24.7.16

Թուրքիային առնչուող Wikileaks-ի վերջին գաղտնազերծումների մէջ տեղ է գտել Վարդգէս Եղիայեանի անունը

Թուրքիայում Յուլիսի 15-16-ը տեղի ունեցած ռազմական յեղաշրջման փորձից յետոյ պետական եւ մասնաւոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպութիւնը՝  Wikileaks-ը, ի պատասխան Թուրքիայում զանգվածային ձերբակալութիւնների, հրապարակել է Թուրքիայի իշխող քաղաքական ուժին պատկանող հարիւր հազարավոր գաղտնի փաստաթղթեր՝ մօտ 300 հազար էլեկտրոնային նամակ, որոնցից ամենահինը թվագրւում է 2010 թուականին, իսկ վերջինը՝ 2016 թուականի Յուլիսի 6-ին: Նամակները ստացուել են յեղաշրջման փորձից մէկ շաբաթ առաջ եւ հրապարակուել անմիջապէս ռազմական իրադարձութիւններից յետոյ: Թուրքիայի կառավարութիւնը դեռեւս չի մեկնաբանել փաստաթղթերի հրապարակումը եւ դրանց առնչուող մեկնաբանութիւնները: Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) հասցէից ուղարկուած նամակների մէջ մեծաթիւ թղթապանակներ կան, որոնք առնչւում են հայութեանն ու Հայաստանին: Բացայայտուած փաստաթղթերի մէջ նշւում է, որ թուրքական լոբբինգը համապատասխան պատրաստուածութիւն չի ունեցել հակառակորդի ազգային կառոյցների իրականացրած գործողութիւնների դիմաց: Փաստաթղթերի մէջ տեղ է գտել ԱՄՆ բնակուող հայ փաստաբան Վարդգէս Եղիայեանի անունը: Նշւում է նաեւ, որ յատկապէս հասարակութեան հետ կապերի բնագաւառում օտար, հակառակորդ լոբբիստական ուժերի իրականացրած գործունէութիւնը` օտար լեզուներով հրատարակուած բազմաթիւ պատմական գրքեր, ուսումնասիրութիւններ, աշխատութիւններ, վէպեր, պատմուածքներ, թեմատիկ ֆիլմեր, փաստավաւերագրական աշխատութիւնների ասպարէզում Թուրքիայի եւ թուրքական աշխարհի դէմ ապատեղեկատուական նախաձեռնութիւններ, ծայրաստիճան յաջողութիւններ են գրանցել:
 Ըստ Wikileaks-ի գազտնազերծումների, հակառակորդ համարուող օտար էթնիկ ենթակառոյցների մէջ առաջին տեղում է հայկական սփիւռքը, որի թէ՛ հասարակութեան հետ յարաբերութիւններում եւ թէ՛ դրան զուգահեռ այլ բնագաւառներում ծաւալած գործունէութիւնը բաւականին մեծ տարածութիւն է կտրել: Այդ ամէնի մէջ առաջինն առանձնացւում է հայկական սփիւռքի կողմից սկսած եւ յաջողութեամբ շարունակուող Հայոց ցեղասպանութեան ժամանակ ապահովագրուածների փոխհատուցումների վճարման նախաձեռնութիւնը:
2004թ.-ին ամերիկեան New York Life ընկերութիւնից հայերի ստացած 20 միլիոն դոլարով առաջին պտուղները տուած գործընթացը շարունակուեց 2007 թ.-ին՝ թուրքական OYAK եւ ֆրանսական AXA ընկերութիւններից վերցուած 14.4 միլիոն ֆրանկով եւ վերջում 2009 թվականին Սաբանջըներին պատկանող AVIVASA-ի գործընկերը հանդիսացող անգլիական AVIVA ընկերութեան դէմ 10.000 հայ դատական հայց ներկայացրին: Սաբանջըների եւ հետեւաբար Թուրքիայի ազգային հարստութիւնից եւս 40 միլիոն դոլար վերցնելուն նպատակադրուած հայկական խմբերը նպատակ ունեն շարունակելու գործընթացը Օսմանյան ժամանակաշրջանում հայերին ապահովագրական կտրօններ վաճառած շուրջ 28 օտարերկրեայ ապահովագրական ընկերութիւնների հետ: Հայերի այս ծրագրերը, ինչպէս նշում է Wikileaks-ը, յենուելով թուրքական նամակագրութեան վրայ, New York Life ապահովագրական ընկերութեան եւ  AXA/OYAK նախաձեռնութեան ճարտարապետ դոկտոր Վարդգէս Եղիայեանի կողմից է շրջանառութեան մէջ դրուել: Աղբիւրն աւելացնում է, որ այդ առումով 2011 թուականին նոր նախաձեռնութիւններ են եղել: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելէսի ֆեդերալ դատարանում հայերը նոր դատեր են բացել.

1-Ամերիկացիների կողմից գործարկուող Ինջիրլիք ռազմաբազայի տարածքը դրա սեփականատէրը հանդիսացող 3 հայի վերադարձնել կամ էլ որպէս փոխհատուցում վճարել 100 միլիոն դոլար:

2- Զիրաաթ գիւղատնտեսական  բանկի եւ Թուրքիայի Հանրապետութեան Կենտրոնական Բանկի դէմ բացուած դատերն ու 1915 թուականից առաջ հայերի աւանդների վերադարձը: Վերոնշեալ բանկերի  2011 թուականի Սեպտեմբեր 19-ին իրականացրած պաշտպանութիւնը ի վերջոյ 2011 թուականի Դեկտեմբեր 19-ին դատարանի կողմից քննութեան տակ է առնուել, եւ եթէ դատարանի որոշումը կայացուի Թուրքիայի դէմ, ապա վերոնշեալ բանկերի՝ ԱՄՆ-ում գտնուող ունեցուածքը բռնագրաւուելու  եւ որպէս փոխհատուցում տրուելու է հայերին:

3-Եւ վերջում. Հայերը աչք են դրել նաեւ Չանքայայի նախագահական նստավայրին: Նախկինում Գասպարեան ընտանիքին պատկանող այս գոյքը նոյնպէս կարող է դատարանում դատի առարկայ դառնալ, սա հիմիկուանից կարող ենք ասել: Թուրքիան ծրագրի դիտողի կարգավիճակում է յայտնուել եւ այս զարգացումները ապագայում միջազգային դատարաններում Թուրքիայի դէմ կարող են վերածուել իրաւական գործընթացի, որը Թուրքիան հիմա չի կարեւորում եւ սրա հետ կապուած ո՛չ պլան  A,  ո՛չ էլ պլան B ունի:  Հայերը գոնէ համաշխարհային հանրութեան առջեւ եւ օրինակ UNESCO-ի պէս կազմակերպութիւնների շրջանակում մեծ յաջողութիւններ են արձանագրել: Սրանք հողային, գոյքի փոխհատուցման եւ Թուրքիայում հին հայկական շինութիւնների հարցերն են: Այս խնդիրների շուրջ էլ Թուրքիան ոչ մի ծրագիր չունի: Օրինակ UNESCO-ն, հայկական նախաձեռնութիւններից յետոյ 1976 թուականի ազգային փոքրամասնությունների մասին զեկոյցի 32-րդ յօդուածի շրջանակներում յայտարարել է Թուրքիայի` ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների որոշ ոտնահարումների մասին: Շատերը ցանկանում են, որ UNESCO-ն որպէս պատմական կառոյցները պահպանող կազմակերպութիւն, Թուրքիայում գտնուող պատմական կառոյցները իր հսկողութեան տակ առնի: Սակայն որպէսզի UNESCO-ն կարողանայ իր հսկողութեան տակ առնել, պէտք է հրաւէր ստանայ այն երկրից, որտեղ գտնւում են տուեալ պատմական շինութիւնները: Սակայն մեր որոշ մասնագէտները նշում են, որ այս հարցում պէտք է ուշադիր լինել: Թուրքիայի արեւելքում գտնուող հայկական պատմական յուշարձանները ուզում ենք տեսնել աւելի պաշտպանուած, սակայն դրան ուղղուած գործողութիւնները կարող են մնացած յուշարձաններն էլ վտանգի տակ դնել եւ արագացնել դրանց կործանման գործընթացը, եթէ թուրքերին ճնշման ենթարկենք: Այսինքն, այլ կերպ ասած, UNESCO-ի զեկույցում ասւում է, որ այս խնդրի շուրջ Թուրքիային զգուշացնելը վտանգաւոր է, քանի որ դրա հետեւանքով կարող է ազգը աւելի ագրեսիւ դառնալ և հակառակուելով զգուշացումներին մնացած մի քանի յուշարձաններն էլ գետնին հաւասարեցնել:
Ըստ Wikileaks-ի մեկնաբանութիւնների,  Թուրքիան հայկական նախաձեռնութիւնները մանրամասն չի ուսումնասիրում եւ այս իրադարձութիւններին  յաւուր պատշաճի չի պատրաստւում, քանի դեռ դրանք չեն վերածուել «բռնոցի»ի: 

«Արեւելք» (arevelk.am), 21 Յուլիս 2016

No comments:

Post a Comment