Հայաստանը պէտք է գործադրէ բոլոր հնարաւոր
ջանքերը սուրիական ճգնաժամէն առանց կորուստներու դուրս գալու համար: Սեպտեմբեր 3ին,
լրագրողներու հետ հանդիպման ժամանակ, այս մասին նշած է քաղաքագէտ եւ «Մոտուս
Վիվենտի» կեդրոնի ղեկավար Արա Պապեանը:
«ՀՀ-ի համար եւ հայ ժողովրդի համար շատ կարեւոր է, թէ ինչ զարգացումներ
կը լինեն Սիրիայում: Պէտք է ընդունենք, որ ապագայում ինչ էլ որ լինի Սիրիայի
հետ, Հալէպն այլևս չի լինի նախկինը եւ համայնքը չի կարող վերականգնուել: Ըստ
հաւաստի տուեալների` քաղաքի բնակֆոնդի 70 տոկոսն արդէն աւերուած է, իսկ
ամերիկեան հարուածներից յետոյ այդ երկրից, այդ թւում նաեւ հայերից կարող է
ընդհանրապէս ոչինչ չմնալ: Մենք պէտք է կարողանանք այս մարդկանց գոյութիւնը
Հայաստանում հեշտացնել»,- նշեց Արա Պապեանը:
«Երկրորդ խնդիրը Հայաստանի իրավիճակն է: Թէ՛ Թուրքիան և թէ՛ Ադրբեջանը
շահագրգռուած են պատերազմի մէջ: Թուրքիան փորձում է, այսպես ասած, միս ու
արիւն տալ իր նէո-օսմանիզմի քաղաքականությանը եւ վերականգնել իր
ազդեցությունը նախկինում Օսմանեան կայսրութեան կազմի մէջ մտնող երկրներում,
այդ թւում նաեւ` Սիրիայում, նաեւ լուծելով կողմնակի հարցեր: Չպէտք է մոռանալ,
որ հայկական հզօր համայնքներից մէկին իր կողքից վտարելը նոյնպէս կարեւոր է
Անկարայի համար: Հալէպը կոչուել է մայր համայնք, որովհետեւ միւս
համայնքներին մշտապէս ապահովել է ուսուցիչներով, լրագրողներով եւ այլն:
Այսինքն` կոտրէք Հալէպը եւ Բէյրութը, եւ 20 տարի յետոյ դուք չէք ունենայ որեւէ
լուրջ հայկական թերթ կամ դպրոց Սփիւռքում:
Իր հերթին Ադրբեջանի շահը դա նաւթի շահն է: Նոյն Ադրբեջանին ձեռք է
տալիս նաւթի գնի բարձրացումը, որն անխուսափելի է ռազմական ներխուժման
մեկնարկի դէպքում: Անկախ նրանից, թէ ինչ մասշտաբի պատերազմ կը լինի Սիրիայում,
մեզ համար լարուած շրջան է: Մենք ուշադիր պէտք է հետևենք իրավիճակին, որ
յանկարծ կորուստներ չունենանք»,- աւելցուց բանախօսը:
Panorama.am, Սեպտեմբեր 3, 2011
No comments:
Post a Comment