23.11.16

Ռուսերէնը՝ երկրորդ պետական լեզո՞ւ

Հայաստանի անկախութենէն ետք, ռուսերէնի ազդեցութիւնը աստիճանական նուազում արձանագրեց՝ տեղ տալով անգլերէնի, գլխաւորաբար, եւ բազմաթիւ այլ լեզուներու ուսուցումին։ Վերջին տարիներու քաղաքական զարգացումներու լոյսին տակ, սկսած են տարբեր մօտեցումներ խմորուիլ։ Անհրաժե՞շտ է ռուսերէնը նկատել իբրեւ աշխարհի հետ հաղորդակցութեան լեզու ու պատճառաբանել՝ անոր օրինականացումը, որուն հետեւանքները բացայայտ էին ու պարտադիր՝ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանին։ Իսկ եթէ այդպիսի հարցեր կը կարգաւորուին Հայաստանի օրէնքով ու օրէնսդրութեամբ, որքա՞ն դժուար է օրէնք մը փոխել, երբ օրէնսդրական մարմնին մէջ բացարձակ մեծամասնութիւն կայ։


Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութեան յատուկ յանձնարարութիւնների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրեր առաջ յայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերէնին օրէնսդրօրէն յատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտութեան մասին, սակայն յայտնի չէ` նպատակին հասնելու համար Ռուսաստանը նաեւ գործնական քայլե՞ր է իրականացրել, թէ՞ առայժմ սահմանափակւում է միայն յայտարարութիւններով:
Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի խօսնակ Տիգրան Բալայեանից երէկ հետաքրքրուեցինք.
- Պարոն Բալայեան, Ռուսաստանի կողմից որեւէ պաշտօնական առաջարկ եղե՞լ է Հայաստանում այդ ուղղութեամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու:
- Ամէն դէպքում Ռուսաստանի կողմից պաշտօնական առաջարկի մասին ես տեղեակ չեմ: Ինչ վերաբերում է տուեալ հարցադրմանը, ապա այդ հարցերը կարգաւորւում են Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ, ոչ թէ այլ երկրների դեսպանների կամ գործիչների յայտարարութիւններով:
- Միտրոֆանովան խօսել էր հենց օրէնսդրական մակարդակում ռուսերէնին յատուկ կարգավիճակ տալու մասին:
- Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետութիւնում այդ հարցերը կարգաւորւում են Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ, ոչ թէ յայտարարութիւններով:
- Իսկ ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ռուսերէնը երկրորդ պետական լեզու հռչակելու վերաբերեալ:
- Մենք ունենք օրէնք: Կոնկրետ այդ հարցի վերաբերեալ, խորհուրդ կը տամ վերընթերցէք Հանրապետութեան նախագահի հարցազրոյցը «Россия 24» գործակալութեանը: Դա մէկ, եւ երկրորդը` երրորդ անգամ մեր խօսակցութեան ընթացքում կրկնեմ, որ նման հարցերը Հայաստանի Հանրապետութեան տարածքում կարգաւորւում են Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ: 
- Այո, բայց օրէնքներն ու օրէնսդրութիւնը ցանկութեան դէպքում կարելի է փոփոխել:
- Չորրորդ անգամ նոյնն ասե՞մ:
- Ձեր յիշատակած հարցազրոյցում Սերժ Սարգսեանը, կարծեմ թէ, ընդամէնը զբօսաշրջութեան թեմային է անդրադառնում:
- Նախագահն անդրադառնում է ռուսաց լեզուի պահպանման եւ տարածման թեմաներին:
Նկատէք, որ Սերժ Սարգսեանն իր այդ վերջին հարցազրոյցում պատասխանել էր ներքին անձնագրերով ռուսաստանցիների Հայաստան մեկնելու եւ այդպիսով Հայաստանի զբօսաշրջային հնարաւորութիւնները մեծանալու մասին հարցին եւ  նշել. «Մենք անընդհատ ասում ենք, թէ ինչպիսի լրացուցիչ ջանքեր գործադրել, որպէսզի Հայաստանում պահպանուի եւ տարածուի ռուսերէնը։ Հասկանալի է, որ մեթոդներից մէկն այն է, որ ռեստորանում կամ հիւրանոցում, որտեղ ռուս զբօսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լաւ իմանայ ռուսերէն։ Եւ այդպէս շարունակ։ Կարծում եմ, որ արդէն յաջորդ տարի մենք այստեղ մեծ աճ կը տեսնենք»:

ՆԱ ԴԷՄ ՉԷ
Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Աւագեանն, օրինակ, դէմ չի լինի, եթէ ռուսերենը մեր երկրում հռչակուի երկրորդ պետական լեզու.
«Ամէն մի լեզու, որ հնարաւոր է սովորի որեւէ երկրի ժողովուրդ, խրախուսելի է: Ցաւօք, մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ դժուար է դարձել լեզու սովորելը: Եւ, եթէ Ռուսաստանն այդպիսի նախաձեռնութիւն է հանդէս բերում, խրախուսելի է, որ դրա հոգը տանի ոչ թէ լոկ որպես յանձնարարական, այլ որոշակի նիւթական միջոցներ ներդնի, ուսուցման գործընթաց կազմակերպի: Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մանաւանդ որ հիմա մեր բնակչութեան մի մասը "անգլիական թեքում" է  ստացել, ամէն գնով ուզում է սովորել, բայց նուազ թուով մարդիկ են, որ այդ հնարաւորութիւնն ունեն:
Մինչդեռ որեւէ լեզու անպայման անհրաժեշտ է, որ ժողովրդի մեծ մասը տիրապետի, եւ դա իմ պատկերացմամբ կարող է ռուսերէնը լինել, ինչը կ՚օգնի մեզ շփուելու համաշխարհային գիտութեան, կրթութեան, գրականութեան եւ առհասարակ այն տեղաշարժերի հետ, որոնք կատարւում են մշակութային կեանքում: Հետեւաբար, դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թէ եթէ երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսւում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանաւանդ որ մեր տնտեսական եւ, այսպես ասած, ռազմական բազում խնդիրներով մենք կապուած ենք Ռուսաստանի հետ»:
Մեր ճշդող հարցին, թէ երբ ասում է` ցանկալի է, որ Ռուսաստանի նշուած նախաձեռնութիւնը լոկ որպէս յանձնարարական չլինի, դա նշանակո՞ւմ է, որ ինքն ընդունում ու պատկերացնում է, որ Ռուսաստանը մեր երկրին որեւէ յանձնարարական պէտք է տայ, Արծրուն Աւագեանը պատասխանեց.
«Չէ, ես ասում եմ` Աստուած չանի, որ դա յանձնարարականի ձեւով լինի կամ պարտադրանքի, այլ դա լինի այնպէս, որ Ռուսաստանը ներդնի որոշակի նիւթական միջոցներ, որոնք ծառայեցուեն այդ լեզուի ուսուցմանը եւ իւրացմանը, ոչ թէ դա կատարուի մեր հանրապետութեան կրթական սուղ բիւջէի միջոցներով»: Պրոֆեսորն այս ամէնը չի կապում Ռուսաստանի կողմից Հայաստանն իր սեփական նահանգը դիտարկելու հետ. «Դրանց միջեւ ոչ մի կապ չկայ: Մենք արդէն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թէ նահանգ, այնպէս որ ներկայիս համաշխարհային յարաբերություններն այնպէս են, որ մեծ տէրութիւններն առանց մէկը միւսի, առանց միւս պետութիւնների չեն կարող գոյատեւել: Դա կախուած կը լինի մեզանից` յանուն ինչի կը սովորենք ռուսերէնը ու յանուն ինչի կը ծառայեցնենք: Ռուսերէնին յատուկ կարգավիճակ տալը  չի նշանակում, որ մարդը դադարում է հայ լինելուց կամ կիսահայ է դառնում»:

ՆԱԽ ՔՈՆԸ ՍՈՎՈՐԻՐ
Երգահան, երգիչ Ռուբէն Հախվերդեանն էլ վերոնշեալ խնդրի առնչութեամբ կարծում է, որ որեւէ այլ լեզու սովորելու համար նախ պէտք է հայերէնին լաւ տիրապետել,  ինչում համոզուել է սեփական փորձով:
«Մեզ մօտ դեռ հայերէն խոսել նոյնիսկ պատգամաւորները չգիտեն: Իրենց մտքերը չեն կարողանում հայերէն ձեւակերպել: Կամ խօսում են պաշտօնական լեզուով: Ասենք` Աշոտեանը: Հիմնականում օգտագործում է "միանշանակ" բառը: Մենք առանց այդ էլ մեր հայրենիքի կէսը կորցրել ենք. ես նկատի ունեմ բնակչութիւնը: Եւ եթէ լեզուն էլ կորցնենք, մենք այլեւս որպէս ազգ չենք գոյատեւի: Երբ մարդն իր լեզուին չի տիրապետում, նա դառնում է զոմբի: Հայերէն չխօսելը կարող է ազդել նաեւ մարդու գենետիկ կոդի վրայ: Եթէ նկատել էք, մեր երկրի առաջին տիկինը վերջերս մի նախադասութիւն ասաց` կէսը հայերէն, կէսը ռուսերէն, որը սխալ ռուսերէն էր: Փոխանակ ասեր`"до лучших времен", ասաց  "для лучших времен": Այնպէս որ, ես խորհուրդ կը տայի, որ ռուսերէնին լաւ տիրապետեն մեր քաղաքական այրերը կամ այրուհիները, կամ այրուձիերը, քան մեր ժողովուրդը, որը այսպէս, թէ այնպէս առնչւում է ռուսական հեռուստաալիքների հետ ու ռուսական ծրագրեր շատ է նայում: Եթէ մենք ուզում ենք լաւ ռուսերէն խօսենք, ուրեմն պէտք է ուժեղացնենք հայերէնի դասընթացները: Սեփական լեզուից է սկսւում լեզու իմանալը, լեզու ճանաչելը»,- ասաց նա:
Անուանի արուեստագէտը կարծում է, որ եթէ Ռուսաստանը վճռական կերպով նման խնդիր առաջադրի, մեր պետական այրերը գուցէ եւ չկարողանան ընդդիմանալ.
«Ինձ մխիթարում է մի փաստ, որ մենք այդ ռուսերէնին կը վերաբերուենք ճիշդ այնպէս, ինչպես մեր ճանապարհաշինարարութեանն ենք վերաբերում: Այսինքն` հիւսիս-հարաւ մայրուղի պիտի կառուցուէր, բայց փողը լափեցինք եւ կիսատ մնաց: Սովետը շատ աւելի ոչ ագրեսիւ երկիր էր, քան հիմա ԱՊՀ-ն է դառնում ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ: Ճիշդ է, այն ժամանակ բալետ ստիպում էին պարել, բայց անպայման շեշտը դնում էին նաեւ ազգային երգ ու պարի վրայ: Եթէ ռուսերէնին շատ տեղ տաս, նժարը կարող է ծռուել դէպի այն կողմ, որ մենք դառնանք ռուսական պրովինցիա ու վերջ: Ես նոյնիսկ դէմ եմ, որ ռուսական զօրքեր են կանգնած մեր սահմանին, իսկ 40 հազար ոստիկանութիւնը Երեւանում չգիտես ինչով է զբաղուած: Նրանց պէտք է քշել սահմանի բերան, վերջանայ, գնայ: Եթէ օտար երկրի զինուորը պիտի գայ իմ սահմանին կանգնի, էլ ի՞նչ անկախ երկիր ենք մենք: Կամ եթէ Ռուսաստանում ընդունում են, որ ռուսերէնը պիտի միջազգային դառնայ, մենք իրաւունք չունենք «ոչ» ասելու կամ վետօ դնելու, էլ մենք ի՞նչ անկախ երկիր ենք»:

«Հայկական ժամանակ», 22 Նոյեմբեր 2016

No comments:

Post a Comment