ԼՈՒՍԻՆԷ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի նիստերի դահլիճում Մարտի 15ին մեկնարկեց ճանաչուած հայագէտ-կովկասագէտ Պաւել Չօբանեանի (1948-2017) ծննդեան 75ամեակին նուիրուած երկօրեայ միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպուել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան եւ պատմութեան ինստիտուտների, ինչպէս նաեւ ԵՊՀ պատմութեան ֆակուլտէտի կողմից:
Չօբանեանն իր գիտական գործունէութեամբ պայքարում էր նաեւ Հայաստանի պատմութիւնը նենգափոխող թուրք-ադրբեջանական կեղծարարների դէմ` ի ցոյց դնելով նրանց ընտրած ռազմավարութիւնն ու տալով հակազդեցութեան ուղենիշներ: Ռ. Ղազարեանի խօսքով` մենք ոչ թէ պէտք է Ադրբեջանի կեղծարարութիւններին արձագանքողի դերում հանդէս գանք, այլ ինքներս նախայարձակ լինենք այդ հարցերում, քանի որ ամբողջ գիտական նիւթը եւ ճշմարտութիւնը մեր կողմն են: Այլ խնդիր է, թէ որքանով ենք կարողանում օգտագործել այդ ամէնը յաւուր պատշաճի: «Միեւնոյն ժամանակ պէտք է շեշտենք, որ տարիներ շարունակ, 1991ից սկսած, ակադեմիական ինստիտուտները, բուհերի համապատասխան մասնագէտները հրատարակել եւ հրատարակում են ոչ միայն հայերէն, այլեւ օտար լեզուներով աշխատութիւններ` նուիրուած հէնց այդ հարցերին: Այսօր կարծրատիպ կայ, որ մէկ քայլ յետ ենք, բայց փաստն այն է, որ գիտական հանրոյթն աշխատում է, այլ բան է, որ հասարակութիւնը դրա մասին բաւարար տեղեկատուութիւն չունի»,- մանրամասնեց զրուցակիցս` նշելով, որ խնդիրը համեմատականի մէջ է, այսինքն` անհամեմատելի են այն հնարաւորութիւնները, որոնք պետական մակարդակով դրւում են Ադրբեջանի կողմից: Ի դէպ, պէտք է շեշտենք, որ այդ քաղաքականութիւնը նոր չի սկսուել, այն խորհրդային տարիներից ի վեր իրականացւում է, ուղղակի այսօր Ադրբեջանն աւելի մեծ հնարաւորութիւններ ունի աշխարհով մէկ իր կեղծիքն ու սուտը տարածելու համար:
Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէնը խնդիր է համարում այն, որ մեր հասարակութեան զգալի մասը յստակ եւ կոռեկտ պատկերացում չունի մեր թշնամի պետութեան մասին, շատերը ճշգրիտ պատկերացում չունեն «Ադրբեջան» կոչուող պետութեան եւ «ադրբեջանցու» մասին, թէ ովքեր են, երբ եւ ինչպէս են պետութիւն ստեղծել, ինչպիսին է այդ պետութիւնն այսօր: Նրա կարծիքով` հարկաւոր է պետական, բուհական, ինչու չէ, նաեւ դպրոցական մակարդակով կրթել, տեղեկացնել հանրութեանը: Խօսքը, բնականաբար, ատելութեան սերմանման մասին չէ, ինչն արւում է Ադրբեջանում, այլ ուղղակի պատմութեան ճշմարտացի ընթացքը ներկայացնելու: «Ադրբեջանի թիրախում առաջին հերթին հայերն են, որովհետեւ իրենց պետութեան հիմնաքարերից մէկը հէնց հակահայկականութիւնն է. 1918 թուականից սկսած եւ մինչ օրս շատ բան չի փոխուել, բայց միւս կողմից` նրանց «գողութիւն»ը տարածւում է տարածաշրջանի միւս երկրների վրայ: Նրանք իւրացնում են նաեւ իրանական, վրացական, կովկասեան ժողովուրդների, տեղաբնիկների պատմամշակութային ժառանգութիւնը»,- ասաց նա: Վրաստանի գիտնականների կողմից եւս կայ հայ-վրացական կապերի ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտութեան գիտակցումը: Կան բազմաթիւ ծրագրեր եւ առաջարկներ, որոնք նախատեսում են առաջիկայում կեանքի կոչել:
Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը մեզ հետ զրոյցում կարեւորեց անուանի գիտնականի գիտական գործունէութիւնը` նշելով, որ նա ոչ միայն հայագիտութեանը, այլեւ վրացագիտութեանը նուիրուած գիտնական էր եւ յաւուր պատշաճի գնահատում էր վրաց ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգութիւնը: Յետխորհրդային շրջանում հայ-վրացական գիտական կապերը սառել էին, ինչն ընդհանուր երեւոյթ էր յետխորհրդային բոլոր երկրներում, սակայն, բարեբախտաբար, վերջին շրջանում հայ եւ վրացի գիտնականների յարաբերութիւնները նորից ջերմացել են, եւ պարբերաբար գիտաժողովներ են անցկացւում Հայաստանում եւ Վրաստանում: «Շատ կարեւոր է Ադրբեջանի ընդհանուր կեղծարարութեան դէմ ընդհանուր ճակատ ստեղծելու խնդիրը: Կեղծ աղուանական տեսութիւնը, որի համաձայն` իբր թէ Աղուանք երկիրն ու աղուան ժողովուրդն ադրբեջանական ժողովրդի նախնիներն են, ժամանակին մնաց անպատասխան, բայց երբ այսօր Ադրբեջանը կարծես թէ էյֆորիայի մէջ է, մանաւանդ 2020 թ. պատերազմից յետոյ, նորից սկսեց «գիտական» առումով գրոհել ոչ միայն Հայաստանի, այլեւ հարեւան միւս ժողովուրդների վրայ: Ժամանակին այս տարածաշրջանում եղած ամբողջ թուրքմէնական մշակոյթը` ակ-կոյունլու, կարա-կոյունլու թուրքմէնական ցեղերի տիրապետութիւնը ներկայացուեց որպէս ադրբեջանական, այնուհետեւ Սէֆեան Պարսկաստանի ամբողջ պատմամշակութային ժառանգութիւնը սեփականացուեց, էլ չենք խօսում բնիկ ժողովուրդների` լեզգիների եւ միւսների պատմամշակութային ժառանգութեան իւրացման մասին: Վերջին շրջանում նրանք գրոհեցին Վրաստանի վրայ` նոյն աղուանական տեսութիւնը տեղափոխելով նաեւ Վրաստանի տարածք: Յաւակնութիւններով հանդէս եկաւ այդ երկրի պատմութեան ինստիտուտի տնօրէն Եաղուբ Մահմուդովը, որը յայտարարեց, թէ վրաց-ադրբեջանական սահմանին գտնուող «Դաւիթ Գարեջի» վանական համալիրը աղուանական է: Աւելին` Գարդաբանի, Մառնէուլի, Դմանիսի, Բոլնիսի շրջանները եւս Ադրբեջանի «պատմական» տարածքներն են, հարցը անգամ հասաւ Թիֆլիսին»,- մանրամասնեց Մելքոնեանը` ընդգծելով, որ նման պարագայում շատ կարեւոր է հայ-վրացական գիտաժողովների անցկացումը: «Մենք այս տարածաշրջանի հնագոյն ժողովուրդներն ենք, հարուստ պատմութիւն եւ մշակոյթ ստեղծած եւ ամէն կարգի ոտնձգութեան դէմ ընդհանուր ճակատ պէտք է ստեղծենք: Պաւել Չօբանեանի` որպէս մեր լաւագոյն հայագէտ-վրացագէտներից մէկի յիշատակին նուիրուած գիտաժողովը հէնց այդպիսի բովանդակութիւն ունի»,- յաւելեց զրուցակիցս:
