11.9.16

Ինչու իրականում հրաժարական տուեց Յովիկ Աբրահամեանը

 ԱՐՄԷՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
 
Վարչապետ Յովիկ Աբրահամեանը սեպտեմբերի 8-ին հրաժարական տուեց` այդ պաշտօնում ընդամէնը երկուսուկէս տարի մնալուց յետոյ: Նրա հեռացումը, սակայն, որեւէ կոնկրէտ, հասկանալի բացատրութեան չարժանացաւ: Աբրահամեանի հրաժեշտի ելոյթից տպաւորութիւն էր, որ նա հեռանում է նախագահից եւ ՀՀԿ-ից խռոված, արդարանալու, իր ուսերից կառավարութեան ձախողումների պատասխանատուութիւնը գցելու ակնյայտ ցանկութեամբ: Սակայն ոչ նրա եւ ոչ էլ նախագահի կողմից այդպէս էլ որեւէ բացատրութիւն չտրուեց, թէ ինչո՞ւ է վարչապետի փոփոխութիւնը տեղի ունենում խորհրդարանական վճռորոշ ընտրութիւններից ընդամէնը 6-7 ամիս առաջ, ո՞րն է նման շտապողականութեան օբյեկտիւ անհրաժեշտութիւնը եւ ի՞նչ խնդիր է լուծելու Կարեն Կարապետեանի նոր կառավարութիւնը: Իրականում այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, շատ աւելի խոշոր կուլիսային գործընթացի կամ օպերացիայի արարներից է: Իսկ Յովիկ Աբրահամեանի հրաժարականն ունի ոչ թէ մէկ, այլ մի քանի խորքային պատճառ:
ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՉԷԶՈՔԱՑՈՒՄԸ 
Հովիկ Աբրահամեանը, իբրեւ վարչապետ, իր պաշտօնավարման ընթացքում երբեք չի ունեցել գործողութիւնների եւ ազատութեան առանձնապէս մեծ դիապազոն: Նա առաւելապէս քաղաքական քան տեխնոկրատ ֆիգուր էր, ով ինքն իրեն մատուցում էր որպէս Սերժ Սարգսեանի հիմնական փոխարինող, գործող իշխանութեան ղեկավարի հիմնական ժառանգորդ: Դրանով Աբրահամեանը պոտենցիալ վտանգ էր Սերժ Սարգսեանի համար, ով սիրում է միշտ, անգամ իր թիմի հետ յարաբերութիւններում, խաղալ փակ խաղաքարտերով եւ մարտավարական բարդ կոմբինացիաներով: Չնայած Աբրահամեանին վարչապետ նշանակելով` նախագահը յայտարարել էր, թէ նրան տալիս է կադրային հարցերում որոշումներ կայացնելու լայն ազատութիւն, սակայն դրան զուգահեռ ամէն ինչ արեց` իշխանավարման երկու հիմնական լծակներ ենթադրող ոլորտները` ֆինանսական եւ ուժային համակարգերը, նրա ազդեցութիւնից հնարաւորինս հանելու համար: Ուժայինների դէպքում ամէն ինչ պարզ էր ի սկզբանէ: Պետեկամուտների համակարգը Ֆինանսների նախարարութեան ենթակայութեան տակ դնելով եւ այն վերապահելով մէկ այլ խոշորագոյն օլիգարխի` Գագիկ Խաչատրեանին, ով իրեն հաշուետու էր համարում բացառապէս նախագահին, Սերժ Սարգսեանը փաստացի կապեց վարչապետի ձեռքերը եւ, ի դէմս Խաչատրեանի` նրա վրայ վերակացու կարգեց: Աւելի ուշ` այդ կապանքները նախագահը փոխարինեց քաղաքական կաշկանդումներով: Նախ` շարքից հանեց ԲՀԿ-ն եւ Յովիկ Աբրահամեանի պոտենցիալ այլընտրանքային յենարան հանդիսացող «Գագիկ Ծառուկեան» քաղաքական գործօնը, ապա, նախաձեռնելով ՀՀԿ-ՀՅԴ փաստացի կոալիցիայի ձեւաւորումը, ստիպեց Աբրահամեանին համակերպուել գործադիրում այդ քաղաքական փոխհամաձայնութիւններից էական կախուածութեան մէջ մնալու փաստի հետ: 
Այս միջոցառումներն արուեցին` Աբրահամեանին զրկելու համար ապագայ իշխանութեան վերաձեւման սերժսարգսեանական պլանները խոչընդոտելու եւ գործընթացը սեփական սցենարով առաջ մղելու հնարաւորութիւնից` ի սկզբանէ կասկածներ յարուցելով, որ նախագահը կարծես թէ բացարձակապէս Յովիկ Աբրահամեանին իշխանութիւնը ժառանգելու մտադրութիւն չունի:
Ինքնին 2014 թ. Աբրահամեանին նման սահմանափակումներով վարչապետ նշանակելով` կարծես թէ խնդիր էր դրուել «փչացնել» եւ ասպարէզից հեռացնել նրան, քանի որ ի սկզբանէ ակնյայտ էր, որ Հովիկ Աբրահամեանը երկիրը բարեփոխումների, տնտեսական ծանր վիճակից հանելու ներուժ, կարողութիւն չունի: Մի կողմից աննորմալ եւ անհեթեթ է օլիգարխիայի կարկառուն ներկայացուցչին եւ շահերի պաշտպանին յանձնել գործադիր իշխանութիւնն իր ողջ ռեսուրսներով ու լծակներով հանդերձ եւ նրանից տնտեսավարման ազատականացմանն ուղղուած փոփոխութիւններ ակնկալել: Միւս կողմից Յովիկ Աբրահամեանը, ունենալով հանդերձ վարչարարական ահռելի փորձառութիւն, ներքաղաքական ինտրիգներում կողմնորոշուելու եւ մանեւրելու` միայն իրեն յատուկ հոտառութիւն ու ճարպկութիւն, իրականում նորարարական, ճկուն միտք չունէր: Նա չէր տիրապետում կառավարման ժամանակակից մեթոդաբանութեանը, իրեն ստեղծած ու հասունացրած ճահճային համակարգի հաւատարիմ «զաւակ»ն էր եւ, բնականաբար, առկայ «քառակուսիներ»ից դուրս այլ բան չէր պատկերացնում եւ չէր կարող անել:

ՔԱՒՈՒԹԵԱՆ ՆՈԽԱԶԻ ԶՈՀԱԲԵՐՈՒՄԸ
Ահա թէ ինչու Աբրահամեանը հրաշալի կատարեց ինքն իրեն տապալելու, իր քաղաքական վերընթաց կարիերայի վերջը դնելու գործը` ստեղծելով իր ահա այսքան անփառունակ հեռացման բոլոր նախադրեալները: Նրա պաշտօնավարման օրօք գործազրկութիւնն էականօրէն խորացաւ, տնտեսական աճը գրեթէ կանգ առաւ, միջին եւ մանր ձեռնարկատիրութեան շնչահեղձումը խորացաւ, Արցախում կարճատեւ, սակայն հսկայական մարդկային ու նիւթական ռեսուրսներ խլած պատերազմ տեղի ունեցաւ, իսկ պաշտօնավարման բոլոր տարիներին ներքին հասարակական-քաղաքական կեանքում տեղի ունեցան պերմանենտ խոշոր ցնցումներ. սկզբում կուտակային կենսաթոշակային համակարգի դէմ շարժման իներցիան, ապա` «Էլեկտրի Երեւան»ի եւ վերջում` «Սասնայ ծռեր» խմբի կողմից ոստիկանութեան ՊՊԾ գնդի գրաւումը: Այս ամէնի հետեւանքով Հայաստանում սկսուեց իսկական վստահութեան ճգնաժամ, իշխանութեան նկատմամբ հասարակութեան տոտալ ատելութեան եւ օտարման մթնոլորտը հասաւ անասելի մակարդակի: Եւ չնայած Յովիկ Աբրահամեան անձի դերն այս ամէնում առաջնայինը չէր, դրանց  ազդեցութեամբ նրա հրաժարականը թէ՛ հասարակութիւնը եւ թէ՛ արտաքին աշխարհն ընկալեցին որպէս վաղուց հասունացած եւ անխուսափելի քայլ: Սա այն դէպքում, երբ իրականում, ըստ էութեան, դրա համար փաստացի չկար քաղաքական  որեւէ լուրջ դրդապատճառ: Եթէ առաջնորդուենք այն մօտեցմամբ, որ կար հեռացման պահանջ, ապա դա վերաբերում էր ոչ թէ առանձին վերցրած Յովիկ Աբրահամեանին, այլ իշխանական ու առհասարակ քաղաքական իսթեբլիշմենթին ընդհանրապէս: Այս տեսակէտից Աբրահամեանը պարզապէս դարձաւ քաւութեան նոխազ իշխանութեան համընդհանուր ձախողումների հարցն ինչ-որ կերպ լղոզելու, հասարակութեան ներսում կուտակուած «գոլորշին բաց թողնելու» համար եւ զոհաբերուեց` իշխանութեան «ռեստարտ»-ի սերժսարգսեանական նախագիծն իրագործելու ճանապարհին:

«ԳԵՆՍԵԿ»Ի ՊԼԱՆԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՄԷ՞ՋՊատահական չէր նաեւ հրաժարականի հարցը լուծելու համար ընտրուած պահը: Խորհրդարանական ընտրութիւններին մնացել է ընդամէնը 6-7 ամիս եւ այդ ընթացքում Յովիկ Աբրահամեանը, անգամ մեծագոյն ցանկութեան դէպքում չի կարող ռէաբիլիտացուել սերժսարգսեանական իշխանութեան ֆորմատներից դուրս: Նա ուղղակի ստիպուած է լինելու համակերպուել այն համեստ դերակատարութեան հետ, որը նրա համար նախատեսել է գործող նախագահը: Այս իմաստով` Յովիկ Աբրահամեանն այլեւս որեւէ վտանգ Սերժ Սարգսեանի համար չի ներկայացնում: Ընդհակառակը. նա հիմա խնդիր ունի վերջնականապէս քաղաքական թոշակառուի կարգավիճակում չյայտնուելու, իր կուտակած ահռելի կարողութիւնն ու կապիտալը նոր վերաբաշխումների ու յօշոտման թիրախ չդարձնելու համար հնարաւորինս աւելի մեծ ջանք գործադրել նախագահին իր հաւատարմութիւնն ապացուցելու գործում: Եւ դրա համար աւելի լաւ շանս, քան ՀՀԿ նախընտրական շտաբի պետի կարգավիճակով ՀՀԿ-ի վերարտադրութեան գործընթացը հնարաւորինս անցնցում ապահովելն է, չունի: Բացի դրանից վարչապետի հրաժարականը տեղի ունեցաւ խորքային փոփոխութիւնների եւ որ շատ աւելի էական է` հէնց կառավարութեան փոփոխութեան հանրային-«սասնածռերական» պահանջի ֆոնին: Դրանով նախագահը արտաքուստ ցոյց տուեց, որ ընդառաջում է այդ պահանջին: Եւ եթէ իրականութեանը համապատասխանում են նաեւ կառավարութիւնից Գագիկ Բէգլարեանի, Գագիկ Խաչատրեանի, Յովհաննէս Յովսէփեանի հեռացման մասին լուրերը, ապա այս հրաժարականը մատուցուելու է շատ աւելի լայն` իբրեւ օլիգարխիային պետական կառավարման համակարգից հեռացնելու, համակարգն առողջացնելու եւ աւելի տեխնոկրատական, պրոֆեսիոնալ դարձնելու լոյսի ներքոյ:
Կարեն Կարապետեանն, ի հարկէ, եւս լուրջ կարողութիւններ ունի: Սակայն նա չի ասոցացւում հայաստանեան կիսաքրէական կամ քրէական օլիգարխիայի հետ, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտօնից 2011 թ. հրաժարուելու եւ Հայաստանից հեռանալու նրա անակնկալ քայլը ժամանակին ընկալուեց որպէս հայաստանեան յոռի բարքերին եւ կառավարման մշակոյթին չհամակերպուելու, դրանց դեմարշ յայտարարելու ակտ: Բացի դրանից, ի տարբերութիւն Յովիկ Աբրահամեանի` Կարապետեանը քաղաքական դէմք չէ եւ քաղաքական մեծ յաւակնութիւններ չունի: Լինելով տիպիկ կառավարիչ, նա շատ աւելի նախընտրելի եւ անվտանգ է գործող նախագահի համար: Այս որակների, բաւարար ինտելեկտի եւ կառավարչական ուրոյն ձեռագիր ունենալու պատճառով, ի դէպ, Կարապետեանն ինչ-որ տեղ նման է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանին, ում Սերժ Սարգսեանը 2014 թ., չցանկանալով, ստիպուած եղաւ «զոհաբերել» թափ վերցնող ընդդիմադիր «քառեակ»ի պահանջներին:
Ինչեւէ, Կարէն Կարապետեանի ընտրութիւնը Սերժ Սարսգսեանին թոյլ է տալու, առանց թիկունքից հարուած ստանալու վախի, ձեռնամուխ լինել յաջորդ խորհրդարանում իշխանական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ մօտաւորապէս այսօրուայ յարաբերակցութեան ձեւաւորման գործին, ինչի հնարաւորութիւնը ընտրական նոր օրէնսգիրքը տալիս է:  Իսկ դրանից յետոյ, եթէ որեւէ լուրջ խնդիր չյառաջանայ, կարէնկարապետեանական կառավարութեան «ապահով բարձ»ին նստած նա կարող է հանգիստ սպառել նախագահի լիազօրութիւնների ժամկէտը: Ընտրութիւններից յետոյ այդ վստահութիւնը չափազանց կարեւոր է նախագահի համար, քանի որ ուժի մէջ են մտնելու 2015 թ. հանրաքուէով փոփոխուած Սահմանադրութեան` վարչապետի լիազօրութիւններն էականօրէն աւելացնող դրոյթները: Սերժ Սարգսեանը վստահ չէր կարող լինել, որ եթէ այդ ընթացքում երկրի վարչապետը լինէր Յովիկ Աբրահամեանը, նա չէր օգտուելու սահմանադրական այդ լծակներից եւ, աստիճանաբար վերցնելով իշխանութիւնը, իրեն չէր դարձնելու «անգլիական թագուհի», ապա նաեւ` առհասարակ հեռացնէր իշխանութիւնից: Մինչդեռ Կարեն Կարապետեանից նման վտանգ չի սպառնում: Նրա պարագայում Սերժ Սարգսեանը կարող է ըստ իր հայեցողութեան գնալ ցանկացած կոնֆիգուրացիայի. կամ իշխանութիւնը ղեկավարել Մելիք Ադամեան փողոցից` լինելով բացառապէս ՀՀԿ նախագահը, կամ 2018թ. Ապրիլին ԱԺ-ի կողմից նոր նախագահ ընտրուելուց յետոյ ստանձնել իրական իշխանութեան լծակներ տուող վարչապետի պաշտօնը: Ճիշդ է` այս դէպքում նա պէտք է բացատրի, թէ ինչու չի կատարում իր լիազօրութիւնների աւարտից յետոյ թէ՛ ՀՀ նախագահի եւ թէ՛ վարչապետի պաշտօնը չզբաղեցնելու իր տուած խոստումը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՕՆԸ
Ամէն դէպքում պէտք է նկատել, որ ՀՀ վարչապետի պաշտօնում է նշանակւում մարդ, ով երկար տարիներ ղեկավարել է ռուսական «Գազպրոմ»-ին յանձնուած «Հայռուսգազարդ» ընկերութիւնը, իսկ Հայաստանից հեռանալուց յետոյ հանդիսանում էր «Գազպրոմ»-ի առաջին փոխնախագահը: Նրա տրիումֆալ վերադարձն այս իմաստով ոչ մի դէպքում պատահական լինել չի կարող: Կարէն Կարապետեանը եթէ նոյնիսկ ուղղակիօրէն Կրեմլի կողմից չի «գործուղղւում» Հայաստան, ապա աներկբայ հանդիսանում է պրոռուսասկան օրիենտացիայի կրողը, Հայաստանում ռուսական շահերի ուղղակի թէ անուղղակի ներկայացուցիչը: Եւ նա փոխարինում է մի անձնաւորութեան, որի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտօնում երբեք Մոսկուայում լուրջ չեն համարել: Իր բոլոր թերութիւններով հանդերձ` Յովիկ Աբրահամեանը հայաստանեան իշխանական վերնախաւից միակն էր, որ երբեմն-երբեմն լեզուի ծայրով կարողանում էր կսմթել Ռուսաստանին: Կարելի է յիշել ռուսական գազի դիմաց ոչ թէ դոլարով, այլ ռուբլով վճարելու նրա առաջարկը, ԵԱՏՄ [Եւրո-Ասիական Տնտեսական Միութեան] վարչապետերի հաւաքն այս տարուայ Ապրիլին Երեւանի փոխարէն Մոսկուայում անցկացնելու որոշմանը նրա սուր եւ կոշտ արձագանգը: Չի կարելի մոռանալ շատ աւելի կարեւոր երկու հանգամանք: Նախ` նրա պաշտօնավարման օրօք եւ, պէտք է ենթադրել` հէնց նրա ակտիւ դերակատարմամբ, տեղի ունեցաւ «Որոտան» կասկադի վաճառքը ամերիկեան ընկերութեանը: Երկրորդ` լուրջ գործընթաց սկսուեց Իրանից ստացուող գազի ծաւալներն աւելացնելու եւ Հայաստանով դէպի Վրաստան գազ արտահանելու ուղղութեամբ: Օրերս յայտնի դարձաւ, որ վերջինս արդէն գործողութեան մէջ է: Չի կարելի չնկատել, որ դրանք Հայաստանի էներգետիկ դաշտում ռուսական գերազդեցութիւնը չափաւորելու, այս դաշտում Հայաստանի սուվերէնութիւնը բարձրացնելու տարրեր էին պարունակում, որոնք չէին կարող չնկատուել Մոսկուայում:
Հիմա կարծես թէ շրջադարձ է կատարւում ի շրջանս իւր. Հայաստանում ձեւաւորւում է կատարելապէս պրոռուսական կառավարութիւն, Հայաստանի էներգետիկ համակարգում «Գազպրոմ»ի գերիշխող դիրքերի համար Մոսկուայում այլեւս կարող են չանհանգստանալ: Պէտք է ենթադրել որ Հայաստանի գործադիրն իշխանութիւնն «ստանալու» դիմաց Ռուսաստանն ինչ-որ կերպ կամ ինչ-որ բանով պէտք է փոխհատուցէր տեղի իշխանութեանը: Եւ այստեղ հնարաւոր չէ հաշուի չառնել, որ յառաջիկայ ընտրութիւնները, Հայաստանի իշխանութիւնների համար խոստանում են իսկապէս դաժան լինել` սրուած ղարաբաղեան հարցի, որոշակիօրէն մերկացուած պարտուողական մօտեցումների, երկրում առկայ ճգնաժամային բարոյահոգեբանական իրավիճակի պատճառով: Դրանք դրդում են յաղթանակի երաշխաւորման համար յենման կէտեր փնտռել դրսում եւ առաջին հերթին հէնց մոսկուաներում:     

«Հետք», 9 Սեպտեմբեր 2016 (hetq.am/arm/news/70602/inchu-irakanum-hrazharakan-tvec-hovik-abrahamyany.html)

No comments:

Post a Comment