12.6.16

Մի քանի արձանների ու նրանց ճակատագրերի մասին

 ՄԵԼԱՆԻԱ ԲԱԴԱԼԵԱՆ

Արձանների ու արձանագործութեան մասին այս օրերին շատ խօսուեց, մասնաւորապէս մայրաքաղաքում վերջերս տեղադրուած երկու խոշոր արձանների առիթով մտքեր եկան, անցան:
Արձանները քաղաքային մշակոյթի կարեւոր եւ տպաւորութիւն թողնող մասն են անշուշտ, թէ՛ որպէս արուեստի գործեր՝ գեղագիտական նշանակութեամբ, թէ՛ որպէս պատմութիւն: Կերպարաստեղծման ու մատուցման կուլտուրան արուեստագէտի տաղանդի, շնորհքի արգասիքն է: Բայց ինչո՞ւ նոր ժամանակների արձանները հիմնականում դժգոհութիւն են առաջացնում: Պատուիրատո՞ւն է անիրազեկ, ճաշակազուրկ, թէ՞ հեղինակները երեւակայութեան պակաս ունեն կամ էլ ժամանակակից քանդակագործութեան պահանջներին հաղորդ չեն ու շարունակում են հնի գաղափարական իներցիայի սահմանափակ մօտեցումներով գործել:
Շատ քանդակներ, ցաւօք, մէկ այլ ուշադրութեան կենտրոնում են. արդէն քանի տարի բրոնզաձոյլ արձանները քաղաքի ամենակենտրոնական վայրերում, էլ չասած՝ ճանապարհների վրայ, վտանգուած են՝ անիրաւ «պղնձահէններ»ի աչքը դրանց վրայ է, եւ քանի-քանիսը զոհ գնացին այդ աւազակութեան եւ վանդալիզմին: Լեւոն Ներսիսեանի կիսանդրին գողացուեց Մաշտոցի պողոտայի եւ Իսահակեան փողոցների խաչմերուկի շէնքի ճակատից, Ղ. Ալիշանի արձանը համանուն դպրոցի բակից նոյն ճակատագրին արժանացաւ, նոյնը նաեւ Սեւան տանող ճանապարհի «Արձագանգ» քանդակի հետ պատահեց, նոյնըՙ Յ. Կոջոյեանի, Հր. Աճառեանի բրոնզէ քանդակների հետ: Եւ այդպէս շարունակւում է արձանաւերութիւնը, վիրաւորանքն ու անարգանքը մշակոյթին ու արուեստագէտի գործին՝ յանուն պղնձի մի քանի կտորի՝ անհետեւանք, անպատիժ: Նոյն բախտին արժանացաւ նաեւ Տիգրան Արզումանեանի «Լեռնային պար» կոփածոյ պղնձէ քանդակըՙ «Դուին» հիւրանոցի հարեւանութեամբ վաղուց տեղադրուած՝ երեւանեան առաջին դեկորատիւ արձանախումբը, 4 մ. բարձրութեամբ, 6 ֆիգուրներից կազմված: Քանդակը շուրջ 10 տարի հիւրանոցային համալիրի «բարեկարգման» աշխատանքների պատճառով յայտնուել էր շինարարական ցանկապատի շրջափակման մէջ՝ անցորդների տեսադաշտից դուրս: Քանդակագործն ասում է՝ օրը մի քանի անգամ մեքենայով անցել- դարձել է Պռօշեան փողոցով, սակայն չի նկատել, որ քանդակն աւերուած է, պղնձէ ֆիգուրների մի մասը հորիզոնական՝ ներքեւի՝ չերեւացող մասով կտրել-տարել են: Շուրջ մէկամեայ պայքարից, մամուլի միջոցով հարցը հրապարակայնացնելուց յետոյ հնարաւոր է եղել որոշ գումար ստանալ եւ այդ սուղ միջոցներով վերականգնել քանդակը: «Դվին» հիւրանոցի վերաշինութեան աւարտին դեռ տարիներ կան, այն նախատեսուած է մինչեւ 2019 թուականը: Անվերահսկելի, անապահով վիճակի, քանդակի հետ մէկ անգամ եղածը կրկնուելու մտահոգութեամբ հեղինակը տեղափոխութեան առաջարկով դիմել է համապատասխան մարմիններին՝ Երեւանի քաղաքապետարանին եւ մշակոյթի նախարարությանը: Առաջարկութիւնը քննարկման փուլում է. ամենայն հաւանականութեամբ «Լեռնային պարը» կը փոխի իր նախկին տեղը եւ թերեւս հանգրուանի Գլխաւոր պողոտայի սկզբնամասային հատուածում: Այդ նոյն վայրում նախատեսուած է հեղինակի եւս մէկ գործ, որի աշխատանքները ընթացքի մէջ են: 2017-ին այնտեղ կը տեղադրուի խորհրդահայ պետական - կուսակցական գործիչ Կարէն Դեմիրճեանի քանդակը՝ ծննդեան 85-րդ տարում: Գետնից 3.70 մ. բարձրութեամբ, սպիտակ քարից, մարմարակերտ քանդակը հեղինակի մտայղացմամբ բնորոշելու է սովետահայ ժամանակների ամենախարիզմատիկ ղեկավարներից մէկի գործունէութեան հիմնական ուղղութիւնը: Իր ողբերգական մահից առաջ ձեւաւորուած ընդդիմադիր-ազգային գործչի նրա կերպարի մասին Տիգրան Արզումանեանը այսպիսի կարծիքի է. «Այդ կերպարը չհասցրեց մնալ ժողովրդի յիշողութեան մէջ: Նա ի հարկէ ինտելեկտուալ անձնաւորութիւն էր, լայն մտահորիզոն ունեցող, ամենաբնութագրականը սակայն շինարարի իր կերպարն է: Քանդակի կոմպոզիցիան ամբողջովին ֆիգուրատիւ չի լինելու, մի մասը քարի մէջ է, ղեկավար-շինարարի կերպար է ներկայացուելու, ձեռքը՝ մեծ բլոկով քարի վրայ, Ղարաբաղի սպիտակ մարմարից, ետեւի՝ կանաչ ֆոնին: Մեր քաղաքում գորշ արձաններ շատ եղան վերջերս...»:
Տեղին է վերյիշեցնել Տիգրան Արզումանեանի մէկ այլ գործի` Մխիթար Սեբաստացու անաւարտ մնացած արձանի մասին եւս: Տարիներ առաջ, դեռ 2000-ից նա սկսեց աշխատանքները, 3 մետրանոց, իրական չափսի գիպսէ քանդակը պատրաստ էր, արուեստանոցում դրված, ֆինանսներ չլինելու պատճառով բրոնզաձուլման աշխատանքները, սակայն, ձգձգւում էին: Որոշուած էր արձանի տեղադրման վայրը՝ Թումանեան եւ Սպենդիարեան փողոցների խաչուող մասի գողտրիկ հրապարակը, որտեղ ժամանակին փակցուած կար ցուցատախտակ այդ մասին, եւ ճարտարապետական լուծումն էլ արուած էր: Քաղաքապետարանի որոշմամբ 2000-ի Հոկտեմբերին հրապարակը անուանակոչուեց Մխիթար Սեբաստացու պատուին: Քանդակը, սակայն, չտեղադրուեց, իսկ անաւարտ գիպսէ աշխատանքը արուեստանոցի բակում երկար մնալուց վնասուեց. մոդելն ի հարկէ պահպանւում է: Քանդակագործը յոյսը չի կորցնում, որ մի օր կը գտնուեն անհրաժեշտ ֆինանսներ, եւ մեր մշակոյթի ամենախոշոր գործիչներից մէկի արձանը, որի հիմնադրած Մխիթարեան միաբանութիւնը արդէն 315 տարի մնում է որպէս հայ սփիւռքի ամենահեղինակաւոր հոգեւոր- կրթական- մշակութային կենտրոններից մէկը, հանդիսանալով հայապահպան կարեւորագոյն օջախ, իր արժանաւոր տեղը կ՚ունենայ մեր քաղաքում՝ նոր գոյն աւելացնելով քաղաքի նկարագրին ու պատմութեանը:
...Կարծում ենք՝ այն անհրաժեշտ էր իրագործել Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի հայաստանեան այցի առիթով, Յունիսի այս օրերին...

«Ազգ-Մշակոյթ», 10 Յունիս 2016

No comments:

Post a Comment