31.7.13

Ուղեվարձի թանկացման դէմ բողոքի գործողութեան հանրային ռեսուրսը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
 
Անկախ նրանից, թէ ինչ գործօններ պայմանաւորեցին ուղեվարձի թանկացման դէմ բողոքի շարժումը, ուղեվարձի թանկացման կասեցման որոշումը նշանակում է ընդհանրապէս հանրային կարծիքի թէկուզ ժամանակաւոր յաղթանակ, ընթացքի շրջում, ամէն ինչ տեսած եւ անտարբեր դարձած հասարակութեան գոնէ ինչ-որ մի շերտի արթնացում: Իսկ երիտասարդ ակտիւիստների շարունակուող պահանջատիրութիւնը նշանակում է, որ հանրային կարծիքը շրջանցելու անզուսպ ցանկութիւն ունեցողները ստիպուած են այսուհետեւ զսպել իրենց այդ կարգի ցանկութիւնները, հաւաքել իրենց, քանի որ նրանք արդէն ոչ միայն վարկանիշ կը կորցնեն, այլեւ նիւթական ռեսուրս` շահոյթի կորստի ձեւով: Ի հարկէ, դաշտը, մարդկանց, շարժառիթներն ու գեներացնողներին մէկ առ մէկ շատ լաւ ճանաչելով եւ տարիներով հանրային կեանքի տարբեր դրսեւորումներին հետեւելով` չեմ կարող միամիտ ձեւանալ ու որոշ մարդկանց նման պնդել, թէ բողոքի ակտիւութիւնն ուղղորդողներ չկային, քանի որ անգամ ՀՀԿ-ի ներսի թեւերի ուղղորդումները միմեանց դէմ եթէ միայն դիտարկենք, որոնք անզէն աչքով էլ տեսանելի էին, մնացած քաղաքական ուժերի անզուսպ խառնուելը գործընթացներին բացայայտելը պարզապէս տեխնիկայի խնդիր կը դառնայ: Սակայն նոյնիսկ այդ ուղղորդողները գլխի չեն ընկել, թէ որքան պայմանական էին իրենց գործողութիւնները, քանի որ չեն կարողացել կանխատեսել` որքա՞ն անկախ եւ ինքնաբաւ կարող են դառնալ իրենց առջեւ մի խնդրի դէմ պայքարելու խնդիր դրածները: Այնպէս որ մեր նկատած ուղղորդումներն այս իմաստով ի վերջոյ կարող էին տասներորդական նշանակութիւն ունենալ, քանի որ առաւել կարեւոր էր, որ երիտասարդ մարդիկ չէին վախենում բողոքի ձայնը բարձրացնել, մինչդեռ թւում էր, թէ տարբեր կարգի ընտրութիւնները անյոյս քնեցրել են մարդկանց մէջ եղած համարձակութիւնն ու ինքնասիրութիւնը:
Եւ ուրեմն` հիմա արդէն իշխանութեան համար դժուարանալու է ամէն ոչ պոպուլեար որոշման կայացում, ինչն առաջներում կարծես թէ դժուարութիւն չէր ներկայացնում:
Թէ հիմա ի՞նչ է նշանակում այս բոլորը` կարծրատիպերի կոտրո՞ւմ, անցեալի քաղաքական հիերարխիկ մօտեցումների խարխլո՞ւմ, թէ՞ տնտեսական նոր բաժանումներով թելադրուած հեռագնայ գործընթաց` սա էլ ընթացքում վերլուծելու բան է, մանաւանդ` տնտեսական լծակների տիրապետող քաղաքական շերտերը գոնէ առերեւոյթ շատ չեն երեւակուել: Ասել է` պայքարել է մի սերունդ, որը դեռ քաղաքականութեամբ չի կեղտոտուել, քաղաքական ուժի ատրիբուտ հաշուենկատութիւն ու կորպորատիւ շահով առաջնորդուելու որակներ ձեռք չի բերել եւ դեռ նոր է անցնելու քաղաքական շահախնդրութեամբ պայմանաւորուած որոշումներ կայացնելու յորձանուտով: Եթէ, ի հարկէ, նոր քաղաքական ուժեր ձեւաւորի եւ մօտիկ ապագայում այդ ձեւաչափով պայքարի: Իսկ առայժմ` պայքարող երիտասարդները կարողացել են շրջանցել քաղաքական ուղղորդումները (իսկ որ դրանք եղած կը լինեն` չպէտք է կասկածել):
Բոլոր դէպքերում պէտք է ուրախանալ նոր դէմքերի երեւան գալով, անգամ պէտք է ուրախանան նրանք, ում սպառնում են այդ նոր դէմքերը, որովհետեւ ծերացող ու անճկուն օրգանիզմին կարող է շարժունակութիւն ու դիմադրողականութիւն հաղորդել թարմ արիւնը միայն, նոր մարդկանց գալով կը փրկուի այն մեքենան, որ բոլորիս է տանում, ու որի տարբեր բաժանմունքներում նաեւ յոգնածներն են նստած: Իսկ որ արդէն աշնանը Հայաստանի դրսում եւ ներսում սպասուող գործընթացները թարմ հայեացքով ու առանց կաշկանդումների դիտարկողների կարիքը կայ, կարծում ենք, հասկանում են բոլորը: Քաղաքական փորձի պակասը նոր մարդկանց կը ստիպի խնդիրներին նայել հասարակութեան մեծ շերտերի շահերի տեսանկիւնից, եւ ոչ թէ յեղափոխութեամբ անձնական խնդիրները լուծելու, ինչպէս որ նրանց ծնողներն էին անում: Իսկ բազմաթիւ մարտահրաւէրներով աշնանը նոր հայեացքն իսկապէս պէտք է գալու:
Միայն թէ երիտասարդները պէտք է կարողանան շարունակել շրջանցել ամէն տեսակի քաղաքական առեւտուր, եթէ դրանք լինեն, ազատուեն բոլոր տեսակի` քաղաքական եւ ոչ քաղաքական ուղղորդումներից եւ կոնկրէտ հարցի վերաբերեալ պայքարի թեման երբեք չքաղաքականացնեն: Ինչ ասես կարող է սպասել Հայաստանին աշնանը` այս կամ այն կարեւոր որոշումից հետ պահելու համարՙ պատերազմի խաղարկումից սկսած մինչեւ ամէն տեսակ դրսային եւ ներսային սադրանք:
Ի միջի այլոց` իշխանութեան շրջանում եւս հասկանում են, որ ուղեվարձի թանկացման դէմ պայքարը ընթացք է փոխել: Յամենայն դէպս` վարչապետն էր նշել, թէ պէտք է հաշուի առնեն քաղաքացիական հասարկութեան ձեւաւորման փաստը Հայաստանում որոշումները կայացնելիս: Սա արդէն քաղաքական ուժի հանրահաւաք չէր, որը հեշտօրէն կարող է ուղղորդուել, քանի որ պատասխանատուութիւնը կրում է տուեալ քաղաքական ուժի լիդէրը, եւ այդ մի անձի որոշման վրայ կարող է ազդել ինչ գործօն ասես: Սակայն եթէ ոչ թէ քաղաքական ուժն է իրադրութեան տէրը, այլ տարբեր հիերարխիկ կապերով չհամակարգուող երիտասարդութիւն, նրանցից ամէն մէկի յետեւից հասնելը դժուարացնում է իշխանութեան գործն այն աստիճան, որ հեշտը նրանց պահանջը կատարելը կարող է լինել: Միւս կողմից, որքան էլ տարօրինակ, իշխանութեանն էլ կարող է ձեռնտու լինել ակտիւ երիտասարդութիւն ունենալը, քանի որ կուսակցութիւններից Պօղոս-Պետրոս դուրս չեկաւ, հիմա եթէ Հայաստանի հանդէպ ինչ-որ անցանկալի գործընթաց սկսուի` հազիւ թէ այսօր այսքան ակտիւ երիտասարդները ձեռքերը ծալած նստեն: Իսկ իշխանութիւնն էլ որեւէ գլոբալ հարցի դէմ ընդդիմախօսելիս կարող է մատնացոյց անել երիտասարդների բողոքները` ասելով, որ չի կարող շրջանցել հանրութեան ձայնը, ինչպէս որ Եւրոպաներում է ընդունուած: Ընդ որում` սա կարող է իշխանութիւնն անել եւ Ռուսաստանի, եւ Եւրոպայի հետ խօսելիս: Միաժամանակ` նոյն պատճառաբանութիւնը նա կարող է բերել ներսում օլիգարխների ախորժակները զսպելիս: Երեւի սա նկատի ունէր Աշոտ Մանուչարեանը, երբ երէկ խօսում էր թիկունքում ժողովուրդ ունենալու մասին:
Այնպէս որ զարմանալի չի լինի, եթէ իշխանութիւնը դողայ այն հանրային ռեսուրսի վրայ, որը բացայայտեց ուղեվարձի թանկացման դէմ բողոքի գործողութիւնը:
Մնում է, որ երիտասարդ քաղաքացիականները ազատագրուեն եւ զանազան անդրիասղուկասեաններից եւ օլիգարխահոտ առաջարկներից, եթէ դրանք լինեն:
 
«Ազգ», Յուլիս 30, 2013


No comments:

Post a Comment