15.10.14

Հայկական «ազգային ազատագրական գիտութիւն»ը

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Մեզ մոտ երկու անգամ երկուսը նույնպես չորս է, միայն մի տեսակ ավելի կայտառ է դուրս գալիս:
Իվան Տուրգենև, «Ծուխ»

Սովետահայ իրականության մեջ, ստալինյան դաժան դարաշրջանից հետո, եկավ խրուշչովյան «Ձնհալը», և ազատության զեփյուռը նոր շունչ հաղորդեց սովետական մարդկանց: Ավարտվեց սարսափի թագավորությունը: Մարդկանց այլևս հոծ խմբերով չէին աքսորում Սիբիր կամ տեղում գնդակահարում, որոշ չափով թափանցիկ դարձավ «երկաթե վարագույրը», ինքը՝ երկրի առաջնորդը, գնում էր տարբեր երկրներ, սկսեցին տպագրվել արգելված գրողները, գնդակահարված շատերը վերականգնվեցին որպես «իսկական կոմունիստներ» և անմեղ մարդիկ, սկսեց թարգմանվել և տպվել «իմպերիալիստական» երկրների գրականությունը, մարդիկ լսում էին «Բիթլզ» և այլն, և այլն:
ՍՍՀՄ հանրապետություններում սկսվեց ազգային զարթոնքը: Սկսեցին գործել ընդհատակյա հայրենասիրական խմբակներ, 1965-ին Երևանում տեղի ունեցավ հայոց ցեղասպանության հիսունամյակին նվիրված առաջին հսկայական, ոչ պետականորեն կազմակերպված ցույցը: Մեր ժողովուրդը, օտար բռնակալների դարավոր լծի ու գաղութացման պայմաններում, ձևավորել էր առաջընթացի և պայքարի մեկ ձև՝ ազգային ազատագրական շարժումը: Եվ մեր ձնհալն էլ ձեռք բերեց նման գծեր. այն ևս մեր ժողովրդին այնքան հայտնի ազգային ազատագրական շարժման մի դրսևորում էր: Տարբեր հանրապետություններում ընթացող պրոցեսները շատ առումներով նույնական էին, բայց և տարբեր, «տեղական կոլորիտով»: Դե, ադրբեջանցիները պետք է դեռ փնտրեին իրենց ինքնությունը, վրացիները՝ ձգտեին վերականգնել Ստալինի անկումով խաթարված՝ ՍՍՀՄ երկրորդ ժողովուրդ լինելու հանգամանքը, նրանց պատմաբանները հասցնեին իրենց մինչև Իսպանիա, իսկ մերձբալթյան ժողովուրդները պարսավեին ռուսական լուծը և շարժվեին դեպի Եվրոպա, ազատություն ու անկախություն:
Այս ֆոնի վրա պետք է վերագնահատվեր մեր ժողովրդի պատմությունը, ավելի ազգային, ոչ ստանդարտ ստալինյան-սովետական դիրքերից նորից գրվեր այն: Ձնհալը վերագնահատում էր պատմությունը: Բացահայտվել և դատապարտվել էր «անհատի պաշտամունքը», ինչպես ասվեց՝ արդարացվել էին գնդակահարված և աքսորված զոհերը: Մեր պրոֆեսիոնալները «Ձնհալի» դիրքերից վերաշարադրում էին մեր պատմությունը, վերագնահատում գրականությունն ու արվեստը: Բայց դա, ակնհայտորեն, բավարար հեղափոխաբար չէր արվում: Պրոֆեսիոնալները հակված չեն հեղափոխականության: Նրանք սովորաբար չեն հավատում ըստ նոր քամիների ուղղության բոլոր հին գաղափարները վերաձևելու տեսություններին, չեն հավատում արագընթաց, կայծակնային նոր լուծումներին և հեշտ չեն անցնում «ապստամբների» կողմը: Ազգային ազատագրական շարժումներում, ինչպես հեղափոխությունների ժամանակ, ռազմադաշտի առաջին դիրքերը զբաղեցնում են հերոսները և կրակոտ երիտասարդ մտավորականները՝ սիրողները, մարտնչող դիլետանտները: Նրանց զինանոցում են՝ խիզախ հայրենասիրությունը, երիտասարդությունը, գիտելիքների պակասը, սուր լեզուն և բոլորին քննադատելու ու հեղինակություններին հակադրվելու հզոր կամքը: Այսպես առաջացավ հայոց նոր պատմագրության և ընդհանրապես հայագիտության նոր, ժամանակակից ճյուղը՝ «ազգային ազատագրական գիտությունը»:
Առաջին ծիծեռնակներն ու ձեռքբերումներն արդեն տպավորիչ էին: Իսկ շարժումը տասնամյակների ընթացքում գրանցում էր նորանոր ձեռքբերումներ: Նախ, մեր երկրի հնագույն կայսրությունը՝ Ուրարտուն, վերագնահատվեց ու բացահայտվեց որպես հայկական պետություն, իր հայ արքաներով ու հայ բնակչությամբ, և նույնիսկ Ուրարտու տերմինն ինքը սկսեց մերժվել՝ որպես հակահայ մի բան: Ուրարտուի պատմությանը, լեզվին ու մշակույթին նվիրված աշխատությունները սկսեցին նշավակվել՝ որպես հակահայ դավադրության դրսևորումներ: Ուրարտերենն սկսեց ընթերցվել հայերեն, Մեծամորում գտնված մի մ.թ. XVIII դարի արաբատառ դրամ՝ որպես մ.թ.ա. XVIII դարի հայերեն-հայասերեն արձանագրություն և այլն: Սա արվում էր շատ հեղափոխաբար և այնքան հակագիտական մակարդակով, որ նույնիսկ «շարժման» ավելի կիրթ ազատամարտիկներին չէր գոհացնում: Ստեղծվեց ավելի մեղմ տեսակետ, որտեղ ուրարտերենը հայերեն չէր համարվում, այլ «նոր խուռիերեն»: Նոր տեսակետները մի քանիսն էին, և նրանց հեղինակները, ինչպես լինում է հեղափոխությունների ժամանակ, երբեմն նաև իրար դեմ էին պայքարում: Շարժմանը հսկայական լիցք տվեց Թամազ Գամկրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի մենագրության լույսընծայումը (1984 թ.): Ուրեմն, նույնիսկ օտարներն են գրում, որ հնդեվրոպացիների հայրենիքը Հայաստանն է, իսկ մեր գիտնականներն այդ մասին դավադրաբար լռել են:
Այս շարժումը չէր կարող շատ մեծ, հեղափոխական փոփոխություններ առաջացնել սովետահայ գիտության մեջ. կային բարձր հեղինակություն վայելող գիտնականներ՝ պրոֆեսիոնալներ, որոնք երբեմն կարճ, հատու խոսքով անդրադառնում էին նոր քամիների տեսություններին և մերժում, ժխտում կամ ջախջախում դրանք: Այն ժամանակ պետությունը, այսպես թե այնպես, կանգնած էր գիտնականների՝ պրոֆեսիոնալների կողքին: Երկար տասնամյակների ընթացքում մասնագիտական ու մասսայական մամուլում տպվեց ընդամենը մի քանի քննադատական հոդված` ուղղված «ազգային ազատագրական» տեսությունների դեմ:
Պատկերը որոշակիորեն փոխվեց ՍՍՀՄ փլուզումից ու վերահաս ազատությունից հետո: Վաստակավոր, հայտնի գիտնականներ՝ Գ. Ջահուկյանը, Գ. Սարգսյանը և այլք մեղադրվում էին հայրենադավության և հակազգային մեղքերի մեջ: Ինչ վերաբերում է, ասենք, Ուրարտուով զբաղված այլազգի գիտնականներին՝ Պիոտրովսկի, Մելիքիշվիլի, Դյակոնով, նրանք արդեն բացեիբաց հայտարարվում էին հակահայ, հրեա-մասոններ ու նման բաներ: Եվ այդ գիծը շարունակվում է մինչև այժմ: Հայհոյողները, անտեղյակության ու չիմացության պատճառով, չգիտեին, որ այդ հեղինակները, համեմատած իրենց արևմտյան գործընկերների հետ, «պրոհայկական նացիոնալիստներ» էին:
«Ազգային ազատագրական գիտությունը» իր ձևավորման սկզբնական էտապում իր մեջ որոշ առաջադիմական տարրեր էր կրում: Այն կիսագաղութային վիճակից դուրս գալու, հոգևոր և մտավոր ազատության ձգտման արտահայտություն էր, «Ձնհալի» և ազատագրական շարժման բաղադրիչներից մեկը: Նորմալ զարգացման դեպքում այն ժամանակի հետ պիտի կորցներ իր ագրեսիվ ազգայնականության և հակագիտականության տարրերը, ձուլվեր իսկական գիտությանը: Բայց մեզանում, այլևայլ պատճառներով, այն դարձավ մեր հայագիտության, եթե կարելի է այսպես ասել, հիմնական ուղղություններից մեկը: Այն, ինչ առաջ կարելի էր միայն ոչ գիտական կամ ոչ հեղինակավոր հանդեսներում ու հրատարակություններում տպագրել, մտել է արդեն դասագրքեր և մասնագիտական հրատարակություններ:
Այդ ուղղության բազմաթիվ դրույթներ ընդունվել են մեր գիտական հանրության մի նշանակալի մասի կողմից, այդ դրույթներով են առաջնորդվում արդեն շատ գիտաշխատողներ, դասախոսներ: Բայց նույնն են մնում ազատագրական շարժման մշտական բաղադրիչները՝ ոչ պրոֆեսիոնալիզմը, անտեղյակությունը ժամանակակից գիտության զարգացումներին, տենդենցիոզությունը, գիտական նորմալ կարծիքների վերաբերյալ ագրեսիվ կեցվածքը, օտարազգի և մեր ականավոր գիտնականներին մահացու մեղքերի մեջ մեղադրելու հակումը: Ընդ որում՝ այդ դրսևորումները երբեմն հասնում են այն աստիճանի, որ նույնիսկ չափավոր «ազգային ազատագրականներն» էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը: Եթե ըստ Տուրգենևի հերոսի՝ սլավոնասերների մոտ էլ երկու անգամ երկուսը չորս էր, բայց՝ ավելի կայտառ կերպով, ապա մեր ազատագրականների մոտ այն չորս չէ, այլ այնքան, ինչքան մարդ կարող է միայն երևակայել, միայն թե ավելի ու ավելի հնացվի ու պանծացվի մեր պատմությունը:
Հայաստանյան հայագիտության այս վիճակը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Այդ գործոններից մեկն է հավասարակշռված գիտական քննադատության բացակայությունը: Մասնագետները հակված չեն գլուխ դնել ագրեսիվ մերձգիտականության հետ: Եվ շատերն ուղղակի անտեղյակ են գիտության ժամանակակից վիճակից, մինչդեռ կարելի է պարզ լեզվով այն ներկայացնել:
Այս հոդվածով ես սկսում եմ «ազգային ազատագրական գիտության» վերաբերյալ իմ հոդվածաշարը: Այն կլինի մեղմ ոճով, առանց անունների, առանց հայհոյանքների ու օպոնենտներին մահացու մեղքերի մեջ մեղադրելու: Պետք է հատուկ շեշտվի, որ հարցի ամենաչնչին քաղաքականացումն իսկ կխանգարի գործին և կարժեզրկի նախաձեռնությունը:
- See more at: http://www.ilur.am/news/view/35702.html#sthash.UkrluyLr.dpuf
Մեզ մօտ երկու անգամ երկուսը նոյնպէս չորս է, 
միայն մի տեսակ աւելի կայտառ է դուրս գալիս: 
Իվան Տուրգենեւ, «Ծուխ»

Սովետահայ իրականութեան մէջ, ստալինեան դաժան դարաշրջանից յետոյ, եկաւ խրուշչովեան «ձնհալ»ը, եւ ազատութեան զեփիւռը նոր շունչ հաղորդեց սովետական մարդկանց: Աւարտուեց սարսափի թագաւորութիւնը: Մարդկանց այլեւս հոծ խմբերով չէին աքսորում Սիբիր կամ տեղում գնդակահարում, որոշ չափով թափանցիկ դարձաւ «երկաթէ վարագոյր»ը, ինքը` երկրի առաջնորդը, գնում էր տարբեր երկրներ, սկսեցին տպագրուել արգելուած գրողները, գնդակահարուած շատերը վերականգնուեցին որպէս «իսկական կոմունիստներ» եւ անմեղ մարդիկ, սկսեց թարգմանուել եւ տպուել «իմպերիալիստական» երկրների գրականութիւնը, մարդիկ լսում էին «Բիթլզ» եւ այլն, եւ այլն:
ՍՍՀՄ հանրապետութիւններում սկսուեց ազգային զարթօնքը: Սկսեցին գործել ընդյատակեայ հայրենասիրական խմբակներ, 1965-ին Երեւանում տեղի ունեցաւ հայոց ցեղասպանութեան յիսնամեակին նուիրուած առաջին հսկայական, ոչ պետականօրէն կազմակերպուած ցոյցը: Մեր ժողովուրդը, օտար բռնակալների դարաւոր լծի ու գաղութացման պայմաններում, ձեւաւորել էր յառաջընթացի եւ պայքարի մէկ ձեւ` ազգային ազատագրական շարժումը: Եւ մեր ձնհալն էլ ձեռք բերեց նման գծեր. այն եւս մեր ժողովրդին այնքան յայտնի ազգային ազատագրական շարժման մի դրսեւորում էր: Տարբեր հանրապետութիւններում ընթացող պրոցեսները շատ առումներով նոյնական էին, բայց եւ տարբեր, «տեղական կոլորիտով»: Դէ, ադրբեջանցիները պէտք է դեռ փնտռէին իրենց ինքնութիւնը, վրացիները` ձգտէին վերականգնել Ստալինի անկումով խաթարուած` ՍՍՀՄ երկրորդ ժողովուրդ լինելու հանգամանքը, նրանց պատմաբանները հասցնէին իրենց մինչեւ Իսպանիա, իսկ մերձբալթեան ժողովուրդները պարսաւէին ռուսական լուծը եւ շարժուէին դէպի Եւրոպա, ազատութիւն ու անկախութիւն:

Այս ֆոնի վրայ պէտք է վերագնահատուէր մեր ժողովրդի պատմութիւնը, աւելի ազգային, ոչ ստանդարտ ստալինեան-սովետական դիրքերից նորից գրուէր այն: Ձնհալը վերագնահատում էր պատմութիւնը: Բացայայտուել եւ դատապարտուել էր «անհատի պաշտամունք»ը, ինչպէս ասուեց` արդարացուել էին գնդակահարուած եւ աքսորուած զոհերը: Մեր պրոֆեսիոնալները «ձնհալ»ի դիրքերից վերաշարադրում էին մեր պատմութիւնը, վերագնահատում գրականութիւնն ու արուեստը: Բայց դա, ակնյայտօրէն, բաւարար յեղափոխաբար չէր արւում: Պրոֆեսիոնալները հակուած չեն յեղափոխականութեան: Նրանք սովորաբար չեն հաւատում ըստ նոր քամիների ուղղութեան բոլոր հին գաղափարները վերաձեւելու տեսութիւններին, չեն հաւատում արագընթաց, կայծակնային նոր լուծումներին եւ հեշտ չեն անցնում «ապստամբներ»ի կողմը: Ազգային ազատագրական շարժումներում, ինչպէս յեղափոխութիւնների ժամանակ, ռազմադաշտի առաջին դիրքերը զբաղեցնում են հերոսները եւ կրակոտ երիտասարդ մտաւորականները` սիրողները, մարտնչող դիլետանտները: Նրանց զինանոցում են` խիզախ հայրենասիրութիւնը, երիտասարդութիւնը, գիտելիքների պակասը, սուր լեզուն եւ բոլորին քննադատելու ու հեղինակութիւններին հակադրուելու հզօր կամքը: Այսպէս առաջացաւ հայոց նոր պատմագրութեան եւ ընդհանրապէս հայագիտութեան նոր, ժամանակակից ճիւղը` «ազգային ազատագրական գիտութիւն»ը:
