11.5.17

Ինչպէս ունենալ միջազգային մակարդակով մրցունակ հայագիտութիւն. գիտնականի առաջարկները

ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂԵԱՆ
 
«Թէեւ վերջին տարիներին Հայաստանում շատ է խօսւում գիտութեան խնդիրների մասին` փոփոխութիւններ չեմ տեսնում: Ակադեմիայում, օրինակ, ամէն ինչ այնպէս է, ինչպէս որ էր: Մինչդեռ դա գիտութեան ղեկավարման լաւագոյն մօտեցումը չէ: Անհրաժեշտ է թէ՛ անձերի, թէ՛ մօտեցումների, թէ՛ գործելաոճի փոփոխութիւն»,- ասում է բանասիրական գիտութիւնների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ Ազգագրութեան Ւնստիտուտի բանահիւսութեան տեսութեան եւ պատմութեան բաժնի աւագ գիտաշխատող Արմէն Պետրոսեանը` մեկնաբանելով գիտութեան վիճակը Հայաստանում: 
Պատասխանելով այն հարցին, թէ որոնք է համարում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները մեր երկրում գիտութիւնը պահպանելու եւ հետագայում զարգացնելու համար, Պետրոսեանն անդրադառնում է միայն հումանիտար ոլորտին, որի նրբութիւններին տեղեակ է: «Եթէ սկսեմ ասել այն, ինչ մտածում եմ, եւ այն, ինչ գիտեմ` շատ ողբերգական պատկեր կը ստացուի: Ուստի մեղմ ձեւակերպումներ կը տամ»,- ասում է նա: 
Պետրոսեանի կարծիքով` Հայաստանում հայագիտութեան ոլորտում իսկական գիտական մակարդակով աշխատող լաւագոյն կառոյցը Հնագիտութեան եւ Ազգագրութեան Ւնստիտուտն է: Միւսների դէպքում կան թերութիւններ: «Շատ կոլեկտիւների աշխատանքը չեմ կարող ասել, որ համապատասխանում է ժամանակակից գիտութեան պահանջներին եւ որակներին»,- ասում է նա:
Պետրոսեանը նշում է, որ Խորհրդային Միութեան փլուզման եւ անկախութեան հռչակման շնորհիւ ազատուեցինք խորհրդային պարտադրուած գիտութիւնից: Սակայն թէ՛ Հայաստանում, թէ՛ յետխորհրդային երկրներում եւ թէ՛ նախկին սոցիալիստական երկրներում նախկին քաղաքական պարտադրանքին փոխարինելու եկաւ ազգայնականութիւնը: «Ազգայնական, ծայրայեղ հակագիտական ուսմունքներ են շրջանառւում, որոնք լաւագոյն դէպքում, գուցէ ինչ-որ կապ ունեն գիտութեան հետ: "Մենք ամենահինն ենք, մենք ամենալաւն ենք" մօտեցումն առկայ է անգամ Կենտրոնական Եւրոպայի որոշ երկրներում»,- ասում է Պետրոսեանը: Նա նշում է, որ հայագիտութեան ոլորտում ծայրայեղական վիճակ է: Նպատակն է ցուցադրել, որ աւելի հին ենք, քան կարծել ենք, քան Սովետական Միութիւնը մեզ պարտադրել է երեւալ: Մեր իրականութեան ողբերգութիւնն այն է, որ այդ մօտեցումը անցել է ակադեմիական գիտութիւն:
Խօսելով հայագիտութեան նման վիճակի մասին` Պետրոսեանն ասում է, որ այն պայմանաւորուած է մի շարք օբյեկտիւ ու սուբյեկտիւ հանգամանքներով: «Օբյեկտիւ պատճառների թւում է նաեւ այն, որ շրջապատուած ենք ոչ բարեկամական երկրներով: Թուրքիայում աշխատող նոյնիսկ միջազգային մակարդակի գիտնականները մինչեւ վերջերս իրենց աշխատութիւններում "հայ" բառը չէին օգտագործում: Իսկ ներկայումս Թուրքիային միացել է Ադրբեջանը, որն աւելի ուժեղ հակահայկական քաղաքականութիւն է տանում: Այս բոլորը մեզանում ծնում են դրա դէմ պայքարելու, դրան հակառակուելու ցանկութիւն»,- ասում է Պետրոսեանը: «Մենք շրջապատված ենք հայատեացութիւն քարոզող երկրներով: Ինքնապաշտպանութեան բնազդով մտածում ենք` եթէ ցոյց տանք, որ աւելի հին ենք՝ կը յաղթենք: Բայց գործով է պէտք պայքարել, ոչ թէ պատմութիւնը հնացնելով: Օրինակ կարող ենք վերցնել հրեաներից, որոնք հենց գործով են պայքարում հրեատեացութեան դէմ»:
Հարցին, թէ ինչու է Հայաստանում հումանիտար գիտութիւնը թոյլ զարգացած, Պետրոսեանը մի քանի պատճառներ է մատնանշում: Նախ` Խորհրդային Հայաստանի ղեկավարութեան որդեգրած քաղաքականութեան հետեւանքով այն ժամանակուանից դեռ առաւել մեծ ուշադրութիւն է յատկացուել բնական գիտութիւններին: «Ներկայիս վիճակը նաեւ Սովետական Հայաստանի քաղաքական ղեկավարութեան մօտեցումներով է պայմանաւորուած: Խորհրդային Հայաստանում եւս բնական գիտութիւններն աւելի զարգացած էին: Դա նաեւ Ակադեմիայի քաղաքականութեան եւ մօտեցումների արդիւնք էր: Իսկ Վրաստանում, օրինակ, կար շատ ուժեղ հնագիտութիւն»,- ասում է նա:
Որպէս երկրորդ պատճառ Պետրոսեանը նշում է, որ բնական եւ ճշգրիտ գիտութիւններն ազգային չեն լինում, դրանք համամարդկային են` ի տարբերութիւն հումանիտարի: «Ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան ազգային չեն լինում: Չի կարող լինել հայկական, վրացական կամ չինական ֆիզիկա: Երկու անգամ երկու հաւասար է չորսի ամէնուրեք: Եւ հնարաւոր չէ Ակադեմիայում ժողով անցկացնել եւ քննարկել «երկու անգամ երկու հաւասար է տասնեօթի» վարկածը: Մեզ մօտ հումանիտար ոլորտում նման խնդիրները դեռեւս քննարկւում են, օրինակ` շումերերէնի հայերէն լինելու խնդիրը դրեցին եւ Ակադեմիայում քննարկեցին»,- ասում է նա: Նման վիճակից խուսափելու համար, ըստ Պետրոսեանի, գիտութեան ոլորտները ղեկավարող անձինք պէտք է տեղեակ լինեն գիտութեան ժամանակակից կամ գոնէ նախաժամանակակից մօտեցումներին. «Ազգայնականութիւնն ակադեմիայի գործը չէ: Դա պէտք է թողնեն գրողներին եւ գաղափարախօսներին»։
Պետրոսեանը վստահ է` ազգայնականութեան դիտանկիւնով անցած գիտութիւնը կամ գիտական արդիւնքը չի կարող մրցունակ լինել միջազգային ասպարէզում. այն նախատեսուած է միայն եւ միայն ներքին լսարանի համար:
Հարցին, թէ ինչ է պէտք, որ հայագիտութիւնը մրցունակ լինի, Պետրոսեանն ասում է. «Հայագիտութիւնը, ինչպէս եւ օրինակ` թուրքագիտութիւնը, երբեք այնպէս պահանջուած չի լինի, ինչպէս բժշկագիտութիւնը, նանոտեխնոլոգիաները, ֆիզիկան եւ այլն»: Նա նշում է, որ հայաստանեան հնագիտութիւնը, շնորհիւ միջազգային կապերի եւ համագործակցութեան, միջազգայնացուած է եւ ունի գիտական բարձր մակարդակ: «Իսկ այն ոլորտները, որոնք չունեն միջազգային կապեր, դուրս են գիտութեան զարգացման հունից եւ տուրք են տալիս ազգայնականութեանը, չեն կարող պահանջուած լինել»,- ասում է նա:
Գիտնականը նաեւ շեշտում է, որ իւրաքանչիւր երկիր ինքն է ֆինանսաւորում ու զարգացնում իր հումանիտար գիտութիւնը: Իսկ Հայաստանում գիտութեան նկատմամբ պետական վերաբերմունքի մասին վկայում է գիտնականի աշխատավարձը. «Գիտութիւնների դոկտորը ստանում է նոյնքան աշխատավարձ, որքան նորաւարտ երիտասարդ մանկավարժը: Եւ դա այն դէպքում, երբ մեր երկրում մանկավարժների աշխատավարձն էլ շատ ցածր է»:
Որպէս գիտութեան հետեւողական զարգացման օրինակ Պետրոսեանը մատնանշում է Թուրքիան: Ասում է, որ մինչեւ XX դարի վերջին տասնամեակները այստեղ գիտութիւնը թոյլ էր զարգացած: Բայց քանի որ պետական մակարդակով գիտութիւնը զարգացնելու որոշում կար` ամէն տարի հազարաւոր ուսանողներ էին ուղարկւում աշխարհի լաւագոյն կենտրոններում ուսանելու: Բացի բնական գիտութիւններից, արտերկրի առաջատար կենտրոններում թուրք ուսանողներն ուսումնասիրում էին նաեւ խեթագիտութիւն, սեպագրագիտութիւն, ուրարտագիտութիւն եւ այլն: «Արդիւնքում Թուրքիայում հիմա կայ միջազգային բարձր մակարդակի ուրարտագիտութիւն եւ խեթագիտութիւն»,- ասում է նա:
Հայագիտութիւնը զարգացնելու համար, Պետրոսեանի կարծիքով, համապատասխան քայլեր պէտք է ձեռնարկուեն դեռ բուհից [բարձրագոյն ուսումնական հաստատութիւն]: «Հումանիտար ոլորտի գիտնականը շատ լեզուներ պէտք է իմանայ` եւրոպական երեք խոշոր լեզուները, իր մայրենին եւ մեր դէպքում` նաեւ ռուսերէնը: Մեզ մօտ հինգ լեզու իմացող քանի՞ մասնագէտ կայ»,- ասում է նա: Միւռ կարեւոր քայլը, նրա խօսքով, տաղանդաւոր, աչքի ընկնող ուսանողներին ու երիտասարդ մասնագէտներին աշխարհի առաջաւոր կենտրոննէր ուսանելու ուղարկելն է:
Պետրոսեանը կարեւորում է նաեւ տեղում միջազգային գրախօսուող ամսագրի հրատարակութիւնը: «Մեզ մօտ փորձում են անգլերէնով ամսագիր հրատարակել, որն աննկարագրելի անգրագէտ անգլերէնով է: Եւ դա Ակադեմիան է հրատարակում»,- ասում է նա` յաւելելով, որ ճիշդ մօտեցումների դէպքում Հայաստանում հնարաւոր է միջազգային գրախօսուող ամսագիր ստեղծելը: Որպէս օրինակ նա մատնանշում է իր եւ իր երկու գործընկերների կողմից առանց որեւէ պետական աջակցութեան հրատարակուող Առաջաւոր Արեւելքի ուսումնասիրութեան «Արամազդ» ամսագիրը, որը հրատարակւում է 3 արեւմտեան լեզուներով եւ ունի միջազգային բարձր հեղինակութիւն:
«Տեղում պէտք է ապահովել ուսուցման աւելի բարձր որակ եւ տուրք չտալ հակագիտական մօտեցումներին: Պէտք է կարողանալ լաւագոյններին ուղարկել կրթուելու ոլորտի առաջատար կենտրոններում: Դա է մրցունակ լինելու ճանապարհը»,- ամփոփում է Պետրոսեանը:

«Անկախ», 5 Մայիս 2017 (ankakh.com/article/68552/inchpyes-unyenal-midjazgayin-makardakvov-mrtsunak-hayagituthyun--gitnakani-arradjarknyere)


No comments:

Post a Comment