Հայաստանին եւ հայ ժողովրդի անվտանգութեանն ուղղուած մարտահրաւէր է «Արեւմտեան Ադրբեջան» կեղծ թեզի եւ«վերադարձ»ի կազմակերպման ծրագիրը: Պատասխանելով այն հարցին, թէ ինչ կարող է անել գիտական համայնքը, Մելքոնեանը նկատեց, որ համաշխարհային գիտական համայնքն ամբողջովին տեղեակ է այդ ամէնին, բազմիցս նշել է, որ տարբեր միջազգային գիտաժողովներում` Չինաստանից մինչեւ Ֆրանսիա եւ այլ երկրներ, ականատես են եղել տեղի գիտնականների արհամարհական վերաբերմունքին ադրբեջանական կեղծարարութեան հանդէպ: Միջազգային գիտական համայնքը գիտակցում է, որ դրա հիմքում միայն քաղաքականութիւնն է կեղծիքի մակարդակով, եւ մատնանշում են, որ գիտութեան մասին խօսք լինել չի կարող: Սակայն ցաւալին այն է, որ հանրային մակարդակով այդ երկրներում Ադրբեջանը կարողանում է յաջողութիւններ արձանագրել, որովհետեւ, ի տարբերութիւն գիտնականների, հասարակութեան համար շատ տեղեկութիւններ անհասկանալի են, առաւել եւս, որ Ադրբեջանը ֆինանսական մեծ միջոցնէր է ծախսում կեղծիքն ու սուտը տարածելու նպատակով: «Վերջերս պարզուեց, որ Մադրիդում Արցախին նուիրուած չորս լեզուով ժողովածու են տպագրել, որում խօսում են այն մասին, թէ ադրբեջանական պատմամշակութային ժառանգութեան սիրտը Շուշին է, որին անուանում են «Շուշա» ձեւով, եւ գրքի շնորհանդէս են կազմակերպել: Մենք նոյնպէս մեր խօսքն ասում ենք. Մատենադարանը վերջերս փառահեղ հրատարակութիւն ունեցաւ «Հայկական ձեռագրային ժառանգութիւնը Արցախում եւ Սիւնիքում» (*) վերնագրով հայերեն, անգլերեն, ռուսերեն մէկ ընդհանուր գրքի մէջ: Մեր հնարաւորութիւններով այդ բոլորն արւում է, բայց պետական աջակցութիւնն այստեղ առաջին պլանում պէտք է լինի, որպէսզի դեսպանատների մակարդակով այդ գրականութիւնը տարածուի»,- նշեց նա:
ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աշխատակից, պատմական գիտութիւնների դոկտոր Գեւորգ Ստեփանեանն իր զեկոյցում անդրադարձաւ «Ադրբեջան» կոչուած արհեստածին միաւորի տարածքում` Ապշերոնեան թերակղզու եւ Բաքու քաղաքում հայութեան ներկայութիւնը փաստող հայ եւ օտար աղբիւրներին` փաստելով, որ հայութիւնը միշտ եղանակ է ստեղծել այդտեղ թէ քաղաքականութեան, թէ մշակոյթի ու տնտեսութեան մէջ: Նրա խօսքով` յետխորհրդային Ադրբեջանում պետական մակարդակով տարուող հակահայկական քարոզչութեան եւ նոր թափ ստացած պատմաշինարարութեան պայմաններում ադրբեջանցի «պատմաբաններն» անցել են լայնածաւալ տեղեկատուական յարձակման, որն էլ աւելի մեծ հետեւողականութեամբ սկսեց իրականացուել Ադրբեջանի անկախացումից յետոյ: Յետխորհրդային տարիներին գիտական վերահսկողութիւնից դուրս յայտնուած ադրբեջանական պաշտօնական «պատմագրութիւնը» Բուն Աղուանքի եւ Շիրվանի պատմութեանը նուիրուած «աշխատութիւններ»ում կեղծարարութեամբ շարունակաբար փորձում է իւրացնել Կուրի դաշտավայրից մինչեւ Ապշերոն թերակղզի ընկած տարածքի էթնոմշակութային եւ քաղաքական պատմութիւնը: Այդ համատեքստում Ադրբեջանի կեղծարար պատմաբանների «պատմագիտական» ասպատակութիւններից առաւել աչքի են ընկնում Բաքու քաղաքի պատմութեան իւրացման նկրտումները: Քաղաքի տարբեր ժամանակաշրջանների պատմութեանը նուիրուած այսպէս կոչուած աշխատութիւններում ադրբեջանցի պատմահէնները սկզբնաղբիւրների աղաւաղման եւ կեղծման հակագիտական մօտեցմամբ հետեւողականօրէն քօղարկում են Ապշերոնեան թերակղզում ու Բաքւում հայերի հնաբնակութիւնը եւ մշակութակերտ գործունէութիւնը փաստող հայ, օտար աղբիւրների հաւաստի տեղեկութիւնները, ժխտում են հայերի ունեցած որոշակի դերակատարութիւնը քաղաքի հասարակական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կեանքի առաջընթացի ապահովման գործում: «Այն, որ Արեւելեան Այսրկովկասում «ադրբեջանցի» յորջորջուած կովկասեան թաթարները եկուորներ են, փաստւում է հէնց 19-րդ դարի առաջին կէսի հեղինակ Աբասկուլի Աղա Բաքիխանովի յայտնած տեղեկութեամբ, որով մերկացւում եւ ի չիք են դառնում ադրբեջանցի կեղծարարների հակապատմական եւ հակագիտական մտավարժանքները»,- ասաց նա` յաւելելով, որ Բաքիխանովը գաղափար չի ունեցել «ադրբեջանցի» էթնիկական միաւորի երբեւէ գոյութեան մասին:
Նշենք, որ Չօբանեանի գրչին են պատկանում նաեւ հայ ժողովրդի պատմութեան համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող հայ գաղթօջախների, Արցախի միջնադարեան պատմութեան հիմնահարցերի վերաբերեալ ուսումնասիրութիւնները: Նրա առանձնայատուկ ուշադրութեան կենտրոնում էին յատկապէս հայ միջնադարեան աղբիւրագիտութեան եւ պատմագրութեան հարցերը, այդ ուղղութեան զարգացման գերակայութիւնները: Արժէքաւոր են նրա «Феномен Шуши» (2013 թ.) եւ «Արցախ. ժողովրդագրութեան եւ տեղանուանակարգի հիմնախնդիրները ԼՂՀ անվտանգութեան համատեքստում» (2014 թ.) կոլեկտիւ մենագրութիւնները, որոնք հրատարակուել են որպէս Ազգային ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդէսի յաւելուած «Աշխատանքային տետրեր»ի յատուկ համարներում, որտեղ նա հանդէս է եկել որպէս ծրագրի համակարգող, գիտական խմբագիր եւ հիմնական յօդուածների հեղինակ: Նրա գիտական ղեկավարութեամբ պաշտպանուել են մէկ տասնեակ թեկնածուական ատենախօսութիւններ, այդ թւում` Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից եւ այլ արտասահմանեան երկրներից, եղել է բազմաթիւ թեկնածուական եւ դոկտորական ատենախօսութիւնների ընդդիմախօս: 2010 թ. պարգեւատրուել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ« մեդալով, ՌԴ «150 лет со дня рождения К. Мечиева», 2011 թ.` «20 лет провозглашения Нагорно-Карабахской Республики» յուշամեդալներով:
«Հայաստանի Հանրապետութիւն», 16 Մարտ 2023
------------------------------
(*) Ճիշդ խորագիրը՝ «Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգութիւնը» («Հայկականք»)։
No comments:
Post a Comment