1.12.14

Հայը եւ անցեալը. Հարցեր, հարցեր


ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Եթէ կոյրին հարցնէին, թէ ի՞նչ է տեսողութիւնը, նա կը պատասխանէր՝ կուրութիւնը:
Դեմոկրիտ

Այս շարքը (*) գրելիս նպատակ եմ ունեցել պարզ, մատչելի լեզուով շարադրել որոշ գիտական ճշմարտութիւններ մարդու ծագման, նախապատմութեան, հին պատմութեան, ժողովուրդների կազմաւորման, հնդեւրոպական հայրենիքի եւ որոշ այլ հարցերի վերաբերեալ: Ջանալով ասելիքս մատուցել պարզ ու հանրամատչելի՝ ես խուսափել եմ խօսքի յոյժ գիտական ոճից ու յղումներից, փաստերի համակողմանի քննարկումից: Խուսափել եմ նաև այլ կարծիք ունեցողներին գնահատականներ տալուց: Ինձ յայտնի է, որ համոզուած մարդկանց տարհամոզել նման տեքստերով իմաստ չունի՝ անհնարին է: Իմ յօդուածների թիրախն այն մարդիկ են, որոնք ի վիճակի են կարդալ, ընկալել, փորձել հասկանալ մասնագիտական կարծիքները, եւ ոչ թե «ազատագրական» պատմութեան «գիւտարարներն» ու նրանց հաւատաւոր հետեւորդները, որոնք ցանկացած փաստարկ ընդունում են սուիններով եւ աւելի ամրապնդւում իրենց կարծիքներում:
Ես կարծում եմ, որ ճիշդ ու լաւ ապրելը, հայրենասիրութիւնը լաւի ու ճշմարտութեան առջեւ ճանապարհ բացելն է, ապա նաեւ՝ վատի, սխալի առջեւ ճանապարհը փակելը: Շատ մարդիկ ծարաւի են իրենց հետաքրքրող հարցերի վերաբերեալ պարզ ու հասկանալի խօսք լսելու, ինչը, ցաւօք, շատ քիչ է կամ չկայ մեզանում: Ահա ուրեմն իմ յօդուածների իմաստը:
Այս յօդուածաշարը կարելի կը լինէր շարունակել ու շարունակել, ներկայացնել այլեւայլ թեմաներ, խնդիրներ ու հարցեր, բայց դրա համար պէտք է կեանքը դրան նուիրել: Մինչդեռ գիտնականը զբաղուած է գիտական աշխատանքով, որը շատ տարբեր է գիտա-մասսայական ժանրից: Ես ֆէյսբուքային կերպար չեմ, եւ ինձ համար դժուար է համացանցում պատասխանել տարբեր ոչ մասնագիտական հարցերի եւ անընդհատ կրկնելով՝ վերահիմնաւորել գիտական պարզ ճշմարտութիւնները: Բայց գիտակցում եմ, որ այդպէս շատ աւելի ամուր կապեր կարելի է հաստատել մարդկանց հետ, խօսել նրանց սրտի հետ, հասկանալ տալ նոյնիսկ «ազատագրականներ»ին, որ գիտական կարծիք ունենալը ինչ-որ ներքին չարամտութեան, դաւադրութեան կամ հակահայկականութեան դրսեւորում չէ:
Այս յօդուածաշարում ես չանդրադարձայ շատ կրքեր բորբոքող, թերեւս՝ կարեւորագոյն մի հարցի: Դա հայ ժողովրդի ծագման ու ձեւաւորման խնդիրն է: Եթէ կան հակագիտական տեսակէտներ, ապա գիտականն ու ճիշդը ո՞րն է: Այդ հարցի շուրջը կայ մի քանի տեսակէտ, բոլորը՝ վարկածային մակարդակով: Դրանք, ցաւօք սրտի, ինչպէս հարկն է ներկայացուած չեն դասագրքերում եւ ծանօթ չեն հանրութեանը: Եւ, ընդհանրապէս, մինչեւ վերջերս տարբեր կարծիքների կողմնակիցները սովորաբար ներկայացրել են իրենց տեսակէտը եւ քննադատել միւսներին: Հայաստանում ընդունուած էր հայասական վարկածը. այն, նոյնիսկ առանց միւս տեսակէտները յիշելու, ներկայացուած է նաեւ Հայաստանի պատմութեան ակադեմիական հրատարակութեան մէջ (1971): Հետագայ դասագրքերում այն գնում է համարեա թէ որպէս «սուրբ ճշմարտութիւն»: ԽՍՀՄ անկումին յաջորդած տարիներին գիտութիւնը եւս անկում ապրեց: Հարցին քիչ թէ շատ տեղեակ հին սերնդի գիտնականները մահացան, իսկ նոր կադրեր չստեղծուեցին ո՛չ մեզանում, ո՛չ արտասահմանում: Բայց թէեւ տեղեակ գիտնականներ արդէն չկան, Արեւմուտքում, որոշ չափով՝ նաեւ Ռուսաստանում, մի տեսակ ընդունուած է գրել ու քննադատել հայերի ծագման հայասական վարկածը՝ որպէս ազգայնական և ոչ գիտական, իսկ որպէս «սուրբ ճշմարտութիւն» հանդէս է գալիս Իգոր Դեակոնովի վարկածը (որն, ի միջի այլոց, ժամանակին չի ընդունուել ոչ մի մասնագէտի կողմից): Ռուսական Վիկիպեդիայում մի հսկայական յօդուած կայ հայ ժողովրդի ծագման վերաբերեալ՝ Этногенез армян [«Հայերու ազգածագում»], ներկայացուած հիմնականում ըստ Վիկտոր Շնիրելմանի՝ Անդրկովկասում ազգայնականութեան զարգացման վերաբերեալ գրքի: Այդտեղ նոյնիսկ չի յիշւում հայերի ծագման երրորդ՝ էթիունեան վարկածը (**): Ահա եւ ողջ գիտականութիւնը: Մարտադաշտը մնում է հայասական եւ դեակոնովեան վարկածների «ազատագրական» եւ «ոչ ազատագրական» դիրքերից համացանցում իրար վրայ ցեխ նետողներին:
Վերջին երկու տասնամեակում այդ հարցերի շուրջը ես հրատարակել եմ մի շարք գիտական աշխատութիւններ՝ եղած վարկածների խմբաւորում, նրանց քննական տեսութիւն, ուժեղ եւ թոյլ կողմերի քննարկում, գիտութեան նոր բացայայտուող տուեալների հետ համադրութիւն եւ այլն: Այդ աշխատութիւնների անգլերէն եւ ռուսերէն հրապարակումից յետոյ Արեւմուտքում հայ ժողովրդի ծագման հարցում հայաստանցի գիտնականների ազգայնականութիւնը բացայայտող յօդուածագիրների եռանդը, կարելի է ասել, նշանակալիօրէն թուլացել է: Իսկ հայաստանեան գիտութեան մէջ նման հարցեր չեն քննարկւում. դասագրքերում գնում է այն, ինչ «պէտք» է՝ հայասական վարկածի ազատագրական տարբերակը, իսկ այլուրեք գրում են՝ ով ինչպէս կարող է, հիմնականում աւելի ու աւելի բարձր ազատագրականութեան աստիճանի: Այս ուղղութեան մէջ մեզանում մնացել է գիտութեան ոլորտում աշխատող մի քանի գիտնական: Այստեղ արժէ հիշել Արամ Քոսեանի եւ Ռոբերտ Ղազարեանի յօդուածները «Հայկազունիներ» ժողովածուում (Երեւան 2013), որտեղ առաջադրւում են գիտական փաստարկներ Հայասայի աւելի հարաւ-արեւելեան տեղայնացման օգտին (սրանք կարելի է դիտել որպէս նոր կռուաններ հայասական վարկածի՝ Յակոբ Մանանդեանի տարբերակի օգտին):
Ես շատ պատրանքներ չունեմ, որ իմ այս յօդուածաշարը կը հասնի մեր գիտութիւնն ուղղորդող եւ դասագրքերը ստեղծող մարդկանց եւ որեւէ չափով կ՚՚ազդի նրանց վրայ: Բայց կը գայ նոր սերունդ, եւ նրանց համար պէտք է աշխատել: Ըստ այդմ, կարծում եմ՝ ճիշդ կը լինէր, որ մասսայական ընթերցողին եւս ներկայացուէին հայ ժողովրդի ծագման վերաբերեալ եղած վարկածները: Մինչ այդ, այստեղ յղեմ իմ որոշ աշխատութիւններ, որոնք մատչելի են համացանցում եւ կարող են աւելի լիակատար պատասխանել ընթերցողների մօտ յառաջացող հարցերին:
Հայ ժողովրդի ծագման վերաբերեալ եղած գիտական կարծիքները, դրանց ուժեղ եւ թոյլ կողմերի քննարկումը, քաղաքականացուածութիւնը եւ այլն՝
Հայոց ազգածագման հարցի շուրջ. քննական տեսութիւն. «Հայոց ազգածագման հարցեր» գրքում, Երեւան 2006, էջ 89-144: https://www.academia.edu/3656333/:
Նոյնը անգլերէն՝ The Problem of Identification of the Proto-Armenians: A Critical Review. Journal of the Society for Armenian Studies. Vol. 16, 2007, pp. 25-66. https://www.academia.edu/3657764/:
Ռուսերէն՝ О происхождении армянского народа: проблема идентификации протоармян   (критичерский обзор). Армянский вестник, 2009, 2/3-1, с. 66-102. https://www.academia.edu/2941140/: Սա առավել ընդգրկուն տարբերակն է:
Հնդեւրոպական հայրենիքի վերաբերեալ, հայ ժողովրդի նախապատմութեան եւ հայերէնի պատմութեան առնչութեամբ՝
Հնդեւրոպական հայրենիքի խնդիրը եւ վաղնջահայերէնը. Պատմա-բանասիրական հանդէս, 2014, 1, էջ 196-207: https://www.academia.edu/7643931/:
Հայ ժողովրդի ծագման վարկածներում առանցքային դեր կատարող «հայ» ցեղանուան գիտական ստուգաբանութեան վերաբերեալ՝
Հայ ցեղանունը. Բանբեր հայագիտութեան, 2, Երեւան 2014, էջ 184-199: https://www.academia.edu/9378076/:
Հայոց ազգածագման, Հայաստանի հին պատմութեան եւ մշակոյթին առնչուող մի շարք հարցերի վերաբերեալ՝
«Հարցազրոյց Հայաստանի հետ»: Արմէն Պետրոսեան. Կայացած ազգն իր պատմութիւնից չի վախենում: http://www.ilur.am/news/view/18500.html:
Խորհուրդ եմ տալիս կարդալ նաեւ Երուանդ Գրեկեանի հարցազրոյցը Ուրարտուի վերաբերեալ՝ «Հարցազրոյց Հայաստանի հետ»: Երուանդ Գրեկեան. Խալդի աստծոյ ստուերը. Ուրարտուի ծագումը, վերելքն ու անկումըhttp://www.ilur.am/news/view/36730.html

http://www.ilur.am/news/view/37862.html, Նոյեմբեր 24, 2014 

------------------------------------------------------------------------------- 
(*) Արմէն Պետրոսեանի հետաքրքրաշարժ յօդուածաշարքին տարբեր բաժինները վերահրատարակուած են «Հայկականք»ի մէջ՝ Հոկտեմբեր 25էն մինչեւ Նոյեմբեր 26, 2014։
(**) «Էթիունեան վարկած»ը հայ ժողովուրդի ծագումը կը կապէ այժմու Արեւելեան Հայաստանի զգալի տարածքը գրաւող Էթիունի համադաշնակցութեան հետ, որ Ուրարտուի հզօր ընդդիմադիրը եղած է Ք.Ա. 8-րդ-7րդ դարերուն։
Եթե կույրին հարցնեին, թե ի՞նչ է տեսողությունը, նա կպատասխաներ՝ կուրությունը:
Դեմոկրիտ

Այս շարքը գրելիս նպատակ եմ ունեցել պարզ, մատչելի լեզվով շարադրել որոշ գիտական ճշմարտություններ մարդու ծագման, նախապատմության, հին պատմության, ժողովուրդների կազմավորման, հնդեվրոպական հայրենիքի և որոշ այլ հարցերի վերաբերյալ: Ջանալով ասելիքս մատուցել պարզ ու հանրամատչելի՝ ես խուսափել եմ խոսքի հույժ գիտական ոճից ու հղումներից, փաստերի համակողմանի քննարկումից: Խուսափել եմ նաև այլ կարծիք ունեցողներին գնահատականներ տալուց: Ինձ հայտնի է, որ համոզված մարդկանց տարհամոզել նման տեքստերով իմաստ չունի՝ անհնարին է: Իմ հոդվածների թիրախն այն մարդիկ են, որոնք ի վիճակի են կարդալ, ընկալել, փորձել հասկանալ մասնագիտական կարծիքները, և ոչ թե «ազատագրական» պատմության «գյուտարարներն» ու նրանց հավատավոր հետևորդները, որոնք ցանկացած փաստարկ ընդունում են սվիններով և ավելի ամրապնդվում իրենց կարծիքներում:
Ես կարծում եմ, որ ճիշտ ու լավ ապրելը, հայրենասիրությունը լավի ու ճշմարտության առջև ճանապարհ բացելն է, ապա նաև՝ վատի, սխալի առջև ճանապարհը փակելը: Շատ մարդիկ ծարավի են իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզ ու հասկանալի խոսք լսելու, ինչը, ցավոք, շատ քիչ է կամ չկա մեզանում: Ահա ուրեմն իմ հոդվածների իմաստը:
Այս հոդվածաշարը կարելի կլիներ շարունակել ու շարունակել, ներկայացնել այլևայլ թեմաներ, խնդիրներ ու հարցեր, բայց դրա համար պետք է կյանքը դրան նվիրել: Մինչդեռ գիտնականը զբաղված է գիտական աշխատանքով, որը շատ տարբեր է գիտա-մասսայական ժանրից: Ես ֆեյսբուքային կերպար չեմ, և ինձ համար դժվար է համացանցում պատասխանել տարբեր ոչ մասնագիտական հարցերի և անընդհատ կրկնելով՝ վերահիմնավորել գիտական պարզ ճշմարտությունները: Բայց գիտակցում եմ, որ այդպես շատ ավելի ամուր կապեր կարելի է հաստատել մարդկանց հետ, խոսել նրանց սրտի հետ, հասկանալ տալ նույնիսկ «ազատագրականներին», որ գիտական կարծիք ունենալը ինչ-որ ներքին չարամտության, դավադրության կամ հակահայկականության դրսևորում չէ:
Այս հոդվածաշարում ես չանդրադարձա շատ կրքեր բորբոքող, թերևս՝ կարևորագույն մի հարցի: Դա հայ ժողովրդի ծագման ու ձևավորման խնդիրն է: Եթե կան հակագիտական տեսակետներ, ապա գիտականն ու ճիշտը ո՞րն է: Այդ հարցի շուրջը կա մի քանի տեսակետ, բոլորը՝ վարկածային մակարդակով: Դրանք, ցավոք սրտի, ինչպես հարկն է ներկայացված չեն դասագրքերում և ծանոթ չեն հանրությանը: Եվ, ընդհանրապես, մինչև վերջերս տարբեր կարծիքների կողմնակիցները սովորաբար ներկայացրել են իրենց տեսակետը և քննադատել մյուսներին: Հայաստանում ընդունված էր հայասական վարկածը. այն, նույնիսկ առանց մյուս տեսակետները հիշելու, ներկայացված է նաև Հայաստանի պատմության ակադեմիական հրատարակության մեջ (1971): Հետագա դասագրքերում այն գնում է համարյա թե որպես «սուրբ ճշմարտություն»: ԽՍՀՄ անկումին հաջորդած տարիներին գիտությունը ևս անկում ապրեց: Հարցին քիչ թե շատ տեղյակ հին սերնդի գիտնականները մահացան, իսկ նոր կադրեր չստեղծվեցին ո՛չ մեզանում, ո՛չ արտասահմանում: Բայց թեև տեղյակ գիտնականներ արդեն չկան, Արևմուտքում, որոշ չափով՝ նաև Ռուսաստանում, մի տեսակ ընդունված է գրել ու քննադատել հայերի ծագման հայասական վարկածը՝ որպես ազգայնական և ոչ գիտական, իսկ որպես «սուրբ ճշմարտություն» հանդես է գալիս Իգոր Դյակոնովի վարկածը (որն, ի միջի այլոց, ժամանակին չի ընդունվել ոչ մի մասնագետի կողմից): Ռուսական Վիկիպեդիայում մի հսկայական հոդված կա հայ ժողովրդի ծագման վերաբերյալ՝ Этногенез армян, ներկայացված հիմնականում ըստ Վիկտոր Շնիրելմանի՝ Անդրկովկասում ազգայնականության զարգացման վերաբերյալ գրքի: Այդտեղ նույնիսկ չի հիշվում հայերի ծագման երրորդ՝ էթիունյան վարկածը: Ահա և ողջ գիտականությունը: Մարտադաշտը մնում է հայասական և դյակոնովյան վարկածների «ազատագրական» և «ոչ ազատագրական» դիրքերից համացանցում իրար վրա ցեխ նետողներին:
Վերջին երկու տասնամյակում այդ հարցերի շուրջը ես հրատարակել եմ մի շարք գիտական աշխատություններ՝ եղած վարկածների խմբավորում, նրանց քննական տեսություն, ուժեղ և թույլ կողմերի քննարկում, գիտության նոր բացահայտվող տվյալների հետ համադրություն և այլն: Այդ աշխատությունների անգլերեն և ռուսերեն հրապարակումից հետո Արևմուտքում հայ ժողովրդի ծագման հարցում հայաստանցի գիտնականների ազգայնականությունը բացահայտող հոդվածագիրների եռանդը, կարելի է ասել, նշանակալիորեն թուլացել է: Իսկ հայաստանյան գիտության մեջ նման հարցեր չեն քննարկվում. դասագրքերում գնում է այն, ինչ «պետք» է՝ հայասական վարկածի ազատագրական տարբերակը, իսկ այլուրեք գրում են՝ ով ինչպես կարող է, հիմնականում ավելի ու ավելի բարձր ազատագրականության աստիճանի: Այս ուղղության մեջ մեզանում մնացել է գիտության ոլորտում աշխատող մի քանի գիտնական: Այստեղ արժե հիշել Արամ Քոսյանի և Ռոբերտ Ղազարյանի հոդվածները «Հայկազունիներ» ժողովածուում (Երևան 2013), որտեղ առաջադրվում են գիտական փաստարկներ Հայասայի ավելի հարավ-արևելյան տեղայնացման օգտին (սրանք կարելի է դիտել որպես նոր կռվաններ հայասական վարկածի՝ Հակոբ Մանանդյանի տարբերակի օգտին):
Ես շատ պատրանքներ չունեմ, որ իմ այս հոդվածաշարը կհասնի մեր գիտությունն ուղղորդող և դասագրքերը ստեղծող մարդկանց և որևէ չափով կազդի նրանց վրա: Բայց կգա նոր սերունդ, և նրանց համար պետք է աշխատել: Ըստ այդմ, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ մասսայական ընթերցողին ևս ներկայացվեին հայ ժողովրդի ծագման վերաբերյալ եղած վարկածները: Մինչ այդ, այստեղ հղեմ իմ որոշ աշխատություններ, որոնք մատչելի են համացանցում և կարող են ավելի լիակատար պատասխանել ընթերցողների մոտ առաջացող հարցերին:
Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ եղած գիտական կարծիքները, դրանց ուժեղ և թույլ կողմերի քննարկումը, քաղաքականացվածությունը և այլն՝
Հայոց ազգածագման հարցի շուրջ. քննական տեսություն. «Հայոց ազգածագման հարցեր» գրքում, Երևան 2006, էջ 89-144: https://www.academia.edu/3656333/:
Նույնը անգլերեն՝ The Problem of Identification of the Proto-Armenians: A Critical Review. Journal of the Society for Armenian Studies. Vol. 16, 2007, pp. 25-66. https://www.academia.edu/3657764/:
Ռուսերեն՝ О происхождении армянского народа: проблема идентификации протоармян   (критичерский обзор). Армянский вестник, 2009, 2/3-1, с. 66-102. https://www.academia.edu/2941140/: Սա առավել ընդգրկուն տարբերակն է:
Հնդեվրոպական հայրենիքի վերաբերյալ, հայ ժողովրդի նախապատմության և հայերենի պատմության առնչությամբ՝
Հնդեվրոպական հայրենիքի խնդիրը և վաղնջահայերենը. Պատմաբանասիրական հանդես, 2014, 1, էջ 196-207: https://www.academia.edu/7643931/:
Հայ ժողովրդի ծագման վարկածներում առանցքային դեր կատարող հայ ցեղանվան գիտական ստուգաբանության վերաբերյալ՝
Հայ ցեղանունը. Բանբեր հայագիտության, 2, Երևան 2014, էջ 184-199: https://www.academia.edu/9378076/:
Հայոց ազգածագման, Հայաստանի հին պատմության և մշակույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ՝
«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արմեն Պետրոսյան. Կայացած ազգն իր պատմությունից չի վախենում: http://www.ilur.am/news/view/18500.html:
 Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Երվանդ Գրեկյանի հարցազրույցը Ուրարտուի վերաբերյալ՝ «Հարցազրույց Հայաստանի հետ»: Երվանդ Գրեկյան. Խալդի աստծո ստվերը. Ուրարտուի ծագումը, վերելքն ու անկումը:  http://www.ilur.am/news/view/36730.html:
- See more at: http://www.ilur.am/news/view/37862.html#sthash.Nv4rookP.dpuf

No comments:

Post a Comment