ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
Տարօրինակ բաներ են կատարւում Հայաստանում. իշխող Հանրապետական կուսակցութիւնը սկսել է հասկանալ: Եւ սա առաջին տարօրինակ բանն է: Եւ սկսել է հասկանալ հետեւեալ կարեւորագոյն բաները: Նախ այն, որ եթէ տեսանելի ապագայում, իսկ աւելի կոնկրէտՙ Կարեն Կարապետեանի կառավարութեանը չյաջողուի ապահովել հայրենադարձութեան գոնէ ինչ-որ տոկոս, ապա արտագաղթն իսկապէս կարող է դառնալ ազգային անվտանգութեան խնդիր, հետեւաբար, ինչպէս հանրապետականներն են ասում, անհրաժեշտ է այնպէս անել, որ Սփիւռքի մեր հայրենակիցներն իրենց հայեացքները յառեն մայր հայրենիքի ուղղութեամբ: Այս նպատակով ՀՀԿ-ն որոշել է, որ առաջարկի կառավարութեանը, որպէսզի վերջինս էլ առաջարկի խորհրդարանին (արդէն ծիծաղելի է, չէ՞), որ Ազգային Ժողովը հաստատի նախարարութիւններից՝ կոնկրէտ Սփիւռքի նախարարութեան անուանափոխութիւնը: Եթէ խորհրդարանի մեծամասնութիւնը հաստատի, ինչի առումով բուքմէյքերական գրասենեակները խաղադրոյք չեն ընդունում, քանի որ իմաստ չունի, ապա Սփիւռքի նախարարութիւնն այսուհետ կը կոչուի Սփիւռքի եւ հայրենադարձութեան նախարարութիւն: Շարմազանովն անձամբ ասել է, որ ստեղծւում է հայրենադարձութեան նախարարութիւնը, որպէսզի մեր հայրենակիցներն իրենց հայեացքն ուղղեն դէպ մայր հայրենիքը: Դէ, այսինքն, մեր հայրենակիցներն իրենց հայեացքներն ուղղում էին ամէն տեղ, բացի հայրենիքից, քանի որ հայրենիքում հայրենադարձութեան նախարարութիւն չկար, հիմա եթէ լինի՝ արդէն բոլորի հայեացքները կ՚ուղղուեն դէպի մայր հայրենիքը, ոչինչ, որ այնտեղ տնտեսութիւնը գտնւում է «շատ ծանր վիճակում», առկայ է «պետական ապարատի ժանգոտած կառավարում» եւ նկատւում է «պրիմիտիւ գողութիւնների» բարձր մակարդակ, չհաշուած երեսուն տոկոսից բարձր աղքատութեան չափը: Այլ խօսքով, միայն օդով եւ մայր հայրենիքի հողով ու ջրով սնուող մեր հայրենակիցներին վերջին մանրուքները չեն հետաքրքրում, նրանք մինչեւ հիմա չէին գալիս, քանի որ հայրենադարձութեան նախարարութիւն չկար:
Բայց այստեղ տարօրինակը հետեւեալն է. բանն այն է, որ սփիւռք եւ հայրենադարձութիւն բառերը, որքան էլ միմեանց հետ կարող են պատճառահետեւանքային կապ ունենալ, միեւնոյն է՝ հականիշներ են: Այսինքն, եթէ մի ժողովուրդ ունի սփիւռք, որը համալրւում է, ապա չունի հայրենադարձութիւն, եւ հակառակը՝ եթէ ունի հայրենադարձութիւն, ուրեմն ունեցած սփիւռքը նօսրանում է: Չի կարող մի երկիր հա՛մ սփիւռք ունենալ, հա՛մ հայրենադարձութիւն, առաւել եւս՝ հա՛մ Սփիւռքի, հա՛մ հայրենադարձութեան նախարարութիւն, որտեղ պէտք է, փաստօրէն, այնպէս աշխատեն, որ հա՛մ Սփիւռքը պահպանուի, հա՛մ էլ հայրենադարձութիւն լինի, ընդ որում, կոնկրէտ՝ հայրենադարձութիւնը, Սփիւռքի նախարարութեան հայրենասէր տղաներն ու աղջիկները պէտք է ապահովեն առանց կողմնակի օգնութեան, այլ կերպ՝ առանց այլ գերատեսչութիւնների ջանքերի, ինքնուրոյն, սեփական ուժերով, հիմնուելով բացառապէս պաթոսի, հայրենասիրական ոտանաւորների եւ մեր հայրենակիցների սրտերում ծուարած եւ մոլեգնող կարօտի վրայ:
Յաջորդ տարօրինակութիւնը, որը նկատւում է Հայաստանում, աւելի ընդգրկուն է: Նկատւում է մի սկզբունք, ըստ որի նախարարութիւնների անունները պէտք է ամբողջութեամբ արտացոլեն դրանց գործառոյթները: Այսինքն, կոնկրէտ Սփիւռքինը, քանի որ պէտք է այսուհետ զբաղուի նաեւ հայրենադարձութեամբ, ապա կոչուելու է Սփիւռքի եւ հայրենադարձութեան, իսկ էկոնոմիկայինն, օրինակ, քանի որ պէտք է զբաղուի տնտեսական զարգացմամբ ու մանաւանդ ներդրումներով, ապա կը կոչուի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւն: Անուանափոխուել է նաեւ Կապի եւ տրանսպորտի նախարարութիւնը, որի անուանման մէջ առաջացել է ՏՏ յապաւումը, այլ բան չհասկանանք, ՏՏ՝ այսինքն տեղեկատուական տեխնոլոգիաներ: Դէ առաջ Կապի եւ տրանսպորտի նախարարութիւնը չէր կարծում, որ ՏՏ ոլորտն իր լիազօրութիւնների շրջանակներում է, հիմա ուզի-չուզի կարծելու է:
Ես չգիտեմ, թէ ի՞նչ նպատակ է հետապնդում նախարարութիւնների անուանումների այսօրինակ պարզեցումը, բայց կոնկրէտ էկոնոմիկայի նախարարութեան պահով գիտեմ, որ ըստ վարչապետ Կարապետեանի՝ անուանափոխութիւնը տեղի է ունենում, քանի որ պոտենցիալ ներդրողները չգիտեն, թէ ո՞ր նախարարութիւնն էՙ «իրենց»ը: Այսինքն, երբ ինչ-որ գործարար ցանկանում է Հայաստանում ներդրում անել, չգիտի՞, թէ ում դիմի, հիմա կ՚իմանայ, քանի որ կը բացի կառավարութեան կայքը, կը մտնի՝ «կառավարութեան կառուցուածքը» բաժինը, կը տեսնի, որ ներդրումների նախարարութիւն կայ, կը յիշի, որ ինքը հէնց ներդրում է ուզում անել եւ կը դիմի: Էկոնոմիկա բառն այդ մարդկանց ոչինչ չէր ասում. գործարարները պարտաւոր չեն ամէն բառ հասկանալ, երեւի, որպէս կանոն, ինչեւէ:
Այս համապատկերում չի բացառւում, որ մօտ ապագայում մենք ականատեսը լինենք նախարարութիւնների անուանումների այլ պարզեցումների կամ յստակեցումների: Օրինակ, քանի որ պոտենցիալ ներդրողները չեն հասկանում, որ էկոնոմիկայի նախարարութիւնն իրենցն էր, ապա հիւանդ մարդիկ կարող են չհասկանալ, որ իրենցը առողջապահութեան նախարարութիւնն է, աւելին, այն մարդիկ, ովքեր ընտանի կենդանիներ են պահում, կամ անհատական գազանանոցներ ունեն, կարող են չհասկանալ, որ երբ հիւանդանում է իրենց փիսիկը, կամ վագրիկը, ապա ո՞ր պետական գերատեսչութեան լիազօրութիւնների շրջանակ են մտնում: Հետեւաբար, չի բացառւում, որՙ «ոչինչ չասող» Առողջապահութեան նախարարութիւնը վերանուանուի՝ Տղամարդու, կնոջ, նրանց երեխաների (անկախ սեռից), ընտանի կենդանիների, վայրի գազանների (նրանց ձագուկների) օրգանների, նեարդային համակարգի հետազօտութեան, ախտորոշման եւ, եթէ հնարաւոր է՝ բուժման նախարարութիւն: Համաձայնէք, որ այս անուանափոխութիւնից յետոյ բոլոր տղամարդիկ, կանայք, յատկապէս ընտանի եւ վայրի կենդանիները կ՚իմանան, որ երբ հիւանդանում են, ո՞ր նախարարութիւնն է զբաղւում իրենցով: Հիմա՝ մի քիչ անհասկանալի է:
Առաջ գնալով կարելի է կատարել եւս մի քանի կարեւոր անուանափոխութիւններ: Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարութեան անուանումը: Համաձայնէք, շատերի մօտ տարակարծութիւն է առաջացնում եւ մարդիկ զանգահարում են այս նախարարութեանը պատկանող 911 ծառայութիւն, երբ արտակարգ իրավիճակում են, արտակարգ՝ լաւ: Որպէսզի նման թիւրիմացութիւններ չլինեն, կարեւոր է այս նախարարութեան անուանափոխութիւնը, ասենք այսպէս՝ Հրդեհների մարման, ինքնասպանութիւնների հոգեբանական եւ ոչ միայն հոգեբանական կանխարգելման, կամուրջագիտութեան, «երբ հայրիկն ու մայրիկը տանը չեն» արտակարգ իրավիճակում յայտնուած փոքրիկ, անուշիկ բալիկների (անկախ սեռից) եւ նրանց անօգնական տատիկ-պապիկների պետպատուէր օգնութեան նախարարութիւն:
Յաջորդը: Թիւրիմացութիւն է առաջացնում յոյժ կարեւոր՝ Պաշտպանութեան նախարարութեան անուանումը: Մանաւանդ, որ մեր երկրում բոլորն էլ տարբեր բաներից պաշտպանութեան կարիք ունեն: Առաջարկում եմ այն անուանափոխել հետեւեալ կերպ՝ Հայ զինուորի աննկուն Ոգու եւ աստուածատուր Իսկանդերի, այդ թւում վերջինիս յատուկ խնամքի (ամէնօրեայ փայլեցման), ռուսաց լեզուի եւ թէյագիտութեան խորացուած իմացութեան նախարարութիւն:
Եւ վերջին երկուսը՝ Արտաքին գործերի նախարարութիւնը, մանաւանդ անհասկանալի արտաքին գործերի պարագայում, եւ գործողութիւնների կոնկրէտացման հասարակական պահանջմունքին ականջալուրՙ անուանափոխել՝ Արցախի, Հայոց ցեղասպանութեան հարցերի շուրջ պարբերաբար կազմակերպուող միջազգային գագաթաժողովների, հանդիպումների, գիտաժողովների մասնակցող նախարարութիւն:
Տարածքային կառավարման նախարարութիւնն էլ՝ Մարզպետների գործունէութեան վերահսկողութեան զուտ եւ բացառապէս պատմափիլիսոփայական նախարարութիւն:
Կարելի է նաեւ Գիւղատնտեսութեան նախարարութիւնն անուանափոխել՝ Խաղողի, լոլիկի հարցերի, կարկուտների կանխարգելման՝ Ծիրանի անուան նախարարութիւն, բայց դա հաւանաբար չափազանց կը լինի:
Մնացեալ նախարարութիւնների անուանափոխութեան համար էլ յայտարարել մրցոյթ, որի երեք յաղթողներից երկուսը կը ստանան Իսկանդերի ամէնօրեայ փայլեցմանը մասնակցելու հնարաւորութիւն, իսկ գլխաւոր յաղթողըՙ Հանրապետութեան բոլոր պոլիկլինիկաներից անհերթ եւ բացառապէս անվճար օգտուելու մէկ ժամ:
Չմոռանանք. երկիրն էլ անուանափոխենք Սինգապուր, որ դառնանք Սինգապուր:
Տարօրինակ, շատ տարօրինակ մտքեր են գալիս, երբ երկրում տարօրինակ բաներ են կատարւում:
«Ազգ», 30 Սեպտեմբեր 2016
No comments:
Post a Comment