19.10.17

Արջի եօթ երգը

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
 
«Արջը եօթ երգ գիտի, եօթն էլ տանձի մասին»: Սա հայկական առածն է ասում, որ մեր իմաստախօս շինական նախնիք ստեղծել են` կենդանական աշխարհին վերագրելով եւ սրամտօրէն իմաստաւորելով սեփական կենցաղից բխող համադրելի իրողութիւնները: Բայց գեղջկական կենցաղից ծնունդ առած իմաստախօսութիւնը երբեմն թւում է, թէ մնում է նոյն գեղջկականը` իր նեղ, սահմանափակ տեղայնութեամբ, շատ յաճախ չելնելով գիւղի կամ ձորակի, եւ կամ առաւելագոյնը` հարեւան ձորակի սահմաններից: Սակայն, անկախ անցնող ժամանակներից, յարափոփոխ կեանքն ապացուցում է, որ բանն այնքան էլ այդպէս չէ: Յայտնի է, որ դարեր ի վեր պահպանուելով ու փոխանցուելով սերնդէ-սերունդ, ժողովրդական առածները, բացի այն, որ բնորոշում են այս կամ այն ազգային հաւաքականութեան իւրայատուկ մտածելակերպը, ունակ են ոչ միայն ընդլայնելու սփռման աշխարհագրական շրջանակները` վերածուելով մի ամբողջ ժողովրդի պատկանող ոչ նիւթական արժէքի, այլ նաեւ` իմաստաւորելու ամենեւին էլ ոչ կենցաղային բնոյթի, ասենք թէ` քաղաքական  իրողութիւններ, որոնք  ընդգրկման եւ իմաստային առումներով գեղջկական  առօրեայից հեռու են, այսպէս ասած,  հազարաւոր մղոններով:

Օրինակ, քաղաքական կտրուածքով արջի տանձասիրական երգի  արտայայտութիւն չէ՞, արդեօք, մեր չարաբաստիկ հարեւանի` Ազրպէյճանի յաւակնոտ հռետորաբանութիւնն Արցախի, նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքների հարցում: Ասենք` ինչո՞ւ միայն հայոց պատմական լեռնաշխարհի, այլեւ միւս հարեւանների` Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, իսկ Կասպից ծովում`  նաեւ Թուրքմենստանի առնչութեամբ:
Օրինակ, պարզւում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը ոչ այլ ինչ է, քան` Ազրպէյճանից ժամանակաւորապէս վարձակալուած բնակավայր: Այդ մասին ասել է ազրպէյճանցի վայ-գիտնական, «պատմաբան» Նարիման Եաղուպլին, ով զբաղւում  է Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան պատմութեան հետազօտութեամբ: Նշելով, որ 2017 թ. լրանում է Հայաստանի կողմից Երեւանի վարձակալութեան ժամկէտը, նա յայտարարել է, թէ 1918 թ. մայիսի 29-ին  Թիֆլիսում` Մահմետական ազգային խորհրդի նիստում ստորագրուել է արձանագրութիւն` Երեւանը 99 տարով վարձակալելու մասին: Ազրպէյճանական «Ախար» պարբերականին տուած հարցազրոյցում նա ասել է հետեւեալը. «1918 թուականին Ազրպէյճանի նոր դեմոկրատական կառավարութիւնը, յանուն Պաքուի փրկութեան, Իրեւանը զիջել է հայերին: Այդ արձանագրութեան ստորագրումը հարկադրեալ միջոց էր, քանզի քիչ առաջ իր անկախութիւնը հռչակած Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութիւնը տակաւին թոյլ էր, կառավարութիւնը գործում էր Գեանջայում [Գանձակ], Պաքուի ազատագրման եւ անվտանգութեան ապահովման համար ուժեղ բանակ չկար, մանաւանդ` ուժերը չէին բաւարարում երկու ճակատով կռուելու համար»: Եաղուպլին նշել է նաեւ, որ այն ժամանակ գլխաւոր խնդիրն էր, իր իսկ խօսքերով