7.3.14

«Չեմ կարծում, որ Մահարին այն գրողն է, որ դռնէ դուռ ընկնէի»

Գուրգէն Մահարին ամբողջական կը ներկայանայ հայ ընթերցողին




Հայաստանեան գրահրատարակչութեան պատմութեան մէջ առաջին անգամ հրատարակուել է Գուրգէն Մահարու երկերի լիակատար ժողովածուի (15 հատոր) առաջին գիրքը: Հրատարակիչը ոչ թէ պետական ընկերութիւն է, այլ մասնաւոր «Անտարես» հրատարակչութիւնը (նախագահ` Արմէն Մարտիրոսեան): Այս մասին «Առաւօտ»ին յայտնեց գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը: Նա տեղեկացրեց, որ նախկինում այս գործընթացն իրականացրել են ՀՀ ակադեմիական հաստատութիւնները, մասնաւորապէս` Գրականութեան Իինստիտուտը: Մեր զրուցակիցը յաւելեց, թէ սկսած խորհրդային տարիներից, Գրականութեան Ինստիտուտը հրատարակել է Թումանեանի, Վարուժանի, Նալբանդեանի եւ մեր միւս դասական հեղինակների երկերի լիակատար ժողովածուները, նշելով, որ նախկինում տարեկան լոյս էր տեսնում ընդամէնը մէկ հատոր, որի վրայ աշխատում էր շուրջ 10 գիտաշխատող: Արքմենիկ Նիկողոսեանը յատուկ շեշտեց, թէ Մահարու ժողովածուն իրականացուել է գրողի որդու` Գրիգոր Աճէմեանի աշխատասիրութեան շնորհիւ: «Հայ դասականների նման հիմնարար ձեռնարկների հրատարակման համար պէտք է աջակցութիւն, առաջին հերթին` Մշակոյթի նախարարութեան, շահագրգիռ կազմակերպութիւնների եւ անհատների կողմից: Չէ՞ որ նման ժողովածուները անհրաժեշտ են մեր երկրի մշակութային, գիտական դաշտի յառաջընթացի համար»,- ասաց գրականագէտը: Անդրադառնալով հրատարակուած առաջին հատորին, Արքմենիկ Նիկողոսեանը յայտնեց, որ այն ընդգրկում է Մահարու 1916-1969թթ. գրած բանաստեղծութիւնները, նաեւ անտիպ, որոնք ուղեկցւում են մեկնաբանութիւններով ու ծանօթագրութիւններով:
Մեծանուն գրողի որդին` Գրիգոր Աճէմեանը մեզ հետ զրոյցում յայտնեց, որ այս ժողովածուն 4 տասնամեայ աշխատանքի արդիւնք է եւ ընթերցողի սեղանին առաջին անգամ կը դրուի Մահարի բանաստեղծի, արձակագրի, հրապարակախօսի, թատերագէտի ողջ ժառանգութիւնը, գրողը կը ներկայանայ մինչ այսօր անյայտ կողմերով նոյնպէս:
Հարցին` մի՞թէ այդքան բարդ էր գրողի յայտնի երկերը, անտիպ գործերը, նամակները մէկտեղելը, պարոն Աճէմեանը պատասխանեց. «Հօրս անտիպ երկերը չեն պահպանուել, դրանք բռնագրաւուել ու ոչնչացուել են նրան երկու անգամ աքսորելու արդիւնքում: Ժամանակ էր հարկաւոր, որ ես գտնէի 1917 թուականից մինչեւ վերջին շրջանը հայաստանեան ու Սփիւռքի մամուլում հրապարակուած նրա ստեղծագործութիւնները: Հաւաքագրել եմ նաեւ պետական ու մասնաւոր արխիւներում եղած նիւթերը: Կ՚ուզէի, որ ընթերցողը գիտենար, որ հօրս ողջ հաւաքածուի հրատարակման աշխատանքներին առանց հովանաւորի ձեռնամուխ է եղել "Անտարես" հրատարակչութիւնը: Խմբագրական աշխատանքներն էլ կատարել են գրականագէտներ Արքմենիկ Նիկողոսեանն ու Վարդան Մատթէոսեանը»:
Հետաքրքրուեցինք, թէ ինչո՞ւ չի դիմել` պետական միջոցներով այն հրատարակելու համար, մանաւանդ խօսքը Մահարու մասին է: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Թէեւ չեմ խնդրել, բայց քանիցս զանգուածային լրատուամիջոցներով տեղեկացրել եմ նպատակիս մասին: Կրկնում եմ` չեմ խնդրել եւ չեմ էլ կարծում, որ Մահարին այն գրողն է, որ դռնէ դուռ պիտի ընկնէի…»:



«Առաւօտ», Մարտ 7, 2014

No comments:

Post a Comment