23.9.14

Վենետիկեան Օգոստոս

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Դասեր հայագիտութեան եւ մարդկայնութեան
Ընտանիքը եւ նրա հայրը
Ժամանակին ֆրանսուհի նշանաւոր գրող տիկին դը Ստալը հետեւեալ միտքն է արտայայտել. «Ճամբորդելը ապրել է: Իտալիայում ճամբորդելը երկրի վրայ արքայությունից կանխավճար առնել է»:
Ասուածը մասնաւորապէս ճշմարիտ է Վենետիկի՝ աշխարհում նմանը չունեցող այդ քաղաքի համար: Մանաւանդ եթէ եղանակը բարեհաճ է եւ շրջապատուած ես մէկը միւսից հաճելի անձանցով...
Այս զգացողութիւնն ունեցան Վենետիկի «Պո-Արաքս» մշակութային ընկերակցութեան կազմակերպած Կա Ֆոսկարի համալսարանի հայ լեզուի եւ մշակոյթի ամառային խտացեալ դասընթացի այս տարուայ մասնակիցները՝ ուսուցիչ թէ ուսանող: Տասնչորս երկրից ժամանած վաթսունից աւելի հայ եւ այլազգի ուսանողները դասընթացի երեք շաբաթների ընթացքում ոչ միայն դրեցին հայերէնի հիմքերը կամ կատարելագործեցին իրենց լեզուաիմացութիւնն ու հայագիտական գիտելիքները, այլեւ Իտալիո՝ՙ ամէն ինչով գեղագէտ իրականութեան մէջ ձեռք բերեցին մարդկային եւ միջմշակութային շփումների անկրկնելի փորձառութիւն: Ինչպէս նկատեց ուսանողներից մէկը. «Սկիզբը մենք ծանօթներ էինք, յետոյ դարձանք բարեկամներ, իսկ վերջը ընտանիքի պէս եղանք»:

Եւ այս ընտանիքի հայրը հայութեանը քաջ յայտնի Հայր Լեւոն Զէքիեանն է: Դասընթացի հիմնադիր-կազմակերպիչ այս երախտաշատ մտաւորականը նոյնպէս գոհ է այս տարուայ խմբից՝ համարելով այն դասընթացի 29 տարիների պատմութեան մէջ հանդէս եկած լաւագոյններից մէկը:
Անցած տարի մեր մասնակիցներէն մին՝ երիտասարդ լեհուհի մը, հարցիս, թէ ինչ սորվեցաւ հոս՝ հայերէնէ զատ, պատասխանեց՝ մարդկայնութիւն... Յուզիչ եւ կարեւոր գնահատական է, պատմում է Հայր Լեւոնը:
Մխիթարեանների գիտական-լուսաւորչական աւանդութիւնն իր մէջ կրող Հայր Լեւոն Զէքիեանի համար այս տարին յատկանշւում էր նաեւ մի կարեւոր հանգրուանով. Հռոմի պապի կողմից նա նշանակուել է Թուրքիոյ կաթողիկէ հայերի առաքելական կառավարիչ, ինչը նշանակում է, որ բազմազբաղ գիտնականը պէտք է իր ժամանակը կիսի հայ մշակոյթի համար մեծ կարեւորութիւն ներկայացնող երկու քաղաքներիՙ Վենետիկի եւ Կոստանդնուպոլսի միջեւ:
Այս հանգամանքն, անշուշտ, դեր չպիտի ունենայ վենետիկեան հայագիտական դասընթացի յետագայի վրայ, ինչպէս ոմանք կարծում էին: Այս տարի էլ Օգոստոսեան Վենետիկի փողոցի բազմալեզու աղմուկն անմասն չմնաց հայոց լեզուից, իսկ Սուրբ Խաչ եկեղեցում երկու կիրակի հնչեց կոմիտասեան պատարագը, որ մատուցում էր Հայր Լեւոնն արդէն եպիսկոպոսական խոյրով...
