ԱՆԻ ՓԱՇԱՅԵԱՆ
Լաւագոյն վէպերն ու վիպակները ծնւում են, որպէսզի ցոյց տան կեանքի անհարթութիւնները եւ ազդարարեն նրանց հետ ոչ մի կերպ չհամաձայնուելը: Այդպիսի գործեր ընթերցելիս համոզւում ես, որ հաշտուողականութիւնը հասարակութեանը վայրէջքների է տանում: Արծուիի (Արծուի Բախչինեան) «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վիպակը հէնց այդպիսի ենթատեքստ ունի՝ չյարմարուել: Մի՞թէ ճիշտ է այն ամէնը, ինչ հրամցնում են. անգամՙ յատուկ անունները, բոլորի կողմից ընդունուած բարքերը: Եւ այս ամէնը վիպակի սկզբից մինչեւ վերջ հաստատում է Մուչիկը՝ նոյն ինքը՝ Թաթուլ Թաթուլեանը: Տաղանդաւոր այս մարդը, որ նկարչութեան մէջ է գտնում իրեն, թափառում է ամէնուր՝ այդպէս էլ չհասկանալով՝ ո՛րն է այն վայրը, որտեղ լիովին երջանիկ կը զգայ, ովքե՞ր են այն մարդիկ, որոնց հետ կ՚ուզենար ապրել: Եւ լուռ կրում է Հայրենիքի ցաւը՝ մտօք երբեք չհեռանալով նրանից: Նա հաւաքական կերպարն է շատ հայերի, ովքեր հեռուից են սիրում Հայրենիքը՝ կարօտի մեծ չափաբաժնով: Եօթ տարին մէկ Հայաստան այցելող Մուչիկը կարծես Երկրագնդի վրայով հապճեպ քայլող մէկը լինի, որն անվերջ շտապում է: