2.6.14

Հայաստանը միւս ա՞յտն էլ դէմ կը տայ Նազարբաեւին

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ 

Եւրասիական Տնտեսական Յանձնաժողովի խորհրդի նիստում նախօրէին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի արած յայտարարութիւնն այն մասին, թէ Հայաստանը կարող է Եւրասիական Տնտեսական Միութեանը միանալ միայն ՄԱԿի կողմից ճանաչուած սահմաններով, ինքնին որեւէ տարօրինակ կամ սենսացիոն բան չի պարունակում:
Ղազախստանն ինքն այդ միութեանը միացել է ՄԱԿի կողմից ճանաչուած սահմաններով: Գուցէ ճիշդ կը լինէր, եթէ Սերժ Սարգսեանին դիմելուց առաջ Նազարբաեւը նմանատիպ ռեպլիկ յղէր Վլադիմիր Պուտինին՝ կապուած Ղրիմի հիմնահարցի հետ: Բայց այնքանով, որքանով Նազարբաեւը Պուտինի հետ ստորագրեց ԵՏՄն ձեւաւորելու մասին պայմանագիրը, նա ճանաչեց Ղրիմի կցումը Ռուսաստանին:
Տարօրինակը, իսկ աւելի ճիշդ վիրաւորականը ոչ թէ այն է, որ Հայաստանին ընդհանրապէս ինչ որ բաներ են յիշեցնում, այլ այն, որ դա անում է մի երկրի նախագահ, որի հետ Հայաստանն ընդգրկուած է միջազգային անվտանգութեան նոյն համակարգում՝ տուեալ դէպքում ՀԱՊԿում: Սա պէտք է ենթադրեր ոչ միայն տարրական յարգանք գործընկեր պետութեան նկատմամբ, այլեւ միմեանց շահերի յստակ գիտակցում, յարգում եւ պաշտպանում, անկախ նրանից՝ այդ երկրները յարաբերւում են ՀԱՊԿի շրջանակում թէ որեւէ այլ ձեւաչափում: Նազարբաեւը պարզ հասկացնել տուեց, որ չի յարգում ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ նրա նախագահին:
Առաջին հերթին Նազարբաեւը Սերժ Սարգսեանին Հայաստանի եւ ԼՂի միջեւ սահմանի մասին յիշեցրեց փաստացի որպէս ԵՏՄի համահիմնադիր անդամ, որը կարող է ինչ որ պայմաններ առաջադրել կազմակերպութեանը միանալու յայտ ներկայացնող, իսկ մեր դէպքում՝ եւրասիական ինտեգրման պրոյեկտների ետեւից քարշ եկող նորեկներին: Ըստ այդմ՝ նա Սերժ Սարգսեանին հասկացրեց, որ ԵՏՄի շրջանակում Հայաստանին վերաբերւում է ոչ թէ որպէս հաւասարը հաւասարի, այլ իբրեւ հէնց իրենց եռեակի ետեւից քարշ եկող ինչ-որ սուբյեկտի:
Երկրորդ՝ Նազարբաեւը շատ պարզ հասկացրեց, որ իր համար Հայաստանի՝ որպէս ՀԱՊԿի անդամ երկրի շահ գոյութիւն չունի: Եւ, առհասարակ, գոյութիւն չունի ՀԱՊԿ ընդհանուր շահ հասկացութիւն: ՀԱՊԿում բոլոր անդամ երկրները վաղուց բացառապէս իրենց մասնաւոր շահերին են հետամուտ: Միւս գործընկեր երկրները նրանց պէտք են այնքանով, որքանով կարող են նպաստել մասնաւոր այդ շահերի պաշտպանութեանը: Այնտեղ ո՛չ ընդհանուր արժէքներ կան, ո՛չ աշխարհայեացքային ընդհանուր ընկալումներ ու ոչ էլ աւանդոյթներ:
Ղազախստանը Հայաստանի հետ քաղաքական եւ աշխարհաքաղաքական որեւէ կէտում որեւէ ընդհանուր բան չունի եւ պարբերաբար հաստատում է, որ Հայաստանն իր համար ոչ թէ իրական կամ պոտենցիալ գործընկեր է, այլ բորբոքուած կոյրաղիք: Հէնց այսպիսի ընկալումն է թոյլ տալիս Նազարբաեւին ԵՏՄին Հայաստանի միանալու հետ կապուած իր վերապահումները հիմնաւորել, ոչ աւելի, ոչ պակաս, Ադրբեջանի նախագահի ինչ-որ նամակով: Մի երկրի, որը ոչ միայն ՀԱՊԿի անդամ չէ, այլեւ գոնէ այս պահին ընդհանրապէս ցանկութիւն չունի մտածելու եւրասիական ինտեգրացիոն նախագծերին միանալու հնարաւորութեան մասին (այդ մասին պաշտօնապէս էլ հաստատուեց այսօր) եւ գտնւում է քաղաքական եւ արժէքային բոլորովին այլ հարթակում:
Նազարբաեւը բացէ ի բաց յայտարարում է, որ Հայաստանի եւրասիաինտեգրացիոն ձգտումների ու պրոցեսների շրջանակում ինքը խաղալու է Ադրբեջանի եւ Ալիեւի խաղը եւ պաշտպանելու է մի երկրի շահը, որը պատերազմի մէջ է գտնւում ՀԱՊԿ շրջանակում իր «ստրատեգիական գործընկերը» հանդիսացող երկրի հետ:
Բայց սա զուտ էթիկական, բարոյական նշանակութեան ապտակ չէ Երեւանին, այլեւ կոնկրետ հարուած թիկունքից: Սկսած նախորդ տարուայ Սեպտեմբերի 3ից, երբ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց Մաքսային Միութեանը միանալու ուղեգիծն ընտրելու մասին, Նազարբաեւը որդեգրել է ակնյայտ հակահայկական քաղաքականութիւն եւ ցանկացած եղանակով արգելակում է Հայաստանի միացումը՝ սկզբից Մաքսային Միութեանը, հիմա էլ՝ Եւրասիական Տնտեսական Միութեանը: Եւ քանի որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարողանում Հայաստանի համար յաղթահարել ղազախաբելառուսական այս պատնէշը, Հայաստանը դառնում է ռուս-ղազախա-բելառուսական եռեակի շարունակական մանեւրների գերին՝ մի կողմից հնարաւորութիւն չունենալով լիարժէք ինտեգրուելու այդ նախագծերում, միւս կողմից՝ Ռուսաստանի կողմից զրկուած լինելով յետ շրջուելու եւ նոյնիսկ բացարձակապէս չէզոք դիրք գրաւելու իրաւունքից:
Այսպիսով՝ Ղազախստանը Հայաստանին ենթարկում է քաղաքական եւ դիւանագիտական բլոկադայի՝ յաջողութեամբ զարգացնելով Ադրբեջանի շրջափակման քաղաքականութիւնը: Ի հարկէ, սա ինչ-որ իմաստով կարող է օգտակար լինել Երեւանի համար, քանի որ, կամայ թէ ակամայ, վիժեցնում է Հայաստանի եւրասիական ստիպողական ինտեգրացիան եւ ապագայի համար դրանից հրաժարուելու քաղաքական կապիտալ ապահովում: Բայց խնդիրը ոչ թէ տեղի ունեցողի, այսպէս կոչուած, երկրորդական էֆեկտի մէջ է, այլ այն մեթոդների, որոնք կիրառւում են: Արժանապատուութիւն եւ ինքնայարգանք ունեցող որեւէ երկիր Ղազախստանի այսպիսի պահուածքն անպատասխան թողնել չի կարող:
Սերժ Սարգսեանը գուցէ չէր կարող հէնց տեղում պատասխանել իրեն փաստացի «նամակային» նուաստացման ենթարկելու Նազարբաեւի քայլին: Դա կը լինէր պատասխան կոնկրետ այդ դրուագին: Բայց գործ ունենք ԵՏՄ անդամ երկրների պետական քաղաքականութեան հետ, հետեւաբար՝ դրա պատասխանը եւս պէտք է լինի պետական մակարդակով: Նախորդ ամիս Մոսկուայում կայացած՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում նախագահ Սերժ Սարգսեանը կոշտ ելոյթ ունեցաւ կազմակերպութեան անդամ երկրների շահերը միջազգային յարաբերութիւններում պաշտպանելու անհրաժեշտութեան մասին: «Ես կարծում եմ, որ մենք պէտք է խստօրէն պայմանաւորուենք մեր արտաքին քաղաքականութեանը վերաբերող գործողութիւնների համակարգման հետ կապուած, քանի որ փոքր ինչ տարօրինակ է ստացւում…», յայտարարել էր նախագահը: Սա նրա կողմից նմանատիպ արդէն երրորդ, թէ չորրորդ յայտարարութիւնն էր, որը, ինչպէս նախորդ բոլոր դէպքերում, փաստօրէն, կրկին տեղ չի հասել:
Հայաստանին պարզապէս բանի տեղ չեն դնում, լուրջ չեն վերաբերւում, որովհետեւ Հայաստանն ինքն իր հեղինակութեանը, միջազգային վարկին լուրջ չի մօտենում, որովհետեւ այդ յայտարարութիւնների յետեւում որեւէ գործողութիւն, քայլ, նախաձեռնութիւն պարզապէս չկայ: Արդէն տարիներ շարունակ Երեւանն իրականացնում է, բառի բուն իմաստով, անողնաշար ու անսկզբունքային արտաքին քաղաքականութիւն, որի ողջ իմաստը միմիայն միջազգային հանրութեան, ուժային կենտրոնների տրամադրութիւններին համահունչ գործելն է: Եթէ Երեւանը նաեւ այս թուքը կուլ տուեց, ուրեմն՝ գործ ունենք ոչ թէ պետութեան, այլ փափկամորթ ինչ որ երեւոյթի հետ: 

«Ասպարէզ», Մայիս 30, 2014

No comments:

Post a Comment