթողի վայրագ ոչնչացումից, Երիտասարդական պալատի խորտակումից, Հիւսիսային պողոտայի ճայթիւնից: Սա երկարատեւ, տանջալի մահ է, ծրագրաւորուած ու անողոք:
Քաղաքապետարանի կողմից 2014 թ. հաստատուած պուրակների վերակառուցման, մայրաքաղաքի բարեկարգման, հանգստի գօտիների վերականգնման շրջանակներում նշուած չէ Գլխաւոր պողոտայի տուեալ հատուածի հիմնովին քանդումը: Երեւանցիները սովոր են տեսնել ճարտարապետական արժէքներ ներկայացնող կառոյցների վերականգնման, վերանորոգնման ցուցանակներ եւ աշխատանքների աւարտին յայտնաբերել տխուր իրականութիւնը: Գլխաւոր պողոտան հեղինակի կողմից մտահղացուել է որպէս մէկ եւ կէս կիլոմետր երկարութիւն ունեցող` ջրային, կանաչ մակերեսներով իրար յաջորդող հանգստի ու հետիոտն զբօսանքի ամբողջական` քաղաքաշինական մի առանցք, ուր մարդիկ հանդիպում են հաճելի ժամանցի, ցուցահանդէսների, համերգների, թատերական ելոյթների, հանդիսութիւնների, տօնակատարութիւնների առիթներով: Այն պէտք է տրամագծեր Օղակաձեւ զբօսայգու` արեւային քաղաքի թոքերը հանդիսացող կանաչ օղակը: Պողոտան զարդարուած պէտք է լինէր տարբեր թեմատիկ քանդակների, գեղարուեստական, կիրառական արուեստի ստեղծագործութիւններով:
Այսօր քաղաքապետարանը որոշել է Նալբանդեան-Հանրապետութիւն փողոցների հատուածում իրականացնել պուրակ, այսինքն` Գլխաւոր պողոտայի, արդէն որպէս հանգստի ու զբօսանքի բուլվարի տեղում, անհեթեթ մի պուրակ, որի երկրաչափական ձեւերը եւ կանաչի ու ջրային մակերեսների փոխյարաբերութիւնը դպրոցական մակարդակի են: Աբովեան-Կողբացու հատուածը խորհրդային շրջանում չիրականացուեց: Այժմ` նոր նախագիծ է հաստատուել, որը ընդհատում է առանցքային յօրինուածքը: Այն պահպանում ու կարմիր առանցքների վրայ է հաւաքում կենտրոնում հրաշքով մնացած մի քանի պատմական շէնք: Երկյարկանի լուծումով ճարտարապետական գաղափարը հետաքրքրական է առանձին դիտուած, սակայն խորթ է Գլխաւոր պողոտայի ճարտարապետական մտահղացմանը: Սարեան փողոցի սկզբնամասի, Հրազդանի կիրճ տանող թունելների մօտ հեղինակի նախագծած ու կառուցած «Չորս արուեստներ»ի շատրուանը ցաւալի վիճակում է: Տարիներ առաջ, նրա տեղում քաղաքապետարանը եւս մրցոյթ էր յայտարարել այն քանդելու ու ոչնչացնելու նպատակով: Այս հատուածում առաջարկուել է կառուցել նաեւ «Համազգային» թատրոնի շէնքը: Չնայած այն հանգամանքին, որ այն ծաւալային լուծում չունի, սակայն ինչու պէտք է քանդել «Չորս արուեստներ»ի շատրուանը այն վերականգնելու փոխարէն: Սարեան-Մաշտոց հատուածը նողկալի է, աչքաթող վիճակում, քանդուած ու անարգուած, այն անուանակոչուել է Կարէն Դեմիրճեան պողոտայ: Սա եւս Գլխաւոր պողոտան մասնատելու, ջլատելու հերթական փաստն է: Այն դէպքում, երբ մայրաքաղաք Երեւանի հողատարածքի իւրաքանչիւր քառակուսի սանտիմետրը վաճառուած է, այն ինչ մնում է Գլխաւոր պողոտայի տխուր պատկերից, անիմաստ երեւոյթ է: Քաղաքի ամենագլխաւոր ճարտարապետը որոշել է, որ Գլխաւոր պողոտան վաճառքի ենթակայ չէ եւ այն պէտք է մնա իր ամբողջութեան մէջ: Այս ամբողջութեան տարբեր ստրատեգիական հատուածներում անօրինական առեւտրի կրպակներն ու տաղաւարները տեղադրւում, տեղափոխւում, տեղահանւում, ձեւափոխւում են արդէն քանի տարի: Եթէ ժամանակ առաջ երեւանցիների սիրած զբօսավայրը այսօր զոհասեղանի առջեւ դրուած անմեղ գառ է, թող ախորժակ պահած եւ երկար սպասած բիզնեսմենները ներդնեն իրենց միջոցները եւ վերացնեն քաղաքի առանցքով ջախջախուած վերջին կանաչ գօտին եւ այն դարձնեն առանցքային պանդոկ-վաճառատուն:
Հակուած չեմ ենթադրել, որ Գլխաւոր պողոտայի մասնակի քանդումը նուիրուած է հեղինակի ծննդեան հարիւրամեակին: Հակուած եմ ենթադրել, որ այսօրուայ ղեկավար մարմինները վերջապէս կը հասկանան, որ թամանեանական մտքի արգասիք Գլխաւոր պողոտան, իր մէկ ու կէս կիլոմետր առանցքով, հանդիսանում է քաղաքաշինական միասնական օրգանիզմ եւ այն մասնատելու ու քանդելու փոխարէն, պէտք է վերականգնուի, վերանորոգուի, ամբողջացուի այսօրուայ ժամանակակից մայրաքաղաքի պահանջների համաձայն: Հոգատարութիւն է հարկաւոր, սէր ու յարգանք ժողովրդի զաւակների ու նրանց թողած արժէքների հանդէպ:
Նորակառոյց Հիւսիսային պողոտան այսօր վերանորոգւում է, քանզի անորակ էր կառուցուած, իսկ տարիքն առած Գլխաւոր պողոտան, որ որակով էր կառուցուած` քանդւում է: 

«Ազգ-Մշակոյթ», Օգոստոս 22, 2014

No comments:

Post a Comment