ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԱՔԱՐԵԱՆ
Օրերս լուր տարածուեց, թէ ՀՀ կառավարութիւնը մտադիր է լուծարել Լեզուի պետական Տեսչութիւնը:
Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատուամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդիւնաւէտ չի աշխատում, չի կատարում իր գործառոյթների մեծ մասը, երկրի լեզուավիճակը ոչ թե բարելաււում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:
Ի հարկէ, միամտութիւն կը լինէր մտածել, թէ այսպիսի յուզական զեղումների ազդեցութեամբ է կառավարութիւնը որոշել լուծարել լեզուի տեսչութիւնը: Երբ, օրինակ, կառավարութիւնը ակնյայտօրէն վատ է աշխատում, ապա ոչ մէկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարութեան: Պարզապէս նոր վարչապետ է նշանակւում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարութեան կազմը:
Ոմանք կ՚առարկեն, թէ երկիրն առանց կառավարութեան չի կարող լինել, բայց առանց լեզուի տեսչության կը լինի: Կառավարութիւնը՝ ոնց որ երկրի գլուխը. առանց գլխի մարդ կը լինի՞: Բայց, ի՞նչ է, քի՞չ կան անուղեղ մարդիկ: Անոտ, անձեռ, անաչք, անականջ մարդիկ էլ են լինում, Աստուած կարօտ պահի: Բայց դա չափանիշ չէ: