19.10.14

Արմէն Կլոդ Մութաֆեան. «Կայ պատմական Սփիւռքը եւ նոր եկած Սփիւռքը, որոնք չեն հաշտւում»

ՄԵՐԻ ՄԱՄԵԱՆ
 
Արմէն Կլոդ Մութաֆեանը ֆրանսահայ պատմաբան, հայագէտ է, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր: Նարեկացի Արուեստի Միութիւնում տեղի ունեցած իր դասախօսութեան ժամանակ նա տարանջատեց Սփիւռքի հայ գաղթօջախների երեք տեսակ: Առաջինը` քաղաքական, երբ մասնաւորապէս ցեղասպանութիւնից յետոյ հայերը այլ երկրներ են արտագաղթել, երկրորդը` մշակութային, որտեղ պետականութեան բացակայութեան ընթացքում հայ մշակոյթը զարգացել է, եւ տնտեսական, երբ սոցիալ-տնտեսական դրութեան պատճառով մարդիկ արտագաղթում են Հայաստանից: «Հետք»ի հարցերին պատասխանում է Արմէն Կլոդ Մութաֆեանը:
Որպէս պատմաբան եւ հայագէտ, Ձեր գնահատմամբ` այժմ պատմական ի՞նչ ժամանակաշրջանում ենք ապրում Հայաստանում:
Շատ դժուար հարցով սկսեցիք: Դժուար ժամանակներ են, որվհետեւ Հայաստանը պէ՞տք է գոյատեւի, թէ՞ չպէտք է գոյատեւի: Բոլորը խօսում են, բայց որեւէ մէկը որեւէ լուծում չի գտել: Դժբախտաբար, հիմիկուայ արտագաղթը երկիրը լքելու համար է, որը չեմ մեղադրում, որովհետեւ վիճակը շատ դժուար է: Իմ կարծիքով` դեռ ոչ մէկը սրա լուծումը չունի: Ես լուծում չունեմ. ոչ քաղաքագէտ եմ, ոչ տնտեսագէտ: Բայց պարզ է, որ ժողովրդի վիճակը շատ դժուար է: Երկու օր գնացինք մինչեւ Արցախ, ճանապարհի վրայ գիւղերում կիսալքուած վիճակ էր: Սրա մասին շատ չխօսեմ, որովհետեւ դրա մասին բոլորը գիտեն: Բոլորը գիտակից են, բայց ոչ մէկը լուծում չունի:

Դուք նշում էք, որ այժմ արտագաղթի պատճառով այպես կոչուած տնտեսական գաղթօջախներ են ստեղծւում, երբ սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով են մարդիկ լքում երկիրը: Ի՞նչը յանգեցրեց այս վիճակին:
Իմ կարծիքով` երկիրը զարգացնելու պակասութիւնն է: Հարուստ երկիր չենք, բայց վերջապէս երկիր է. հզօր սփիւռք ունի, որոշ ազատութիւն, որոշ բերրի հողեր ունի, ինչո՞ւ չպիտի կարողանայ կանոնաւոր ապրել: Հարստութիւնների բաշխումը բոլորովին սխալ է, անընդունելի է: Մի կողմից` մեծահարուստների կը տեսնենք, միւս կողմից, որ գիւղերը լքւում են: Չեմ ասում, որ միայն Հայաստանն է այս պատկերը ներկայացնում, բայց դժբախտաբար, այստեղ այդպէս է: Ինչո՞ւ` դժուար է ասել: Ճիշդ է` նաւթ չկայ, մեծ հարստութիւն չկայ, բայց ես վստահ եմ, որ Հայաստանը եթէ լաւ ղեկավարուի, կը կարողանայ ապրել:
Մի բան ունի Հայաստանը, որը դժբախտաբար, ժողովուրդը չի կարողանում օգտագործել, սա մշակոյթն է: Հազարամեայ մշակոյթ է: Երբ հայ-ռումինական նկարների վերաբերեալ ցուցահանդէսն էի պատրաստում, մի քանի ամիս առաջ այստեղ էի Ռումինիայի պատմութեան պետական թանգարանի տնօրէնի հետ: Եւ նա ապշած էր, երբ տեսաւ պատմութեան թանգարանը, թէ ինչպէս կարող են այդ բոլոր հարստութիւնները լինել այստեղ այդ բոլոր ողբերգութիւններից յետոյ: Նա ասում էր, որ մենք Ռումինիայում այսքան բան չունենք, երբ այդքան ողբալի էջեր չենք ունեցել: Մշակոյթը Հայաստանի հարստութիւնն է:
Զարգացնելու հողը կայ: Չեմ ասում, թէ մշակոյթը մարդկանց ուտելիք կը տայ, բայց վերջապէս ապացոյց է, որ կարելի է զարգացնել երկիրը: Ես համոզուած եմ: Բայց խնդիրն այն է, որ այստեղ հարստութեան բաշխումը բոլորովին անընդունելի է:

Երբ հայ ժողովուրդը պետականութիւն չի ունեցել, մշակոյթը եւ եկեղեցին եղել են ժողովրդին միաւորող գործօններ: Արդեօ՞ք այսօր էլ դրանք միաւորում են մեզ:
Միշտ այդ երկու հանգամանքները կան: Ես անկեղծ ասեմ` աւելի շատ մշակոյթի մարդ եմ, քան եկեղեցու: Իմ կարծիքով` պէտք է աւելի մշակոյթին մօտենալ եւ մշակոյթի մաս կազմել: Հիմա մի քիչ բաժանուած են եկեղեցին ու մշակոյթը: Օրինակ բերեմ: Աբովեան փողոցի վրայ փոքր եկեղեցի կար` Կաթողիկէ, հիմա արդէն ընկղմուած է այդ մեծ շէնքի մէջ: Եկեղեցին մշակոյթի հանդէպ չասեմ յանցագործութիւն է արել, բայց սխալ քայլ է արել: Ես շատ էի սիրում այդ եկեղեցին, երբ այդ հին ակադեմիական շէնքը կար: Ես կարծում եմ` քանդեցին այդ շէնքը, որպէսզի եկեղեցին աւելի երեւայ, որը գուցէ իմաստ ունի, բայց բոլորովին ընկղմուեց դրա մէջ: Այսինք, որոշ թիւրիմացութիւն կայ մշակոյթի եւ եկեղեցու միջեւ:

Հնարաւո՞ր է ինչ-որ ձեւով ուղղել այդ թիւրիմացութիւնը:
Մարդկանց կամքից է կախուած:

Ինչպէ՞ս էք գնահատում Սփիւռքի եւ Հայաստանի կապերի զարգացումը:
Սփիւռքի հարցը բարդացաւ: Այժմ ամէն երկրի մէջ երկու սփիւռք կայ: Կայ տեղական պատմական սփիւռքը եւ նոր եկած սփիւռքը, որոնք չեն հաշտւում: Սա խնդիր է: Օրինակ, վերջերս Ֆրանսիայի Նիս քաղաքում ընդհարումներ եղան տեղական հին գաղութի եւ նոր հայաստանցի գաղութի միջեւ: Սա շատ խորհրդանշական պահ էր: Խնդիրը բարդացաւ, որովհետեւ երկխօսութիւն չկայ: Բայց ես դեռ յոյսս կապում եմ Սփիւռքի մեծ գաղութներին, ինչպէս` Ֆրանսիա, Հարաւային Ամերիկա, Հիւսիսային Ամերիկա: Ի հարկէ, ողբերգութիւնը Միջին Արեւելքում է: Որոշ ձեւով Լիբանանն է դիմանում, հրաշքով: Հալէպն արդէն վերջ: Սրանք շատ մեծ մշակութային գաղութներ էին: Ես միշտ հիանում եմ Լիբանանով: Իմ կարծիքով այս գաղութը լաւ օրինակ է:

Արդեօ՞ք հնարաւոր է կամուրջ ստեղծել հին եւ նոր Սփիւռքի միջեւ:Դժուար է, կամաց-կամաց ստեղծւում է: Մեծ ողբերգութիւնը նոր Սփիւռքի գոյութիւնն է. Հայաստանում պահպանման կռիւ է: Բայց նորից եմ ասում` չեմ մեղադրում:

Պատմական Սփիւռքը մեզ հարուստ ժառանգութիւն է թողել: Ի՞նչ է ստեղծում նոր Սփիւռքը: 
Չէ, նոր Սփիւռքը առայժմ դեռ իսկական արդիւնք չի տալիս, գոնէ իմ իմացած Եւրոպայի մէջ: Ամերիկայում, Ռուսաստանում` չգիտեմ: Բայց այդ հակասութիւնը հին եւ նոր Սփիւռքի միջեւ կայ:

Պատմական Սփիւռքի ձեւաւորումը մեծապէս կապւում է Հայոց ցեղասպանութեան հետ, որը մինչ այժմ պայքարում է դրա միջազգային ճանաչման համար: Ի՞նչ է սպասւում 2015 թ.-ից` 100-ամեայ տարելիցից յետոյ:
Պէտք է հասնենք այն բանին, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանութիւնը: Եւ յետոյ գալիս է հատուցման խնդիրը: Ցեղասպանութիւնը տեղի ունեցաւ, ուզենք-չուզենք, բոլոր փաստաթղթերն ունենք, ամէն ինչ պարզ է: Հիմա ` Թուրքիան կը ճանաչի՞, թէ՞ չի ճանաչի, չգիտեմ:
Բայց ես միշտ պնդում եմ, որ միայն 1915 թ.-ի ցեղասպանութեան մասին չխօսենք: Խօսենք նաեւ ապագայի մասին, խօսենք հայ մշակոյթի զարգացման մասին: Սրա վրայ պէտք է շեշտը դնել:
2005 թ.-ին ինձ խնդրեցին ֆրանսերենով մի փոքրիկ գրքոյկ պատրաստել նրանց համար ովքեր չգիտեն հայերի եւ ցեղասպանութեան մասին: Ես գրեցի, բայց խնդիր եղաւ շապիկի հետ: Նորից ուզեցին ողբերգութեան պատկեր դնել: Բայց հիմա մարդիկ ամէն օր այդ նկարները տեսնում են աշխարհի տարբեր կողմերում, մէկ աւել, մէկ պակաս: Եւ բարեբախտաբար, համոզեցի, որ ուրիշ շապիկ դնենք` Երեւանի ապրիլի 24-ի երթը: Դա ապագան է: Ինձ ասում են` ինչու ես ուզում մոռանաս: Չեմ ուզում մոռանալ, ինչպէ՞ս կ'ուզեմ մոռանալ: Բայց չեմ ուզում միայն անցեալի մասին խօսել: Անցեալը չմոռանալով` պէտք է ապագան պատրաստել:

Ի՞նչ ենք հիմա ստեղծում ապագայի համար:
Մշակոյթն է: Հիմա էլ հայ մշակոյթը զարգանում է, գրողներ, արուեստագէտներ կան: Դժբախտաբար, Սփիւռքում հայերէն գրողները աւելի քիչ են: Լաւ, բայց հոգ չէ, թող ուրիշները գրեն: Հայ մշակոյթը պարտադիր չէ, որ հայերէն գրուի: Վերջերս գրեցի 11-14-րդ դարերի հայ մշակոյթի մասին, եւ սա ֆրանսերէն է: Պէտք է այդ ձեւով էլ շարունակել: Գուցէ ինձ ասեն` ինչո՞ւ դա ֆրանսերէն ես գրել, եւ ոչ թէ հայերէն: Թէպէտ ես հայերեն որոշ առումով գիտեմ, բայց ուզեմ-չուզեմ մայրենի լեզուս ֆրանսերէնն է, ես ֆրանսերէն եմ մտածում: Ֆրանսերէն գրելով աւելի շատ կը տարածուի: Եթէ հայերէն թարգմանուի, խնդրեմ:

«Հետք», Հոկտեմբեր 16, 2014 (http://hetq.am/arm/news/56879/armen-klod-mutafyan-ka-patmakan-spyurqy-ev-nor-ekats-spyurqy-oronq-chen-hashtvum.html/)

No comments:

Post a Comment