Հայկական բազմագոյն հետաքրքրութիւններ
Վենետիկեան դասընթացը, հիմնադրուած լինելով առաջին հերթին արեւմտահայերէնի պահպանման եւ տարածման առաքելութեամբ, դէպ իրեն է ձգում ամենատարբեր հայկական ծագում եւ ինքնութիւն ունեցողների: Արեւմտահայերի նոր ու նորագոյն սերունդներ, նաեւ հայաստանցիներ կամ նրանց սերունդներ, նաեւ կէս ու քառորդ հայեր, ինչպէս նաեւ ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնց Ադրիատիկի ափին միաւորում է հետաքրքրութիւնը աշխարհի հնագոյն լեզուներից եւ մշակոյթներից մէկի հանդէպ:
Դասընթացի մասնակից ոչ հայերի շարքերից դուրս են եկել այսօրուայ մի շարք հայագէտներ: Այս տարի դասընթացն ունեցաւ առաջին մասնակցին Չինաստանից: Արդիական արուեստի ցուցահանդէսների կազմակերպիչ Ֆէյ Չենը ժամանել էր Ուհան քաղաքից. յուսանք, որ նրա հայկական հետաքրքրությունները կը նպաստեն երկու հին ժողովուրդների մշակութային երկխօսութեան ճիւղաւորմանը: Այլազգիներից ոմանք ակադեմիական ոլորտ մտնելու թեկնածուներ են, որոնց ընտրած թեմաներն առնչւում են հայութեանը: Բելառուսուհի Սվիատլանան, որ չորս ամիս ապրել է Հայաստանում, հետազօտում է հայ ճարտարապետութիւնը, իսկ իտալուհի Օրտենզիան ուսումնասիրում է երաժշտական մշակոյթը հայ սփիւռքում՝ Միլանի եւ Փարիզի օրինակով: Հայ սփիւռքի ուսումնասիրմամբ է զբաղւում նաեւ ամերիկացի Դէնին՝ հանրայնագէտի տեսանկիւնից, իսկ թրքուհի Ջանանը խորացել է 19-րդ դարի Օսմանեան կայսրութեան հայ մեծատունների պատմութեան ուսումնասիրութեան մէջ...
Իսկ հայորդիների համար նախնեաց լեզուն սովորելը, ինչ խօսք, չի սահմանափակւում մասնագիտական հետաքրքրութիւններով: Այս տարուայ մասնակիցները մեծ մասամբ երիտասարդներ էին, ովքեր, լինելով հայութեան չորրորդ-հինգերորդ սերունդ, տակաւին ուժգին են զգում կապն արմատների, այն բանի հետ, ինչ ընդունուած է համարել ազգային ինքնութիւն: Ուշագրաւ եւ քիչ հանդիպող երեւոյթ էր, որ հեռաւոր Ամերիկաներից երիտասարդ հայ տղաներ վեր են կենում եւ մենակ գալիս են Եւրոպա՝ իրենց հայությունն «ամրապնդելու»: Այդպէս են վարուել ԱՄՆ-ում եւ Կանադայում ծնուած չորս հայ երիտասարդները՝ Սամուէլը, Հայկը, Ջէսին եւ Քրիստոֆը: «100 տարի է՝ ընտանիքս Ամերիկա է եւ կը ջանանք պահպանել մեր լեզուն: Մենք նաեւ մեր յատուկ ամերիկահայ մշակոյթը ստեղծած ենք», ասում է Սամուէլը եւ ցոյց տալիս ԱՄՆ-ում ստեղծուած «Միչիգան հոփ» հայ ազգային պարը (ինչպէ՞ս ցաւով չյիշեմ Ռուսաստան գնացող եւ առաջին իսկ սերնդով արագ ուծացող մեր հայրենակիցներին): Իսկ բրազիլահայ Սարգիսը, որ տասը տարի առաջ եկել էր Հայաստան՝ լեզուն սովորելու, այժմ համագործակցում է Սան Պաուլուի համալսարանի հայագիտական ամբիոնի հետ ու միաւոր առ միաւոր թուայնացրած ձեւով հաւաքում է բրազիլահայ համայնքի պատմութեան վաւերագրերը...
Այս տարի նաեւ շատ հաճելի էր դասընթացում ունենալ երեխայ-մայրերի՝ ի դէմս աթէնքաբնակ Արաքսեայի եւ ցիւրիխաբնակ Սիւզանի, որոնց անուշիկ փոքրիկներով դասերի ժամերին զբաղւում էին նրանց հոգատար հայրիկները...
Անհրաժեշտ է նշել նաեւ Սփիւռքում նորագոյն սերունդների հայեցի կրթութեան ինստիտուցիոնալ կերպով կարեւորումը, որի շնորհիւ առկայ է համագործակցութիւն վենետիկեան դասընթացի հետ: Վկայ՝ Պոլսոյ Ուսուցչաց Հիմնարկի կողմից արդէն երկրորդ անգամ երիտասարդներին վերապատրաստման ուղարկելը (այս անգամ՝ հայկական դպրոցների չորս ուսուցչի եւ երեք աշակերտի): Վկայ՝ ռումինահայ համայնքը, որն արդէն եօթերորդ անգամ Վենետիկ է ուղարկում համայնքի առաւել ակտիւ երիտասարդների: Վկայ՝ Թորոնթոյի «Գոլոլեան» վարժարանը, որի տնօրէն Արմէն Մարտիրոսեանը այս էլ հինգերորդ անգամ բերում է աւարտական դասարանի տասնեակից աւելի աշակերտներ, որոնք, ի դէպ, սերնդից սերունդ ուրախացնում են հայերէնի իմացութեամբ...
Դասեր՝ համալսարանում
Շաբաթական հինգ օր Կա Ֆոսկարի համալսարանի Կա Կապելլօ մասնաշէնքում առաւօտից մինչեւ մէկ անց քառորդ, առաջին յարկի չորս լսարաններում, որոնցից մի քանիսը բացւում են ուղիղ ջրանցքի վրայ, մի քանի ժամ իշխում է հայոց լեզուն: Ուսանողները բաժանուած են չորս մակարդակի՝ ըստ լեզուաիմացութեան, իսկ աւանդողները տարբեր երկրներից ժամանած հայ ուսուցիչներ են: Ֆրանսաբնակ Ռոզինը եւ հունգարաբնակ Սօսին (երկուսն էլ՝ սիրիահայեր) սովորեցնում են մաշտոցեան գիրը եւ հիմնական բառապաշարը, իսկ նոյնպէս ֆրանսաբնակ, ծնունդով պոլսեցի պարոն Պարէտը խօսելավարժութեան դասերն է տալիս: Ամենամեծ լսարանում ամերիկահայ պարոն Րաֆֆին անգլերէնով հայ ժողովուրդի պատմութիւնն է ներկայացնում, որից յետոյ էլ հայերէնով կը ներկայացնի սփիւռքահայ գրականութեան քիչ ծանօթ հեղինակների: Թորոնթոյի խմբին Հայ Դատի մասին ծանօթութիւններ է տալիս իրենց իսկ վարժարանի ուսուցչուհին՝ ծնունդով հայաստանցի տիկին Աշխէնը: Ինքըՙ Հայր Լեւոնը, իրեն յատուկ աշխոյժ եղանակով դասաւանդում է հայ լեզուի պատմութիւնը, նաեւ գրաբար (վերջին տարիներին, ի դէպ, գրաբարի դասախոսն իտալուհի Բենեդետան էր, որ այս տարի դասընթացին չմասնակցեց խիստ յարգելի՝ իր նորածին Նարեկի պատճառով): Տողերիս հեղինակը, որ տարիներ ի վեր նոյնպէս վենետիկեան դասընթացի ուսուցչաց կազմի անդամ է, դասաւանդում է հայ թատրոնի եւ կինոյի պատմութիւն՝ դասախօսութիւններն ուղեկցելով այդ բնագաւառների մեր մեծերի լուսանկարներով եւ ներկայացումներից ու շարժապատկերներից հատուածներով...
