6.3.14

«Ատելի» ժողովրդավարութիւն

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Հայաստանցիների առնուազն կէսի համար լրատուութեան հիմնական աղբիւր է շարունակում մնալ հեռուստատեսութիւնը: Հետեւաբար, Ուկրայինայի մասին իրենց պատկերացումները մեր այդ համաքաղաքացիները կազմում են` ելնելով Հայաստանում վերահեռարձակուող ռուսաստանեան հեռուստաալիքների քարոզչութիւնից: Ըստ այդմ, բացի նացիստական աւազակախմբերի չարագործութիւններից եւ ինքնապաշտպանութեան ջոկատների սխրանքներից` այդ երկրում ոչ մի այլ բան չի կատարւում:
Սակայն, այդ հիմնական ուղերձը մարդկանց ուղեղում տեղադրելով` անհրաժեշտ է վարկաբեկել նաեւ «ազատականութիւն» եւ «ժողովրդավարութիւն» հասկացութիւնները, որպէս երկերեսանի եւ երեսպաշտ Արեւմուտքի հնարք, որի միջոցով համաշխարհային «մութ ուժեր»ը փորձում են Ռուսաստանից պոկել «իրաւամբ» իրենց պատկանող «փոքր եղբայրներ»ին:
Որ փարիսեցիութեան չափաբաժինը մեծ է նաեւ Արեւմուտքում, դրանում կասկած չկայ: Բայց որ բացի դրանից` գոյութիւն ունեն նաեւ իրական ժողովրդավարութիւն եւ ազատականութիւն` նախ եւ առաջ որպէս մտածելակերպ, նոյնպէս կասկածից վեր է: Այդ մտածելակերպը պարտադիր չէ, որ կապ ունենայ որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ` դա գործիք է, որով դուք տանը, աշխատանքի վայրում, պետութեան մէջ հասնում էք ձեր նպատակին: 
Մեր տարածքներում ներկայիս ռուսաստանեան պաշտօնական քարոզչութեան համար այդ ատելի երեւոյթները ծիլեր տուեցին նախորդ դարի 50-ական թուերին, եւ դրանց կրողներն էին առաջին հերթին հէնց ռուս մտաւորականները: Դրանից 100 տարի առաջ էլ` 1850-ականներին, նոյն խաւի ներկայացուցիչները պնդում էին, որ ստրկական աշխատանքը անարդիւնաւէտ է, որ հայրենիքը սիրելը մի բան է, իսկ սեփական եւ այլ ժողովուրդներին զէնքով ճնշելը` այլ բան: Այնպէս որ` ներկայիս Հայաստանում ժողովրդավարութեան եւ ազատականութեան մասին պատկերացումների ակունքները մեծ մասամբ ոչ թէ Արեւմուտքում են, այլ հէնց Ռուսաստանում: 
Դրան մշտապէս հակադրւում էր «հայրենասիրութիւն»ը: Այո, չակերտների մէջ, որովհետեւ իսկական հայրենասիրութիւնը չի կարող հակասել ազատութեանը: Իսկ ինչ մնում է «հայրենասիրական լրագրութեան»ը, որի անկրկնելի նմուշները ցուցադրում են ռուսաստանեան ալիքների մեկնաբանները (որոնք պայքարում են «լիբերալիստ»ների դէմ), ապա այս բառակապակցութիւնն, իմ կարծիքով, ընդհանրապէս անհեթեթ է: Լրագրութիւնը չի կարող լինել հայրենասիրական կամ կոսմոպոլիտական, իշխանամէտ կամ ընդդիմադիր, ռուսամէտ կամ եւրոպամէտ: Ճիշդ այնպէս, ինչպէս մաթեմատիկան, խոհարարութիւնը կամ, ասենք, շինարարութիւնը: Թերթերով, կայքերով, եթերներով հեռարձակուող նիւթերը կարող են լինել լրագրութիւն` որպէս հետաքրքիր պատմութիւնները գտնելու եւ տարածելու արուեստ, եւ ոչ լրագրութիւն` որպէս ինչ-որ բաներ քարոզելու միջոց: 
Իսկ սեփական գործը մակարդակով անելը լաւագոյն հայրենասիրութիւնն է:

«Առաւօտ», Մարտ 6, 2014 (www.aravot.am/2014/03/06/437773)

No comments:

Post a Comment