Showing posts with label հայկական բանակ. Show all posts
Showing posts with label հայկական բանակ. Show all posts

27.5.18

Ալեքսանդր Շնէուր՝ Սարդարապատի մասնակից ու վկայ

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

… [Ա]յստեղ վճռւում էր Հայաստանի ճակատագիրը եւ պէտք էր գործել մեծ ռիսկով, որովհետեւ ոյժերը քիչ էին, իսկ Սարդարապատի ետեւն էր գտնւում Երեւանը՝ Հայաստանի մայրաքաղաքը։ Հայաստանը այդ ժամանակները բոլոր կողմերից շրջապատուած էր հակառակորդներով, որոնք ուզում էին ֆիզիքապէս ոչնչացնել հայերին։
Ալեքսանդր Շնէուր
 
                                                                                                                                               
1918-ի վճռական օրերուն, Կովկասի թրքական յարձակումին ընդդիմացող հայկական նորակազմ զօրքերը գլխաւորուած են ցարական բանակի երկարամեայ ծառայութիւն մատուցած հայ զինուորականներու կողմէ։ Պատմութիւնը նաեւ պահպանած է անոնց կողքին այդ բախտորոշ օրերուն հայութեան կողքին կռուած կարգ մը օտարազգիներու անունները (հիմնականին՝ ռուս), որոնք եղած են Հայաստանի Հանրապետութեան սպայական կազմի անդամներ (Զինկեւիչ, Օռլովսկի, Նեսիտերովսկի, Մեդվեդեւ, Կորոլկով, Գրոսս, Մորէլ)։ Անոնց կարգին, յաճախ կը յիշուի փոխգնդապետ Ալեքսանդր Շնէուրի անունը Սարդարապատի հերոսամարտի առնչութեամբ՝ թէ՛ իբրեւ մասնակից եւ թէ՛ արժէքաւոր յուշերու հեղինակ[1], նաեւ Հայաստանի Հանրապետութեան հակահետախուզութեան հիմնադիր[2]։ Ցայժմ առաւել ամբողջական գրութիւնը անոր մահէն աւելի քան 20 տարի ետք լոյս տեսած ամերիկացի գիտնական Փոլ Առնոյի մահագրութիւնն է[3], որ գործածուած է ռուս հետազօտող Եւկենի Շէրկալինի կողմէ,[4] եւ որ, իր բնոյթով, հիմնականին կը ծանրանայ Շնէուրի գիտական եւ ո՛չ թէ ռազմական գործունէութեան վրայ։ Սոյն ակնարկով, պիտի փորձենք ի մի բերել գոյութիւն ունեցող համեմատաբար կցկտուր տուեալները ռուս զինուորականին մասին։