ասած, «Պաքուն ազատագրել ռուսների եւ դաշնակների 14-հազարանոց բանակից, որոնք ցանկանում էին այն Ռուսաստանի նահանգի վերածել»: Ընդ որում, ազրպէյճանցի վայ-գիտնականի հաւաստմամբ, Երեւանը «Հայաստանին է տրուել անգլիացիների յամառ պահանջների շնորհիւ»: Սա, ի հարկէ, համարենք պատմութեան կեղծարարութեան մէջ մասնագիտացած հետազօտողի հերթական մտավարժանք, որպիսին յաճախակի կարելի է հանդիպել արդի ազրպէյճանական «պատմագիտութեան» մէջ: Ինչ վերաբերում է պաշտօնական մակարդակին, ապա Երեւանի նկատմամբ տարածքային նկրտումների նոյն այդ հիւանդ երեւակայութեան թռիչքը 2011 թ. ամանորեայ իր ելոյթում շեշտել է Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը` յայտարարելով, որ Հայաստանի ներկայիս տարածքն «ազրպէյճանական Իրեւանի խանութիւնն է»  եւ հանդիսանում է Ազրպէյճանի պատմական տարածքը: Հետագայում նա քանիցս կրկնել է իր այդ զառանցանքը` հանդէս գալով ամենատարբեր հաւաքներում:
Հանրայայտ են Պաքուի տարածքային նկրտումները Վրաստանի Մառնէուլի եւ յարակից շրջանների, կամ միով բանիւ, Ազրպէյճանում շրջանառուող արտայայտութեամբ ասած`  Բորչալուի մահալի, Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւսիսային երկու նահանգների` Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականների,  կամ դարձեալ Ազրպէյճանում մշտապէս հոլովուող Հարաւային եւ Արեւմտեան Ազրպէյճանի, Թուրքմենստանի առնչութեամբ` Կասպից ծովում գտնուող «Ազերի-Չիրաղ-Կիւնաշլի» նաւթային հանքավայրերի, Ռուսաստանի Դաշնութեան կազմում գտնուող Տաղստանի Հանրապետութեան Դերբենդ քաղաքի եւ յարակից լեզգիական տարածքների նկատմամբ: Միով բանիւ, ստացւում է այնպէս, որ Ազրպէյճանը ծնունդ է առել մի այնպիսի պետութեան սահմանների յաւակնութիւններով, որը պէտք է ձգուէր Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով: Ըստ երեւոյթին, «Պիր, իքի, Կավկազ պիզիմ տի», հայերէն թարգմանութեամբ` «Մէկ, երկու, Կովկասը մերն է» խրոխտ քայլերգի այս տողերը զուրկ չէին եւ չեն  իրական նկրտումներից:
Հնարաւոր է` որպէս զաւեշտ հնչի, բայց ազրպէյճանական պատմագիտութիւնը յաւակնութիւններ է ներկայացնում նաեւ Մոսկուայի Քրեմլինի նկատմամբ: Այո՛, հէնց այդպէս: Նման յաւակնութիւն է պարունակում  ազրպէյճանցի պատմաբան, Ազրպէյճանի գիտութիւնների ազգային ակադեմիայի  աշխատակից Ուլֆաթ Ճաւատի «Քրեմլինն ազրպէյճանցի է կառուցել» վերնագրով աշխատութիւնը: Այն տպագրուել է Պաքւում, 2009թ., որպէս ակադեմիայի պատմութեան հիմնարկի «Գիտական աշխատութիւններ» մատենաշարի 28-րդ հատոր: Եւ ահա այդ, մեղմ ասած, «աշխատութեան» 205-208 էջերից պարզւում է, որ այդ վիթխարի, վեհաշուք ապարանքը Մոսկուայի մեծ իշխան Տմիթրի Տոնսքոյի իշխանութեան օրօք, ուղիղ 4 տարուայ ընթացքում` 1367-1371 թթ., նախագծել եւ կառուցել է ոչ այլ ոք, քան Շամախի քաղաքից այդ նպատակով յատուկ հրաւիրուած ազրպէյճանցի (*) ճարտարապետ Ալիս Սիւպհան օղլի Քերեմլի-Շիրվանլին կամ, ազրպէյճանական տառադարձութեամբ` Քերիմլի-Շիրվանլին, ում անունով էլ ի սկզբանէ կոչուել էր