ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Թուրքական լրատուամիջոցները «Վէպի նման կեանք» վերնագրի ներքոյ
հրապարակել են մի լուր, որը, սակայն, ցաւալի եւ դաժան իրականութիւն է
Թուրքիայի հայերի կեանքում: Վերջերս վախճանուած Թուրքիայի հայ քաղաքացի
Ֆերման Գեզի ընտանիքը բաժանուել է երկու ճամբարի, քանի որ նրա 11
զաւակներից 4ը քրիստոնեայ են, 7ը՝ մահմեդական, ու նրա երեխաների միջեւ վէճ է
ծագել թաղումը քրիստոնէակա՞ն, թէ մուսուլմանական աւանդոյթներով
կազմակերպելու հարցում:
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնուելով թուրքական
լրատուամիջոցներում հրապարակուած տեղեկութիւնների վրայ: Աղբիւրի համաձայն՝
Թուրքիայի հայազգի քաղաքացի Ֆերման Գեզը, որ վերջերս է վախճանուել 84
տարեկան հասակում, 60 տարի առաջ մահմեդական էր դարձել: Ֆերզիյէ Գեզը, երբ
ամուսնացել էր, մուսուլման էր եղել, սակայն յետագայում վերադարձել էր
քրիստոնէութեան: Զոյգն ունեցել է 11 զաւակներ, որոնցից 7ը մահմեդական է
մնացել, 4ը ընտրել է քրիստոնէութիւն:Մի քանի օր առաջ մահացած Գեզի քրիստոնեայ երեխաները հօր վախճանից յետոյ որոշել են նրան թաղել քրիստոնէական աւանդոյթներով, սակայն մուսուլման զաւակները դէմ են դուրս եկել այդ գաղափարին: Նրա մահմեդական զաւակները պնդում են, թէ իրենց հայրը, ով բնակուել է Բաթմանի Սասուն գաւառին ենթակայ Օրենգիլ գիւղում, մինչեւ մահ ապրել է որպէս մուսուլման՝ նամազ է արել, Ռամադանի ծոմը պահել եւ այլն: Անգամ դիմել է Թուրքիայի կրօնական գործերի վարչութիւն՝ Մեքքա ուխտագնացութիւն կատարելու նպատակով:
Հարցին միջամտել է Պոլսոյ հայոց պատրիարքի փոխանորդ Արամ ԱթԷշեանը, որը հարցում է կատարել Թուրքիայի կրօնական վարչութիւն: Կրօնական վարչութիւնն առաջարկել է խնդիրը լուծել՝ հանգուցեալի տիկնոջ ցանկութեան համաձայն:
Գեզը թաղուել է Ս. Մարիամ Աստուածածին եկեղեցում: Ըստ թուրքական մամուլում տպագրուած հրապարակման՝ ոստիկաններն անվտանգութիւնը պահպանելու նկատառմամբ մասնակցել են թաղման արարողութեանը, որպէսզի «յանկարծ որեւէ դէպք չպատահի, իսկ հանգուցեալի մուսուլման զաւակները ցաւով են դիտել թաղման արարողութիւնը»:
Թուրքական մամուլին մեկնաբանութիւններ տուած Արամ արքեպիսկոպոս Աթէշեանը նշել է, թէ առաջին անգամ են նման դէպքի հանդիպել: Աթէշեանն ասել է. «Ֆերման Գեզը մուսուլման է դարձել 60 տարի առաջ՝ շրջապատի ճնշումների հետեւանքով: Տարիներ անց նրա զաւակների մի մասը եւ կինը վերադարձել են քրիստոնէութեան եւ սկսել աշխատել մեր եկեղեցում ու հայկական դպրոցներում: Թէեւ հանգուցեալի ինքնութեան վկայականում նշուած է մուսուլման, սակայն քանի որ նրա ծագումը հայկական է, մենք ընդունեցինք նրա տիկնոջ եւ զաւակների խնդրանքը»:
Հանգուցեալի երեխաներից Նուրի Գեզն էլ յայտնել է. «Մայրս եւ 4 եղբայրներս քրիստոնեայ են դարձել, բայց 20 տարի է, ինչ կապը խզել էին մեր հօր հետ: Այնինչ հայրս մահմեդականի կեանք է վարել Բաթմանում. նամազ արել, ծոմ պահել: Նոյնիսկ 2 տարի առաջ դիմել է՝ Մեքքա ուխտագնացութեան գնալու համար: Առանց մեր համաձայնութեան, մեր հօր դիակը տարան եկեղեցի: Մենք դիմեցինք, որ նրա թաղումը մզկիթում կազմակերպուի: Սակայն բոլորը մեզ ասացին, որ մենք մեր մէջ համաձայնութեան գանք: Չկարողացանք որոշում կայացնել»:
Թէեւ Արամ Սրբազանը նշել էր, թէ առաջին անգամ է Հայոց պատրիարքարանը նման խնդրի առաջ կանգնել, սակայն կարծում ենք՝ նման ցաւալի դէպքերը յաճախ կարող են պատահել Թուրքիայում հարկադրաբար իսլամացած հայութեան կեանքում:
www.arevmdahaiastan.net, Դեկտեմբեր 17, 2014
No comments:
Post a Comment