ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
Աստանա մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, Եւրասիական Տնտեսական Միութեան, այսպէս կոչուած` հիմնադիր խորհրդի նիստին, որտեղ պայմանագիր է ստորագրուել այդ միութեան ստեղծման վերաբերեալ, չի մասնակցել: Հետեւաբար Հայաստանը այդ միութեան հիմնադիրներից մէկը չէ, ու երբ յայտնուի այդ միութիւնում, ապա պարտաւորուելու է առաջնորդուել նախագահներ` Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի` երկար բանակցուած ու փոխզիջումային պայմանագրի սկզբունքներով:
Յիշեալ եռեակի նիստից յետոյ նրանց են միացել նաեւ Աստանայում գտնուող Հայաստանի ու Ղրղզստանի նախագահները, եւ տեղի է ունեցել նորաստեղծ Եւրասիական Տնտեսական Միութեան ու նրա հաւանական նոր անդամների (Հայաստանի եւ Ղրղզստանի) համատեղ նիստ, որի ընթացքում էլ Սերժ Սարգսեանը յայտարարել է. «Խնդրում եմ Հայաստանին մինչեւ այս տարուայ Յունիսի 15-ը ժամանակ յատկացնել` Եւրասիական Տնտեսական Միութեանը մեր երկրի անդամակցութեան նպատակով»: Հայաստանի նախագահի այս խնդրանքին՝ նախագահ Նազարբաեւը պատասխանել է. «եթէ բոլոր առեւտրային հարցերը լուծուեն, ապա Յունիսին կը ստորագրուի Հայաստանի հետ պայմանագիրը»: Նախագահ Պուտինն իր հերթին ասել է, թէ ինքը «ընդունում է առաջարկութիւնը», հաւանաբար` ե՛ւ Սերժ Սարգսեանի` ժամանակ խնդրելու ե՛ւ Նազարբաեւի` «բոլոր առեւտրային հարցերը լուծելու»: Ապա նախագահ Լուկաշենկոն յայտարարել է. «Երբ Հայաստանը իրագործի Միութեանը միանալու բոլոր պայմանները, նոր միայն կարելի է ստորագրել Հայաստանի հետ պայմանագիրը»:
«Բոլոր պայմաններ» ասուածը չի մանրամասնւում, միայն ենթադրելի է, որ եթէ Լուկաշենկոն իր այս յայտարարութիւնն արել է Նազարբաեւի ասածից յետոյ, կը նշանակի այդ «բոլոր պայմանները» միայն առեւտրային հարցեր չեն:
Ուրեմն արձանագրենք. Հայաստանին չյաջողուեց դառնալ Եւրասիական Տնտեսական Միութեան հիմնադիր անդամ, որովհետեւ մեր երկիրն այդ միութեանը միանալու նպատակով դեռ հարցեր ունի, եւ ոչ միայն առեւտրական:
Դրանցից մէկը, գուցէ միակը, բայց ամենակարեւորը, բարձրաձայնել է Ղազախստանի նախագահը` համատեղ նիստի ընթացքում: Նազարբաեւը, թերեւս տանտիրոջ իրաւունքով, յայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նամակ է յղել Եւրասիական Տնտեսական Միութիւն, որպէսզի Հայաստանին այդ միութիւն ընդունեն` ՄԱԿ-ում Հայաստանի ճանաչուած սահմաններով, այսինքն` առանց Արցախի, այսինքն` Հայաստան-Արցախ սահմանին մաքսակէտերի տեղադրմամբ: Նազարբաեւը ընդգծել է, որ «պէտք չէ գրգռել մեր միւս ընկերոջը` Ադրբեջանին», եւ, որ, կամ հետեւաբար` «այդ հարցը դեռ կը քննարկենք Յունիսին»: Նշանակում է սա Հայաստանի` Եւրասիական Տնտեսական Միութեանը միանալու «բոլոր պայմաններից» մէկն է, չնայած, որ Հայաստանի Արտաքին Գործերի փոխնախարար Սերգէյ Մանասէրեանը Հինգշաբթի օրը, բիւջետային քննարկումների ժամանակ, պատասխանելով այս կապակցութեամբ Ազգային Ժողովի պատգամաւորներից մէկի հարցին, ասել է, թէ «Նազարբաեւի յայտարարութիւնները` Հայաստանի` Եւրասիական Տնտեսական Միութեանը միանալու հետ կապուած, չեն վերաբերում կոնցեպտուալ հարցերին, իսկ Հայաստանի միանալն էլ այդ միութեանը ձգձգւում է, որովհետեւ կան զուտ տեխնիկական հարցեր, կարեւոր-առանցքային հարցերի շուրջ արդէն փոխհամաձայնութիւնները ձեռք բերուած են»:
Ինչեւէ, Յունիսը դեռ առջեւում է, ու կարիք չկայ իրադարձութիւնները փորձել հասկանալ նախքան այդ իրադարձութիւնների պատահելը:
Եղածներից արձանագրենք, որ ստեղծելով Եւրասիական Տնտեսական Միութիւնը, ինչի ստեղծման վերաբերեալ պայմանագրի շուրջ Մոսկուան, Աստանան ու Մինսկը աշխատում են դեռեւս 2011-ի Նոյեմբերից, վերջին երկուսին յաջողուել է ստիպել այսօր միջազգայնօրէն խոցելի Մոսկուային այդ պայմանագրից հանել դրա քաղաքական բաղադրիչը, ինչը, ըստ Ղազախստանի ԱԳ-ի` նախքան Աստանայի գագաթաժողովը հրապարակած յայտարարութեան` «խոչընդոտում էր Միութեան անդամ երկրների ինքնիշխանութեանը, ինչը անթոյլատրելի է»: Հիմա, փաստօրէն, նոյն Ղազախստանի նախագահի խօսքերով, յաջողուել է ստեղծել մի պայմանագիր, որը կայացել է փողզիջումների հիման վրայ եւ բաւարարում է Միութեան անդամ բոլոր կողմերին: Այն ըստ էութեան բացառապէս տնտեսական միութեան մասին պայմանագիր է, հետեւաբար, գոնէ այս պահին, գոնէ դէ իւրէ, Եւրասիական Տնտեսական Միութիւնը զուտ տնտեսական միութիւն է: Ըստ պայմանագրի, կողմերը պարտաւորուել են` «ապահովել ազատ` ապրանքային, աշխատուժի, կապիտալի շրջանառութիւն, իրականացնել համաձայնեցուած քաղաքականութիւն` տնտեսութեան առանցքային ճիւղերում` էներգետիկայում, արդիւնաբերութիւնում, գիւղատնտեսութիւնում, տրանսպորտում»:
Հայաստանն այս միութեանը պէտք է միանայ, եւ մեր երկիրն այս միութեանը միանալու հետ կապուած տակաւին խնդիրներ ունի: Ինքը` Սերժ Սարգսեանն իր ելոյթում յայտնել է, թէ` «կարծում եմ 2-3 օրուայ ընթացքում կարելի է փոխընդունելի որոշումներ ընդունել` կապուած Հայաստանի անդամակցութեան հետ»: Սա նշանակում է, որ Միութեանը մեր երկրի անդամակցութեան հետ կապուած որոշումները պէտք է ոչ թէ ձեռք բերուեն Հայաստանի ներսում, ասենք, օրէնսդրական փոփոխութիւնների արդիւնքում, այլ Միութեանն արդէն իսկ անդամակցած երկրների հետ փոխընդունելի որոշումների արդիւնքում: Այսինքն, Հայաստանի անդամակցութիւնը` Միութեանը, միայն Հայաստանի ցանկութիւնից չէ կախուած, եւ Հայաստանը կ՚անդամակցի Միութեանը միայն փոխընդունելի որոշումներ կայացնելուց յետոյ: Հազիւ թէ ոչ կոնցեպտուալ, ոչ առանցքային, միայն տեխնիկական հարցերի պարագայում հէնց փոխընդունելի որոշումների անհրաժեշտութիւն լինէր, հետեւաբար Եւրասիական Տնտեսական Միութեանն անդամակցելու ճանապարհին մենք դեռ ունենք չլուծուած հէնց առանցքային հարցեր:
Նախագահ Պուտինի խօսքերով` «Եւրասիական Տնտեսական Միութեանը Հայաստանի անդամակցութեան պայմանագիրը անհրաժեշտ է ստորագրել ամենամօտ ապագայում»: Աստանայում յատուկ հիւրի կարգավիճակով մէկ այլ երկրի` Ղրղզստանի` Միութեանն անդամակցելու վերաբերեալ Պուտինը յայտարարել է. «Ղրղզստանը հնարաւորութիւններ ունի միանալու մեր Միութեանը»:
Նիստից յետոյ, ԶԼՄ-ների [զանգուածային լրատուութեան միջոցներ] հետ զրոյցում, Ռուսաստանի նախագահը, ներկայացնելով գործընկերների հետ ունեցած հանդիպմանը քննարկուած հարցերը, յայտնել է. «Պայմանաւորուեցինք Վիետնամի հետ ակտիւացնել բանակցութիւններն ազատ առեւտրի գօտու ստեղծման շուրջ, ամրապնդել գործակցութիւնը ՉԺՀ-ի [Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւն] հետ, այդ թւումՙ ապրանքների ու ծառայութիւնների վերաբերեալ մաքսային տեղեկատուութեան փոխանակման ոլորտում, ինչպէս նաեւ ձեւաւորել փորձագիտական խմբեր, որոնք կը զբաղուեն Իսրայէլի եւ Հնդկաստանի հետ առեւտրի արտօնեալ ռեժիմների մշակմամբ»:
Նոյն, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, տեսնելով, որ իրենց` նախագահների համար սեղանին դրուած են ջրով լցուած բաժակներ, ասել է. «Ինչպէս հասկացայ, ջուր էք բերել, իսկ չէի՞ք կարող բաժակներում նորմալ բան լցնել»:
Լուկաշենկոն, անշուշտ, սա ասել է, առանց որեւէ քաղաքական ենթատեքստի: Մենք էլ հաղորդում ենք` առանց քաղաքական ենթատեքստի:
«Ազգ», Մայիս 30, 2014
No comments:
Post a Comment