1.10.16

«Ամենակարող երգի՞չ», թէ՞ ամենակարող նախագահ

ԱՐՄԷՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
 
Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը Սեպտեմբերի 27-ին այցելել էր Հանրային Հեռուստաընկերութիւն` վերջինիս 60-ամեակի կապակցութեամբ: Այս մասին նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրութիւնը գրեթէ սկսւում է նրանով, որ հեռուստաեթերի բովանդակային եւ տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականութեան, աշխատանքային պայմանների բարելաւման, զարգացման հեռանկարի մասին Հանրային Հեռուստաընկերութեան գործադիր տնօրէնի ամփոփ զեկոյցի շրջանակներում անդրադարձ է կատարուել նաեւ հանրային լուրջ դժգոհութիւնների տեղիք տուած` Հանրայինի եթերով հեռարձակուող «Ամենակարող երգիչ» հաղորդմանը (*): «Հանրապետութեան նախագահը կարեւորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագէտների, հասարակութեան մէջ յարգանք վայելող եւ վաստակ ունեցող մտաւորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկութիւններն ու լսարանի հետաքրքրութիւնները հասկանալը: ...Հանրային Հեռուստաընկերութեան պատասխանատուները վստահեցրել են հանրապետութեան նախագահին, որ աւելի յաճախակի կը դարձնեն այդպիսի հանդիպումները եւ աւելի ուշադիր կը լինեն հանրութեան արձագանքին»,-նշւում է պաշտօնական հաղորդագրութիւնում:

Հանգամանքը, որ հաղորդումը դարձել է յատուկ քննարկման առարկայ, նախագահ Սարգսեանը, փաստացի, մասնագիտական շրջանակների կարծիքը նախապէս չհարցնելու համար նկատողութիւն է արել հեռուստաընկերութեան ղեկավարութեանը, իսկ վերջինս էլ խոստացել է փոխել մօտեցումը, թոյլ է տալիս ասել, որ չարչրկուած այդ նախագիծը կամ կը փակուի, կամ դրա բովանդակութիւնն ու ձեւաչափն էականօրէն կը փոխուեն: Դժուար է հաւատալ, որ նախագահի դիտողութիւնները անհետեւանք կը մնան: Ստացւում է, որ հանրութեան ձայնը տեղ է հասնում միայն այն բանից յետոյ, երբ գործին միջամտում է անձամբ նախագահը:
Դրանից առաջ, յիշեցնենք, հաղորդման կապակցութեամբ իրենց դժգոհութիւնն ու մտահոգութիւնն էին յայտնել բազմազթիւ մտաւորականներ` այդ նախագիծը որակելով ազգային մշակոյթի նկատմամբ իրականացուող վանդալիզմ: Change.org-ում հաղորդումը դադարեցնելու, Հանրայինի եթերից հանելու պահանջով ստորագրահաւաք էր սկսուել: Եւ չնայած ողջ լրատուադաշտը եւ համացանցը արդէն մօտ մէկ շաբաթ ողողուած է այս աղմուկ-աղաղակով, Հանրային Հեռուստաընկերութիւնը, մինչեւ նախագահի այցը, դրան բացարձակապէս որեւէ կերպ չէր արձագանգում: Տպաւորութիւնն այնպիսին էր, կարծես տեղի ունեցողն իր հետ որեւէ առնչութիւն չունի:
Հանրային Հեռուստաընկերութիւնը թքած ունէր իր եթերային քաղաքականութեան նկատմամբ հանրային կարծիքի վրայ` չնայած նրան, որ թէ՛ հեռուստաընկերութեան ամբողջ անձնակազմը եւ թէ՜ Հանրային Հեռուստառադիոընկերութեան խորհուրդն իր աշխատակազմով աշխատավարձ են ստանում հէնց այդ հանրութեան վճարած հարկերի հաշուին եւ կոչուած են բաւարարելու նրա տեղեկատուական, հոգեւոր-մշակութային պահանջմունքները: Խնդիրն այստեղ քննադատութեան օբյեկտ դարձած հաղորդման բովանդակութիւնը չէ, կամ էլ այն «մոգոնողներ»ի ճաշակն ու մշակոյթի ընկալման մակարդակը: Այլ այն, որ հասարակութեան մի ստուար հատուածի յստակ ձեւակերպուած դիրքորոշման, ակնկալիքի հանդէպ բիւջէից սնուող հեռուստաընկերութեան եւ պետական մարմին հանդիսացող Խորհրդի կողմից ցուցաբերւում է նման արհամարհանք: Այս «կանտորաներ»ում, փաստօրէն, կամ տառապում են անսխալականութեան բարդոյթով, որոնց թւում է` իրենց է վերապահուած հանրային ճաշակ թելադրելու բացառիկ իրաւունքն ու առաքելութիւնը, կամ էլ նրանց համար գոյութիւն ունի «հանրային» ընդամէնը մէկ` նախագահ Սերժ Սարգսեանի կարծիքը: Որովհետեւ, փաստօրէն, հեռուստաընկերութիւնը կամ Հանրային Հեռուստառադիոընկերութեան խորհուրդը միայն նրա դիտողութիւնն ընդունելու քաջութիւնն ու պատրաստակամութիւնն ունեն: Որովհետեւ միայն այդ դիտողութիւնը յանկարծ բացեց Հանրային Հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահի փակ աչքերն ու ականջները` նկատելու համար շուրջը կատարուողը:
Նէոսովետական նոմենկլատուրային այս աշխաաոճում, սակայն, Հանրային Հեռուստաընկերութիւնն օրիգինալ չէ: Սա համախտանիշ է, որով տառապում է գրեթէ ամբողջ կառավարման համակարգը: Հէնց նոյն բարդոյթի եւ նոյն գործելաոճի պատճառով էր, որ Երեւանի քաղաքապետը 2012 թ. շաբաթներ շարունակ չէր նկատում իր հրամանով մայրաքաղաքի Աբովեան փողոցից տեղափոխուած եւ Մաշտոցի պուրակում տեղադրուած տաղաւարները հանելու հանրային սուր պահանջը, պուրակում կատարուող դրամատիկ զարգացումները: Քաղաքապետ Տարօն Մարգարեանի աչքերն ու ականջներն էլ բացուեցին միայն այն ժամանակ, երբ պուրակ այցելեց Սերժ Սարգսեանը եւ «գեղեցիկ չէ, Տարօն ջան» իմպրովիզով հրահանգեց ապամոնտաժել տաղաւարները: Դրանից անմիջապէս յետոյ լուծումը գտնուեց: Ու ոչ ոք չհարցրեց` իսկ ի՞նչ գործ ունէր նախագահը ինքնավար Երեւանի քաղաքապետարանի գործառոյթների տիրոյթում:
«Ամենակարող երգիչ» նախագծի դէմ բողոքի պարագայում մօտաւորապէս տեղի է ունեցել նոյնը: Ոլորտային պատասխանատուները` այսպէս կոչուած «բոյարներ»ը, չեն ուզում կամ չեն կարողանում ադեկուատ արձագանքել հասարակական ընդվզմանը, եւ խնդրի լուծումը ստանձնում է այսպէս կոչուած «ցար»ը:
Այստեղ անգամ կարեւոր չէ` նման իրավիճակներն յառաջանում են «բոյարներ»ի ապաշնորհութեան եւ ստեղծուած իրավիճակներն օգտագործելու` «ցար»ի կարողութեա՞ն պատճառով, թէ՞ գործ ունենք սովորական կառավարչական մանիպուլեացիայի հետ: Փաստն այն է, որ արդիւնքում ձեւաւորւում եւ ամրապնդւում է երեք հիմնական համոզմունք: Նախ` գործ ունենք դէ իւրէ հանրային, բայց դէ ֆակտօ լաւագոյն դէպքում պետական ուղղակի գրաքննութեան տակ գտնուող հեռուստաընկերութեան հետ: Երկրորդ` անգամ Հանրային Հեռուստաընկերութեան մակարդակում կառավարման համակարգը հասարակական պահանջներին արձագանգելու, հաշուետու լինելու, որոշումների կայացմանը նրա մասնակցութիւնն ապահովելու կարողութիւնից զուրկ է: Երրորդ` բոլոր որոշումները կայացւում են մէկ կենտրոնում` Բաղրամեան 26-ում:
Մինչդեռ այս տարուայ Փետրուարի 12-ին սահմանադրական փոփոխութիւնների կենսագործման վերաբերեալ իր ծրագրային ելոյթում, հէնց այսպիսի երեւոյթները հաշուի առնելով, Սերժ Սարգսեանը նշում էր. «Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտօնեայ չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրայ: Իշխանութեան բոլոր ճիւղերում էլ շատ մեծ տարածում ունեն "արդէն համաձայնեցուած է", "արդէն որոշուած է" արտայայտութիւնները: Ակնյայտ է, որ ակնարկն ուղղւում է մինչեւ իշխանութեան ամենաբարձր օղակ: Սրանով, իրենց կարծիքով, երկու կարեւոր խնդիր է լուծւում: Առաջին` հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում եւ, յաճախ, անձնապէս ձեռնտու տարբերակների անցկացում` սեփական անպարկեշտութիւնը ուրիշներին վերագրելով: Երկրորդ` պատասխանատուութեան փոխանցում դէպի "վերին օղակ"` զերծ մնալով հնարաւոր սխալների դէպքում քննադատութեան թիրախ դառնալուց»:
Եթէ «համայնքի ղեկավարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտօնեայ»ի չարածի կամ սխալներով, թերութիւններով արածի հետեւանքները մեղմելու խնդիրը պէտք է ամէն անգամ նախագահը վերցնի իր վրայ, ո՞ւմ են պէտք այդ օղակները: Եւ պէտք չէ մեղադրել հասարակութեանը, երբ անգամ գիւղապետից կամ համատիրութիւնից մէկ տեղեկանք պատշաճ չստանալու դէպքում անմիջապէս սկսում է մեղադրել իշխանութեան ամենավերին օղակին:

«Հետք», 28 Սեպտեմբեր 2016 (http://hetq.am/arm/news/71194/amenakarox-ergich-te-amenakarox-nakhagah.html)

---------------------------------------
(*) Ըստ «Հ-1»ի նկարագրականին, «հեռուստատեսային այս հարթակում կը մրցեն ռեստորանային այն երգիչները, որոնց կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորին ընտանեկան ու տօնական միջոցառումների ժամանակ: "Ամենակարող երգիչ"-ը հնարաւորութիւն կը տայ երգիչ-երգչուհիներին իւրաքանչյուր շաբաթ իրենց ուժերը փորձել ամենատարբեր ժանրերում և թեմատիկ երգերում` ժողովրդականից մինչեւ հայրենասիրական, համաշխարհային հիթերից մինչեւ շանսոն ու երեւանեան երգեր: Իսկ թէ որքանով են նրանք "ամենակարող", կը գնահատեն ժիւրիի հիմնական անդամները՝ Արթուր Գրիգորեանը, Նադեժդա Սարգսեանը, Գրիգոր Նազարեանը, ժյուրիում կը լինեն նաև հրաւիրեալ մասնագէտներ» («Հայկականք»):

No comments:

Post a Comment