...եւ՝ համալսարանից դուրս
Հայկական դասերը շարունակւում են համալսարանից դուրս էլ, այն էլ՝ ուսանողների նախաձեռնութեամբ: Մի անգամ մի տեղ անորոշ սպասման պահերին ժամանակն ի զուր չկորցնելու համար ուսանողները սկսեցին կաւիճով հերթականութեամբ գրել իրենց սերտած տառերը: Անգամ ծովի ջրում գնդակ խաղալը վերածուեց հայերէնի դասի. պարզ հաշուելուց բացի՝ գնդակը միմեանց նետելով թուարկում էին նաեւ շաբաթուայ օրերը, ամիսները եւ այլն... Այլեւս չասած, որ ցանկացողներին դասերից դուրս ուսուցանւում են ազգային պարեր, նաեւ դուդուկ՝ Երեւանի կոնսերվատորիայում ուսանած իտալաբնակ սիրիահայ Արամի կողմից, որի նրբին կատարումներն ըմբոշխնեցինք պատարագների եւ աւանդական «ուրախ երեկոների» ժամանակ... Այլեւս չասած, որ շաբաթական մի քանի անգամ երեկոյեան ժամերին Հայր Լեւոնը կազմակերպում է ամենատարբեր թեմաներով դասախօսութիւններ: Այլեւս չասած, որ Վենետիկում առկայ հայկական յիշատակներըՙ Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանը, Սուրբ Ղազար կղզին, Սուրբ Խաչ հայոց եկեղեցին, Սան Սալվադոր եկեղեցում հանգչող Հայաստանի վերջին տիտղոսակիր թագուհի Կատերինա Կոռնարոյի շիրիմը, Սուրբ Մարկոսի տաճարի ավանդաբար հայկական ծագում ունեցող ձիարձանները եւ այլն, այս լրջմիտ, արթուն երիտասարդների մէջ շարունակաբար նպաստում են հայաճանաչմանը...
«Կը մեկնինք աւելի հայացած...»
Հայագիտութեան եւ մարդկայնութեան դասընթացի երեք շաբաթը թռչում է վայրկեանի պէս: Հարազատացած հոգիները դժուարութեամբ են բաժանւում: Ոմանք անկարող են զսպել յուզմունքը: Լսւում են կատակներ՝ «Հոգ չէ, մնաց մէկ տարի»: Եւ իսկապէս, շատերը գիտեն, որ վերադառնալու են՝ շարունակելու ու զարգացնելու ձեռք բերածը եւ կամ կրկին շնչելու այդ անկրկնելի մթնոլորտը: Ոմանք ասում են, որ վերադառնում են՝ աւելի հայացած եւ հայկական գործերին նուիրուելու վճռականութեամբ տոգորուած: «Վերադարձիս պիտի պրպտեմ ու սորվածներս պիտի ընդլայնեմ», գրեց մասնակիցներից մէկը: Արագ հաղորդակցման մեր դարում, մեր այս փոքրացած մոլորակում ձեռք բերած թանկագին ընկերութիւնը պահելը դժուար չէ, եթէ կայ կամք... մանաւանդ եթէ այդ ընկերութիւնը շաղկապուեց ընդհանուր հետաքրքրութեամբ ու սիրով, որ կոչւում է հայ լեզու եւ հայ մշակոյթ...