Առաջին ծիծեռնակներն ու ձեռքբերումներն արդէն տպաւորիչ էին: Իսկ շարժումը տասնամեակների ընթացքում գրանցում էր նորանոր ձեռքբերումներ: Նախ, մեր երկրի հնագոյն կայսրութիւնը` Ուրարտուն, վերագնահատուեց ու բացայայտուեց որպէս հայկական պետութիւն, իր հայ արքաներով ու հայ բնակչութեամբ, եւ նոյնիսկ Ուրարտու տերմինն ինքը սկսեց մերժուել` որպէս հակահայ մի բան: Ուրարտուի պատմութեանը, լեզուին ու մշակոյթին նուիրուած աշխատութիւնները սկսեցին նշաւակուել` որպէս հակահայ դաւադրութեան դրսեւորումներ: Ուրարտերէնն սկսեց ընթերցուել հայերէն, Մեծամօրում գտնուած մի մ.թ. XVIII դարի արաբատառ դրամ` որպէս մ.թ.ա. XVIII դարի հայերէն-հայասերէն արձանագրութիւն եւ այլն: Սա արւում էր շատ յեղափոխաբար եւ այնքան հակագիտական մակարդակով, որ նոյնիսկ «շարժման» աւելի կիրթ ազատամարտիկներին չէր գոհացնում: Ստեղծուեց աւելի մեղմ տեսակէտ, որտեղ ուրարտերէնը հայերէն չէր համարւում, այլ «նոր խուռիերէն»: Նոր տեսակէտները մի քանիսն էին, եւ նրանց հեղինակները, ինչպէս լինում է յեղափոխութիւնների ժամանակ, երբեմն նաեւ իրար դէմ էին պայքարում: Շարժմանը հսկայական լիցք տուեց Թամազ Գամկրելիձէի եւ Վեաչեսլաւ Իւանովի մենագրութեան լոյս ընծայումը (1984 թ.): Ուրեմն, նոյնիսկ օտարներն են գրում, որ հնդեւրոպացիների հայրենիքը Հայաստանն է, իսկ մեր գիտնականներն այդ մասին դաւադրաբար լռել են:
Այս շարժումը չէր կարող շատ մեծ, յեղափոխական փոփոխութիւններ առաջացնել սովետահայ գիտութեան մէջ. կային բարձր հեղինակութիւն վայելող գիտնականներ` պրոֆեսիոնալներ, որոնք երբեմն կարճ, հատու խօսքով անդրադառնում էին նոր քամիների տեսութիւններին եւ մերժում, ժխտում կամ ջախջախում դրանք: Այն ժամանակ պետութիւնը, այսպէս թէ այնպէս, կանգնած էր գիտնականների` պրոֆեսիոնալների կողքին: Երկար տասնամեակների ընթացքում մասնագիտական ու մասսայական մամուլում տպուեց ընդամէնը մի քանի քննադատական յօդուած` ուղղուած «ազգային ազատագրական» տեսութիւնների դէմ:
Պատկերը որոշակիօրէն փոխուեց ՍՍՀՄ փլուզումից ու վերահաս ազատութիւնից յետոյ: Վաստակաւոր, յայտնի գիտնականներ` Գ. Ջահուկեանը, Գ. Սարգսեանը եւ այլք մեղադրւում էին հայրենադաւութեան եւ հակազգային մեղքերի մէջ: Ինչ վերաբերում է, ասենք, Ուրարտուով զբաղուած այլազգի գիտնականներին` Պիոտրովսկի, Մելիքիշվիլի, Դեակոնով, նրանք արդէն բացէ ի բաց յայտարարւում էին հակահայ, հրեայ-մասոններ ու նման բաներ: Եւ այդ գիծը շարունակւում է մինչեւ այժմ: Հայհոյողները, անտեղեակութեան ու չիմացութեան պատճառով, չգիտէին, որ այդ հեղինակները, համեմատած իրենց արեւմտեան գործընկերների հետ, «պրոհայկական նացիոնալիստներ» էին:
«Ազգային ազատագրական գիտութիւն»ը իր ձեւաւորման սկզբնական էտապում իր մէջ որոշ յառաջադիմական տարրէր էր կրում: Այն կիսագաղութային վիճակից դուրս գալու, հոգեւոր եւ մտաւոր ազատութեան ձգտման արտայայտութիւն էր, «ձնհալ»ի եւ ազատագրական շարժման բաղադրիչներից մէկը: Նորմալ զարգացման դէպքում այն ժամանակի հետ պիտի կորցնէր իր ագրեսիւ ազգայնականութեան եւ հակագիտականութեան տարրերը, ձուլուէր իսկական գիտութեանը: Բայց մեզանում, այլեւայլ պատճառներով, այն դարձաւ մեր հայագիտութեան, եթէ կարելի է այսպէս ասել, հիմնական ուղղութիւններից մէկը: Այն, ինչ առաջ կարելի էր միայն ոչ գիտական կամ ոչ հեղինակաւոր հանդէսներում ու հրատարակութիւններում տպագրել, մտել է արդէն դասագրքեր եւ մասնագիտական հրատարակութիւններ:
Այդ ուղղութեան բազմաթիւ դրոյթներ ընդունուել են մեր գիտական հանրութեան մի նշանակալի մասի կողմից, այդ դրոյթներով են առաջնորդւում արդէն շատ գիտաշխատողներ, դասախօսներ: Բայց նոյնն են մնում ազատագրական շարժման մշտական բաղադրիչները` ոչ պրոֆեսիոնալիզմը, անտեղեակութիւնը ժամանակակից գիտութեան զարգացումներին, տենդենցիոզութիւնը, գիտական նորմալ կարծիքների վերաբերեալ ագրեսիւ կեցուածքը, օտարազգի եւ մեր ականաւոր գիտնականներին մահացու մեղքերի մէջ մեղադրելու հակումը: Ընդ որում` այդ դրսեւորումները երբեմն հասնում են այն աստիճանի, որ նոյնիսկ չափաւոր «ազգային ազատագրականներն» էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը: Եթէ ըստ Տուրգենեւի հերոսի` սլաւոնասէրների մօտ էլ երկու անգամ երկուսը չորս էր, բայց` աւելի կայտառ կերպով, ապա մեր ազատագրականների մօտ այն չորս չէ, այլ այնքան, ինչքան մարդ կարող է միայն երեւակայել, միայն թէ աւելի ու աւելի հնացուի ու պանծացուի մեր պատմութիւնը:
Հայաստանեան հայագիտութեան այս վիճակը պայմանաւորուած է մի շարք օբյեկտիւ եւ սուբյեկտիւ գործօններով: Այդ գործօններից մէկն է հաւասարակշռուած գիտական քննադատութեան բացակայութիւնը: Մասնագէտները հակուած չեն գլուխ դնել ագրեսիւ մերձգիտականութեան հետ: Եւ շատերն ուղղակի անտեղեակ են գիտութեան ժամանակակից վիճակից, մինչդեռ կարելի է պարզ լեզուով այն ներկայացնել:
Այս յօդուածով ես սկսում եմ «ազգային ազատագրական գիտութեան» վերաբերեալ իմ յօդուածաշարը: Այն կը լինի մեղմ ոճով, առանց անունների, առանց հայհոյանքների ու օպոնենտներին մահացու մեղքերի մէջ մեղադրելու: Պէտք է յատուկ շեշտուի, որ հարցի ամենաչնչին քաղաքականացումն իսկ կը խանգարի գործին եւ կ՚արժեզրկի նախաձեռնութիւնը: 

http://www.ilur.am/news/view/35702.html, Հոկտեմբեր 2, 2014

No comments:

Post a Comment