շինութեան աշտարակներից մէկը, ապա եւ` տարածուելով ամբողջ ապարանքի վրայ, առ այսօր  շարունակւում է կոչուել Ռուսաստանի մայրաքաղաքի սիրտն ու հպարտութիւնը` Քրեմլինը: Կարելի է ենթադրել` քանի որ ռուսներն իրենց երկրում եւ եւրոպաներում այլ հմուտ մասնագէտ չեն գտել, ուստի ստիպուած էին դիմել շինարարութեան ազրպէյճանցի մասնագէտի` ճարտարապետ Ալիս բէկին, ում տաղանդը. հեղինակի հաւաստմամբ, լայն համբաւ էր վայելում Մերձաւոր Արեւելքում, Կովկասում, Պարսկաստանում, Հնդկաստանում եւ, ի հարկէ, հայրենի Ազրպէյճանում: Ըստ պատմաբանի, խանութեան տիրակալ շէյխ Իպրահիմը սկզբում չէր ուզում բաց թողնել իր սիրելի վարպետին: Բայց պատուիրակութեան ղեկավար պոյար Պարատինսքին, ով Շամախի էր եկել թանկարժէք նուէրներով,  նրան ներկայացրեց  Մոսկուայի մեծ իշխանի ստորագրած թուղթն առ այն, թէ երաշխաւորում է ապահովել ճարտարապետի անձնական անվտանգութիւնը, եւ նա ի վերջոյ ստիպուած էր համաձայնութիւն տալ Տոնսքոյի թախանձագին խնդրանքին: Այնուամենայնիւ, շինարարութեան աւարտից հազիւ երեք ամիս անց` 1371 թ. Յունիսի 22-ին, երբ շամախեցի մահմետական ճարտարապետն  «իքինտի» կոչուող նամազն էր անում, կազակների ատամանը, դաւաճանաբար թրի հարուած հասցնելով, գլխատում է Քրեմլինի հեղինակին: Այնտեղ էլ հէնց նա թաղւում է` ցաւով եւ ափսոսանքով գրում է աշխատութեան հեղինակը: Ինչպէս երեւի նկատում էք` ազրպէյճանցի «պատմաբանի», իրօք, զաւեշտ յիշեցնող հեքիաթը, ինչքան էլ կարծես թէ գեղեցիկ ու յուզիչ, աւարտւում է ազրպէյճանական աւանդական սովորութեամբ` գլխատմամբ, ինչպէս դա տեղի է ունեցել անցեալ տարուայ ապրիլին` մարտերի ընթացքում գերի ընկած եզիտի զինուոր Քեարամ Սլոյեանի պարագայում: Իրօք, անխզելի է ժամանակների չարագոյժ կապը, մանաւանդ` մեր հարեւանների դարեր ի վեր արմատացած ազգային սովորութիւնների եւ աւանդոյթների ընդհանուր պարունակում:
Ինչեւէ: Ի վերջոյ, իւրաքանչիւր ժողովուրդ ինքն է ձեւաւորում ու յղկում իր ազգային բնաւորութեան գծերը եւ, բնականաբար, լոկ ինքն է իր վարքագծի համար պատասխանատու աշխարհի առջեւ` ներկայ եւ գալիք դարերի ընթացքում: Անշուշտ, անցեալ տարի Պաքւում գումարուած բազմամշակոյթայնութեան թեմայով համաժողովի անցկացմամբ չէ, որ ժողովուրդը հաւասարի իրաւունքով անդամագրւում է քաղաքակիրթ մարդկութեան ընտանիքին, քանզի «հալվա-հալվա» ասելով չէ, որ քաղցրանում է բերանը: Անգամ աշնան մրգերից արջի համար ամենաքաղցր տանձը, ինչքան էլ գովերգես, միեւնոյնն է, չի քաղցրացնի բերանդ, եթէ իրականում այն համտես չանես: Բայց ո՞ւմ ասես: Ազրպէյճանի նախագահի՞ն, որ ահա 14 տարի է, ինչ շարունակ Արցախի քաղցր համ ու հոտով է կերակրում իր ժողովրդին. «Զէնքի ուժով, թէ ինչ հնարով գրաւենք, ետ վերցնենք մեր Գարաբաղը, մեր պատմական հողերը մաքրենք նախայարձակ հայերից, յետոյ ամէն ինչ լաւ է լինելու, բոլորդ էլ լաւ էք ապրելու»: Եւ կարծես թէ հիւթալի տանձի մասին իր արջային մուղամներով քիչ է մոլորեցրել ազրպէյճանական ժողովրդին, հիմա էլ միջազգային հանրութեանն է փորձում յիմարացնել նոյն միապաղաղ մուղամով:
«Լեռնային Ղարաբաղը բնիկ ազրպէյճանական տարածք է: Հայկական բռնազաւթման պատճառով միլիոնից աւելի ազրպէյճանցիներ փախստականներ եւ հարկադիր վերաբնակներ են դարձել: Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ազրպէյճանի միւս բռնազաւթուած շրջաններում ազրպէյճանցիների հանդէպ իրականացուել է ցեղային զտման քաղաքականութիւն»: Այս խօսքերը քաղուած են Իլհամ Ալիեւի վերջին ելոյթից, որով նա հանդէս է եկել Նիւ Եորքում` սեպտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի  վեհաժողովի 72-րդ նստաշրջանում: Ո՛չ, ի հարկէ, իր ելոյթում նա խօսք անգամ չի ասել, որ ցեղային զտում կոչուած խորշակը, ի սպառ բնաջնջման տեսքով, սկիզբ է առել իր իսկ երկրի խոշորագոյն քաղաքներից մէկում` Սումկայիթում, 1988 թուականի փետրուարի 27-ին, երբ երեք օր շարունակ քաղաքի աւելի քան 18 հազար հայ ազգաբնակչութիւնն ազրպէյճանական խառնամբոխի կողմից արիւնալի ջարդերի թիրախ էր դարձել, յատկապէս` այն բնակչութիւնը, որը տակաւին 40-ական թուականների վերջերից մինչ այդ գեհենն իր ձեռքով էր կառուցել ու կառուցապատել այդ արդիւնաբերական կենտրոնը: Խօսք անգամ չասաց, որ այդ զանգուածային ոճրագործութիւններն արիւնարբու ամբոխն իրականացրել է հանրապետութեան այն ժամանակուայ իշխանութիւնների եւ Ազրպէյճանի Ժողովրդական ճակատ նորաթուխ ազգայնական կուսակցութեան ուղղորդիչ կազմակերպական ջանքերի շնորհիւ եւ յատկապէս` Մոսկովեան իշխանութիւնների յանցաւոր թողտուութեան պայմաններում. առաւել եւս, որ ջարդարարների թիկունքում կանգնած էր Մոսկուայում գահընկէց եղած իր հայրը` Հայտար Ալիեւը: Նա դարձեալ ոչինչ չասաց, որ Սումկայիթի արիւնահեղութիւնները հետագայ երկու տարում շարունակուել են Ազրպէյճանի բոլոր հայաբնակ կամ հայահոծ շրջաններում ու բնակավայրերում եւ իրենց գագաթնակէտին են հասել հանրապետութեան մայրաքաղաք Պաքւում` 1990-ի յունուարի 13-20-ին, որի փողոցներով արեան գետեր էին հոսում եւ որտեղ ազրպէյճանցի ջարդարար ղօչիները գլուխ էին գովում, թէ ինչ մեծ ախորժակով հայի սրտի խորոված կերան: Չասաց, որ այդ ջարդերի պատճառով հազարաւոր անմեղ հայեր են զոհուել` ծերեր, կանայք, երեխաներ, իսկ հարիւր հազարաւորները բռնատեղահանուել են դատարկաձեռն: Չասաց, իհարկէ, որ մինչ այդ Ազրպէյճանում աւելի քան կէս միլիոն հայ էր ապրում ու ներկայումս այնտեղ հայեր չկան այլեւս, իսկ այն հայուհիները, ովքեր իրենց չար բախտից ընտանիք են կազմել ազրպէյճանցի տղամարդկանց հետ, այսօր էլ հալածանքների մէջ են, կամ ստիպուած են ծպտուել եւ ազրպէյճանուհի ձեւանալ: Խօսելով իբր թէ Ազրպէյճանում տիրող ազգային ու կրօնական հանդուրժողականութեան մթնոլորտի  մասին` նա ծպտուն անգամ չհանեց, որ իր երկրում շարունակուող վհուկների որսը նախ եւ առաջ ուղղուած է երկրի ազրպէյճանական ազգութեան այն քաղաքացիների դէմ, ովքեր արիւնակցական կապի մէջ են հայերի հետ` «ում մայրը եւ կամ ում կինն է հայ» վճռորոշ սկզբունքով: Առաւել եւս, երբ այդ կարգի մեղադրանքները սովորական երեւոյթ են երկրի խորհրդարանում, այսպէս կոչուած, օրէնսդիրների գրեթէ ամէնօրեայ գզվռտոցների ընթացքում: Չասաց, որ Ազրպէյճանն է, 1991-ի աշնանը, տակաւին նախագահ Այազ Մութալիպովի իշխանութեան օրօք,  չյայտարարուած պատերազմ սանձազերծել յանուն ազգային ինքնութեան պահպանման եւ ազատութեան խաղաղ ցոյցերի ելած արցախահայութեան դէմ, պատերազմ, որ նոյն անողորմութեամբ շարունակում էին վերջինիս յաջորդած Ապուլֆազ Էլչիպէյը եւ ապա իր նախագահ հայրը` Հայտար Ալիեւը: Այլ կերպ չէինք էլ սպասում, եւ նա իրօք դարձեալ միջազգային հանրութեան առջեւ խեղաթիւրեց Խոջալուի ողբերգութեան իրական հանգամանքները, քաջատեղեակ լինելով հանդերձ, որ դա ամենեւին էլ հայկական ձեռագիր չէր, եւ Աղտամի մերձակայքում հէնց իր ազգակից մարդասպաններն են յօշոտել այդ քաղաքի փախստական բնակիչներին` Մոսկուայից իր Հայտար հօր հրահանգով, նախագահ Մութալիպովին գահընկէց անելու հեռագնայ նպատակով: Ինչ խօսք` նա հազիւ թէ մատնանշէր, որ իր երկրի զինուած ուժերը, գրաւելով Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղը, սպանդի են ենթարկել նրա տասնեակ խաղաղ բնակիչների` հաշուի չառնելով ո՛չ սեռ եւ ո՛չ տարիք, իսկ շատերին էլ որպէս պատանդ անհետ քշել, տարել են Ազրպէյճանի խորքերը: Նա չասաց, որ իր երկիրը չարաչար տանուլ է տուել իր իսկ նախաձեռնած պատերազմում, եւ այն, որ 94-ի մայիսեան հրադադարը փաստօրէն երկնային մանանայի տեսքով  փրկութեան օղակ էր Ազրպէյճանի համար, այլապէս հազիւ թէ ինքը հիմա նախագահի կարգավիճակով հանդէս գար ՄԱԿ-ի վեհաժողովի բարձր ամպիոնից: Միանգամայն հասկանալի է, թէ ինչո՛ւ նա չխոստովանեց անձամբ իր` որպէս Ազրպէյճանի զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի,  մեղսակցութիւնը ազրպէյճանա-արցախեան հակադիր զօրքերի շփման գծում հրադադարի ամէնօրեայ խախտումներին եւ առանձնապէս 2014-ի օգոստոսեան ու 2016-ի ապրիլեան արիւնահեղ մարտերի սանձազերծմանը: Չխոստովանեց, քանզի այլ էր նրա ելոյթի նպատակը` արջի սիրած տանձի մասին այն եօթ մուղամը, որ մինչ այդ ծափողջոյնների տարափի ներքոյ  կատարում էր ներքին լսարանում` Ազրպէյճանում, փորձել նաեւ այդտեղ: Ի՞նչ իմանաս, բախտի բան է, գուցէ  միջազգային լսարանո՞ւմ նոյնպէս ծափ ու ծլնգոց հնչի:
Բայց երեւի թէ բարի բախտն ամէնուրեք ուղեկցում է Ազրպէյճանի նախագահին: Քանզի այս անգամ եւս Իլհամ Ալիեւին ծափահարում էին: Ի հարկէ,  ուրիշ էլ ո՞վ, եթէ ոչ նստաշրջանում ազրպէյճանական եւ թուրքական պատուիրակութիւնների անդամները` բուռն, անզուսպ ոգեւորութեամբ: Ընդ որում, չզլանանք նշել, որ առանձնապէս զրնգուն էին համատեղութեան կարգով երկրի Առաջին տիկի՞ն, թէ՞ առաջին փոխնախագահ Մեհրիպան Ալիեւայի, բնականաբար, նաեւ նախագահ-փոխնախագահ ամուսնական զոյգի աւագ դստեր` Լէյլա Ալիեւայի ծափողջոյնները:

«Ազդակ», 18 Հոկտեմբեր 2017

---------------------------------------------
(*)  Բացառելով ատրպէյճանցի «գիտնականները», ոեւէ լուրջ պատմաբան գիտէ, որ ԺԴ. դարուն «ատրպէյճանցի» ու «Ատրպէյճան» գոյութիւն չունէր («Հայկականք»)։ 

No comments:

Post a Comment