Դասընթացի մասնակիցներից Գժեգոժ Հավրըվեչկօն կամ պարզապէս Գրիգորը
Կրակովից ժամանած այս երիտասարդ դոմինիկեան վանականը մեծ հետաքրքրութիւն ունի հայ հայրաբանական գրականութեան, հայկական պատարագի եւ առհասարակ Հայաստանի ողջ քրիստոնէական ժառանգութեան հանդէպ: «Ինձ հետաքրքրում են թէ՛ հայ եկեղեցու հայրերի աշխատութիւնները, որոնք ես մտադիր եմ ապագայում յայտնի դարձնել Լեհաստանում, եւ թէ՛ քրիստոնէական դարաշրջանի առաջին հարիւրամեակին հայերի թարգմանած երկերի վերլուծութիւնները: Շատ ուրախ եմ՝ ծանօթանալով հայ Սփիւռքին, նրա պատմութեանը եւ ներկային: Որպէս լեհ ես մեծապէս գնահատում եմ այս հնարաւորութիւնըՙ ճանաչելու մի ժողովրդի, որի պատմութիւնն անքակտելիօրէն կապուած է իմ իսկ երկրի պատմութեանը: Այն ինձ թոյլ է տալիս աւելի լաւ ըմբռնել լեհ իրականութիւնը, որի վրայ մեծ ազդեցութիւն է գործել հայ համայնքը»:
Աննա-Մարիա Վագենհայմը կամ մեր Անուլը
Աննա-Մարիան ծնուել եւ ապրում է Գերմանիայում, ծնողները հայաստանցիներ են: Երեւանցի երաժիշտներից ոմանք թերեւս յիշեն նրա նախատատիկին՝ ազգութեամբ լեհ դաշնակահարուհի Օլգա Վագենհայմին, որից Աննան, իր խոստովանութեամբ, ժառանգել է սէրը երաժշտութեան եւ բանաստեղծելու հանդէպ: Գերմանա-լեհա-ռուսական ծագումով հայրը եւ հայուհի մայրը տանը մշտապէս խօսում են հայերէն եւ ռուսերէն: Աննան կամ պարզաէս Անուլը Վենետիկ էր եկել Քնարիկ տատիկի հետ, ով նոյնպես հաճոյքով մասնակցում էր դասընթացներին եւ ամէն կերպ քաջալերում թոռնիկի հայ գենի արթնացմանը: Իսկ այն ակնյայտօրէն արթնացել էր, մանաւանդ երբ մեր անուշիկ Աննան վերջին ուրախ երեկոյին փորձեց դուդուկ նվագել...
Արտուրօ Պաստորելլոն կամ վանաձորցի Արթուրիկը
Դասընթացի ամենակրտսեր մասնակցիՙ Վիչենցայի բնակիչ Արտուրօ Պաստորելլոյի անձնական պատմութիւնը բոլորին էր յուզում: Իտալական ազգանունով եւ արտաքինով այդ 17-ամեայ երիտասարդը վեց տարի է, ինչ ապրում է Իտալիայում: «Ես հայաստանցի եմ, ինձ այնտեղ Արթուրիկ էին ասում»: Վանաձորի մանկատանը ապրած Արթուրիկը 11 տարեկանում երկուորեակ քրոջ հետ որդեգրուելով իտալացի ամուսինների կողմից՝ եկել է Իտալիա եւ գրեթէ իսպառ մոռացել հայոց լեզուն (հիշում էր միայն տառերը ու մի քանի արտայայտութիւն): Սակայն, ի տարբերութիւն քրոջ՝ նա մտադրուել է նորից սովորել մայրենի լեզուն: Արթուրիկը, որ գիւղատնտեսութիւն է ուսանում, ասաց, որ ցանկանում է գալ Հայաստան: «Ուզում եմ գտնել իմ կենսաբանական ծնողներին, գիտեմ, որ մենք Սարգսեան ենք: Նաեւ կուզեմ մի օր դառնալ Հայաստանի գիւղատնտեսութեան նախարարը», աւելացրեց նա իր տարեկիցներին հատուկ իդէալիզմով...

«Ազգ-Մշակոյթ», Սեպտեմբեր 20, 2014

No comments:

Post a Comment