Showing posts with label ռաբիս. Show all posts
Showing posts with label ռաբիս. Show all posts

24.7.17

Ռաբիսը

ՄԵԼԱՆԻԱ ԲԱԴԱԼԵԱՆ
 
Մայթերին մեքենաների քանակը անցորդների համար դժուարացնում է հանգիստ քայլելը, փողոցի՝ իրենց բաժին հասնող մասը չի բաւարարում, ստիպուած մի կերպ անցնում ես դրանց արանքներով: Շոգը քաղաքի անհանգիստ ու փնթի առօրեան ավելի է ընդգծում: Մի կողմից ջուր է մայթերով հոսում՝ ոչ մէկին չի հետաքրքրում, օրեր շարունակ ջուրը գնում է,- ցեխաջրերը պիտի զգոյշ շրջանցես, միւս կողմից՝ ճանապարհին դէս ու դէն շաղ տուած աղբակոյտերին ուշադրութիւն պիտի չդարձնես. աչքդ, սովոր է. բայց այ շնչել այն՝ այս ամառուայ տապին, անհնար է, սրան ընտելանալ չի լինում: Յետոյ մօտենում ես վատագոյնին՝ կանգառին, երկար սպասում ես: Վերջապես յայտնւում է երթուղային տաքսին, փորձում ես նստել, խցկուելու տեղ չկայ, բայց յաջորդ 40 րոպէները եւս արեւի տակ անցկացնելու հեռանկարը աւելի վախեցնող է թւում: Երթուղայինը մի կերպ քարշ է տալիս կիսամաշ մարմինը, ուղեւորներին էլ՝ հետը: Չնայած բեռը ծանր է, բայց իւրաքանչիւր անգամ բարեխիղճ կանգառում է, ուղեւոր վերցնում. զարմանալի մոգական-առաձգական է նրա այդ փոքրիկ տարածքը: Մարդիկ կուչ եկած սեղմուել են իրար, շոգը մոռացել են, այնպէս են փարուել իրար՝ ասես վերահաս վտանգի առաջ միմեանցից փրկութիւն ակնկալելիս լինեն: Լուռ են: Յանկարծ մի երկուսը ընդվզում են՝ կանայք, ի հարկէ: Նրանք երջանիկ նստածներից են, բայց ինչի՞ վրայ են՝ ուղղակիօրէն անբարձիկ նստատեղի երկաթաձողերի վրայ են տեղ զբաղեցրել: «Բա վարորդը չի՞ տեսնում մեքենայի այս վիճակը, վաղուց արդէն այս մեքենան դէն նետելու բան է», -բողոքում են: Այդ էր պակաս, որ ուղեւորը ձայն հանի. վարորդի ջղերը տեղի են տալիս, պոռթկում է՝ «Ի՛նչ էք ձէններդ գլուխներդ գցել՝ էդ իմ գործը չի, գնացէք տէրերին բողոքէք, չէք ուզում, մի՛ նստէք»: Սովորական վիճակ. շատ երթուղայիններ են այսպէս դուրս գալիս երթուղի, մի անգամ նոյնիսկ դրանցից մէկի դուռը չէր բացւում՝ վարորդը, որ «բարեբախտօրէն» կողքին երկաթէ հաստ ձող էր պահում, դուրս եկաւ եւ ուղղակիօրէն հարուածելով դրանը՝ բացեց, այլապէս մէջն էինք մնալու:

6.11.16

Ռաբիսածին

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Գալիք Երկուշաբթի օրը, Նոյեմբերի 7-ին, տեղի կ'ունենայ մի բան, որը շատերի համար աւելի կարեւոր է, քան այն, որ Շառլ Ազնաւուրը Հոլիվուդի ճեմուղու վրայ իր անունով աստղ է ստացել: Էջմիածին քաղաքի Իսակով փողոցը կը վերանուանուի մի այլ կարգի մեծանուն հայ երգիչ՝ Արամ Ասատրեանի անունով: Որոշումն արդէն կայ, Էջմիածնի նորընտիր աւագանին իր անդրանիկ նիստում քննարկման է դրել այս հարցը, ընդունել է որոշում, որը ուժի մէջ կը մտնի երգչի մահուանից տասը տարի անց: Արամ Ասատրեանն էլ, քանի որ մահացել է 2006-ի Նոյեմբերի 7-ին, ուրեմն Էջմիածնի Իսակով փողոցը 2016-ի Նոյեմբերի 7-ին կը վերանուանուի նրա անունով: Չի բացառւում, որ արձանն էլ դնեն (առանց արձան ի՞նչ փողոց), կամ առնուազն կիսանդրին, պատուանդանին էլ մակագրեն մեծանո՜ւն երգչի` թուրքերից գողացած ստեղծագործութիւններից ինչ-որ մէկից մի քառատող, օրինակ սա՝ «Հայ եմ ես, հայ ես դու, վախ քո ցաւը տանեմ ես», կամ սա՝ «Կապոյտ-կապոյտ-կապոյտ աչերդ, սիրուն աղջիկ, ես եմ քո սէրդ...»: Մի խօսքով՝ մակագարութեան առումով ընտրութիւնը բազմազան է. Արամ Ասատրեանը բեղուն գրիչ է ունեցել, եւ ամէն օր մի երգ է գրել, օր է եղել՝ մէկի տեղը մի քանի երգ է գրել. երգ գրելուց էլ հեշտ բա՞ն... Ինչեւէ:

1.10.16

«Ամենակարող երգի՞չ», թէ՞ ամենակարող նախագահ

ԱՐՄԷՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
 
Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը Սեպտեմբերի 27-ին այցելել էր Հանրային Հեռուստաընկերութիւն` վերջինիս 60-ամեակի կապակցութեամբ: Այս մասին նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրութիւնը գրեթէ սկսւում է նրանով, որ հեռուստաեթերի բովանդակային եւ տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականութեան, աշխատանքային պայմանների բարելաւման, զարգացման հեռանկարի մասին Հանրային Հեռուստաընկերութեան գործադիր տնօրէնի ամփոփ զեկոյցի շրջանակներում անդրադարձ է կատարուել նաեւ հանրային լուրջ դժգոհութիւնների տեղիք տուած` Հանրայինի եթերով հեռարձակուող «Ամենակարող երգիչ» հաղորդմանը (*): «Հանրապետութեան նախագահը կարեւորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագէտների, հասարակութեան մէջ յարգանք վայելող եւ վաստակ ունեցող մտաւորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկութիւններն ու լսարանի հետաքրքրութիւնները հասկանալը: ...Հանրային Հեռուստաընկերութեան պատասխանատուները վստահեցրել են հանրապետութեան նախագահին, որ աւելի յաճախակի կը դարձնեն այդպիսի հանդիպումները եւ աւելի ուշադիր կը լինեն հանրութեան արձագանքին»,-նշւում է պաշտօնական հաղորդագրութիւնում:

Մի ուրուական է շրջում Եւրոպայում, հայկական ռաբիսի ուրուականը

ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ

Մինչ հայկական համացանցն ու սոցիալական ցանցերն ակտիւ քննարկում են անցկացնում, թէ ինչպէս արգելեն ռաբիս երաժշտութեան քարոզչութիւնը հայկական Հանրային հեռուստաընկերութեան եթերում, նոյն պահին Եւրոպայի հայկական համայնքները գովազդային առաջարկ են ստանում աննախադէպ համերգների մասին, որոնք պէտք է «բարձրացնեն» եւրոպահայերի ճաշակը:
Գովազդային հոլովակը կոչ է անում Եւրոպայի լաւագոյն 8 քաղաքների հայերին դիմաւորեն Արտաշ Ասատրեանին: Բարսելոնա, Փարիզ, Պրահա, Բեռլին, Միւնխեն, Համբուրգ, Վարշաւա եւ Վիեննա: Այսինքն դասական երաժշտական աւանդոյթներ ունեցող քաղաքներում փորձում են տարածել հայկական ռաբիս: