4.12.14

Աշոտ Մելքոնեանը բացառում է Էրդողանի Հայաստան գալը

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐԵԱՆ
 
«Արմէնպրէս» լրատու գործակալութիւնը հարցազրոյց մը կատարած է Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանի հետ, որ խօսած է հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ` Թուրքիայէն հայերու պահանջատիրութեան խնդիրին, Թուրքիոյ մէջ հայերը տարբեր պաշտօններու վրայ նշանակելու եւ 2015ին Մեծ Եղեռնի հարիւրամեակին նուիրուած պատմագիտական ծրագիրներու  մասին:  

- Ի՞նչ տողատակ է պարունակում «Ակօս» թերթի նախկին գլխաւոր խմբագիր Էթիէն Մահչուփեանին Թուրքիայի վարչապետի գլխաւոր խորհրդական նշանակելը: 
- Ես համոզուած եմ, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրեակին թուրքական սուտը այն աստիճանի ծիծաղելի է դարձել համաշխարհային հանրութեան համար, որ Թուրքիան այլեւս չի կարող ժխտողական կեցուածքով ներկայանալ աշխարհին: Այժմ թուրքերը փորձում են նոր տարբերակներ գտնել իրենց խորամանկ-տողատակի քաղաքականութիւնն առաջ մղելու համար եւ դրա վառ վկայութիւնն էր ընթացիկ տարուայ ապրիլի 24-ի նախօրեակին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի կիսատ-պռատ յայտարարութիւնը, որտեղ, ճիշդ է, նա ցեղասպանութիւն բառը չէր գործածել եւ չէր ասել, որ նման բան է եղել, բայց եթէ ցաւ էր ապրում տեղի ունեցածի համար (ի հարկէ յաւելելով, որ այդ ցաւը հաւասարապէս վերաբերում է նաեւ մահմետականներին, որոնք երկուստեք կորուստներ են կրել), ապա դա եւս մէկ ապացոյց է, որ թուրքական ընդհանուր ռազմավարութիւնը փոխուել է, եւ թուրքերը փորձում են նոր ձեւեր փնտռել իրենց քաղաքականութիւնը առաջ տանելու համար:
Էթիէն Մահչուփեանի նշանակումով նրանք փորձում են ապացուցել, որ այնքան ժողովրդավար են, որ վերականգնում են Օսմանեան կայսրութիւնում գոյութիւն ունեցող աւանդոյթները, երբ հայ ամիրայական դասը կանգնած էր սուլթանի կողքին, եւ նրանք նոյնիսկ Թուրքիայի պետական քաղաքականութեան մէջ եղանակ էին ստեղծում: Սա, ի հարկէ, հերթական շղարշն է եւ պէտք է շատ զգուշ լինել եւ Թուրքիայում մեր պատրիարքարանը պէտք է իր յայտարարութիւններում շատ զգուշ լինի, քանի որ Թուրքիայում չկայ ժողովրդավարական միջավայր, եւ այնտեղ չես կարող ազատօրէն քո կարծիքը յայտնել եւ շատ հնարաւոր է, որ թուրքական իշխանութիւններն իրենց փոփոխուած քաղաքականութեան նոր ձեւերն առաջ տանեն հայ պաշտօնեաների միջոցով, եւ մենք պէտք է պատրաստ լինենք միջազգային հանրութեանը ծանօթացնելու վերը նշուած թուրքական այս ճարպիկ քայլերին:

- Հաւանական համարո՞ւմ էք Էրտողանի ժամանումը Երեւան 2015թ. ապրիլի 24-ին:
- Ես բացառում եմ Էրտողանի Երեւան գալը, քանի որ դա կը նշանակի, որ Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը, ինչը ներկայ վարչակարգից սպասել ուղղակի անհնարին է: Սակայն, եթէ Թուրքիան ուղարկի որեւէ պաշտօնեայի, դա Թուրքիայի` Հայոց ցեղասպանութեան իրողութիւնն ընդունելու հետ կապուած Արեւմուտքի ճնշումներին հակադարձելու մի փորձ կը լինի եւ նրանց նոր մարտավարութեան կիրառման ձեւերից մէկը: Այդ կերպ իրենց ցաւը յայտնելով 1915թ. իրադարձութիւնների կապակցութեամբ` յաջորդ տարի նրանք կարող են յայտարարել, որ, օրինակ, 1975-1982թթ. իբր հայ ահաբեկիչների, իսկ իրականում մեր նոր ազատամարտի պայքարի ներկայացուցիչների կողմից սպաննուած թուրքերի յիշատակին մի միջոցառում կազմակերպեն եւ դրանով մեզ դարձեալ փորձեն նոյն նժարի վրայ դնել, եւ այդ պատճառով այս հարցում պէտք է շատ զգոյշ լինել:

- Արմէն Մարուքեանի հեղինակած «Հայոց ցեղասպանութեան գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարաւորութիւնները» գրքի շնորհահանդէսին դուք նշեցիք, որ 1965թ.-ից մենք ընկանք Թուրքիայի լարած թակարդի մէջ եւ մեզ ներքաշեցին անիմաստ ճանաչման գործընթացի մէջ, ու հիմա ողջ հայութիւնը պէտք է միաւորուի պահանջատիրութեան գաղափարի շուրջ:
 - Մենք մինչեւ 1965թ.-ը ճիշտ ուղու վրայ ենք եղել, սակայն Խորհրդային Հայաստանը ստալինեան վարչակարգի պայմաններում հնարաւորութիւն չունէր բարձրաձայնելու հայոց ցեղասպանութեան խնդիրը, իսկ այդ վարչակարգն այս խնդիրը փորձում էր լռեցնել, իսկ Սփիւռքը դեռեւս շատ թոյլ էր: Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ շատ աւելի հեշտ էր եւ խնդիրը շատ յստակ էր դրուած, որ մենք հայրենիքի վերադարձի պահանջ ունենք, բայց 1965թ.-ից թուրքերը ճարպկօրէն մեզ ներքաշեցին Հայոց ցեղասպանութեան լինել-չլինելու վերաբերեալ բանավէճի մէջ, եւ մենք մոռացանք մեր հիմնական խնդիրը, չնայած կուսակցական մակարդակով, Հայ Դատի Յանձնախմբերի միջոցով շարունակուեց խօսուել պահանջատիրութեան մասին: Մենք սկսեցինք  կարեւորել թուրքական ստի ջրի երես հանելը եւ առանց հասկանալու, որ աշխարհի տարբեր խորհրդարանների մակարդակով բանաձեւերի ընդունումը մեզ գրեթէ ոչինչ չտուեց, բացի 1995թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնութեան պետական տումայի յայտարարութեան, որտեղ փաստուած էր, որ հայերի ցեղասպանութիւնը կատարուել էր իրենց պատմական հայրենիքում` Արեւմտեան Հայաստանում, այսինքն` այլ երկրների ընդունած բանաձեւերի մէջ միայն այս փաստաթղթում էր պահանջատիրութիւնը յստակ ձեւակերպում ստացել: Ի հարկէ, մարդիկ ասում են, որ ցեղասպանութիւնը պէտք է ճանաչուի  եւ նոր գա հատուցման խնդիրը: Բայց հայոց ցեղասպանութիւնն ինքնին արդէն ճանաչուած էր, որովհետեւ այն այնպիսի մակարդակի երեւոյթ է, որ ամէն երկիր իր արխիւային փաստաթղթերով, տպագիր մամուլում եղած նիւթերով կարող է ուսումնասիրել խնդիրը եւ գալ այն եզրակացութեան, որ այն իսկապէս եղել է: Եթէ հեռաւոր Արգենտինայում եւ Ուրուգուայում հատորներով նիւթեր կային հայոց ցեղասպանութեան մասին եւ դրանք հրապարակուեցին, ապա պատկերացրէք, թէ Գերմանիայի, Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսայի արխիւներում որքան նիւթեր կան:

- Փաստօրէն՝ Հայաստանը պէտք է վերանայի՞ իր քաղաքականութիւնը այս հարցում։
- Ես հասկանում եմ նաեւ մեր իշխանութիւնների զգուշաւորութիւնը, որովհետեւ թուրքական կողմի հակազդեցութիւնը պահանջատիրութեան կապակցութեամբ կարող է շատ վայրագ լինել, բայց յամենայն դէպս, երբ խօսում ենք հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման մասին, ապա անպայմանօրէն պետք է յառաջ քաշել պահանջատիրութեան խնդիրը, քանի որ մեզ ցեղասպանութեան են ենթարկել հայրենիքից զրկելու համար եւ յատկապէս Արեւմտեան Հայաստանի արեւելեան հատուածներում եղան սարսափելի ջարդեր՝ նպատակ ունենալով վերացնել հայկական սեպը, որը գոյութիւն ունէր Կովկասի թաթարների եւ օսմանեան թուրքերի միջեւ՝ դրանով իսկ իրագործելով Մեծ Թուրանի գաղափարը։

- Ի՞նչ նախադէպային բազա գոյութիւն ունի ցեղասպանութիւնների դատապարտման գործում միջազգային դատական պրակտիկայում։
- Հենց դրան են նուիրուած Արմէն Մարուքեանի աշխատութիւնները եւ դրանում խօսւում է ցեղասպանութիւնների դատապարտման պատմա-իրաւական հէնքի մասին, թէ ինչ նախադէպեր կան պատմութեան մէջ, միջազգային իրաւունքը ի՞նչ մակարդակով է խնդիրը լուծելի դարձնում։ Այդ իրաւական հէնքի վրայ Մարուքեանը տեղադրում է նաեւ հայոց ցեղասպանութեան խնդիրը եւ գալիս է այն նոյն եզրակացութեանը, որին տարիներ առաջ եկել էր շուէյցարացի իրաւաբան Ալֆրէդ Դէ Զայասը, ով 14 տարի Մարդու Իրաւունքների Յանձնախմբի նախագահն է եղել, ով մենագրութիւն է գրել, որտեղ ասւում է, որ միջազգային իրաւունքի տեսանկիւնից հատուցման խնդիրը միանգամայն հնարաւոր է։ Ի հարկէ, Թուրքիան միջազգային դատարանում կը փորձի շրջանցել այդ հարցը՝ պատճառաբանելով վաղեմութեան խնդիրը, քանի որ ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիան ընդունուել է 1948 թ. Դեկտեմբերի 9-ին, իսկ 1915 թ. իրադարձութիւնները տեղի են ունեցել դրանից առաջ եւ օրէնքը յետադարձ ուժ չի կարող ունենալ։ Բայց ինչպէս չի կարող ունենալ, երբ հրեաների հոլոքոստը տեղի էր ունեցել 1933-1945 թթ, իսկ հատուցումը եղել է 1948 թ.-ից յետո՝ 1952 թ.-ից։ Ռաֆայէլ Լեմկինը բանաձեւել է այդ կոնվենցիան՝ նկատի ունենալով հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, հաշուի առել հենց հայոց ցեղասպանութեան իրողութիւնը։

- Ե՞րբ մեր պետութիւնը հայոց ցեղասպանութեան գործով դատական հայց կը ներկայացնի Թուրքիայի դէմ, եւ ի՞նչ անել, որ միջազգային դատարանը անաչառ գործի և չենթարկուի արտաքին ճնշումների:
-Միջազգային իրաւունքը խոցելի է այն տեսանկիւնից, որ դատապարտելի եւ քրէորէն պատժելի է համարում միայն ցեղասպանութիւն գործողութեան համար, որը պետականօրէն իրականացուած սպանդի գործողութիւն է էթնոկրօնական հէնքի վրա՝ էթնոսը կամ կրօնական հանրոյթը ամբողջապէս կամ մասնակիօրէն վերացնելու համար, այսինքն այն ինչ տեղի է ունեցել մեր եւ հրեաների հետ։ Սակայն մեզ ենթարկել են նաեւ հայրենազրկման եւ միջազգային իրաւունքը պէտք է քրէական պատասխանատուութիւն նախատեսի նաեւ այդ դէպքի համար, քանի որ ներկայ պահին միջազգային իրաւունքը քրէական պատասխանատուութիւն է ենթադրում միայն ժողովրդին սպաննելու համար եւ այն պետք է բարելաւուի հենց հայրենազրկման ձեւակերպումով, որը մեզ յստակ հնարաւորութիւն կը տայ հասնելու հատուցման խնդրին, որը, ի հարկէ, դժուար ճանապարհ է, սակայն բացի մեզնից աշխարհում նոյնպէս կան ազգեր, որոնք հայրենազրկուել են, եւ ՄԱԿ-ում մեզ հետ միասին կարող են այդ խնդիրը բարձրաձայնել եւ տանել առաջ, ինչպես դա ժամանակին արեցին հրեաները։

- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Պատմութեան ինստիտուտը ի՞նչ ծրագրեր է նախատեսել 2015 թ.-ին։
- Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ նախատեսուած է անցկացնել մի շարք գիտաժողովներ. Պոտսդամի Եոհաննէս Լեփսիուսի անուան գիտահետազօտական ինստիտուտը կազմակերպելու է գիտաժողով, որն անցկացուելու է 2015թ. Մարտի 1-3-ը Բեռլինում եւ Պոտսդամում եւ այդ գիտաժողովին ցեղասպանութեան խնդիրը պէտք է քննարկուի զանազան տեսանկիւններից:
Նախատեսւում է նաեւ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպել միջազգային գիտաժողով 2015 թ. Յունիս-Յուլիսին, թերեւս դա կը լինի գիտական աշխարհում ամենակարեւոր իրադարձութիւնը: Բացի այդ` նախատեսւում են գիտաժողովներ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացեալ Նահանգներում:
Մենք երիտասարդների մի խումբ ենք պատրաստել, ովքեր տարբեր լեզուներով Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանութեան հարցերով նիւթեր են ներկայացնում տարբեր գիտաժողովներին եւ մենք աշխատում ենք լուծել նրանց բոլոր ֆինանսական հարցերը, որպէսզի նրանք կարողանան մասնակցել այդ գիտաժողովներին:
Բազմաթիւ հրապարակումներ կը լինեն 2015 թ. ցեղասպանութեան թեմայի կապակցութեամբ: Մենք Հոկտեմբերին աւարտեցինք «Առաջին Աշխարհամարտը եւ հայ ժողովուրդը` պատմութիւն եւ արդիական խնդիրներ» միջազգային կարեւոր  գիտաժողովը եւ արդէն սկսել ենք նիւթերի հաւաքագրումը եւ համանուն ժողովածուն լոյս կը տեսնի 2015 թ.-ին:
Կը լինեն նաեւ այլ մենագրութիւններ, որոնք դարձեալ նուիրուած կը լինեն պահանջատիրութեան խնդրին, բացի այդ` Մարուքեանի «Հայոց ցեղասպանութեան գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարաւորութիւնները»   աշխատութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ պատրիարք Արամ Ա. Կաթողիկոսը նախատեսում է թարգմանել անգլերէն: Շատ կարեւոր է, որ վերջին երկու-երէք տարիներին մեր հանրութիւնը Հայոց Ցեղասպանութեան խնդիրը սկսել է դիտարկել պահանջատիրութեան տեսանկիւնից:

- Կարծիքներ կան,  որ մենք կարող էինք կանխել հայոց ցեղասպանութիւնը եւ մեղաւոր ենք, որ թոյլ տուեցինք երիտթուրքերին կեանքի կոչելու իրենց ծրագիրը եւ դրանում իրենց մեղքի բաժինը ունեն հայկական կուսակցութիւնները։
-Բացարձակ ճշմարտութեան հասնել այս կապակցութեամբ հնարաւոր չէ, միշտ կարծիքներ կը լինեն, որոնք կը փորձեն վերանայել նախորդ մօտեցումները: Ինչ վերաբերում է մեղքի խնդրին, ապա ես Հոկտեմբերի 1-ին Առաջին Աշխարհամարտի գիտաժողովին իմ «Հայոց ցեղասպանութեան պատճառներն ու հետեւանքները» զեկոյցում անդրադարձել եմ այդ հարցին: Գիտէք, այդ մօտեցումները շատ են, բայց ես չեմ ընդունում մեր մեղքը հայոց ցեղասպանութեան հարցում եւ պատահական չէր, որ Հայաստանի առաջին հանրապետութեան վերջին վարչապետ Սիմոն Վրացեանը հումորային ենթատեքստով բացատրել էր, որ կը գան սերունդներ, որոնք կը փորձեն գտնել մեր մեղքի բաժինը հայոց ցեղասպանութեան մէջ, բայց արդարութիւնը պահանջում է ասել, որ թերեւս մեր միակ մեղքը այն էր, որ չկանխեցինք Առաջին Համաշխարհային Պատերազմը:
Դեռեւս 1911թ.-ի յունական Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովում երիտթուրքերը որոշել էին հայերին կոտորել եւ Առաջին Համաշխարհային Պատերազմը նպաստաւոր միջավայր էր ստեղծել նրանց համար` այն իրականցնելու համար: Սակայն դա չէր նշանակում, որ մենք չպէտք է նախապատրաստուէինք այդ ջարդերին եւ այստեղ արդէն մենք ունենք մեղքի բաժին: Մենք հաւատացինք 1908թ.-ի երիտթուրքերի յեղափոխութեանը, զինաթափուեցինք, 10 պատգամաւոր ունեցանք թուրքական խորհրդարանում եւ սա մոլորութեան մէջ գցեց մեզ: Հայերը մտածեցին, որ գործ ունեն արդէն ժողովրդավար Թուրքիայի հետ եւ հաւատացին երիտթուրքերի այն յայտարարութեանը, թէ ազատութիւնների դիմաց հայերը եւ միւս ժողովուրդները պէտք է ապահովեն Օսմանեան կայսրութեան միասնականութիւնը եւ նրանք ենթադրեցին, որ ապահովելով թուրքերի ասածը մենք անվնաս կը լինենք, բայց, ցաւօք, կեանքը ապացուցեց ճիշդ հակառակը:

- Գոյություն ունի՞ 1890-1920թթ. իրադարձութիւնները նկարագրող աշխատութիւն։
-Մասնակի այդպիսի աշխատութիւններ մեզանում կան. ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնեանը, Պատմութեան Ինստիտուտի նոր պատմութեան բաժնի վարիչ Ռուբէն Սահակեանը, Մկրտիչ Ներսիսեանը, Վարդգէս Միքայէլեանը, Գալուստ Գալոյեանը, ինչպէս նաեւ Մակիչ Արզումանեանը, Ջոն Կիրակոսեանը բոլորն էլ այսպիսի աշխատութիւններ գրել են` իսկ սպառիչ աշխատութիւն կը լինի միայն այն ժամանակ, երբ կը բացուեն Օսմանեան կայսրութեան արխիւները:

«Արմէնպրէս», Նոյեմբեր 24, 2014

No comments:

Post a Comment