ԱՌԱՋԻՆ ՕՐ
Ուրբաթ, 13 Հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում պաշտօնական բացումը կատարուեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թեմական Խորհրդի:
Գիտաժողովի բացումը կատարեց Համբուրգի
համալսարանի դասախօս եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամ՝ Իշխան Չիֆթճեան: Նա
հայ ազգի քրիստոնէական կեանքում առաջին երկու առաքելութիւնները իրագործած
սրբերի՝ Սբ. Թադէոս եւ Սբ. Բարթողիմէոս առաքեալների գործունէութիւնը
առնչեց մեր ազգային պատմութեան եւ ճակատագրի հետ, ակնարկելով նրանց
յիշատակին կառուցուած տաճարներից մէկի Իրանի եւ միւսի Թուրքիոյ սահմաններից
ներս գտնուելու փաստին, ինչպէս նաեւ՝ մէկի վերանորոգւած եւ միւսի աւերակ
լինելու իրողութեան: Թաւրիզը մեր պատմութեան ընթացքում չի՛ եղել
մշակութային մէկ կենտորն Սպահանի նման, սակայն Թաւրիզ եկել, այնտեղ հետք
թողել եւ Թաւրիզից անցել են Առաքել Դաւրիժեցիի, Մեսրոոպ Թաղիադեանցի, Րաֆֆու եւ Հրաչեայ Աճառեանի նման պատգամագէտներ, հայագէտներ եւ գրագէտներ,
որոնց աշխատանքի հետքերի վրայ սոյն գիտաժողովի կատարում կարեւոր համարեց
նա: Ապա, անցեալից ներկայ կամուրջ նետելով, նա անդրադարձաւ Առաջնորդ
Սրբազանի հետազօտական աշխատանքին, որը մղիչ ոյժն էր հանդիսացել
գիտաժողովին: Բարի գալուստ մաղթելով բոլոր մասնակիցներին, նա
շնորհակալութիւն յայտնեց նրանց, ինչպէս նաեւ Թեմական Խորհրդի եւ
կազմակերպիչ յանձնախմբի անդամներին, գիտաժողովի կայացման նախապատրաստական
աշխատանքների կատարման համար:
Ուրբաթ, 13 Հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում պաշտօնական բացումը կատարուեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թեմական Խորհրդի:
Տարբեր երկրներից ժամանած օտար հայագէտներ
մասնակցում էին սոյն գիտաժողովին, հայագիտութեան կալուածը շօշափող այլազան
նիւթերով՝ հայկական ձեռագրագիտութիւն, պատմութիւն, վաւերագրութիւն,
ազգագրութիւն, հայ-գերմանական յարաբերութիւններ, հայ-քրդական
յարաբերութիւններ, Գերմանիա եւ Հայոց Ցեղասպանութիւն, Գերմանացիների
հայախնամ առաքելութիւնը Թաւրիզում եւ Սպահանում, հայ ժողովրդի յետեղեռնեան
վերընձիւղումը, գոյապայքարը եւ արդար պահանջատիրութիւնը, որոնք
ներկայացուեցին առաջին օրուայ երեք նիստերում: Գիտաժողովը ընթացաւ անգլերէն
լեզուով:
Առաջին բանախօսութիւնը տրւեց Առաջնորդ
Սրբազան Հօր կողմից՝ «Ատրպատական՝ մեծ վերապրողը պատմութեան» նիւթով:
Սրբազան Հայրը Ատրպատականի հայոց թեմի պատմական անցեալի ընդհանուր
ներկայացումը կատարելուց յետոյ, իր նիւթը զարգացրեց դրա մշակութային հսկայ
ժառանգութեան մասին համապարփակ տեղեկութիւններ տալով: Մատենագիրներից
մէջբերելով ակնարկութիւններ թեմի տարածքում գտնուող սրբավայրերի մասին, նա
նաեւ անդրադարձաւ այն եկեղեցիներին, ճգնարաններին եւ մատուռներին, որոնք
պատմութեան ընթացքում ցարդ ուշադրութեան չէին արժանացել հետազօտողների
կողմից: Թեմի տարածքում հազարաւոր գերեզմանաքարերի փորագրական արուեստին
անդրադարձաւ Սրբազանը, որոնք անտաշ սալատապանների ճակատագրից էլ աւելի վատ
վախճան են ունենում անտիրութեան մատնուած լինելու պատճառով:
Ազգային-եկեղեցական մշակութային
ժառանգութեան անշարժ եւ շարժուն հարստութեան ներկայ իրավիճակը գիտական
աշխարհին բացելու հեռանկարով, Սրբազանը Ատրպատականի ձեռագրերի, կիրառական
արուեստի նմոյշների, մասնատուփերի, աջերի ու խաչերի, ինչպէս նաեւ ազգագրական
արժէք ներկայացնող իրերի մասին ընդհանուր պատկերացում տուեց, ահազանգելով
ձեռագրերի վերանորոգութեան խիստ անհրաժեշտութիւնը: Հնատիպների վերանորոգման
համար օգտագործուած եւ դրանց պատառոտած էջերը պահպանելու համար անցած
դարերին դրանց կպցուած ձեռագրերի պատառիկների արժէքը ներկայացնելով, յոյս
յայտնեց, որ դրանց ուսումնասիրութեամբ նոր լոյս կը սփռուի հայ
մատենագրութեան եւ պատմութեան վրայ:
Վերջապէս, անցած դարերի եւ իրերայաջորդ
տասնամեակների ընթացքում, քաղաքական եւ այլ բազմապիսի պատճառներով
հարուածուած Ատրպատականի թեմը Սրբազանը անուանեց «վերապրող», որի
հիմնադրութեան պաշտօնական թւականը մեզ տանում է աւելի քան 750 տարի յետ:
Երկրորդ նիւթը՝ «Նոր պրպտումներ Նոր
Ջուղայի հայերէն հին ձեռագրերում», ներկայացրեց ներկայիս Իսպանիայի Սան
Դամասօ եկեղեցական համալսարանի այցելու դասախօս՝ հայագէտ Բեռնար Ուտիէ:
Նստավարն էր Վիլֆրիդ Էկկերսը: Փրոֆ. Ուտիէ տարիների ընթացքում իր կատարած
բազմաթիւ ուսումնասիրութիւնների կողքին, մի քանի տարիներ առաջ Նոր Ջուղայի
մատենադարանում հետազօտութիւններ էր կատարել, եւ սոյն դասախօսութեամբ
ձեռագրերի մասին բնագրագիտական նոր տեղեկութիւններ հաղորդեց: Նա անանուն եւ
անհեղինակ համարւած մի շարք ձեռագրերի համար հեղինակներ առաջարկեց եւ
նշումներ կատարեց այս ուղղութեամբ: Նա շեշտեց Պօղոս առաքեալի նամակների մէկ
հին մեկնութեան կարեւորութիւնը, որը նոյնիսկ նկատի չի առնւել Ե.
Պետրոսեանի եւ Ա. Տէր-Պետրոսեանի «Ս. Գրքի հայերէն մեկնաբանութեան
մատենագիտութիւն» գրքի մէջ (Երեւան 2002): Սոյն դասախօսութեամբ, Բ. Ուտիէ
կարեւոր նշումներ կատարեց նաեւ Նոր Ջուղայի հայկական ձեռագրական
հաւաքածոյում գտնուող վրացերէն պատառիկների մասին:
Առաջին նիստի երրորդ նիւթը՝ «Հայերէն
եզրերի ծագումնաբանութիւնը թափանցիկ դարձնելու մի փորձ» ներկայացւեց
Էրլանկեն-Նիւրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանից Դիրկ Նովակ:
Հայոց լեզուի հրապուրիչ անցեալին էր
անդրադառնում սոյն զեկոյցը, մասնակիցներին հրաւիրելով դէպի դրա
հնդեւրոպական արմատները: Դիրկ Նովակ իր ունկնդիրներին մէկ կարճ
ճամբորդութեան տանելով լեզուաբանական պատմութեան ուղիներից, հասաւ մինչեւ
դասական հայերէնի՝ գրաբարի ձեւաւորմանը, այնպէս ինչպէս այն գտնւում է Ե.
դարի գրաւոր յիշատակարաններում: Նոյն ճանապարհի վրայ նա բացայայտեց
յունարէնի եւ ասորերէնի, ինչպէս նաեւ միջին պարսկերէնի մեծ ազդեցութիւնը
հայերէնի վրայ, յատկապէս փոխառեալ բառերի մեծաքանակ ներկայութեամբ: Նա
ասաց, որ պահլաւերէնից փոխ առնուած բազմաթիւ բառերի ներկայութիւնը հայերէնի
մէջ պատճառ է դարձել, որ Եւրոպայում երկար ժամանակ հայերէնը համարուել է
պարսկական լեզուի մէկ ճիւղ: Զեկոյցը ուշադրութեան առարկայ դարձրեց հայերէնի
բառապաշարը, որ հնդեւրոպական մայր լեզուից է ժառանգուած: Նովակ հայերէնը նախ
ներկայացրեց իր հնդեւրոպական «ազգակիցների» շրջանակում, որտեղ նա մէկ անկախ
ճիւղ է կազմում, ինչպէս յունարէնը: Ազգակցութեան եզրերի (հայր, մայր եւ
այլն) մի շարք օրինակների վրայ հիմնուելով Դիրկ Նովակ հնդեւրոպական
լեզուագիտութեան մեթոդը ցոյց տւեց, ձայնաբանութեան մակարդակի վրայ:
Լեզուաբանական այս ներածութիւնից յետոյ, Դիրկ Նովակ «թափանցիկ»
ծագումնաբանութիւնների մի այլազանութիւն մատուցեց մասնակիցներին, ինչ որ
յստակօրէն տեսանելի էր դարձնում հայերէնի եւ հնդեւրոպական լեզուների,
ինչպէս նաեւ անգլերէնի, գերմաներէնի եւ պարսկերէնի միջեւ եղած
յարաբերութիւնը:
Երկրորդ նիստը՝ «Հայ-գերմանական
յարաբերութիւններ», սկսեց կարճ դադարից յետոյ, նստավարութեամբ Իշխան
Չիֆթճեանի: Սոյն նիստի առաջին նիւթը՝ «Դորպատի համալսարանի տեսուչը Արարատ
լեռան վրայ», ներկայացրեց Գերմանիայի Բուքստեհուդէ քաղաքի Բարձրագոյն
Ուսումնարան - 21 համալսարանից՝ Կատրին Էնդլեր: Երբ գերմանացի ակադեմական
Ֆրիտրիխ Պառօտ (1791-1841), 1829 թուի 30 Մարտի երեկոյեան, գիտական
հետազօտութեան նպատակով դէպի Կովկաս եւ Հայաստան ճանապարհորդութեան էր
ձեռնարկում, ռուս-պարսկական պատերազմները արդէն իրենց աւարտն էին գտել՝
1828 թուի Թուրքմենչայի դաշնագրով, ի նպաստ ռուսական կայսրութեան: Էնդլեր
բացատրեց, որ դաշնագրի կնքումից յետոյ, Արարատ լեռը մի կերպով սահմանակէտ
էր կազմում Ռուսաստանի, Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ռուսական
իշխանութիւնը Պառօտին է վստահում անդրկովկասեան մէկ գիտարշաւ, որի
նպատակներից էր նաեւ Արարատ լեռ բարձրացումը: Կատրին Էնդլեր ասաց, որ
ենթադրւում է, թէ այս գիտարշաւը նաեւ քաղաքական եւ գաղութատիրական
նպատակներ էր հետապնդում, յատկապէս այն պատճառով, որ Ռուսիայի Նիկոլայ Ա. ցարը մեծ հետաքրքրութիւն էր ցոյց տալիս եւ ճիգ չէր խնայում այս աշխատանքի
յաջողութեան համար: Էնդլեր ներկայացրեց Պառօտի հանդիպումը Խաչատուր Աբովեան
անունով «մի սարկաւագի», ինչպէս նա կոչում է Աբովեանին, որը դառնալու էր
իր անփոխարինելի ուղեկիցը, թարգմանիչը եւ լեռնագնացութեան ընթացքում իրեն
օժանդակող անձը: Ամփոփելով իր նիւթը, Կ. Էնդլեր ասաց, թէ 27 Սեպտեմբեր
1829-ին, Արարատը նուաճուեց առաջին անգամ լինելով: Վերջապէս նա նշեց, որ
Պառօտ իր աշխարհագրական եւ բնագիտական ուսումնասիրութեանց արդիւնքը
ամենայետին մանրամասնութիւններով նկարագրել է իր հրապարակած ընդարձակ
տեղեկագրութիւնում «Ճամբորդութիւն դէպի Արարատ Դոկտ. Ֆրիտրիխ Պառօտի
կողմից» (Բեռլին, 1834):
Երկրորդ նիստը շարունակուեց Գերմանիայի Գէօտինկեն քաղաքի Գէորգ-Աուկուստ համալսարանի դասախօս՝ Կլաուդիա Ռամմելտի
«Գնա՜նք Արեւելք. (Միջին Արեւելքի մէջ կատարւած մի աշխատանքի պատկերներ՝
բաղդատական հեռանկարով. Եոհան Լուտվիգ Շնելլերի եւ Էռնստ Եակոբ Քրիստոֆէլի
օրինակը)» նիւթով: Բանախօսը ներկայացրեց մարդասիրական աշխատանքի երկու
նուիրեալների գործունէութեան սկիզբը: 1850-ական թուականներին, Եոհան Լուտվիգ
Շնելլեր աւելի քան երկու ամիս ճամբորդում է, Երուսաղէմ հասնելու նպատակով:
Նա մեկնում է Երուսաղէմ, ապրելու եւ գործելու համար Սուրբ Երկրում: Սկզբում
նա պատասխանատու է նշանակւում «Եղբայրների Տան»: Նոյն ժամանակաշրջանում
քրիստոնեաներ եւ դուրզիներ արիւնալի պայքարի մէջ էին Լեռնալիբանանում:
Բազմաթիւ քրիստոնեաներ էին սպանւում, որբեր թողնելով իրենց ետին: Շնելլեր
իբրեւ հակազդեցութիւն հիմնում է «Սիրիական Որբանոց»ը Երուսաղէմի պարսպից
դուրս իբրեւ մի նոր տուն որբերի համար եւ մինչեւ իր մահը մնում է տեսուչը
այդ տան: Ապա բանախօսը ներկայացրեց մի այլ անձնաւորութեան՝ Էռնստ Եակոբ
Քրիստոֆէլին (1876-1955), որը եւս ճանապարհւում է դէպի Արեւելք:
Մալաթիայում երկար ժամանակ գործելուց յետոյ անցնում է Պարսկաստան եւ
յատկապէս Թաւրիզում եւ Սպահանում աշխատում է հաշմանդամների եւ կոյրերի
համար, հայկական շրջանակներում: Կեանքի պայմանները մաշեցուցիչ էին: Ամէն
դէպքում, Շնելլեր եւ Քրիստոֆէլ անխոնջ յարատեւեցին իրենց աշխատանքում:
Գլաուդիա Ռամմելտի զեկոյցի կիզակէտը կազմում էին սոյն միսիոնարների
շարժառիթների ձեւերը՝ Միջին Արեւելքում ապրելու եւ աշխատելու: Ռամմելտ
ունկնդիրներին ծանօթացրեց քրիստոնէական միսիոնի ծալքերին՝ մէկ կողմից
կայսերապաշտական հետաքրքրութիւնների խնդիրներին եւ միւս կողմից յիշեալ
միսիոնարների իբրեւ մարդասիրական ծառայող նուիրեալ աշխատանքին:
Երրորդ նիստի խորագիրն էր՝ «Համակեցութիւն
եւ Ցեղասպանութիւն, նստավարն էր Կլաուդիա Ռամմելտը: Առաջին զեկուցաբերը ՝
Համբուրգի համալսարանից Ժիար Մոհեդիեն, ներկայացրեց իր նիւթը՝ «Հայերը
Միջին Արեւելքում. հայերի եւ քրդերի միջեւ համակեցութեան մէկ օրինակ
Հիւսիսային Սիրիայում»:
Ժ. Մոհեդիեն խօսեց Օսմանեան
կայսրութիւնում քրիստոնեաների եւ եզիտիների դէմ գործադրւած ցեղասպանութեան
մասին, որը նաեւ հայերի կեանքում մեծ խորտակում առաջացրեց, եւ որ մինչեւ
այսօր նրանց հաւաքական ինքնութեան վրայ խոր հետք է թողել: Նա անդրադարձաւ
հայ Սփիւռքի իրականութեան, որը Հայաստանի Հանրապետութիւնից դուրս
գոյատեւում է: Բանախօսը Հայոց Ցեղասպանութիւնից վերապրածների եւ նրանց
սերունդների կեանքին անդրադարձաւ, յատկապէս Սիրիայի մեծ եւ փոքր
քաղաքներում՝ Հալէպում, Դամասկոսում, Հոմսում, ինչպէս նաեւ Իրաքում՝
Բաղդադում եւ Մուսուլում, նաեւ Իրանի տարբեր քաղաքներում: Իր զեկոյցում,
Մոհեդիեն խօսեց նրանց ներկայութեան մասին յատկապէս քրդաբնակ շրջաններում,
շեշտելով որ նրանց գոյութիւնն ու պատմութիւնը Էրբիլի, Տուհոքի, իրաքեան
Քրդստանի եւ Գամիշլիի, Աֆրինի շրջանի եւ սիրիական Քրդստանի մէջ, դեռեւս
մանրամասն հետազօտութեան առարկայ չի՛ դարձել: Սոյն շրջաններում հայերը
լաւապէս համարկուել են, բայց չեն ձգտել ներառուել քաղաքական պատերազմների եւ
պայքարների մէջ: Ապա, բանախօսը հարցադրումներով յառաջ տարաւ իր թէզը. Հայեր
ինչպիսի՞ յարաբերութիւն ունեն տեղի քրդական բնակչութեան հետ, որ մասամբ
յետնորդ սերունդն է կազմում այն ցեղախմբերի, որոնք անցեալ դարի ջարդերին
մասնակից են եղել: Արդեօ՞ք նրանց դառն յիշողութիւնը դեռեւս թարմ է, թէ՞
արդէն ճիգեր ի գործ են դրւել նրանց յարաբերութիւնները բարելաւելու այն խիստ
անկայուն աշխարհամասում: Ապա նա վերլուծեց զոյգ՝ հայկական եւ քրդական
հասարակութիւնների փոխյարաբերութիւնները, պատմելով երկու իրարից տարբեր
պատումներ հայերի եւ քրդերի մասին՝ մին Աֆրինում, իսկ միւսը Քոպանէում տեղի
ունեցած դէպքեր, համակեցութեան մէկ օրինակ տալով:
Վերջապէս, երրորդ նիստի եւ առաջին օրւայ
վերջին նիւթը ներկայացւեց Բոխումի Ռուհր համալսարանից Եան Կեմի կողմից
«Գերմանիայի կողմից 1915ի Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից մի
տարի անց - Ճանաչման եւ ուրացման միջեւ. անձնական նշումներ եւ
փորձառութիւններ Հայոց Ցեղասպանութեան մասին» խորագրով:
Կեմ իր բանախօսութեան սկսելով ասաց թէ
Գերմանիայում ճանաչման գործընթացը իր աւարտին չի՛ հասել: Պատմական
ճանաչումը այնքան էլ հեշտ ընթացք չունի, ասաց նա, դիմադրական այն
շարժումները ներկայացնելով յատկապէս, որոնք Գերմանիայի թուրք համայնքի
կողմից իբրեւ կեցուածք արտայայտւում են: Կեմ Գերմանիայում համագործակցում է
հայերի, քրդերի եւ արամէացիների հետ, լսելի դարձնելու համար ցեղասպանութեան
զոհերի եւ հայերի ձայնը: Նա իր զեկոյցում ներկայացրեց Հայոց
Ցեղասպանութեան թեմայի հետ իր ունեցած անձնական փորձառութիւնները՝ Միջին
Արեւելք կատարած իր ճամբորդութիւնների շրջագծից ներս, նաեւ ներկայացրեց
ընդհանուր պատկերը Գերմանիայում, զարգացումների, ծրագրերի եւ խնդիրների,
որոնք Հայոց Ցեղասպանութեանն են առնչւում:
Առաջին օրուայ նիստը փակուեց առաջնորդ
Սրբազան Հօր եզրափակիչ խօսքով, որ ընդհանուր վերաժեւորումը կատարեց
ներկայացուած նիւթերի խիստ շահեկանութեան: Սրբազանը յատկապէս Հայոց
Ցեղասպանութեան թեմայի շուրջ արտայայտուելով, շեշտեց, որ անհրաժեշտ է
մարդկային իրաւանց համաշխարհային խնդրի լուծման գործընթացից դուրս բերել
աշխարհաքաղաքական շահերը, տեսնելու համար բացայայտ ճշմարտութիւնը հայ
ժողովրդի արդար պահանջատիրութեան:
Նշենք, թէ Սրբազան Հայրը իր բանախօսութեան
աւարտին ներկաներին ծանօթացրեց Թաւրիզում գործող Հայ Համալսարանականների Միութեան աշխատանքին, գնահատանքով յիշելով «Ուղեւորութիւն Ատրպատականի
հայոց թեմում» մէկ խորագրի տակ հաւաքուած լայնածաւալ գրքի շնորհանդէսը Սբ.
Թադէի վանքում, եռօրեայ ուխտագնացութեան ընթացքում, անցած Յուլիս ամսի
28-ին, որն այնքան բծախնդրութեամբ կազմակերպել էր Թաւրիզի Հայ
Համալսարանակնների միութիւնը:
ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
Ատրպատականի հայոց թեմի Թեմական Խորհրդի
կողմից կազմակերպւած հայագիտական Ա․ գիտաժողովի վերջին եւ եզրափակիչ նիստը
տեղի ունեցաւ Երկուշաբթի, 16 Հոկտեմբեր 2017-ին, Դարաշամբի Ս. Ստեփանոս
Նախավկայի հրաշակերտ վանքում։
Գիտաժողովին մասնակից հայագէտները Շաբաթ եւ Կիրակի օրերի ընթացքում առիթ էին
ունեցել այցելել Ատրպատականի պատմական թեմի փառքը կազմող վանքերը, Ս․ Թադէն
ու Ծոր-Ծորը, տեսել էին աստուածաշնչական Արարատ լեռն ու Արտազ գաւառն
ընդհանրապէս, խոր տպաւորութեամբ համախմբւեցին Ս․ Ստեփանոս վանքի սրահում։
Սոյն այցելութիւններով նրանք իրենց գիտական աշխարհին ու աշխատանքին էին
ներարկում պատմութեան ու արուեստի տարբեր երեսներ ու մանրամասներ։
«Գրականութիւն եւ կենսագրութիւն» նիստի
առաջին զեկուցաբերն էր Վիլֆրիդ Էկկերս, Գերմանիոյ Դրոխտերսեն քաղաքից, որը
զեկուցեց «Ինչպէ՞ս գրել անգրելիի մասին․ Հայոց Ցեղասպանութեան մասին գրականութիւն» նիւթի մասին։ Նա ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերող
չորս վէպեր՝ Ֆրանց Վերֆէլի «Մուսա Տաղի քառասուն օրերը» (1933), Էդգար
Հիլզենռաթի «Վերջին մտածումին հեքիաթը» (1989), Ֆեթհիէ Չեթինի «Մեծ մայրս»
(2004) եւ Փիթըր Բալաքեանի «Ճակատագրի սեւ շունը» (1997) գործերը,
ամփոփելով ու դրանցից վեր հանելով ինչ-ինչ երեսներ։ Էկկերս շեշտեց, թէ ինք
հետաքրքրւում է յատկապէս հետեւեալ հարցերով․ սոյն հեղինակներն ինչպէ՞ս են
կարողացել գրել անգրելիի մասին․ իսկ մենք իբրեւ ընթերցող ինչո՞ւ
յափշտակւում ենք այսօր նրանց պատումներով։ Առաջին երկու երկերը գրի են
առնուել գերմանացի հրեաների կողմից եւ դիտւել են ժամանակակիցի աչքերով, իսկ
միւս երկուսը՝ մին թրքուհու, միւսն էլ ամերիկահայի կողմից՝ թոռան աչքերով
դիտւած։ Աւելի քան հարիւր տարիներ անցել են Հայոց Ցեղասպանութիւնից, շեշտեց
Էկկերս, սակայն ինչ որ պատահել է, դեռեւս մաս է կազմում մեր ներկայ
ժամանակին։ «Այս վէպերին ուղղուած իմ մօտեցումը հայեացքն է մի կողմից
գերմանացի գրողի եւ միւս կողմից՝ նացի գերմանացիների մի յետնորդի», ասաց
նա։ Գերմանական հաւաքական ինքնութեան վրայ դիտելով Հայոց Ցեղասպանութեան
իրողութիւնը, զեկուցաբերը հաստատեց, որ փորձառութիւններն իրարից օգտւում
են՝ մեր նպատակադրումներից անկախ։ «Քաղաքական եւ նոյնիսկ հետազօտական
բազում աշխատանքներ յաճախ չեն գործում այն ազդեցութիւնը, որը գործում է
պարզ մի պատմւածք, հեքիաթ, որի մէջ ներկայ է ժողովուրդների ծայրագոյն
փորձառութիւնը», յիշեցրեց նա։ Նա պատմեց իր հանդիպումը Ֆ․ Չէթինի ու Փ․ Բալաքեանի հետ Գերմանիայում, Բեռլինի ճիշտ այն վայրում, որտեղ Հիտլերի
Գերմանիան որոշում էր կայացրել հրեաների Ողջակիզումը իրագործել։ Յիշեալ
վէպերի ներկայացումից եւ մի շարք հարցերի վերլուծումից յետոյ նա
անդրադարձաւ նաեւ ներկայի թրքական իշխանութեան ուրացման ամուլ եւ
ինքնաքանդիչ քաղաքականութեան։
Երկրորդ զեկուցաբերն էր Օմմանի Նիզուայի
համալսարանի գերմանագիտութեան դասախօս, գերմանացի հայագէտ Մատթիաս Ֆրից,
որը ներկայացրեց հետեւեալ նիւթը. «Լեւոն Շանթի գերմանական շրջանը. գերմանական «դարավերջի» Ակադեմիայի ազդեցութիւնը նրա արձակի ու
քերթողութեան վրայ»։ Ֆրից նախ ներկայացրեց նշանաւոր հայ թատերագիր Լեւոն
Շանթի (1869-1951) կեանքի աշխարհագրական տարբեր փուլերը։ Ծանօթ է, որ նա
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հիմնադիր անդամներից մէկն է
եղել եւ տնօրէնը՝ Բէյրութի Նշան Փալանճեան ճեմարանի, եւ որ իր կեանքի
վերջին երկու տասնամեակներն մինչեւ իր ծերութիւնը անցկացրել է Բէյրութում,
որտեղ եւ նա մահացել ու թաղւել է։ Նա իր ուսման մեծ մասն ստացել է
գերմանական համալսարաններում։ Պոլսոյ Սկիւտարում եւ Էջմիածնի Հոգեւոր
ճեմարանում իր սկզբնական կրթութիւնն աւարտելուց յետոյ, շուրջ քսան տարեկան հասակում, դեռեւս իբրեւ Լեւոն Սեղբոսեան, նա մեկնել է Գերմանիա եւ
1893-1899 թուականներին Լայպցիգի, Ենայի եւ Միւնիխի համալսարաններն յաճախել
է, ուսանելով ոչ միայն փիլիսոփայութիւն, այլեւ մանկավարժութիւն եւ այլ
առարկաներ։ Մատթիաս Ֆրից ցոյց տուեց յիշեալ համալսարանների արձանագրութեանց
տոմարներում գտնուող Շանթի վերաբերող վաւերաթղթերը։ Գերմանական
ժամանակաշրջանում, Շանթ արդէն իսկ արձակ ու չափածոյ երկերի հեղինակ էր, ինչ
որ նուազ ծանօթ է, որտեղ նա իր մտածումներն էր արտայայտում ազգի ու
ընկերութեան մասին։ Գերմանիայում գրի առնուած այս երկերի շարքում են «Երազ
Օրեր», «Դուրսեցիները», «Դերասանուհին», «Դարձ» խորագրւած երկերը, եւ սրանց
կողքին, քերթուածների մէկ հաւաքածոյ, «Երգեր» խորագրով։ Զեկոյցով ցոյց
տրւեց, թէ ինչպէս Շանթի վաղ շրջանի ստեղծագործութիւնները ազդեցութիւն են
կրել գերմանական ակադեմիական շրջապատի, Գերմանիայի 19-րդ «դարավերջ»-ի (fin
de siecle) ժամանակաշրջանում։ Ֆրից վերջում նաեւ Շանթի «Փիլիսոփաներ»
քերթուածի օրինակով լուսաբանեց գերմանական ազդեցութեան ձեւն ու ոլորտը։
Վերջին նիստի վերջին զեկուցաբերն էր Իշխան
Չիֆթճեան, Համբուրգի համալսարանից, որը ներկայացրեց «Կենսագրական
վերհանումներ Ներսէս Արքեպս. Մելիք-Թանգեանի (1866-1948) վաստակից» նիւթը։
Նա Ատրպատականի հայոց թեմի բազմավաստակ առաջնորդի՝ Ներսէս արքեպս.
Մելիք-Թանգեանի կեանքի ու գործունէութեան ուրւագծումից յետոյ, վերհանեց նրա
կենսագրութիւնից կարեւոր երեսներ, որոնք ճակատագրական նշանակութիւն էին
ունեցել թեմի եւ ընդհանրապէս հայոց պատմութեան տուեալ ժամանակաշրջանի համար։
Չիֆթճեան հաստատեց, որ Մելիք-Թանգեան պատկանում է պատմութեան մէջ այնպիսի
անձնաւորութիւնների փաղանգին, որոնց կենսագրութիւնը չի բաժանւում
պատմութիւնից, այլ կերտում է պատմութեան տուեալ հատւածը։ Հայոց պատմութեան
ճակատագրական պահերում՝ ցեղասպանութիւնից առաջ, դրա ընթացքում եւ դրանից
յետոյ նա նուիրուել է գաղթականախնամ հսկայածաւալ աշխատանքի, անձնապէս
նիւթական նպաստի միջոցներ որոնելով եւ հայթայթելով։ Առաջին Աշխարհամարտից
խուսափող քրիստոնեայ բազմաթիւ զանգուածների տեղաւորումը Ջուլֆայում, նրանց
խնամքը, ապա վերադարձը դէպի իրենց բնակավայր, ցեղասպանութեան որբերի
հոգածութիւնը, ինչպէս նաեւ 1920-21-ին, Հայաստանի Հանրապետութեան աքսորեալ
աւագանու ապահովութիւնն ու բարեկեցութիւնը նրա համար եղել են
առաջնահերթութիւններ։ Երկու աշխարհամարտերի ընթացքում, նա ներհայկական եւ
արտահայկական մակարդակների վրայ՝ հոգեւոր, քաղաքական, դիւանագիտական,
կրթական, որբախնամական, գաղթականախնամական բազմածաւալ գործունէութեամբ
պատմութիւն ու կենսագրութիւն իրար է միահիւսել։ Գաղթականների հովանաւորչի
նրա նուիրեալ աշխատանքը բարութեամբ չէ դիտուել սովետական իշխանութեան կողմից,
որը բազմիցս ճնշում է բանեցրել Էջմիածնի օրուայ գահակալի վրայ, ստիպելով
Ներսէս Սրբազանին հրաժարւել իր պաշտօնից։ Հայ եկեղեցու պատմութեան էջերում
մի կարեւոր եւ ժողովրդավարական օրինակ համարեց Չիֆթճեան սոյն պարագան,
որտեղ եկեղեցու պետին վերջում չի յաջողւում իրեն պարտադրուած կամքի
իրականացումը, երբ Մելիք-Թանգեան իր պաշտօնում մնում է եւ Վեհափառի
առաջարկներն ու հրահանգները արժանանում են համաժողովրդական կրկնուող
մերժումների։
Նշենք, որ ե՛ւ առաջին՝ Ուրբաթ օրւայ, ե՛ւ Երկուշաբթի օրուայ զեկոյցների աւարտին զեկուցաբերներին հարցեր ուղղուեցին եւ
նրանք տուեցին հարկ եղած լուսաբանութիւնները, յաճախ ճամբայ բացելով
քննարկումների։
Երրորդ զեկոյցի քննարկումից յետոյ, Առաջնորդ Սրբազանը հրաւիրեց մասնակիցներին կատարելու իրենց
եզրակացութիւնները, ե՛ւ իրենց Թաւրիզ կեցութեան եւ ուսումնասիրական
շրջագայութիւնների, ե՛ւ գիտաժողովի մասին։ Կարճ հաստատումներով
մասնակիցներից իւրաքանչիւրը արտայայտելուց յետոյ իր մասամբ անտեղեակութիւնը
Ատրպատականի հայոց թեմի բազմաշերտ պատմութեան եւ մանաւանդ ներկայի
դրութեան, ուրախութեամբ շեշտեց իր այս առաջին ծանօթութիւնը։ Նրանք մասնակից
էին դարձել նաեւ վերանորոգուած ձիակառքի բացման արարողութեանը, կիրակի,
Առաջնորդարանի շրջափակում, հանդիպելով թեմի ժողովրդի ներկայացուցիչներին,
հանդիպում եւ զրոյց էին ունեցել Առաջնորդ Սրբազանի հետ, թեմի եւ
ընդհանրապէս Իրանի քրիստոնեաների ներկայի մասին։ Խանդավառ մթնոլորտում եւ
ապագայ համագործակցութեան ինչ-ինչ ծրագրերի առաջարկներով նրանք
արտայայտեցին իրենց հոգեկան եւ մտաւոր գոհունակութիւնը, փոխանցելով իրենց
կարծիքն ու քննական գնահատականը։ Նրանք քաջալերուել էին անցեալ եւ ներկայ ժամանակներում Ատրպատականի մէջ հայերի հարստացուցիչ գոյութեամբ։
Գիտաժողովի վերջին նիստն ու եզրափակումը
սրտառուչ կարեւորութիւն ունէին յատկապէս նաեւ Նախիջեւանի սահմանամերձ,
գոհարակերտ Ս․ Ստեփանոսի մէջ տեղի ունենալու պատճառով: Ընդամէնը մի քանի
կիլոմետր հեռաւորութեան վրայ Հին Ջուղայի ամբողջապէս կործանուած
գերեզմանատնից ցեղասպանութեան հարցերի, ինչպէս նաեւ մեր մշակոյթի ու
պատմութեան մէջ ճակատագրական դերեր ստանձնած Լեւոն Շանթի եւ Մելիք-Թանգեան
Սրբազանի նման պայծառ անձնաւորութիւնների աշխատանքին անդրադարձը
խորհրդանշականից աւել իմաստ ունեն, նշելով գիտութեան եւ նրա ներկայացման
վայրի կապակցութեան կարեւորութիւնը։
Մեր օրերում, երբ հայագիտութեան թիւր
հասկացողութիւնը, նրա անհարկի քաղաքականացումն ու ազգայնական շահերի
անիմաստ ծառայեցումը հայրենիքում եւ սփիւռքում այնքան տարածուած
իրականութիւններ են դարձել, նման գիտաժողովի իրականացումը, մեծաւ մասամբ
օտար հայագէտների հնարաւորինս առարկայական մօտեցմամբ, յոյս էր ներշնչում։
Արդարեւ, հայագիտութեան առաւել բացումը դէպի մասնագիտական այլ ոլորտներ,
երիտասարդ ուսանողների ընդգրկումն ու նրանց հետաքրքրութիւնների
քաջալերումը, օտար հայագէտների առաւել ներգրաւումը, ոեւէ տեսակ «շահերի»
շրջանցումը եւ նման առաջադրանքներ հայագիտութեան համար զարգացման
նախապայմաններ ու մարտահրաւէրներ են։
Սրբոց Թարգմանչաց տօնի նախօրէին սկիզբ
առած եւ տօնից երկու օր յետոյ շարունակւած եւ իր աւարտին հասած գիտաժողովը
այս իմաստով էլ պատգամալից էր։ Մեր թարգմանիչ հայրերը օտարի իւրացման եւ
հայացման սքանչելի օրինակներ են տւել ոչ միայն Ե․ դարում, այլեւ ԺԴ․
դարում, մեր այցելած Ծոր-Ծորի վանքում։ Նրանք Արեւելեան Հայաստանի
սահմաններից եւ նրա նեղմիտ վանականներից հալածական, Յովհաննէս Ծործորեցիի
գլխաւորութեամբ այնտեղ կատարել են արեւմտեան սկոլաստիկ երկերի հայացումը,
կաթոլիկ «հակառակորդ»ի լեզուի եւ լեզուամտածողութեան հայացումով, իսկ մեզ
ժառանգ թողնելով ժամանակի հայկական լեզուազգացողութեան անգնահատելի
օրինակներ։
Սրբազանը կատարեց գիտաժողովի եզրափակիչ
խօսքը, շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին, որոնք ընդառաջել էին
գիտաժողովի հրաւէրին, Թեմական Խորհրդին եւ գիտաժողովի կազմակերպիչ
յանձնախմբի անդամներին, նրանց յանձնեց յուշանուէրներ՝ Սբ․ Թադէի մանրակերտ
օրինակները, եւ վերստին հանդիպելու յոյսով բարի վերադարձ մաղթեց նրանց դէպի
իրենց բնակած երկրները։
«Ալիք», 15 եւ 19 Հոկտեմբեր 2017
«Ալիք», 15 եւ 19 Հոկտեմբեր 2017
No comments:
Post a Comment