ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Սփիւռքի պատմութիւնը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը, համայնքների, աւանդական կուսակցութիւնների, կրօնական յարանուանութիւնների անցեալն ուսումնասիրելու հարցում կարեւորագոյն աղբիւրի, անգամ սկզբնաղբիւրի դեր են կատարելու մոլորակի տարբեր անկիւններում հրատարակուած հայկական պարբերականները: Հետեւաբար, սփիւռքեան մամուլի պահպանութիւնը եւ ուսումնասիրողներին հասու դարձնելը կարեւոր է: Ինչպէ՞ս փրկել Հալէպի «Գանձասար»ը, Պոլսի «Ժամանակ»ն ու «Մարմարա»ն, Թբիլիսիի «Վրաստան»ը, Թեհրանի «Ալիք»ը, Լոս Անջելեսի «Ասպարէզ»ը, Բոստոնի «Հայրենիք»ը եւ մեր միւս պարբերականները, որոնցից մի քանիսն ունեն աւելի քան հարիւր տարուայ տպագրութեան պատմութիւն:
Բէյրութի «Ազդակ» օրաթերթը, որ այդ պարբերականների շարքում ունի իր ուրոյն տեղը եւ անընդմէջ լոյս է տեսնում 1927 թուականից, գտել է յարատեւութեան, միաժամանակ` ուսումնասիրողին հասու լինելու ճանապարհը: Թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանին հանդիպեցինք Լիբանանի մայրաքաղաքի արուարձան Պուրճ Համուտում գտնուող խմբագրատանը:
«Որեւէ գիտաշխատողի համար մամուլը անշրջանցելի աղբիւր է»,- ասում է նա եւ շարունակում. «Հայկական թեմաները ուսումնասիրող անհատ մարդիկ "Ազդակ"ի անհրաժեշտութիւնը զգում էին: Մեզ տալիս էին հարցեր, ցանկութիւն էին յայտնում մեր արխիւը թերթատել: Նկատեցի, որ հին համարները թերթատելը պէտք է արգելել, քանի որ թուղթը ուղղակի փչանում էր: Փոխարէնը, մտածեցի թերթի գրեթէ 90-ամեայ արխիւը ամբողջութեամբ թուայնացնելու հնարաւորութեան մասին»:
Գանտահարեանն իր մտադրութեան մասին տեղեակ է պահում գիրը եւ գրականութիւնը, հայ ժողովրդի պատմութիւնը գնահատող լիբանանահայ բարերարներին: Նրանցից Սարգիս Պուտագեանը պատրաստակամութիւն է յայտնում խմբագրատան շէնքում Մամուլի Ուսումնասիրութեան Կենտրոն հիմնադրել: «Երբ այդ ծրագրի անհրաժեշտութիւնը ներկայացրի Պուտագեանին, նա շատ արագ համաձայնուեց: Նա նախ կրկին հիմնովին վերանորոգեց խմբագրատունը, ապա սենեակներից մէկը վերածուեց Մամուլի Ուսումնասիրութեան Կենտրոնի, որը կրում է նրա ողջ հօրեղբօր` Ժիրայր Պուտագեանի անունը: Թերթի հիմնադրման 80-ամեակի նախօրէին Պուտագեանը, ի յիշատակ իր հոր` Հայ Առաքելական Եկեղեցու նուիրեալներից Մինաս Պուտագեանի, վերանորոգել էր խմբագրատունը»,- իր յարմարաւէտ աշխատասենեակում պատմում է Գանտահարեանը:
Մամուլի Ուսումնասիրութեան Կենտրոնի լիարժէք աշխատանքի համար նախ պէտք էր «Ազդակ»ի գրեթէ 90-ամեայ արխիւը թուայնացնել: Այդ աշխատանքները արդէն մօտեցել են աւարտին: Զուգահեռաբար, կենտրոնում թուայնացուել են նաեւ Բաղդադում լոյս տեսած «Գոյամարտ» պարբերականը եւ ամերիկահայ անգլիատառ "The Armenian Review" հանդէսը: Առաջիկայում կը սկսուի հայկական մամուլի կարեւորագոյն պարբերականներից «Հայրենիք» ամսագրի թուայնացումը:
«Ազդակ»ը, «Գոյամարտ»ը, "The Armenian Review"ն, ինչպէս նաեւ Մամուլի Ուսումնասիրութեան Կենտրոնում յետագայում թուայնացուելիք պարբերականները հասու կը լինեն եւ կենտրոնում` «Ազդակ»ի խմբագրատանը, եւ համացանցի վրայ: «Մենք թուայնացուած տարբերակները դեռեւս չենք հրապարակայնացրել, մտածում ենք` կամ պիտի վաճառենք, կամ կոդաւորուած ձեւով տեղադրենք համացանցում: Անշուշտ, ուսումնասիրողները կարող են գալ եւ աշխատել այստեղ` Մամուլի Ուսումնասիրութեան Կենտրոնում: Մի քանի ամսից աշխատանքները կ'աւարտենք եւ հաւանաբար Փետրուարին կը կազմակերպենք շնորհանդէս: Նախատեսում ենք հրաւիրել հայկական տարբեր արխիւային կենտրոնների պատասխանատուների, որպէսզի համահայկական հնչեղութիւն տանք եւ արժեւորենք արուած գործը: Հայ մամուլի պատմութեան մէջ սա կարեւոր երեւոյթ է լինելու»,- ասում է Գանտահարեանը:
Թերթի գլխաւոր խմբագիրն ասում է, որ Մամուլի Ուսումնասիրութեան Կենտրոնում հնարաւորութիւն ունեն թուայնացնել ոչ միայն տարբեր երկրներում պահպանուած մամուլի հաւաքածուները, այլեւ ընտանեկան արխիւներ, ձեռագրեր, հնատիպ այլ հրատարակութիւններ, լուսանկարներ: Այս ճանապարհով «Ազդակ»ը փորձելու է եկամուտ ապահովել եւ շարունակել թերթի անխափան ընթացքը:
Ընդհանրապէս, «Ազդակ»ը ոչ միայն խմբագրատուն է, այլ հաստատութիւն ու հայագիտական կենտրոն: «Ազդակ»ն ունի իր սեփական տպարանը, որտեղ տպագրւում են թերթի ամէնօրեայ համարներն ու տարեկան բացառիկ հատորները, որոնցից մէկը նուիրուած է լինում տարուայ կարեւորագոյն իրադարձութիւնների ամփոփմանը, երկրորդը` Ապրիլ 24-ին:
Թերթի հիմնադրման 85-ամեակի առիթով մէկ այլ բարերարի` Գաբրիէլ Չեմպերճեանի նուիրատուութեամբ, խմբագրատանը կից կառուցուեց «Փիւնիկ» ընդարձակ սրահը, որտեղ կազմակերպւում են գիտաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ, մամուլի լսարաններ, ցուցահանդէսներ եւ տեղական ու համահայկական նշանակութեամբ այլ միջոցառումներ: Այսպէս, «Ազդակ»ը՝ օրաթերթից բացի, դարձել է հաստատութիւն եւ հայագիտական կենտրոն, որտեղ հրաւիրւում եւ դասախօսութիւններ են կարդում լրագրողներ, պատմաբաններ, հայագէտներ, հասարակական-քաղաքական գործիչներ Սփիւռքի տարբեր վայրերից, Հայաստանից եւ Արցախից:
"Civilnet" (civilnet.am), Հոկտեմբեր 27, 2014
No comments:
Post a Comment