13.6.16

Գերմանական բանաձեւը, կամ շնորհակալութիւն յանցանքի մեղսակցին

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
 
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, անշուշտ, առանձնայատուկ էր: Ի տաբերութիւն ցեղասպանութիւնը ճանաչած շուրջ 3 տասնեակ երկրների, Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանեան Թուրքիայի դաշնակիցն էր եւ անմիջական մասնակիցն ու մեղսակիցը հայերի տեղահանութեան եւ զանգուածային բնաջնջման: Այս առումով յանցանքի մեղսակից Գերմանիայի ընդունած բանաձեւը Թուրքիային աւելի խոցելի վիճակում դրեց, քան եթէ ցեղասպանութիւնը ճանաչէր ԱՄՆ-ն, որտեղ հայկական լոբբիինգի պայքարն այս հարցում դէմ է առնում ոչինչ չհանդուրժող ամերիկեան պետական շահերի պատին: Այդուհանդերձ, որքանո՞վ էին Գերմանիայի ընդունած բանաձեւը եւ մեր հրճուանքն ու շնորհակալութիւնների արձագանգը համարժէք միմեանց: Եթէ շատ մեղմ, ապա դրանք անհամարժէք են, նաեւ՝ ինքնաստորացուցիչ:
Ի հարկէ, մենք որպէս ազգ եւ որպէս պետութիւն, պարտաւոր ենք շնորհակալ լինել մեր ցաւը կիսող իւրաքանչիւր պետութեան եւ ժողովրդի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութեամբ, քաղաքական եւ պետական գործիչների, պատմաբանների եւ քաղաքագէտների գնահատականերով եւ այլն: Սակայն ոչ շնորհակալութիւնների եւ երախտագիտութեան ցոյցերով այն դեպքում, երբ դրանց կարիքը ընդհակառակը՝ չկայ: Յիշողութեան փոքր թարմացում:
Առաջին անգամ, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանութեան մերժումը քրէականացնող բանաձեւը, մենք, ջուր չտեսածի պէս բոբիկացանքՙ Merci la France լոզունգներով խումբ-խումբ գնացինք դէպի Հայաստանում ֆրանսիական դեսպանատուն: Հիասթափութիւնը մեծ էր, երբ բանաձեւը հակասահմանադրական ճանաչուեց Ֆրանսիայի Սահմանադրական Դատարանի կողմից: Սակայն անհարկի երախտագիտութեան ցոյց անելը կարծես թէ մտաւ մեր միտինգասէր վարքի մեջ:
Հիմա էլ danke լոզունգներով գնում ենք Գերմանիայի դեսպանատան մօտ, ամբոխային գրառումներով եւ մեկնաբանութիւններով լեցուն Ֆէյսբուքում Գերմանիայի պատուին ձօներ գրում եւ այլն: Դրա հիմնական պատճառներն են՝ ոմանց մօտ ազգային արժանապատուութեան բացակայութիւնը, միւսների մօտ՝ գիտելիքների եւ տեղեկացուածութեան բացակայութիւնը, երրորդների մօտ էլ՝ ամէն ինչ առանց հասկանալու կրկնօրինակելու հոտային բնազդը:
Նախ՝ Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը ցեղասպանութիւնը ճանաչած երկրների ընդունած բանաձեւերից ամենաթոյլն է, հակառակ իր երկար տեքստին (*):
Առաջինը վերնագիրն է, որտեղ նշուած է ոչ թէ հայերի ցեղասպանութեան ճանաչում կամ դատապարտում, ինչպէս օրինակ Ֆրանսիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների բանաձեւերում, այլ «հայերի եւ միւս քրիստոնեաների ցեղասպանութեան յիշատակին» (ընդգծումները մերն են-Ա. Մ.): Այսինքն, յստակ չի նշւում զուտ հայերի ցեղասպանութեան մասին (**) եւ անուղղակի է նշւում ցեղասպանութիւն տերմինը՝ խօսելով միայն յիշատակի մասին: Տեքստի մյուս տեղերում նոյնպէս ցեղասպանութեան տերմինը յիշատակւում է անուղղակի: «Նրանց ճակատագիրը զանգուածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանութիւնների (Volkermord) օրինակ է», «2015-ի Ապրիլի 24-ին յիշատակման 100-ամեակի կապակցութեամբ բոլոր բանախօսները դատապարտեցին Հայոց ցեղասպանութիւնը», «2015-ի Ապրիլի 24-ի նախօրէին Գերմանիայի նախագահը դատապարտեց Հայոց ցեղասպանութիւնը»(***): Երբ հարկ է կոնկրետութիւն, նշւում են «1915-1916 թթ.երի իրադարձութիւններ», «զանգուածային տեղահանութիւն եւ բնաջնջում», «էթնիկ զտումներ» եւ այլ բնորոշումներ:
Եթե համեմատենք, օրինակ, Ֆրանսիայի ընդունած որոշման հետ, ապա այնտեղ արդէն վերնագրում յստակ նշւում է Օսմանյան կայսրութիւնում 1915-1917 թթ. ցեղասպանութեան դատապարտման մասին: Նոյնն է նաեւ Ռուսաստանի ընդունած որոշման վերնագիրը՝ «1915-1922 թթ.երին հայ ժողովրդի ցեղասպանութեան դատապարտման մասին»: Աւելին, Ռուսաստանի որոշման տեքստի մի տեղում նշվում է, որ «հայերը ոչնչացուել են Արեւմտեան Հայաստանում», մէկ այլ տեղում, որ «եղբայրական հայ ժողովրդի ոչնչացում տեղի է ունեցել նրա պատմական հայրենիքում»: (Կարելի է ենթադրել, թէ ինչ ներբողներ կը հիւսէին հայրենի պնակալէզները, եթէ նման բառեր լինէին նրանց կերակրող եւրոպական որեւէ երկրի բանաձեւում)(****):
Հասկանալի է, որ գերմանական կառավարութիւնը այս քայլով ցանկանում էր թեթեւակի ապտակ հասցնել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի ոչ խելամիտ քաղաքականութիւնը տուեալ դէպքում դրական արդիւնք ունեցաւ մեզ համար եւ ոչ միայն այս հարցում: Այլապէս, նոյն ցեղասպանութիւն տերմինը ընդգրկուած կը լինէր Գերմանիայի Բունդեսթագի կա՛մ 2005-ի որոշման մէջ, կա՛մ էլ այս որոշումը կ՚ընդունուէր 2015-ի Ապրիլին՝ ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի ժամանակ: Եթէ Գերմանիան ցանկանար ոչ թե ապտակել Թուրքիային, այլ «քացու տակ գցէր», ապա բանաձեւը շատ ավելի կոնկրետ եւ յստակ կը լինէր: Բնական է, որ մեծ եւ ոչ միայն մեծ պետութիւնները ղեկավարւում են իրենց պետական շահերով, ինչպէս տուեալ դէպքում Գերմանիան: Եթէ այս երկիրը իսկապես անկեղծօրէն ցանկանար ընդունել իր մեղսակցութիւնը հայերի ցեղասպանութեանը, նախ դա պէտք է անէր առաջինը, առնուազն 50 տարի առաջ՝ հրեաների ցեղասպանութիւնը ընդունելու ժամանակ եւ նոյն ձեւով(*****)։ Այլ ոչ թէ 101 տարի յետոյ, նման բանաձեւով, անգամ այդ բանաձեւում նշելով, թէ «մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնայատկութիւնը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատուութիւնն է կրում», իսկ հայերի պարագայում ընդունելով միայն «պատմական պատասխանատուությունը»:
Հիմա հարց dankeմոլներին. եթէ յանցագործութեան մեղսակիցն ընդունում է իր մեղքը, այն էլ ճարահատեալ կամ ինչ-ինչ հաշուարկներից դրդուած, դրա համար նրան շնորհակալութիւն են ասո՞ւմ: Երբ խօսում ենք ազգային արժանապատուութեան մասին, լավ կը լինէր տեղեակ լինէիք, երբ 50-ականներին Գերմանիայի կանցլերը ծնկաչոք ներողութիւն խնդրեց հրեաներից հոլոքոստի համար(******), հրեաներից ոչ ոք երախտագիտութեան ցոյցեր չարեց եւ ոչ էլ danke ասաց: Մինչ այժմ էլ նրանք գտնում են, որ Գերմանիան դեռ ամբողջութեամբ չի քաւել իր մեղքը ֆաշիստների յանցանքների դիմաց: Իսկ մե՞նք: Եթէ յանկարծ կամ երբեւէ, գլխաւոր յանցագործը՝ Թուրքիան, ստիպուած լինի ընդունել Հայոց ցեղասպանութիւնը՝ այս կամ այն ձեւով կամ չափով, հիմա էլ tes,ekkurler (թուրքերեն շնորհակալութիւն) գոռալով, նույն հորթային հրճուանքով նրան ուղղուած երախտագիտութեան ցոյցե՞ր ենք անելու ...

«Ազգ», 10 Յունիս 2016

----------------------------------------------  
՚Ծանօթագրութիւններ («Հայկականք»)
(*) Հեղինակը համեմատութեան ենթարկած չէ ցեղասպանութիւնը ճանչցած բոլոր երկիրներուն ընդունած բանաձեւերը, որպէսզի նման եզրակացութեան յանգէր։
(**) Յստակ է, թէ հայերու ցեղասպանութեան մասին կը խօսուի։ Իսկ եթէ հարցը այն է, թէ ինչո՞ւ միայն հայերը չյիշուեցան, ուրեմն պէտք է յիշել, որ «միւս քրիստոնեաներ»ն ալ մարդ էին եւ 1915ին ցեղասպանութեան ենթարկուած են։
(***) Հեղինակը «մոռցած» է յայտարարութեան երկրորդ պարբերութիւնը, որ կ՚ըսէ. «Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարութեան արարքը, որը յանգեցրեց Օսմանեան Կայսրութիւնում հայերի գրեթէ ամբողջական բնաջնջմանը»:
(****) Յօդուածի ոգիին հետ բոլորովին անյարիր այս նախադասութեան առիթով, կարելի է ենթադրել, թէ ի՞նչ ներբողներ հիւսած ըլլալու են հայրենի պնակալէզները 1995ին՝ «ռուս եղբայրական ժողովուրդի» հասցէին, երբ նման բաներ եղած են անցեալին կամ ներկայիս զանոնք կերակրող երկրի բանաձեւին մէջ։ 
(*****) Անհրաժե՞շտ է յիշել, որ 50 տարի առաջ ո՛չ թէ Գերմանիան, այլ նոյնիսկ «սովետական եղբայրական ժողովուրդներու» միութիւնը չէր յօժարեր ցեղասպանութիւնը ճանչնալ՝ Թուրքիոյ հետ սիրաբանութեան ժամանակ։ 
(******) Աւելորդ է նշել, որ այս պնդումը անճիշդ է։ Վիլի Պրանտը 1950ական թուականներուն կանցլեր (հայերէն՝ վարչապետ) չէր։ Ան ծունկի եկած է Դեկտեմբեր 1970ին՝ Վարշաւայի կեթոյի ապստամբութեան յուշարձանին առջեւ (Լեհաստանի մայրաքաղաքին մէջ)։

No comments:

Post a Comment