ՍՈՆԱ ԱԴԱՄԵԱՆ
Ապրիլի 23-ին ՀՀ
քաղաքացիների արած «քայլը», ի դէմս շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանի,
ստիպեց Սերժ Սարգսեանին հրաժարական տալ վարչապետի պաշտօնից, իսկ վերջին
օրերին բեմահարթակից հնչող սիրոյ, հաւասարութեան, եղբայրութեան քարոզը
մարդկանց յիշեցրեց 88-ի զարթօնքը։
Ազգագրագէտ Լեւոն Աբրահամեանի կարծիքով՝ վերջին
տարիներին երբեք այսքան ժողովուրդ դուրս չէր եկել փողոց, յաջողութեան հասել
էր ընդամէնը մի երկու քաղաքացիական շարժում, ամենաառաջինը «Մոսկուա»
կինոթատրոնի տարածքում եկեղեցի չկառուցելու շարժումն էր, որը չունէր իր մէջ
ազգային կամ նոյնիսկ ազգայնական տարրեր․ «Յետոյ Մաշտոցի պուրակի պայքարը
եղաւ, էկոլոգիական շարժումներն ինչ-որ բաների հասան, որոնք էլի իրենց մեջ
չունէին այդ ազգայնական պահերը։ Ինչու եմ դա ասում, որովհետեւ ազգայնականի
շուրջ հեշտ է հաւաքել մարդկանց, քան քաղաքացիականի։ Դրանից յետոյ եկաւ 100
դրամի շարժումը, որը կպաւ բոլորին ու բերեց յաջողութիւն, որովհետեւ
շարժական էր։ Ի դէպ, Փաշինեանի այս շարժման մէջ էլ ապակենտրոնացած ձեւն
սկսեց գործել, բայց այստեղ, ի տարբերութիւն նախորդի, ոչ թէ հրամայուած էր
կամ մտածուած, այլ բնական ձեւով։ Այստեղ արդէն ոչ թէ երթուղայինն է, երբ դու
քո քայլն անում ես ճանապարհին, այլ անսպասելի բոլորը դառնում են գործող։ Յետոյ եկաւ «Էլեկտրիկ Երեւանը», որը կարող էր զարգանալ նոյն ձեւով, ինչպէս
զարգացավ Փաշինեանի շարժումը, բայց քանի որ գրագէտ չարուեց, չեղաւ»։