Showing posts with label ապահովագրութիւն. Show all posts
Showing posts with label ապահովագրութիւն. Show all posts

24.7.16

Թուրքիային առնչուող Wikileaks-ի վերջին գաղտնազերծումների մէջ տեղ է գտել Վարդգէս Եղիայեանի անունը

Թուրքիայում Յուլիսի 15-16-ը տեղի ունեցած ռազմական յեղաշրջման փորձից յետոյ պետական եւ մասնաւոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպութիւնը՝  Wikileaks-ը, ի պատասխան Թուրքիայում զանգվածային ձերբակալութիւնների, հրապարակել է Թուրքիայի իշխող քաղաքական ուժին պատկանող հարիւր հազարավոր գաղտնի փաստաթղթեր՝ մօտ 300 հազար էլեկտրոնային նամակ, որոնցից ամենահինը թվագրւում է 2010 թուականին, իսկ վերջինը՝ 2016 թուականի Յուլիսի 6-ին: Նամակները ստացուել են յեղաշրջման փորձից մէկ շաբաթ առաջ եւ հրապարակուել անմիջապէս ռազմական իրադարձութիւններից յետոյ: Թուրքիայի կառավարութիւնը դեռեւս չի մեկնաբանել փաստաթղթերի հրապարակումը եւ դրանց առնչուող մեկնաբանութիւնները: Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) հասցէից ուղարկուած նամակների մէջ մեծաթիւ թղթապանակներ կան, որոնք առնչւում են հայութեանն ու Հայաստանին: Բացայայտուած փաստաթղթերի մէջ նշւում է, որ թուրքական լոբբինգը համապատասխան պատրաստուածութիւն չի ունեցել հակառակորդի ազգային կառոյցների իրականացրած գործողութիւնների դիմաց: Փաստաթղթերի մէջ տեղ է գտել ԱՄՆ բնակուող հայ փաստաբան Վարդգէս Եղիայեանի անունը: Նշւում է նաեւ, որ յատկապէս հասարակութեան հետ կապերի բնագաւառում օտար, հակառակորդ լոբբիստական ուժերի իրականացրած գործունէութիւնը` օտար լեզուներով հրատարակուած բազմաթիւ պատմական գրքեր, ուսումնասիրութիւններ, աշխատութիւններ, վէպեր, պատմուածքներ, թեմատիկ ֆիլմեր, փաստավաւերագրական աշխատութիւնների ասպարէզում Թուրքիայի եւ թուրքական աշխարհի դէմ ապատեղեկատուական նախաձեռնութիւններ, ծայրաստիճան յաջողութիւններ են գրանցել: