ԱՆԻ ՍԱՀԱԿԵԱՆ
Դատելով Փակ շուկայի շուրջ ծաւալուած իրադարձութիւններից` կարելի է եզրակացնել, թէ երկրի առաջին դէմքն ու պատասխանատուն բոլորովին այլ դարդերով ու խնդիրներով է տարուած եւ ամենեւին տեղեակ չէ, թէ ինչով են տեղերում զբաղուած տարածքի բդեշխների կարգավիճակ ստանձնած օլիգարխները:
Սերժ Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ նրանք, ի հարկէ, երկտակուելով են ողջունում: Այսինքն` յայտնում են իրենց խոնարհութիւնը` ի հաւաստումն իրենց յաւերժ հաւատարմութեան: Ի հարկէ, ոչ յաւերժ հաւատարմութեան: Նրանք Սերժ Սարգսեանին հաւատարիմ կը լինեն այնքան ժամանակ, քանի դեռ հնարաւորութիւն ունեն իրենց հերթին ստիպել ժողովրդին երկտակուել իրենց կամքի առաջ: Իսկ այդ հնարաւորութիւնը Սերժ Սարգսեանը նրանց առայժմ տալիս է:
Համացանցում շրջանառւում են օլիգարխների` Սերժ Սարգսեանին ողջունելու երկու տեսարան. Մէկը Սիւնիքի նախկին մարզպետ Սուրէն Խաչատրեանն է, միւսը` Լֆիկ Սամոն:
Երկուսն էլ ձեռքսեղմումի պահին կորացրել են իրենց մէջքը, համարեա խոնարհուել:
Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանը հրաժեշտ է տուել իր պաշտօնին միայն այն բանից յետոյ, երբ իր տան մերձակայքում շատ աղմկոտ սպանութիւն եղաւ: Եթէ յիշում էք, Սուրէն Խաչատրեանին չհեռացրին մարզպետի պաշտօնից. Նա ինքը հեռացաւ` յայտարարելով, որ սա ժամանակաւոր է: Ինքը` Սերժ Սարգսեանը, ոչ մի դատապարտող յայտարարութեամբ հանդէս չեկաւ պատահածի վերաբերեալ:
Հիմա մենք «վայելում ենք» Լֆիկ Սամոյի սանձարձակութիւնների պտուղները: Երեւանի գլխաւոր ճարտարապետ Նարեկ Սարգսեանը, Մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, ոլորտի բոլոր պատասխանատուները յայտարարում են, որ Փակ շուկայի` Լֆիկի անձնական օգտագործման սուպերմարկետ դարձնելը պարզապէս մի անթոյլատրելի բան է:
Յամենայն դէպս, Լֆիկն անում է սրտի ուզածը, եւ Սերժ Սարգսեանը սրա մասով, նոյնպէս, դատապարտող ոչ մի յայտարարութեամբ հանդէս չի գալիս:
Փակ շուկայի աղաւաղումը միայն մշակութային յուշակոթողի դէմ կատարուած ոտնձգութիւն չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ իշխող կուսակցութիւնը պարզապէս չի ընկալում «մշակութային յուշակոթող» ասուածի իմաստն ու նշանակութիւնը: Ամբողջ խնդիրն այն է, որ գորշող ռեժիմի պարագայում երկիրը մի մեծ «դախլ» է եւ պէտք չէ թողնել որեւէ նշանակալի հատուած «բարձիթողի» վիճակում. Այնտեղ անպայման պէտք է հիմնել առեւտրի կէտ: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող ռեժիմը երբեք մտքի ծայրով անգամ չի անցկացնի որեւէ «պարապ» մնացած մի տեղում հիմնել, ասենք, որեւէ արտադրամաս, որտեղ ոչ թէ առեւտուր կը կայանայ, այլ` կ'արտադրուի որեւէ ապրանքատեսակ: Ամբողջ խնդիրն այն է, որ իշխող ռեժիմը եկամուտ ստանալու միակ ձեւը համարում է առեւտուրը, եւ չունի այլ տեսլական, քան առք ու վաճառքն է:
Ուստի մի զարմացէք, որ Հայաստանը վաղուց դարձել է հիմնականում ներմուծող եւ շատ քիչ ապրանքատեսակներ արտահանող երկիր: Որովհետեւ արդէն 2 տասնամեակից աւելի է, ինչ երկրում ոչինչ չի արտադրւում: Մի զարմացէք, որ այս երկրում վաճառւում է ամէն բան եւ չկայ ոչինչ անգին: Ամէն ապրանքի շուրջ կարելի է երկար սակարկել: Իսկ եթէ սակարկելու շնորհքը չի բաւում, կարելի է պարզապէս կռանալ, երկտակուելու չափ ծալուել: Այս պոզայի արդիւնքները միշտ եղել են ամենաշօշափելին ու արդիւնաւէտը:
Հայելի.am, Սեպտեմբեր 3, 2013
No comments:
Post a Comment